Մեր գործընկերոջ՝  Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանի զանգն ամենասպասվածն էր՝ Արմինե Թոփչյանի ու ընկերների «Բանգլադեշն անիվների վրա» նախագծի իրագործման հաջորդ քայլի համար. մենք պիտի միջթաղային-ներթաղային-միջդպրոցական-ներդպրոցական անվավոր երթուղին նախագծենք՝ մաս-մաս իրագործելու համար… Պատվիրատուն երթուղու նախաձեռնող խմբերը կլինեն, անշուշտ, բայց նախագծումը պիտի մասնագետներն անեն… Ճարտարապետության ֆակուլտետի երիտասարդ դասախոս-ճարտարապետը մի խումբ նախագծող ուսանողների հետ կայցելի մեզ՝ նախաձեռնությանը ծանոթանալու, երթուղու նախագծումը սկսելու համար…

Հայ-վրացական համերգից հետո ինձ վրացի ուսանողներից մեկն անսպասելի հարցրեց.

– Ո՞րն է այս շաբաթվա ամենակարևոր լուրը ձեզ համար…
– Արցախի Մարտակերտի բնակիչներ Բորիս Ենիկոլոպովի և Մելինե Շահանցի ընտանիքում Վիկա (Վիկտորյա Ենիկոլոպովայի) ծնունդը: Բորիսին՝ Նոր դպրոցի ղեկավար, իմ հավատարիմ քույր Կարինե Պետրոսյանի կրտսեր որդուն, միշտ հավանել եմ, իսկ նրա՝ ծննդավայրում, հայրական տանը հաստատվելու, իր հերոս հոր՝ Արցախյան ազատամարտին իր կյանքը նվիրած Ալեքսանդրի, նշանավոր Ենիկոլոպովների ծուխը շեն պահելու որոշումից հետո ուշի ուշով հետևում եմ: Կեցցե՛ս, Բորիս, ճիշտ ուղու վրա ես, մաճը ձեռքիցդ բաց չթողնես ու չշեղվես… Իսկ արդեն խոստացված նվեր հեծանիվդ չի ուշանա…
Ես այս ամենի մասին պատմեցի իմ վրաց բարեկամին: Մեր օրերին այնքա՜ն պակասում են սովորական պատմությունները՝ սովորական մարդու, նրա սովորական օրերի մասին…

Ո՞վ է ապրիլի 18-ի հերոսը՝ չեք հարցնում. բոլորս գիտենք: Մեր Հիմնական դպրոցի ղեկավար, մշտահմա Գոհար Բալջյանը՝ օրվա հարսը… Գիտի՞ Գոհարի ընտրյալը՝ իհարկե, ի՜նչ նշանավոր ընտանիքից՝ Բալջյաններից, ի՜նչ անզուգական կրթահամալիրից ինչպիսի հարսիկ է տանում… Հալալ է:

Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սովորական մի համերգի էի իմ վրաց ընկերների հետ. լսեցի Էդգար Հովհաննիսյանի խմբերգերն ամբողջական՝ Երևանի կամերային երգչախմբի կատարմամբ: Ահա, կարող եմ իմ օրագրում էջերով պատմել այս սովորական երգչախմբի, նրա անխոնջ հիմնադիր-ղեկավար մաեստրո Հարություն Թոփիկյանի, մեներգիչներ, մեր լավ գործընկերներ Սեյրան Ավագյանի, Մաքրուհու, Թամարի, Ջենիի, Վահագնի մասին… Եթե երևանցիներս, բանգլադեշցիներս սկսեինք գնահատել մեր կյանքն ու ապրեինք սովորական կյանքով, դահլիճը լեցուն կլիներ ունկնդիրով… Ի՜նչ անզուգական տպավորություն էր. վրացի մի ուսանող երգիչ ամեն համարից հետո ոտքի էր կանգնում ու ապշահար ծափահարում…

Ամենամեծ փոփոխությունը կամ սովորական վարքի, կապի հաստատումն այս օրերին, որ աջ ու ձախ ես տեսա, ապրիլյան բակային, հողի հետ աշխատանքն էր… Այս սովորական կապի հաստատումը պիտի դժվար լիներ՝ երկրագործի՝ սեբաստացի ուսուցչի թե տարատարիք սովորողի սովորական, ամենօրյա, բնական աշխատանքը… Վերցնի բահը, փոցխը, պատգարակը, բարեխիղճ ու շնորհակալ՝ փոսը փորի, փխրեցնի, տունկն անի… Այո, հարգելի Էմանուել Ագջոյան՝ Հանրակրթական էկոտուր 2015-ի տնօրեն, ապրիլի 18-ին քո որոշած խմբի հետ, քո որոշած երթուղով սովորական մի անցում ենք կատարելու կրթահամալիրի բոլոր հողերով՝ արձանագրելու համար մեր ապրիլյան աշխատանքն ու այն կիսատը, որ կկատարենք, մինչև Ծառի՝ մեզ համար սովորական դարձած միջազգային օրը…

Ես ուզում եմ օրվա գիրն ավարտել սովորական-անսովորին վերադառնալով: Արման Գրիգորյանը 55 տարեկան է: Սովորական տարեդարձ, ինչպիսին կլինի իմ 60-ամյակը: Անսովորն այն զգացումն է, որ ապրում են (ապրո՞ւմ են՝ հարցնում եմ) Արման նկարիչ-արվեստագետ-մանկավարժի տասնյակ ու տասնյակ սաները՝ սկսած Գրիգոր Խաչատրյանի նկարիչ Տիգրան որդուց, շարունակած՝ Սոնա Աբգարյան անսովոր կնոջով ու չավարտած Գեղարվեստի ավագ դպրոցի Հայկ Գրիգորյանով… Սրանից էլ լավ առի՞թ՝ անսովոր ապրումները դրսևորելու… Դրսևորենք լիուլի:

Կամ ին՜չ մի բան է Անահիտ Բեկյան հմայիչն անվաչմուշկների վրա: Անսովոր մի զգացում տեսա անիվների վրա առավոտյան ընդհանուր պարապմունք վարող Անահիտի՝ նույնքան ոչ սովորական աչքերում… Ինքնավստահություն ու հմայքի բազմապատկում. սրանից պարզ միջո՞ց. անիվների վրա քո տարին դարձրու 2015-ը, սիրելիս… Կամ Դավիթ Բլեյանը, երբ կարդաց-լսեց Կարինե Խառատյանի ու Մելինե Սիմոնյանի անդրադարձն իր այս հայտարարությանը, ինքնուրույն գնաց դեպի զուգարան, բացեց դուռը, իջեցրեց տաբատը, հետո վարտիքը, հետո պուպուլիկն ինքնուրույն չիշիկացրեց ու անսովոր հայացքով շուռ եկավ դեպի ինձ… Սովորական հասունությո՞ւն… Իմ Դավիթ որդու անսովոր անդրադարձը 300-րդ գրին օրվա…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ներեցե՛ք, Դուք երևի այնուամենայնիվ նկարիչ եք, Գրիգո՛ր Խաչատրյան

Երկու փոփոխություն իմ կյանքում՝ հեծանիվ եմ նստում հեծանվորդի գլխարկով-ձեռնոցներով. իբր քիչ նախանձողներ կային, սրանից հետո ի՞նչ կլինի…, օրվա վերջում լողում եմ մինչև տուն դարձի ճանապարհն իմ թառլան նժույգով բռնելը… Երեկ,

Ծափեր, ծափեր… Ամեն անձրև արև մ’ունի իրմեն վերջ…

Իմ երեկվա օրը կմնա, մնաց, ահա, իմ ականջներում որպես ծափեր… Մարմարյա սրահում երեկ ընդհանուր պարապմունքին ներկայացրի 2015-2016 ուստարում Ավագ դպրոց-վարժարանի ղեկավար Մարթա Ասատրյանին ու Գեղարվեստի ավագ դպրոցի ղեկավար Մարգարիտ Սարգսյանին…

Թույլ տուր հիմա․․․ այսպես վայել է, որ մենք կատարենք․․․

Մեր հեղինակային մանկավարժությունն ուրիշ ինչո՞վ պիտի զբաղված լիներ, եթե ոչ երեխայի՝ սանի, սովորողի ֆիզիկական, հոգեբանական, մտավոր միջավայրի շարունակական զարգացմամբ-ամբողջականությամբ… Խորհրդանշական է, որ նույն օրը մեր ծածկած լողավազանում, որպես ուսումնական պարապմունք, հանդիպում