Իմ երեկվա օրը կմնա, մնաց, ահա, իմ ականջներում որպես ծափեր…
Մարմարյա սրահում երեկ ընդհանուր պարապմունքին ներկայացրի 2015-2016 ուստարում Ավագ դպրոց-վարժարանի ղեկավար Մարթա Ասատրյանին ու Գեղարվեստի ավագ դպրոցի ղեկավար Մարգարիտ Սարգսյանին… Որ Մարթայի անունը սիրելի է միջին ու ավագ դպրոցների սովորողներին, ուսուցիչներին, գիտեի կյանքով, մշտադիտարկումով, հատուկ դիտարկումով, երբ առաջադրելուց առաջ գրավոր ու բանավոր զրուցել էի տասնյակ ու տարատարիք սեբաստացիների հետ… բայց այսպիսի անմիջական, բուռն, երկարատև ծափե՜ր սիրելի արտիստն է ստանում՝ հաջողված ներկայացումից հետո… Ուսուցիչ՝ արվեստագետի ծափերով: Բրավո՜, Մարթա, հալալ է:
Կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի այս տարվա շրջանավարտ Էլիզա Բաղդիյանի մենահամերգ-ցուցադրության հանրային արձագանքն աշխույժ է, պիտի այդպես լիներ, ուրախ-սպասված էր՝ Էլիզային վայել, իր երեք ստեղծագործական-նվիրված տարիներով վաստակած, իր անձով… Հասարակությունն ընդունեց, գործածում է նրա արտիստական անվանումը՝ Էլիզա Արև Բաղդիյան… Բայց այսպե՞ս, համերգի վերջում, բազմամարդ, բազմաշերտ լսարանով, ոտքի վրա, անվերջ, երբ յուրաքանչյուրն անճիգ ծափահարում է, որ չվերջանա, երբ «Մարտիկի երգը» դարձավ ծափերն ընդհատելու (պետք էր ավարտել) ընդունելի միջամտություն… Հալալ է: Բրավո՜, Էլիզ…
Լուսանկարները՝ Էլիզայի մենահամերգ-ցուցահանդեսից. հեղինակ՝ Մարինե Մկրտչյան:
Եվ Վենետիկի 2015թ. 56-րդ բիենալեի հայկական տաղավարի ցուցադրությանը զուգահեռ՝ Բանգլադեշում, կրթահամալիրի տաղավարներում՝ ցուցասրահներում, համերգային դահլիճներում, հրապարակներում, այգիներում, հունիսից՝ արտագնա, անիվների վրա, Հայաստանի մարզերում, Թբիլիսիում, Կազբեկում… կսկսեն գործել սեբաստացիական ցուցադրությունները, մեր ստեղծական գործունեության արդյունքները՝ գրավիչ ու մոբիլ ներկայացմամբ շոշափելի-ընկալելի դարձնելով յուրաքանչյուրի՝ այո՛, Ջուլիետ Ասատրյան՝ պարտադրելով նրանց՝ մեր (իմ, քո) ստեղծածին ձեռք տալու, լսելու, տեսնելու, հարցեր տալու, հասկանալու… ծափահարելու… Վրաստանի Կազբեկը չհորինեցի. կինո-ֆոտո ակումբի, գեղարվեստի, երաժշտության լաբորատորիայի, հայրենագետների, վրացախոսների, անգլիախոսների ակումբի ներկայացուցիչները երեկ սկսեցին քննարկել Կազբեկի բանգլադեշյան տաղավարի գործունեությունը…
Կրթահամալիրի անիմացիայի լաբորատորիայի կողմից այսպիսի ներխուժում, նոր տաղավարի ստեղծում, իհարկե, սպասելի էր և չուշացավ. ես այն գուշակել էի իմ օրագրում…
Անիմացիայի լաբորատորիայի տարեվերջյան հաշվետու ցուցադրությունը տեղի կունենա մայիսի 19-ին, ժամը 11:00-ին: Կներկայանան շրջանավարտներ Անի Ջեյրանյանը, Քրիստինե Կտիկյանը, Հայկ Գրիգորյանը, 10-րդցիներ, 11-րդցիներ…
Շրջանավարտների մեդիաուրբաթ-համերգի դիմանկարներ: Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի:
Իմ օրն էլ ներկայացնեմ ծափերի ձևով. իմ ծափերը դուք լսեք, օրագրի ընթերցողներ: Հիմա, երբ ես առտու 4-5-ի արանքում գրում-կարդում եմ, ապրում եմ իմ՝ աշխարհին հայտնի կյանքի օրագրաստեղծ ժամերը, ստեպ-ստեպ ծափահարում եմ… Գեղարվեստի կրտսեր դպրոցի Անուշ Աթայանի 6 տարեկաններին, կրթահամալիրի ծածկած լողավազանին, լողավազանը սպասարկողներին, «Ուսումնական լող» նախագծին… Ի՜նչ ասեմ, հալալ է. մանկական լողավազանն ուսումնական միջավայր է, մեր կրթական ծրագրով որոշված պարտադիր գործիք, լողալը՝ հանրակրթական կարողություն… Այս օրերի իմ-ձեր, լսո՞ւմ եք, բոլոր տարիքի սեբաստացիներ, գլխավոր, այո՛, գլխավոր հոգսը բացօթյա լողավազանների, ամառային բանգլադեշյան լողուսուցման պատրաստությունն է… «Ամեն անձրև արև մ’ունի իրմեն վերջ». հունիսի 1-ի՝ մեր ուսումնական ճամբարային մեկնարկի միասնական տողանի օրակարգում է բացօթյա լողափերի ստուգատեսը…
Ամեն անձրև արև մ’ունի իրմեն վերջ,
Ինչպես ամեն լաց իր ժպիտն արփենի.
Ու տևական ուրախություն մը միշտ պերճ
Պիտ’ հաջորդե ժպիտներուն երբեմնի…
Միսաք Մեծարենց
Ծափեր՝ կրտսեր դպրոցից միջին դպրոց անցումն այսպես տպավորիչ՝ անիվների վրա, արշավելով, լողալով կատարող 5-րդ դասարանցիներին ու Նառա Հարությունյանին… Բրավո՜…
Կրթահամալիրի ծածկած մարզադաշտում սկսվել են 1999-2000 թթ ծնվածների վոլեյբոլի հանրապետական մրցումները… Ինչպիսի՜ հնարավորությունների հաստատություն ենք՝ հաստատակամ ունեցածն ամեն օր մեր անհատական անձեռնմխելի կյանքով բազմապատկող՝ որպես ընդհանուրին մատչելի… Այսօր մեզ այցելեցին հեծանվի մանկապատանեկան մարզադպրոցի գլխավոր մարզիչը՝ սեբաստացի ու սեբաստացիների հայր Արմեն Գյոզալյանն ու փոխտնօրենը: Օրերս սպասում ենք Հայաստանի բոլոր տարիների ամենահայտնի հեծանվորդ Մեսրոպ Շաբոյանին, որն այժմ դիվանագիտական ծառայության մեջ է… Ես իմ օրինակով, ջանքերով առավելագույնս օգնում եմ-կօգնեմ յուրաքանչյուր ուսուցչի, սովորողի՝ օր առաջ անիվների վրա հայտնվելու… Վայելի՛ր ազատությունդ, միայն զանց չառնես անվտանգությունը, ինչպես ես, որ դնում եմ իմ նվեր ստացած հեծանվորդի գլխարկն ու ձեռնոցներն արդեն:
Այսօր կրթահամալիր էին այցելել Արտաշատի թիվ 2 դպրոցի սովորողները: Լուսանկարները՝ Հերմինե Անտոնյանի:
Սա իմն է: Իմը: Ձեռք չտա՛ս: Այո, այո: Իմն է: Ի՞նչ է, չգիտեի՞ր: Քեզ թվում է, որ կարող եմ կյանքս կիսե՞լ քեզ հետ: Ո՛չ, իհարկե ոչ: Ծննդյանս օրից այն ԻՆՁ են տվել, ոչ թե ՄԵԶ:
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարանցի Ջուլիա Ասատրյանին, որպես հասարակություն, պատասխանեմ՝ իհարկե: Քո անհատական կյանքն ապրելով՝ դու պիտի միջամտես, չէ, չէ, պիտի ձևավորեք, Ջուլիետ և ավագ դպրոց, միջին դպրոց, կրտսեր դպրոց, նախակրթարան, հասարակությունը՝ որպես անհատների ջանքերով-կյանքով առաջացող մի բան: Այսպիսի՝ ձևավորվող հասարակությունն է, այսպիսի՝ առաջացող կյանքն է, որ իրական կշիռ է տալիս անհատին, ինչպես եկեղեցին, որ որպես կառույց ազնվություն է հաղորդում յուրաքանչյուր քարի, դետալի: Ես, դու ան-ազնիվ ենք՝ այսօրվա, այսպիսի հասարակությամբ, Ջուլիետ: Էլիզն իր անհատական կյանքով 3 տարի, մինչև կրթահամալիր գալն էլ իր «կամակոր» կյանքով (մայրիկի բնորոշումն է) ստեղծեց-ձևավորեց մեզ՝ որպես հասարակություն, այնպես, որ ոչ միայն կայինք, այլև չէինք ուզում անջատվել…
Խոսակցությունը, մտքերը պիտի քաղաքական լինեն՝ մարդու անհատական կյանքի պահպանություն, դրան ուղղված ջանքերը՝ որպես արդյունք քաղաքականության՝ հասարակություն, որտեղ կտրված-չորացած ծառի փոխարեն ծառ է տնկվում, ոչ թե արդարացվում գարաժի (ավտոտնակի) հայտնվելը, մահը ծնունդ է դառնում, մարդն իր ազատ ընտրությունն է կատարում՝ Արտաշատում թե Աբովյանում, ոչ թե հերթական անազնվությունը բացատրում կալվածատիրիոջ բիրտությամբ-զորությամբ, միանում է «Մենք ենք մեր երկրի տերը» պայքարին, ոչ թե բռնում գաղթի ճամփան…
Գուրգեն Մահարի. կարդում է Արևիկ Տատինցյանը: Տեսագրումը՝ Մարիետ Սիմոնյանի:
[embedplusvideo height=”310″ width=”450″ editlink=”http://bit.ly/1B1eiAS” standard=”http://www.youtube.com/v/_3cikNfn1pY?fs=1″ vars=”ytid=_3cikNfn1pY&width=450&height=310&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=¬es=” id=”ep3321″ /]
Ֆոտոխմբագիր՝ Մարիետ Սիմոնյան
Գիր 329