Երկու փոփոխություն իմ կյանքում՝

  • հեծանիվ եմ նստում հեծանվորդի գլխարկով-ձեռնոցներով. իբր քիչ նախանձողներ կային, սրանից հետո ի՞նչ կլինի…,
  • օրվա վերջում լողում եմ մինչև տուն դարձի ճանապարհն իմ թառլան նժույգով բռնելը…

Երեկ, օրվա վերջում, երբ դուրս էի գալիս Մեդիակենտրոնից, ինձ այնքա՜ն հոգնած էի զգում… Ո՛չ, աշխատանքից չէ… ես աշխատանքից չեմ հոգնում երբեք, աշխատանքը, անընդհատ աշխատանքն իմ բնական վիճակն է, էն էլ՝ հունիսին… Հո գութան չե՞մ քաշում, հո գերանդիով հունձ չե՞մ անում, որ հոգնեմ… Հիմնական դպրոց-երգչախմբի Մարինե Մկրտչյանի նախագծով ծիսական խաղեր-երգեր վայելեմ ու հետն էլ՝ օ՜ֆ, օ՜ֆ անե՞մ, կամ Նոր դպրոցի 6 տարեկան առաջին դասարանցիների, 4-րդ դասարանցիների լողային ստուգումներին մասնակցեմ ու… հոգնե՞մ: Վայելք չէ՞ իմ աշխատանքը: Օրն էլ՝ իմ նժույգի վրա, արևի տակ, թռի-հասի մի վայելատեղից մյուս վայելատեղ…

Գրիգոր Խաչատրյանի հետ կրթահամալիրի Դպրոց-պարտեզի բակում քննարկում էինք բակի բարելավման, միջավայրի շարունակական ազդեցության նախագծեր… Բաց լողափերը հարձակման են ենթարկվում թաղի ոչ սեբաստացի դպրոցականների կողմից. ինչպե՞ս միջավայրի թափանցիկությունն ու մատչելիությունը չկորցնենք, բայց լողափերն ու իրենց շրջակա ուսումնական բացօթյա միջավայրը դարձնենք ավելի պաշտպանված… Քիչ այն կողմ Աշխեն Թադևոսյանն իր 6 տարեկան առաջին դասարանցիների հետ պատրաստվում էր լողի, ճաշի, ծեփում էին բացօթյա… Տեսարա՜ն…

Մեզ մոտեցավ Վիկան. չի նկարագրվի, ջրահարսն էլ է քիչ, ձեռքին էլ՝ նոր ծեփած պլաստիլինե ապարանջաններն են, որ ցուցադրում է…
— Որքան հասկացա,- դիմում է Գրիգոր Խաչատրյանին,- Դուք նկարիչ եք, հա՞:
Ու հասուն, անակնկալի բերած հասուն զրույց՝ Վիկայի ու Գրիգոր Խաչատրյանի միջև.
— Ո՞նց իմացար՝ հեշտությա՞մբ, թե՞ դժվարությամբ:
— Հեշտությամբ,- պատասխանը վիկայավարի հեզությամբ, որպես նվեր մատուցվեց։
Բախտավոր ականջներով մարդ եմ ես. այսպիսի աշխատանքից չեն հոգնում… Սա այն Վիկան է, որ առավոտյան, երբ Դպրոց-պարտեզի կացարանի վիճակից դժգոհ՝ մտա հարևան խմբասենյակ, կորցնելու իմ անհանգստությունն Աշխենի ու սաների աշխարհում, ինձ սպանեց իր դիպուկությամբ ու… հասունությամբ…
— Դուք էլի անհանգիստ եք, տնօրեն, ի՞նչ կարող եմ անել…

Դպրոց-պարտեզի 3-4-րդ դասարանցիները «Վարդավառի» այգում:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Մամա ջան, այս 6 տարեկան, ամեն ինչ տեսնող-լսող, հասուն արձագանքող աղջնակի համար ի՞նչ կրթական ծրագիր անես, որ առաջ ընկնի,  որ հետ չմնա… Վիկան մեկը չէ, բոլորն են այսպիսին. ու որպես հաստատում՝ մոտենում է ինձ ու Գրիգոր Խաչատրյանին Վիկայի տղա տեսակ մեկը, այնքա՜ն հմայիչ, ու դիմում է ինձ…
— Այս դպրոցը դուք ե՞ք կառուցել…
— Այո, տեսել եմ ձեզ քաղաքի տարբեր մասերում, երբ դեռ դպրոց չէիք գնում, մտածեցի՝ մի դպրոց սարքեմ՝ ձեզ հավաքի: Եվ ի՞նչ, ստացվե՞լ է…,- վախով, բայց հարցնում եմ…
— Շատ: Շատ լավ է ստացվել: Շնորհակալություն:
Ես գրառեցի: Ու որպեսզի կասկածի տեղ չթողնեմ, ստուգիչ հարց տվեցի.
— Անունդ կասե՞ս, ընկեր:
— Վաչագան թագավոր: Ես Վաչագանն եմ: Կներեք, տնօրեն,- ու մոտեցավ մեղվափեթակին…

Հիմա առավոտվա 6-ին, երբ ես իմ օրվա մասին գրում եմ, կցկտուր-մեղքի զգացումով, որ այնքա՜ն տեսարաններ են դուրս մնում, պատմում եմ, դուք սա աշխատա՞նք եք համարում՝ այնպիսին, որ դեռ հոգնե՞մ… Երբե´ք:

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

— Մամա՛, ցուցակը գրի՝ ինչ ենք առնելու,- խանութ գնալիս ասում է Դավիթ Բլեյանը, որ մայրը ոչինչ չմոռանա… Իմ օրերի համար է ասված. օրվա մեջ անելիքը տեղավորելու խնդիր ունեմ, որքան էլ անվրեպի անուն եմ հանել սեբաստացիների աշխարհում… Չէ՛, ես իմ աշխատանքից՝ խիտ, անընդհատ, անցումներում բազմազան, մեծ-փոքր, կարևոր պակաս… չեմ կարող հոգնել: Ինչպես օրվա վերջում, իմ փոստին եկած գնային առաջարկին եմ Գևորգ Հակոբյանի ու Սուսան Մարկոսյանի հետ քննարկելով պատասխանում: Հայտնի մասնագիտացված կազմակերպությունը հիմնավորված առաջարկ է արել որակյալ հեծանիվների, գործի ջանջալը ո՞րն է. պիտի անես՝ արա… Ասել եմ, չէ՞, «Բանգլադեշ անիվների վրա». վերջ, թամբում ենք, սովորում ենք վարել՝ մեծով-փոքրով, ձեռք ենք բերում լավ նժույգներ, սովորում ենք խնամել՝ որպես ուսումնական աշխատանք, կրթահամալիրի Բանգլադեշով մեկ ստեղծում ենք հարմար կայանատեղիներ… Վարել սկսել ենք սովորել միասին:

Միջին դպրոցի սովորողներն Ակվատեկում: Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Դավթի մայրիկ Արմինեն՝ Դպրոց-պարտեզի մայրենիի ուսուցիչն ու ճամբարի ջոկատավարը, մեքենա վարել սովորելը վերջացրած, անցել է հեծանիվ վարելուն… Արմինե Աբրահամյանն այս տարի զարմանալիորեն հավանում է ճամբարը՝ ոչ մի տրտունջ չեմ լսել, գոհ է, որքան էլ և՛ հոգնողներից է, և՛ դժգոհողներից… Հատկապես զվարթանում է ճամբարային ճամփորդություններից, որ այս տարի շատ են ու բազմազան… Արմինեն ճիշտ է համարում ուսումնական ճամբարի այսպիսի կազմակերպումը… Ազատության հրապարակում, իր ջոկատավար գործընկեր Անահիտ Բեկյանի ու 4-5-րդցի ճամբարականների հետ հեծանիվ վարել է սովորում… Առաջին-երկրորդ անգամ է հեծանիվ նստում, ալամ աշխարհի ուշադրության կենտրոնում, ամեն ինչ անում է, որ հանկարծ չընկնի՝ խայտառակ չլինի… Հակոբը թե՝
— Ուսուցիչ մարդ ես, բոլորիս խելք ես սովորեցնում, ի՞նչ կա վախենալու, քո համար քշի…

Օպերայի բակում անիվների վրա են Դպրոց-պարտեզի 4-րդ դասարանի սովորողները: Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Իսկ մեդիա-TV-ով Պետրոս Ղազարյանին տեղը դրած, ինչպես արտահայտվել է փողոցում Արեգ Սերոբյանին՝ «Ուրվագծի» հերոսին ճանաչած կինը (սրան ճանապարհ տվեք, էս էն տղան է), մոտեցել է իր ուսուցչուհուն ու ականջին.
— Ընկեր Արմինե, մի՛ վախեցեք, հիշե՛ք Ջոնաթան Լիվինգսթոն ճային. չէ՞ որ Դուք եք մեզ սովորեցրել…
Ա՛յ, այսպիսի սեբաստացիների համար ու նրանց հետ ապրելն աշխատա՞նք է, որ դեռ հոգնե՜ս… Երբե՛ք:

Ես հոգնում եմ, երբ զայրանում եմ. իսկ ինձ կարող են զայրացնել մեծահասակ գործընկերները… Մե՜ծ հասակով, ոչ հասուն. ո՛չ սովորել, վաղու՜ց չեն սովորում, ո՛չ էսթետիկա, ո՛չ երևակայություն… ու անմահ են… Կա ելք, ու գտա… Ես թեքեցի Րաֆֆու փողոցից իմ հեծանիվ-նժույգը, մտա Գեղարվեստ… Ընկա սառը ավազանը՝ օխա՜շ, լողացի, ցնցուղ ընդունեցի սառը՝ շեն կենան Գրիգոր Խաչատրյանն ու Նորայր Այվազյան Սպարապետը, ժամանակին լավ են մտածել այս կառույցը: Համ էլ՝ ես իմ ընթերցողին չեմ հրամցնում խորհուրդներ, մտքեր, որոնց ինքս չեմ հետևում… Ինչպես, օրինակ, սառը ցնցուղի օգուտի մասին 10 հիմնավորումները… Ու էն մտքից, թե ի՜նչ հաճույք եմ պատճառելու Դավիթ Բլեյանին իմ սաղավարտով, արդուզարդով… սլացա… Ա՛յ, սա գործ է: Իսկակա՜ն հունիս՝ աշխատանքային վայելումի:

Դպրոց-պարտեզի սովորողները Բուսաբանական այգում:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սա է ամենը։ Ամբողջ իմաստը հենց սա է…

Ախալքալաքը թողնելուց առաջ՝ հունիսի 24-ին, ցերեկվա ժամը 4-ն անց, մենք «Կայծեր»-ով, «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբով, կրթամշակութային արշավի ողջ կազմով մտանք քաղաքի բերդի տարածք․․․ Ամենուր 1982թ․ հուլիսյան արշավախմբի ակտիվացնող տպավորություններն են․ իսկական

Ինչպես օրվա գիրս պատումից ընթերցարան դարձավ…

Ի՞նչ էր ուզում տեսնել, ի՞նչ էր փնտրում կրթահամալիրում աղա Սեյեդ Մոհամադ Ռեզա Հեյդարին՝ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի ղեկավարը, որի այցը երկու ամիս շարունակ հետաձգվում էր: Եկավ վերջապես… ու

Վռազ օրագիր

Կատաստրոֆա՜, առավոտյան արթնացել եմ լույսը վաղուց բացված՝ 6.30: Այսպես ե՜րբ էր եղել մեկ էլ… Պարզվում է, իմ տեղը համակարգչի առաջ Արմինեն է զբաղեցրել 4.30, սա էլ մեր տան թարսը եղավ.