Առավոտյան 4-ից 5-ը անցա մեդիայով, կարդացի՝ ինչ է կատարվել 24 ժամում, իմ բացակայությամբ։ Այդ ընթացքում կարդում եմ իմ էլեկտրոնային փոստը, աշխատանքի հետ կապված հատուկ տեքստեր։ Հիմա ես գրում եմ իմ աշխատասենյակում, իմ գրասեղանի առաջ եմ։ Աշխատասենյակ չէ այլևս, մեր բնակարանի անկյունն է։ Չկա դուռը, չկա դռան պատը, փոխվեց պատուհանի դիրքը՝ ահա Խանջյան փողոցը, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Դավթի սիրած վերգետնյա անցումը դեպի Օղակաձև, ահավասիկ շենքեր ու շենքեր, որտեղ ապրում են երևանցիներ։ Բարի օր, Երևան։ Իմ ու իմ երեխաների, իմ թոռների ծննդավայր. բոլորս ծնվել ու ապրում ենք Երևանում։ Երեկ զանգով ճշտում էին՝ որտեղացի եմ։ Երևանցի։ «Չէ, ծնունդով»,- համառում են։ Ծնունդով ես երևանցի եմ։ Հայրս ծնվել և մինչև 1937-ի ստալինյան աքսորը ապրել է Գավառի Լանջաղբյուր գյուղում, մայրս ծնունդով Գավառի Կարմիր գյուղից է։ Աքսորից հրաշքով, միոտանի, բայց ողջ վերադառնալով՝ հայրս 1944-ից ընտրել է իր ու իր ընտանիքի պահպանության միակ ու խիզախ ճանապարհը՝ քոչով բնակություն է հաստատել Երևանում։ Ռանչպար (հողագործ), աջ ոտից զրկված, սիբիրյան աքսորի յոթ տարում մի քանի հիվանդություն ձեռք բերած, միայն գրել-կարդալ-հաշվել իմացող հայրս իր ութ տարեկան Էդվարդ-Յուրիկի, 14 տարեկան Նեկտար-Հանրիկոյի ու իր անունը մինչև վերջ երկու տառասխալով (առտաշամ) գրող կնոջ՝ Արտաշամ-իսանի հետ ի՞նչ պիտի աներ գյուղում, որտեղ իրեն կուլակաթափ էին արել, մատնել։ Բոլորին կարողացել էր ներել…. Ահա հայրս, նկարը՝ պատին… Հորս ֆենոմենը ինձ չի լքել նրա մահից սկսած, 1976-ի օգոստոսի 8-ից, երբ ես ստացա մահվան լուրը։ Ես 21 տարեկան էի (ստուգեք իմ բլոգում), Ռուսաստանի Մարիյ Էլ ինքնավար տարածքում էի, ղեկավարում էի Հայաստանի ուսանողական միացյալ ջոկատները… Իմ հասցեն այն ժամանակ՝ «սավետսկի սայուզ», ես իմ ընկերներին, հասակակիցներին առաջնորդում էի այդ իրոք անծայրածիր երկրով՝ Մարի-Տուրեկից մինչև Կովդոր (Արխանգելսկ), Կոկչետավից (Ղազախստան) մինչև Մագադան՝ կառուցելու… Հայրս աքսորից բերած հիվանդությունների (երիկամային, շաքարի դիաբետ) դեմ պայքարը խելամիտ կազմակերպեց ամբողջ 38 տարի։ Խորհրդային սարսափելի «կաստիլով» միշտ եղավ ոտքի վրա, ստեղծեց ու ստեղծեց, կառուցեց ու կառուցեց՝ հարմար ու ընդարձակ երկհարկանի տուն, շեն, ուրախ ու բազմամարդ ընտանիք, որտեղ ապրում էինք 13-15 հոգով։ Շամխալ բեկ ֆենոմենին ես շարունակ կանդրադառնամ. իմ հայրն իմ գիտակից կյանքի հերոսն է, Խաչատուր Աբովյանի, Հովհաննես Թումանյանի նման մարդկային մեծություն… ինձ համար։ Մայրս խանդում էր՝ ձեզ մեր երբ է բերե՜լ, որ…
Իմ սեղանին նույն լուսամփոփն է, ինչ 1991-2001-ին Նուբարաշենի քննչական մեկուսարանում՝ թիվ 13 խցում, որտեղ ապրել ու գործել եմ առանց բացակայելու (չեմ բացակայել, ինչպես իմ դպրոցում սովորելիս)… Հիմա էլ Չայկովսկու 30 շենքի 13-րդ բնակարանում եմ ապրում։ Պետք էր շատ կարդալ ու գրել. գրել նամակներ։ Կարդացեք իմ «Նամակներ կալանատնից» ժողովածուն, որ իմ ընկերների ջանքերով (միշտ կհիշեմ) հրապարակվեց 2000-ին։ Ահա ժողովածուի սկիզբը՝ «Ինչքա՜ն է փչացել էս ժողովուրդը, էս ժողովրդի սիրտը… 1999 թ. մարտի 23-ին Երևան քաղաքի դատախազությունն ինձ ներկայացրեց մեղադրանք։ Մարտի 25-ին հայ գրագետը ազդարարեց բոլոր թերթերով ու ինֆորմացիայի էլեկտրոնային միջոցներով, որ ես այլեւս հանցագործ եմ, վտանգավոր ռեցիդիվիստ։ 1999թ. մայիսի 15-ին երկու ոստիկան ինձ նստեցրին կալանավորի ճաղավանդակ կեղտոտ բեռնատարն ու բերեցին Նուբարաշենի մեկուսարան։ Մինչ այդ՝ մայիսի 14-ին, ինձ ձերբակալել էին իմ հիմնադրած կրթօջախի առաջ, օրը ցերեկով» ….
Դավիթի թփթփոցը. դռները քիչ պիտի լինեն մանկական տարածքներում, որ թփթփոցները՝ անմիջապես լսելի, և երեխաները՝ միշտ տեսանելի լինեն. այդպես անվտանգ է։ Իսկ անվտանգությունը մեր մանկավարժության մեջ առաջին տեղում է, չի ստորադասվում որևէ պատճառաբանությամբ։ Եվ այսպես. սկսում է Դավթի օրվա թփթփոցն, ու նայում եմ ժամացույցին՝ 5 անց կես է։ Դավիթը հիմա Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ «Ծիրանի ծառն» է լսում, ես կողքից նայում եմ, կլանված ամբողջությամբ։ Երեկ այդպես չէր, ես աջակցում էի… Դավիթն այսօր օգտագործեց «Ուզում եմ երգեմ, պապա» (սկզբում՝ «ուզում եմ դնես, ուզում եմ լսեմ» էր)։ Ու երգում է՝ իր սպոնտան (ազատ) ընտրությամբ «Հայր մեր»-ը, «Առավոտ լուսո»-ն, «Հարի-հարի, խնոցի», «Պսակ-պսակ», հիմա՝ «Ջաղացը մանի-մանի»…։ Կարմիր յուղամատիտով մեծ ու փոքր վերամբարձ կռունկներ նկարեց իմ անկյունի այդքան դժվարությամբ սպիտակեցրած պատին։ Մայրը արթնանա՝ կհիանա… Վերամբարձ կռունկի թեման Դավթի կյանքում գլխավորներից է. իմ անկյունի պատուհանից մենք հաշվեցինք ուղիղ 10 վերամբարձ կռունկ։ Այսքանը՝ միայն իմ պատուհանից… Մամա ջան, Երևանի կենտրոնը շինում են, ու չեն թողնում, որ ուշքի գա… Որտեղի՞ց այսքան սպանող սեր Երևանի հանդեպ… Ես մտովի հաշվեցի, թե քանի վերամբարձ կռուկ կա արվարձաններում, ասենք՝ Բանգլադեշում։ Հաշվեք…
Գիտեք, ակնոց՝ որևէ տեսակի, երբեք չեմ կրել։ Իմ տեսողությունը, իմ ատամները, իմ ուժը՝ նաև ֆիզիկական-կենդանական, իմ մորից են։ Խցում, 2000թ.-ին, տեսողությունս հանկարծ այնպես վատացավ, ես խառնվեցի իրար։ Շատ էի կարդում-գրում. հատկապես գիշեր-ցերեկ աշխատում էր իմ հիմնադրած փաստաբանական գրասենյակը (այո, իսկական գրասենյակ խցում)… Փակ տարածքի ֆենոմենն էր. երկար չորս պատի, անհեռանկար ֆիզիկական իրականության մեջ ապրելու… Այդպես է նաև անհեռանկար կյանքում տևական շրջան ապրելը (20-30 տարին այդպիսին է). սկսում ես վատ տեսնել։ Մենք սկսում ենք վատ տեսնել, բարեկամներ։ Անրաժեշտ եղավ ակնոց, բայց ես հասա ավելիին. երկար, անշարժ սեղանի իմ անկյունում հայտնվեց ահա այս լուսամփոփը։ Անբաժան ծառայում-լուսավորում է ինձ 14 տարի։ Շնորհակալ եմ։
Արցախապատումը ճամփորդների՝ 6-7-րդ դասարանցի Մանեի, Մերիի, Արփիի, Արմանի, Սերգեյի, ու Նարե Տիգրանյանի բլոգներում… Իմ ուշքը գնում է այսպիսի օրագրերի, օրապատումների համար։
Ահա ստացվեց ամառային ևս մեկ նախագծի առաջին արդյունքների աչքալույսը. Աշոտ Տիգրանյանն ու իր ընկերները՝ մեր Միջին դպրոցի 2013-2014-ի շրջանավարտներ ու կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարանցիներ Նարեն, Էրիկը, Արմանը ներկայացրել են պատմության իրենց մշակած դասընթացի իրենց ստեղծած առաջին նյութերը։ Կրթահամալիրի Գիտակների ակումբի ղեկավար, հասարակագետ Վահրամ Թոքմաջյանի TV նախագծին՝ Վերընթերցելով պատմության դասագիրքը, դեռ կանդրադառնամ։ «Բուն TV»-ի՝ այս իսկապես ազատ հարթակի աջակցությամբ ես և Դուք հնարավորություն ունենք դիտելու 20 հաղորդումից բաղկացած եզակի շարքի առաջին երեք հաղորդումները։ Բարի եթեր…
Գրել-կարդալու դիլեման, իհարկե, հորինված է։ Մեծ թվով իմ գործընկերների, սաների համար ամառը ընթերցանության ամենահարմար շրջանն է՝ ազատ ուսումնական առօրյայից, որը և՛ ժամանակատար է, և՛ հաճախ հավեսատար-էներգատար, տրվելու ընթերցանության անփոխարինելի հաճույքին։ Բարի վայելում։ Այնքա՜ն խելացի գիրք կա, նաև հասանելի՝ շնորհիվ ինտերնետի, շնորհիվ mskh.am-ի ու մեր մեդիագրադարանի, շնորհիվ կրթահամալիրի սովորողների և ուսուցիչների բլոգների. ձեր սեղանից մեր սեղանին՝ սեղանի գիրք։ Շնորհակալ եմ։
Ես, ինչպես մի չուկչի, հիմա «չիտատել» չեմ, «պիսատել» եմ. չեմ էլ հասցնում օպերատիվ գիրն ընթերցել… Շրջան է, կանցնի։ Ես էլ կկարդամ։ Իմ այս գիրը… կմնա… Կմնա՞։ Կմնա, եթե կարդում եք, հիմա՛, ինչպես ես, որ գրում եմ հիմա՝ ռեժիմով, ամեն օր…
Կրթահամալիրում երևանյան ամառային բաց ճամբարների 3-րդ հերթն է սկսել… Համեցեք Ձեր երեխաների հետ։