Այսօրն էլ՝ երկուշաբթին, ինչպես երեկվա կիրակին, սկսում եմ… մեդիտացիայով հեղինակային անհատական-ընտանեկան միջավայրում… Ժամը 4-5-ի արանքում մեր հոբելյար դարձող Դավիթ արջուկը հազալով հասնում է ծնողական որջ, գողեգող-պայծառացած խմում Շուշվա դոշաբից (արջերն Արցախի թութ շատ են սիրում) և… քնում իմ անկողնում… Ես ավարտում եմ իմ առավոտ կանուխի ձեթով ողողումը բերանի խոռոչի, հետո՝ խմում ջուրը սովորական, երեք բաժակ, հետո՝ գոլ ջրով իմ կիտրոնահյութը, անում մարզիչ Արմենի նշանակած կքանիստը ու դուրս եմ գալիս… պատշգամբ… Շվեդական պատը նայում է Նորքի բլրին-այգուն-Զորավար Վարդանին-եկեղեցուն-Խանջյան փողոցին… որ իմ «Կրթական պարտեզ» տանող ճառագայթ է… Երկու տասնյակ զսպանակ-վարժություններ ու… լուսին.

Լուսին, լուսին
Լուսերես,
Ինչքան, ինչքան…
Խորհուրդ ունես…

Երեկվա մեդիտացիան արևի հետ.

Արև, արև ե՜կ, ե՜կ,
Զիզի քարին վե՜ր եկ…

Սա էլ մեդիտացիա է, իմ գիրը՝ ընթերցանություն mskh.am-ով, քաղաքական մեդիայով, անելիքով օրվա՝ պատմվում է…
Հետո մենք երեքով դուրս ենք գալիս. ես ու Արմինեն ընտրող ենք. օրն է այդպիսին… Մեր ընտրատեղամասը մեր եկեղեցու, մեր տան ճանապարհին է… մեր կրթական պարտեզի ճառագայթի վրա… Ողջոˊւյն, արև…

Կիրակնօրյա զբոսանք։ Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

Ճարտարապետս՝ Աստված է, շինարարը՝ ես… «Կառուցել նշանակում է ստեղծել, արարել»,- մեջ եմ բերում Միքայելի խոսքն ամբողջությամբ.

Ամենամեծ արարիչն Աստված է, որի կերպով մենք ստեղծված ենք և ունենք ազատ ստեղծելու հնարավորություն: Կառուցել կարող են բոլորը, բայց ստեղծել՝ միայն խիզախները, քանի որ ճանապարհը բարդ է: Մարդն ստեղծում է իր ներքին աշխարհը՝ իրեն՝ որպես անձ:

Մեր Միջին դպրոցի ութերորդ դասարանցի Միքայել Կամենդատյանը, իր քույր՝ վեցերորդցի Լիդիան և Ավագ դպրոցի Սարգիս Հակոբյանը բնագիտական բաց ամենամյա հանրակրթական ստուգատեսի՝ «Էկոտուր 2016»-ի կազմակերպիչներն են… Խիզախո՞ւմ… Ձեր տարիքն է, ձեր ընտրությունը, ըստ ձեր՝ Նունե Մովսիսյանի բերած «Պայմանագիր՝ ինքս ինձ հետ» հայտարարության: «Պատասխանատվության սկզբունքի» իրագործումը… Մարգարիտ Սարգսյանի «Լուսաստղ»-ի, Միջին դպրոցի կայքի «Կառուցելը» թեմայի արծարծումը ճիշտ ու ճիշտ իմ այս շաբաթվա, տարեվերջի կիսատն ավարտելու շնչառության, նոր տարում պատասխանատվության իմ սկզբունքն անսասան կիրառելու համար էր կարծես մտածված…
Հա, Դոնա Թովմասյան, մենք ենք որոշում՝ «սիրել ինչ-որ բան, թե ոչ, կառուցում ես բնավորություն, ստեղծում ես քո շրջապատը, որը պետք է քո շուրջը լինի ամբողջ կյանքում»… Շնորհակալ եմ, ընկերներ, միասին ենք, չէ՞, կառուցելու-ընտրելու-ստեղծելու մեր ընթացքի մեջ…

Մայր դպրոցի ամենօրյա բակային աշխատանք:
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:

Օրեր առաջ Մարմարյա սրահում նստել էի երկար նստարանին, հենց այս նույն Դոնա-հմայիլի կողքին… Ի՜նչ հասունություն. այս աղջնակին ես ճանաչել եմ երեք տարեկանի՞ց, Սյուզի Մարգարյան… Առերեսվեցի… Եվ ի՜նչ գոհություն, որ այդ նրբագեղությունը, նաև, այսպիսի միտքն է ստեղծում-կառուցում…

Իմ օրագիրը, իմ (ձեր կրթահամալիրի տնօրենի) բլոգը ենթարկվում է փոփոխությունների… Նոր տարին, հրեն, առաջներս… Այնքա՜ն արագ է փոխվում ամեն ինչ և ոչ միայն Բանգլադեշի կրթահամալիրում, նրա շուրջ՝ Կրթական պարտեզում… Ֆրանսիայում… Թուրքիայում… Ռուսաստանում, Աֆղանստանում ու… Ապարանում, և իմ օրագիր-բլոգը, իմ արձագանքն այս փոփոխություններին պատրաստ է: Օրվա գիրը կունենա իր ընթերցարանը, սրանով կրթահամալիրի տնօրենն ազատ կլինի իր երկատումից, բլոգը կունենա իր քաղաքական շաբաթը, ու Աշոտ Բլեյանն ազատ կլինի եռատումից… Ես կպատմեմ իմ ու ձեր ստեղծումի մասին…

Միջին դպրոցի սովորողների տեխնոլոգիայի պարապմունքը խոհանոցում:
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:

Կոչե՜մ ապրողաց: Բեկանեմ շանթեր… 

Դեկտեմբերի 7-ն է այսօր։ Իմ Սպիտակի-Գյումրիի երկրաշարժի մասին պատմել եմ։

Ծո՜վ անելիքի, կառուցումի, ստեղծումի շաբաթ… Կրթահամալիրի մասնագիտական ժողովի օրակարգ է հրապարակված, «Դպիր» էլեկտրոնային ամսագրում Հասմիկ Ղազարյանի ու Աշոտ Տիգրանյանի հոդվածները… Մանկավարժական լաբորատորիան բերել է սեբաստացիների նախաձեռնած դեկտեմբերի 9-ի միասնական բաց հանրային քննարկումների-ներկայացումների օրակարգը, երաժշտական լաբորատորիան ու տեղով մեկ ծես մեր Սյուզի Մարգարյանը՝ ամեն ուրբաթ օրվա բաց համերգ-պարապմունքի ծրագրերը… Մերի Առաքելյանն էլ սրա եզակին հոգնակի դարձրեց… Դավիթ Բլեյանի շաբաթ օրն էլ ու շաբաթվա բոլոր օրերն էլ օրագրի, իմ ու ձեր ստեղծած ծննդյան տոնի իրավունքով՝ «Հայաստա՜ն ջան»՝ Էմմա Իսախանյանի, «Բանգլադե՜շ ջան», «Գյո՜ւղ ջան», Արփի Սահակյանի…

Ավելացնեմ.

Ամանորի, Սուրբ Ծննդյան և Դավթի ծննդյան ծեսով երրորդված 

Ի՞նչ մնաց 2015-ի դեկտեմբերի 12-ին. ես, Արմինեն, Դավիթ Բլեյանը, քույրիկներ Նազենի կրտսերի և Սոնուլիկի, Ռուզան մորաքրոջ, այսօր առավոտյան նաև մանկավարժության լաբորատորիայի, Դավթի և նրա ընկերների ծննդյան ծեսի հեղինակային խմբի  տիկին Աիդայի հետ կարծես համաձայնեցրինք ողջ շաբաթվա մեր գործողությունների պլանը… Դավիթ Բլեյանի ծննդյան օրը՝ չորս տարեկան հոբելյարի կարողությունների մեկշաբաթյա ստուգատեսի ամփոփում՝ իր մանկանց օրհնության ծեսով, մանկական ծիսական ակումբով… Այստեղ և՛ Դավիթ Բլեյանի բլոգն է, որի վարումը, իմ խնդրանքով, մեկամյա հոբելյարի ստուգատեսի օրը ստանձնել էր Արմինե մայրիկը, և՛ իմ բլոգը, որի սիրված հերոսն է եղել և մնում Դավիթը… Բաց-ուրախ-թեթև-հետաքրքիր ստուգատես՝ յուրաքանչյուր մասնակցի համար։ Յուրաքանչյուրի ուշադրությունը, աջակցությունը, նվերը, որևէ ձևով մասնակցությունը, Դավթի հաջորդ՝ վճռական հինգ տարեկան դառնալու մուտքի մեկնարկի, թափի, միջավայրի, զարգացման ուղեցույցներ են… Խելամիտ, մտածված, էժան, մինչև վերջ էժան… Կերպարվեստ, երաժշտություն, տեխնոլոգիա, խաղ, մարզանք-գլուխկոնծի, պար… Ու թեթև, թեթև, ինչպես նախածննդյան հեքիաթ…

Դավթի ստուգատեսային շաբաթվա առաջին օրվա ֆոտոպատում:
Լուսանկարները՝ Կարինե Խառատյանի:

Օրվա քաղաքական ընթերցարան

Օրագրի բացատրական բառարան

Մեդիտացիան, ինչպես առողջ ապրելակերպը, ֆիզիկական ակտիվությունը, աղի և ալկոհոլի քանակի սահմանափակումն ընդունակ են կանգնեցնել ծերացման պրոցեսը… բացատրում են ամերիկյան հետազոտողները՝ իրենց ուսումնասիրություններով:

Հեծանվասպորտի նախավարժանքը Գեղարվեստի դպրոց տանող աստիճաններին:
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:

Ֆոտոխմբագիր՝ Գոհար Եղոյան
#518

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Շրջանն ավարտող ու նոր շրջան սկսող, ամեն առավոտ «ձվի միջից» դուրս եկող սեբաստացու մասին է իմ 314-րդ գիրը

Ամեն օրն է այսպես՝ լեցուն գործերի վերջում գրիչն «ընկնում» է իմ ձեռքից, ձեռքս փակվում, գրելս չի գալիս, ու ամեն առավոտ, հիմա՝ 4-5-ի արանքում «բարձրանում» է գրիչը, ափս խցկվում. գրելս գալիս

Ամեն օր եկող-գնացող օրվա, անընդհատ գիրը` իր կիրակիով

— Արի հաշվելով ճոճվենք,- կիրակի առտու հիշեցնում-հրավիրում է Դավիթը: Մենք պատշգամբում լավ ենք զգում, ինչպես վարդերը` առողջ, բացվող-գնացող թերթերով, եկող կոկոններով, բազմագույն ու շա˜տ… — Հայրի́կ, ինչո՞ւ է ամեն օրը

Նոր սկիզբ՝ ունեցածի հիմնադրման ճանապարհով…

Սիրում-կարևորում եմ սեբաստացիական նախաձեռնությունները, ահա ինչու՝ ուշադիր եմ դրանց հետևողական իրագործման սեբաստացիական ջանքերի նկատմամբ. վստահեք ինձ, նախաձեռնության իրագործման յուրաքանչյուր փուլում ես ձեր հուսալի գործընկերն եմ… Իրիկունը տուն մտա զգույշ. դուռը