Միասին գործի, դասի, պարտեզ գնալը համաձայնեցում է ենթադրում իմ, Դավթի և Արմինեի անհատական ռեժիմներում, և որքան էլ զարմանալի թվա, ամենազիջողը, հարմարվողն ու աջակցողը ես եմ, միայն թե 8.30, աջով Դավթի ձեռքը բռնած, ձախով՝ աղբի տոպրակը, իջնեմ չորրորդ հարկի մեր տան աստիճաններից… Բայց մինչ այդ Դավիթը պիտի արթնանա, լողանա, հագնվի, էլ չեմ ասում Արմինեի մասին…
— Փորիկս ցավում է, հայրիկ։
Դավիթը շարունակում է.
— Շատ եմ մուլտ նայել իրիկունը, դրա համար է՞ ցավում, հայրիկ.- երևի այսպես կարձագանքեր Արմինեն:
— Բոլոր կեղտերը հավաքվել են փորիկի վրա, սեղմում, ցավացնո՞ւմ են,- սա էլ իմ փոխարեն երևի…
— Պիտի լողամ, որ մաքրվեն, գնան կեղտերը, ազատվեմ կեղտերից, որ փորիկս թուլանա, համ էլ մազերս հայելու առաջ սանրեմ… հայրիկ…
Այս երեք տարեկանին ասելու բան չի մնացել, պիտի չշտապել. ինքը կասի, կանի…
— Դավիթ ջան, ժամացույցին նայե՞լ ես՝ քանիսն է ժամը։
Գնում կանգնում է մեծ սլաքներով ժամացույցի առաջ, ուշադիր նայում է…
— Ես ուզում եմ նայեմ՝ ոնց են տատիկի նման լոշիկ թխում մեր հինգ տարեկանները,- սա, իհարկե, երեկվա իմ խոսքից պատճենած է,- հետո թխվածք-շոկոլադ ուտեմ, հետո լողանամ, հետո… հագնվեմ… Կհասցնե՞մ, հայրիկ… Կօգնե՞ս ինձ, հայրիկ:
Իհարկե կօգնեմ. վաղ եմ արթնացել, լողացել, սափրվել, հագնվել, ինձ մնում է օգնել ու օգնել… Իսկ Դավիթը ոչինչ չի մոռանում, խառնում…
— Կապույտ մեքենան մոռացար, հայրիկ… խմորեղեն-կոնֆետս կիսատ ո՞ւր թողեցիր, հայրիկ…
Լողանալիս օգնելը, տղայի կողքին լինելը մոր գործ չէ, ասել եմ, պնդում եմ: Հո ձեռքեր, երես լվանալ չէ՞։ Պիտի տղան հանվի, ծես է, ոչ մի պատահական խոսք-շարժում, պիտի նստակոնքին հայտնվի, պիտի ջուրը ստուգի մեր զգույշ-նրբիկ տղան ու գցվի ջուրը։ Հինգ մատ աջ ձեռքին, մաքուր, ուժեղ մատներ՝ բաց ափով, հինգ մատ ձախ ձեռքին՝ ավելի մաքուր, ուժեղ, մկանուտ։ Հինգ մատ + հինգ մատ՝ տասը մատ… Եվ այսպես, ոչինչ չի կարելի մոռանալ, շտապել. ուժեղ ջրի շիթով, մկան առ մկան ուժեղանում է մեր տղան, մաքրվում կեղտերից։ Ասացեք, այստեղ որտե՞ղ տեսաք կնոջ անելիքը… Երկու տարի կլինի համարյա, ամեն օր Դավթին լողացնելու գործը ես անում եմ նույն հանդիսավորությամբ… Հետո սրբիչը կգա, այս անգամ խմորեղենի նման կփաթաթի Դավթին, կտանի, որ մայրիկն ուտի… աղջկա պես մազերը էլեկտրական սարքով չորացնի…
— Դավիթ ջան, էս կավե սայլակի անիվն ո՞վ է պոկել, ո՞նց ենք անելու, ձիերը չեն կարողանա քաշեն սայլակը…
— Ոչինչ, հայրիկ, հիմա կվերջացնեմ հագնվելը, կզանգեմ Սենին ու Տիգրանին, կգան կսարքեն…
Այ, էդ մեկը պիտի չասեիր. Սենն ու Տիգրանը թող Միջին դպրոցի տնօրենին գոնե այնքան ինտերնետ տան, որ արտակարգ պատահարի մասին կարողանա ահազանգի…
Իսկ մեքենայի մեջ Դավթին սպասում են հիացած քույրիկները, Արմենը, որ ափսոս, հիվանդ է, մորաքույրը… լիքը էկիպաժ… Ճանապարհը, պատմել եմ, ուսումնահայրենագիտական ճամփորդություն է… Ասացեք, ինչո՞ւ շտապել, ի՞նչ ավելի կարևոր գործ կա, քան երեք տարեկանին իր քաղաքը, իր դպրոցը, իր պարտեզը, իր սարը, իր ճանապարհը ներկայացնելը… բազում՝ թեկուզ կրկնվող հարցերին պատասխանելը… Իսկ ի՞նչը չի կրկնվում… արևածագը, օրը… գործերը… հիացումը…
Ստեփանակերտի մանկապատանեկան կենտրոնի պարի խումբը՝ իր երկու տասնյակի չափ պարողներով ու ղեկավարներով, իրական Արցախն է՝ ապրող մայրաքաղաքով, այսօրվա-վաղվա օրով… Ինձ, կրթահամալիրին, մեր գործը բոլորն են Արցախում ճանաչում. դա վերջին անգամ շոշափելի արձանագրեցի արցախյան իմ այցի ժամանակ, պատմել եմ, Արցախ TV-ի «Երեկոն մեզ հետ» հաղորդմանը հյուրընկալվելիս (կարող եք մի անգամ դիտել)։ Իսկ ես ստեփանակերտցիների հետ հաճույքով քայլեցի Մայր դպրոցով։ Սիրելի էր նրանց հիացմունքը Մայր դպրոցի տանիքից դիտելիս. մեր բախտից էլ՝ Մասիսը ոնց որ ափի մեջ։ Արցախի որևէ խմբի, այս անգամ՝ Արվեստի վաստակավոր գործիչ Գարիկ Ավանեսյանին ու իր խմբին, չեմ կարող անհատական ուշադիր վերաբերմունքի չարժանացնել. հետո, դեռահասության տարիքից, թող երկու տասնյակ արցախցու մոտ Հայաստանն ասոցիացվի նաև Բանգլադեշի Բ-4 թաղամասի հյուրընկալության, մանկական ջերմ վերաբերմունքի ու Մարմարյա լիքը սրահի ծափողջյունների հետ… Հայրենիքը թող այսպես կոնկրետ ու տպավորիչ լինի… Ամեն մի կրթամշակութային խումբ ու գործիչ վստահ լինի, որ կրթահամալիրը նաև իրենն է, ու հայրենիքում ինքն առանց կացարանի, հոգատարության չի թողնվի… Միասին լինելն այսպես չէ՞… Քանի՜ ընտանիք իրական Հայաստանի ու իրական կրթահամալիրի մասին ճիշտ տպավորություն կստանա ու կտարածի։ Մեր արածի ի՞նչն անկեղծ ու իրական չէ…
Դպրոց-պարտեզի Հռիփսիմե Առաքելյանի դասարանի հարցերի խմբին խոստացել եմ պատասխանել… Ինձ հարմար է դա անել իմ օրագրով՝ խմբավորելով հարցերը… Փորձե՞նք. 5-6 հարց մեկ օրում: Արթուր Բախտամյանն «Առանց չակերտների» հաղորդման ձևաչափով կարող է իր ուզած տասնյակ հարցերը տալ ու ստանա պատասխաններ, իսկ, ասենք, 3.1-ի Մանե Աբգարյանը չի կարո՞ղ: Համաձայնեք, որ արդար չէ, խտրություն է առաջանում. չակերտները դեռ ոչինչ, բայց խտրություն կրթահամալիրում հանդուրժել չի կարելի…
Սկսեմ Մանե Աբգարյանի հարցերից. Մանեի մայրիկն էլ է իմ սանը, սեբաստացի, համ էլ Մանեի հարցերն առաջինը հայտնվեցին իմ էլեկտրոնային փոստում…
- Մայր դպրոցի, մեր կրթահամալիրի 1-ին քարերը, Մանե ջան, դրել են Աշոտ Մանուչարյանը, Աշոտ Դաբաղյանը… հետո… ես, հետո…
- Ինչո՞ւ չենք հագնում, սև էլ ենք հագնում, սպիտակ էլ… Դուք չե՞ք ընտրում ձեր հագուստի ոճն էլ, գույներն էլ, բա ո՞վ ընտրի… Ես իմ շորերից հազիվ եմ գլուխ հանում, հիանում եմ իմ թոռնուհի Արևիկ-մոդելի ճաշակով, հիմա էլ Դավիթը Բլեյանը՝ իր արդուզարդով… Դուք պիտի անընդհատ սովորեք ընտրել՝ հագուստ, մասնագիտություն, աշխատանք, ամուսին… իշխանություն…
- «Տիար»-ն իմ անուն-ազգանունն է դարձել, Մանե ջան, որպես մեր մեծ տան ավագ՝ մեծ այր… Ես մեծ եմ, Մանե ջան, մյուս տարի կդառնամ կլոր 60 տարեկան… Ինձնից մեծ մեկ էլ Տիգրանյան Աշոտն է, նա էլ սիրում է, որ իրեն «ընկերով» դիմեն… Համ էլ ինքը շա՜տ մեծ է՝ հո չես ասի տի-տի-տի-այր… Իսկ ինձ հարմար է ու կարճ՝ տիար. տի՝ մեծ+այր՝ մարդ:
- Մայր դպրոցը, Մանե ջան, բացվել է 1984-ին, տես, այս տարի այդ շենքը քանի՞ տարեկան է դառնում… Դպրոց-պարտեզը, որտեղ դու սովորում ես, նախկինում եղել է միայն մանկապարտեզ… Հետո ես մտածեցի քո մասին… ինչո՞ւ պարտեզից հետո դպրոց էլ չլինի… Դա եղավ 1987-ին: Իսկ կրթահամալիրը, որպես բոլոր դպրոցները միավորող մի Տանիք, գործում է 1989 թ.-ից… Սա էլ իմ ղեկավարած նախագիծն է, որի 25 տարին միասին տոնում ենք, քանզի և՛ դու, և՛ քո մայրիկը, և՛ քո ընկեր Հռիփսիմեն մասնակցել-մասնակցում եք այս նախագծի իրականացմանը։
- Ես, որքան ինձ հիշում եմ, միշտ ամուսնացած եմ եղել։ Տաթևիկն իմ միջնեկ աղջիկն է, Արևիկի մայրիկը։ Սոնուլիկի մայրիկը՝ Լիլիթ Բլեյանը, իմ մեծ աղջիկն է, երգեր է գրում ու երգում, մեր դպրոցն է ավարտել, ահա լսիր. տեսնեմ կհավանե՞ս… Իմ կրտսեր աղջիկ Շուշանիկը սովորում է Վիեննայում, կոնսերվատորիայում, ուզում է երգչուհի դառնալ օպերային: Ես հիմա էլ ամուսնացած եմ. Արմինե Աբրահամյանը՝ Դավիթի մայրիկը, ձեր դպրոցի 4-5-րդ դասարանցիների մայրենիի ուսուցիչը, իմ կինն է… բա՜…
[youtube https://www.youtube.com/watch?v=AlH8I4eZUzM]
Դաստիարակության նպատակը մարդուն ինքնուրույն դարձնելն է. այսինքն ազատ կամքով էակ:
Երեկվա գրում ես խոսում էի կրթահամալիրի աշխարհների մասին… Չգիտեմ՝ հաջո՞ղ հասկացություն է. բայց ի՜նչ լավ է, որ ես երեկ մտա Մայր դպրոց՝ եղած չափերով անտանելի դարձած ռոբոտաշինության մեր սրահը… Բովանդակությամբ, այո՛, աշխարհ, բայց, ախր, ֆիզիկապես ճնշող չափերով… Ուրախ եմ, որ այն այսօրվանից կրկնակի մեծ է. հանդիպեցի ոգևորված Գնելին Մեդիակենտրոնի մուտքի մոտ, ողջ Մայր դպրոցը, Մեդիակենտրոնն էլ հետը, տեխնիկայի, տեխնիկական ստեղծագործության տուն է՝ ոչ մի խոչընդոտ դրա ճանապարհին… գործի՜ր…