Դավիթ Բլեյանն իսկական նվեր մատուցեց Շուշան քրոջը՝ վերցրեց ու կիրակի օրով ժամը 16-ից քուն մտավ… Մսրա Մելիքին արժանի քուն։ Ծուռ Դավիթ է, որոշեց ու կրկնակի վարտիք հագավ, վրայից էլ՝ զուգագուլպա, որ վաղուց չէր հագել։ Մայրը շվարել է, նայում է ինձ, բայց ծռությունը դրսևորում է ունենում… Ինչ արեց-չարեց միակ մորաքույր Ռուզանը (մորաքուր, հորաքույր, հորեղբայր բառերի հետ մենք հաճախ ենք ազատ վարվում, քանդում-հավաքում, տալիս ռոդարիական մշակման), ինքը գիտի, ու մեկ էլ՝ Աստված… Դավիթը կիրակի օրը ցերեկով ոչ միայն քնեց, այլև արթնացավ իր վրանում ժամը 23-ին մոտ… Ինձ ոչինչ չէր մնում, քան թողնել համակարգիչը, որի առաջ հիանում էի 1in.am-ին տված իմ հարցազրույցով, ու Դավթի հետ տեղավորվել բազմոցին։ Հա, սա էլ է անհոգություն, համամարդկային համերաշխության մի տեսակ է՝ հեր ու տղա ֆուտբոլ ենք նայում։ Ոնց դուք այս տեսանյութը նայեցիք, այնպես էլ մենք՝ ֆուտբոլ… Նշանավոր Ալիսի հայտնի ձանձրույթը պատեց մեզ. ի՜նչ տաղտուկ գործ՝ երկու տասնյակ մեծահասակ վազվզում է մի գնդակի հետևից, քիչ է, տասնյակ հազարավորները՝ մարզադաշտում, հարյուր միլիոնները՝ այլուր, ախով-ուխով ակնապիշ հետևում են… Իմ գոզալ mskh-ը երեկ հազիվ 3367 մուտք է ունեցել, իմ աննման բլոգի «Օրագրին», որ ահա 27-րդ «շեդևրն» է դուրս գալիս, օրական մի քանի հարյուր մարդ է հետևում, իմ 1in.am-ի բացառիկ հարցազրույցի դիտումների քանակը իսկի 1000-ին էլ չի մոտեցել։ Վա՜յ, աշխարհ, էս ո՞ւր ես գնում, անարդար-անխե՛լք աշխարհ…

— Դավիթ, ո՞վ կհաղթի՝ Գերմանիան, թե՞ Արգենտինան,- փորձում եմ կորցրած կապը վերականգնել ֆուտբոլ նայող հայր և որդի Բլեյանների միջև։

— Ես,- անառարկելի է Դավիթը։

Ֆուտբոլ շատ եմ խաղացել, որքան ինձ հիշում եմ՝ թաղում, դպրոցում, շինջոկատում, ամենուր։ Հայտնի ֆուտբոլիստ եմ եղել ու կամ նշված շրջապատում, բայց այ, ֆուտբոլ նայելը ձանձրացնում է քնեցնելու աստիճան։ Կարծես դրա համար էինք նայում. քսան րոպե ու հայդե՜, Բլեյաններ, քնելու…

04-05-ի արանքում ես արագ-արագ գրում եմ իմ օրը, ու ականջս ննջարանին է… Դե, իհարկե, թըփ-թըփ-թըփ, Դավիթը օխտը օրվա քունն առած, ինչպես այս առավոտը… «Ի՞նչ է սա»։ Կեռասը… «Տիկին Աիդան է բերել»։ Այո։ «Լավն է տիկին Աիդան»։ «Ո՞վ է բերել այս բանանը»։ Նեկտար հորաքույրը։ «Լավն են Արտաշես պապիկը, Նեկտար հորաքույրը, Մանուկ հորեղբայրը»… «Մանուկ հորեղբայրը մեքենան զգույշ է քշում»։ Ու հավեսով բանան ծամող Դավիթը որոշում է քաքիկ անել… Տեսարան է՝ Դավիթը նստակոնքին, բանանով… Ես խաղաղ եմ մեր լեռների պես…

— Հիմա ես ուզում եմ «Հայր մերը» լսեմ։

Մենք ամեն առավոտ ենք լսում՝ որպես համամանկական աղոթք։ Տեսեք՝ ինչ կերպափոխում, ինչ կենտրոնացում…  Դավիթը հերթով լսում է «Ձայնադարանը»։ Լավն է «Պսակ-պսակը», բայց ինքը «Կռունկն» է ուզում լսել։ Լսի։ Չի մոռացել մեր Դավիթ ախպերը (Դու պե՞տք է էն հոր ժառանգը լինես….). — Սասուցի Դավիթը կարդա… Հանձնվիր, հայրիկ, կա՛մ Աստծուն, կամ Մամոնային։ Ես Աստծուն եմ ընտրում, ես ու իմ Աստված։ Կարդում ենք «Սասունցի Դավիթը» Բլեյաններով…

Երեկ Արմինեն Շուշան Բլեյանի հոբելյանական 19-րդ տարեդարձի առիթով փայլատակեց՝ «2015-ին Շուշանը դառնում է 20 տարեկան»։ Տպավորվեցի։ Ախր ես Շուշանից «առավել եմ» 40 տարով… Ու ձեռքս գնաց mskh.am, թերթեցի, բացեցի կրթահամալիրի տնօրենի էջը… Ի՜նչ հեշտ բացվեց իմ «Աշոտ Բլեյան» բլոգը, բա մարդիկ ինչո՞ւ են դժվարացնում։ Թերթեցի, «Իմ մասին» բաժինն եմ փնտրում, իմ կենսագրությունը՝ հավաստի։ Սրանից էլ հավաստի՞՝  1955.04.09. որքան էլ իմ մայրը քանի տարի մեզ շփոթեցնում էր, թե սեպտեմբերի 5-ն է… Պա՜տ-րա՜ստ սեպտեմբերչորսյան կրթական շքերթին… Մի՛շտ պատրաստ… 1985թ. (ուշադիր՝ ես 30 տարեկան եմ) թիվ 183 դպրոցի տնօրեն… Մամա ջան… 1985թ. առ այսօր, օրինական-անօրինական-իրավական փոքր բաժանում-ընդհատումներով, փաստացի 30 տարի միասին ենք, մեկ ենք, որպես Բլեյանի դպրոց…

Ուշադիր՝ տնօրենի մատնությունը։ 2015թ. դառնում եմ 60 տարեկան։ Մի ամբողջ կյանք, որի ուղիղ կեսը՝ Բլեյանի դպրոցում… Այստեղից և բարեխղճության, նախաձեռնության, հետևողականության, փութաջանության չսպառված պաշարները, որ ես գործի եմ դնում… Ամոթ է, 60 տարի ու 30. մարդիկ չհարցնեն, դու կհարցնես, չէ՞, ինչ արիր, ինչ եղավ, ինչու չեղավ… Եվ հայերի հարցը՝ ուրի՞շ… Ես, գիտեք, մի այսքան էլ կապրեմ, բայց ապագայի հետ կապված ծրագրեր չունեմ՝ ինձ այլևս չես շեղի. օրվա հոգսը բավ է օրվա համար: Իմաստավորել կյանքը՝ նշանակում է լեցուն դարձնել այն գործերով։ Հիմա՝ հուլիսի 14-ին 2014-ի՝ գործեր ու գործեր, այնքան, որ օրվա հոգսը լիուլի բավ է օրվա համար, ինչպես Դավիթ Բլեյանը հիմա, որ իր նախաձեռնությամբ արև-ցնցուղով ինքնուրույն (ա՜յ քեզ կրթական պարզ-անհրաժեշտ գործիք՝  երեխայի հասակի ծորակ) ջրում է ծաղիկ առ ծաղիկ…

Ու մենք նույն գործն ենք անում, ես ու Դավիթը… «Պապա, օգնի ինձ, չեմ կարող…»։ Մոտենում եմ. ծիրանն ինքնուրույն լվացել, ուզում է բացել, կիսել, ճիշտ երկու կես անել, մին՝ դեպի դես ու մինը՝ դեն, ու չի կարողանում: 60-ի կեսը՝ 30, և 30+30=60…Ինձ համակեց հիմա ունայնության թե կարցերային տրամադրություն… Աչքս ընկավ իմ կենսագրությանը՝ 1999-2001՝  թիվ 1 քննչական մեկուսարանի կալանավոր… Ուշադիր. ես 21-րդ դարը, 3-րդ հազարամյակը դիմավորել եմ Նուբարաշենի բերդում…

Հիմա Դավիթը պատշգամբում աղբյուրի ջուրն է խմում, առանց բաժակի, իր ծորակից… Տեսնել է պետք Դավթին այս վիճակում՝ «պապա, ես աղբյուրի ջուր եմ խմում…»։ Ինքնուրույն, անընդհատ ինքնուրույնության բարձունքներ՝ իր հետևանքներով… «Պապա, թաց է…»։ Երբ երեխայի պապան էլ, մաման էլ, Շուշոն կավելացներ՝ պապիկ-տատիկն էլ դու ես, երբ երեխայի մայրիկը վաղը քննության է, ու երբ մենք ֆուտբոլ էինք նայում, ինքը պարապում էր… Մայրիկը հենց սրա համար է, որ քեզ երեխա պարգևի ու վաստակած քնի: Երեխայի ինքնուրույնության պարապմունքները ամենօրյա առավոտյան պլեներներ են, որի նախագծային ղեկավարումը հոր գործառույթ է:

Տեսել եք՝ ինչպիսի կերպարանափոխում է ապրում տղամարդը սեղանի մոտ։ Քիչ առաջ է շնացել, եղբոր, հոր-ամուսնու-զավակի տարրական անելիքը զանց է առել նորից, ինչ-որ կերակրամանի (տաշտի, սեղանի) շուրջ իր նմաններով հավաքվել են, ու տեսեք ինչ ազգային ծրագրեր է հորջոջում… Հոտնկայս խմում է ու խմում. բանաստեղծություններ ասում, իմաստուն մտքերից մեջբերումներ անում, կին ու մայր գովում, իր ազգային կնամեծար մենթալիտետը հակադրում այլոց… Իրականում կանայք տղամարդկանց փչացնում են փոքրուց, իրականում չեն պատրաստում-չեն մղում մեծ գործողությունների, հերոսի ճակատ չեն համբուրում, չեն ասում՝ գնա, մի՛ վախի,  մի՛ հոգնի, տղամարդ ես՝ խիզախիր, դու ու քո երկիրը՝ գործիր երկիրը, սեփական քրտինքով վաստակիր հացը քո և այլոց համար, որ տուն մտնելիս ճակատիդ քրտինքը քո կինը մաքրի…

Օրվա գրականությունը՝ Եղիշե Չարենց, «Դեպի լյառն Մասիս»

Այդ նա՜ էր — ուսուցի՜չը: — Դեմքով բարի,
Ե՜վ հարազատ, և՜ սառը, խստաբարո,
Բարեկամի նման մտերիմ,
Ե՜վ անհողդողդ, և՜ մեղմ, և՜ անսահման ներող —
Նայեց նրան մի պահ, աչքերը սևեռեց
Նրա հոգու խորքը — և մարմարի պես նուրբ
Ձեռքը եղբայրաբար գրքի վրա դրեց
Եվ մրմնջաց հանգիստ. — Թո՛ղ, Խաչատո՜ւր: —
Այնքան քնքո՛ւշ էր ձայնը — և, միևնույն պահին,
Ահասաստ էր, ինչպես մահվան պատգամ,
Եվ նա հիշեց հանկարծ. — այն ցուրտ ճանապարհին
Դեպի լյառը Մասիս — մի անգամ
Այդ միևնո՜ւյն ձայնով նա՝ ուսուցիչը՝
Զսպեց իրեն, երբ ինքը մի գյուղացու
Ուզում էր սառցապատ ճանապարհից գցել,
Որովհետև այդ բութ գյուղացին
Համոզել էր, թե ինքը գիտե ճանապարհը,
Բայց հասցրել էր իրենց անդունդի,-
Եվ այժմ, նո՜ւյն ձայնով, նա հորդորում էր հար
Անդավաճան մնալ իր ուխտին: —
Եվ նա մնաց…  

Անցյալ տարի էր… Դուրս էի գալիս Սևանի վանքից, ուր կենսամշակութային արշավի վերջում «Սեբաստացիներ» երգչախմբի հետ հոգեհանգիստ էինք երգում Սոս Սարգսյանի հիշատակին, ու… Բարձունքին՝ քարե պարսպի բազրիքին մի քանի տղաներ՝ որքան հնարավոր է լպիրշ… Չկան շուրջը մարդիկ, օտարերկրացիներ, չկա եկեղեցին, չկա վանքը այս. ինքն է ու իր լպիրշությունը, ու ես, ինչպես իմ գրական հերոս Խաչատուր Աբովյանը, մոտեցա, որ գլորեմ ներքև… Իմ ուսուցչի ձայնը՝ թո՛ղ, ինձ ետևից կանգնեցրեց…. Անդավաճան մնամ իմ ուխտին՝ միշտ դեպի լույս: Անկասկած:

«Պապա, օգնիր ինձ»,– Դավթի ձայնն է հեռվից, լողավազանից: Պուտ-պուտերով գող սրբիչն է ուզում: Մենք՝ ես, Արմինեն, Դավիթը դուրս ենք գալիս հուլիսյան գործի։ Մայրիկը հերթապահ-ուսուցիչ է այսօր Դպրոց-պարտեզում, Դավթին Նարեն ու Արամը հանգիստ չեն տալիս, իսկ ինձ սպասում են իմ ընկերները (սուրճըմպում Մեդիակենտրոնի պատշգամբում), և ժամը 9.10 Մարզահամալիրի կառուցվող դաշերում՝  գեներալ Մարազ Սարգսյանն ու ՊՆ ինժեներական զորքերի մի սիրելի-կազմակերպված խումբը՝ մեխանիզատորների և կրթահամալիրի աշխատողների:

Քունը կրթահամալիրի նախակրթարաններում.

[youtube https://www.youtube.com/watch?v=6LQmL470MZY]

[youtube https://www.youtube.com/watch?v=JBbk2AS6rfM]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կիրակնօրյա ամբողջական թերապիա

Իմ բոլոր Բլեյան զավակները՝ ավագ Լիլիթից մինչև Աստղիկ կրտսեր, արանքում Շուշան ու Դավիթ… (Տաթևը, գիտեք, կիրակի օրով անգամ քոլեջի ղեկավարի հավաստագրի համար պարապմունքների է), բոլորը գտնում են, որ քովիդից ծնված

Խանդավառությունը՝ հոգևոր արբեցում….

Լիովին հավանական է, որ բոլոր մարդիկ մարսեցինե՞ր են… Երկիր մոլորակում մարսեցիների հետնորդնե՞րն են: Մեր կրթահամալիրում մարսեցիների, մարսյան հետքերի շատ կհանդիպեք։ Դավիթ Բլեյանը, օրինակ, այդ տեսության պաշտպաններից է, հասուն-ասուն այնքան, որ

Բան ունե՞ք ասելու․․․ ասե՛ք․․․

Կիրակնօրյա «Դպիր»-ը ինձ, ձեզ, նո՞ւյնն է ավետում։ 2017-ի հունվարի 16-20-ի` օրացույցով որոշված հեղինակային մանկավարժության գիտագործնական կոնֆերանսի պատրաստությունը թևակոխո՞ւմ է համակարգման շրջան։ «Դպիր»-ում իմ օրագիր-հոդվածը ինքնավստահություն ավելացրեց՝ ինչպես Յուրա Գանջալյանին՝ Վահրամ