Շուշան Բլեյանը որտե՞ղ է՝ հարցրեք… Չիմացա՞ք: Իտալական Վերոնա քաղաքում: Այո, Շեքսպիրի հայտնի հերոսների՝ Ռոմեոյի և Ջուլիետի սիրո քաղաքում… Ինչպե՞ս և ինչո՞ւ է Վիեննայի կոնսերվատորիայի ուսանող Շուշանը հայտնվել Վերոնայում… Հետաքրքիր պատմություն է: Լսեք: Նախ՝ Ավստրիայում, ինչպես Եվրոպական շատ երկրներում, կա զատկական արձակուրդ, որ Վիեննայում, Շուշանի կոնսերվատորիայում տևում է 10 օր՝ մարտի 29-ից ապրիլի 8-ը: Շուշանը, հիշում եք, Վարժարանում սովորելու շրջանում 2011-ին կրթահամալիրի տիեզերագետների խմբի հետ եղել է Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարում… Հենց այստեղ էլ ծանոթացել-մտերմացել է Իտալիայից ժամանած խմբի Սառա անունով աղջկա հետ: Մեդիան, ֆեյսբուքը հավատարմության-համերաշխության-ընկերության հաստատման-պահպանման հիանալի միջոց են… Եվ ահա Շուշանի Իզմիրի ընկերուհին, որ սովորում է Վերոնայի ավագ դպրոց-քոլեջի ավարտական կուրսում, Շուշանին հրավիրել է իրենց տուն՝ Վերոնա՝ միասին Զատիկ նշելու… Այ, այսպես են Զատիկ տոնում… Թե չէ, հայերին թվում է՝ իրենք են, ու իրենց՝ ձու ներկելու, ձվի-կանաչիի թանկ-էժանի պատմությունն ու կենցաղային հոգս դարձած տոնը…
Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է: Շուշանը նստել է ավստրիական` իր հավանած գնացքներն ու 10 ժամ հետո գրկախառնվել իր հավատարիմ իզմիրյան ընկերուհու հետ… Դեռ միասին Վենետիկում պիտի լինեն. պարզվում է՝ 2 ժամվա ճամփա է Վերոնայից: Ինչո՞ւ հիշեցի, կարոտե՞լ եմ Շուշանին… Միշտ: Առիթը եղավ Լուսինե Բուշի Իզմիր-2015-ի նախապատրաստական փուլի, սեբաստացիների միջազգային ճամբարի ընտրական հավաքի հայտարարությունը… Այս տարի դժվարություն ունենք մեր, սովորողների ծնողների, ուսուցիչների դանդաղաշարժության պատճառով. «չեմ ուզում — գցի ջեբս» սկզբունքի համաձայն պիտի համոզես… ինքը չեմուչում անի… Թվում է՝ արժանի ու մեծաթիվ ցանկացողներից պիտի դժվարանայինք 12 պատանի ընտրել… Տեսնենք՝ Լուսինե Բուշն իր հետևողական-խելամիտ-մոբիլ գործողություններով կկարողանա՞ հարթել սեբաստացիների ուղին դեպի Իզմիրի միջազգային ճամբար: Աջակցենք Բուշին, համերաշխ ու արագ գործենք: Իսկ մենք՝ օրագրի ընթերցող-ստեղծողներով, սպասենք Վերոնայից Շուշանի պատմություններին-նկարներին… Շուշան, դու մեզ լսո՞ւմ ես… Ահա…

Ձեզ հասած լուրը ճիշտ է. Թբիլիսիից մեր ընտանեկան գրադարանի համար վրացական խոհանոցի հանրագիտարան եմ բերել, իսկ շուկայից՝ վրացական համեմունքների մեծ տեսականի… Խոհանոցը մշակույթ է, ես հավանում եմ վրացական խոհանոցը։ Ապրիլին սպասում եմ իմ վրաց ընկերներին. անակնկալներ պատրաստենք ընկերների համար: Կրթահամալիրում, որպես ուսումնական պլանով «Տեխնոլոգիայի» բաղկացուցիչ, ավելի պիտի կարևորվի ազգային խոհանոցի ուսումնասիրումը, որպես մեր կենցաղային մշակույթի յուրացման կարևորագույն տարր: Աչք շոյող խոհանոց-լաբորատորիաներ ունենք մեր բոլոր դպրոցներում՝ 10 խոհանոց՝ չհաշված խմբասենյակների խոհանոցները… Այսպիսի նյութական միջավայրը, գործիքակազմն ինչպիսի՜ ուսումնական-բիզնես-նախաձեռնողական խնդիրներ են լուծում… Բավարա՞ր են ջանքերը, արդյունքները… Զատկական օրերի այս շրջանի պատշաճ հարցադրումներ են, որ պիտի զարգացվեն-ձևի բերվեն մինչև Մայիսյան 10-րդ հավաք… Ի՞նչ մնաց:

Ընդհանուր պարապմունք Նոր դպրոցում:

Երեկ ես ու Խաչատրյան Արտյոմը կարևոր այց կատարեցինք կրթահամալիրի ջերմոցային տնտեսություն: Կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերեցինք, կարևոր մեկնարկ եղավ… Արտեմը խոստացավ իր այսօրը շինարարական անհրաժեշտ տեխնիկայով անցկացնել մեր գյուղացիական տնտեսությունում։ Թափո՜վ, Արտեմ Խաչատրյան…Ես, գիտեք, գործը թափով անելն եմ ընտրում միշտ, ջանջալը, թսթըսը իմը չեն… Երեկ Մայր դպրոցի պարտեզում Էմանուել Ագջոյանի, Մարթա Ասատրյանի, Մարիետ Սիմոնյանի, Շամիրամի, Լուսինեի, Գոհարի ու Միջին դպրոցի պարտիզպանների մեծ խմբի ներկայությամբ կարևոր հրապարակումներ արեցի: Օրագրի ընթերցողների համար շարունակում եմ: Մի մասով ջերմոցային տնտեսությունը կգործի գյուղացիական տնտեսության կազմում: Իսկական, լիարժեք գյուղացիական տնտեսության, որպես նոր ուսումնական արհեստանոց, Երևանում, Բ-4 թաղամասում, կրթահամալիրին պատկանող 6000 քառ. մետր տարածքի վրա… Ժամանակակից տնկարան, ժամանակակից պտղատու այգի, արդիական կովանոց, ձիանոց, թռչնանոց կունենանք, այծեր, գառներ, իշուկներ կպահենք, բաժիններ կլինեն ընտանի այլ կենդանիների համար… Այնպես, որ 12-22 տարեկան տարատարիք սովորողներ, որպես ուսումնական աշխատանք, պիտի կարողանան միաժամանակ իրականացնել գյուղացիական տնտեսության սպասարկումը-զարգացումը: Այո, կաթ ու միս կարտադրենք, կմշակենք, կսովորենք մեր ուսումնական շենքերին կից մոտ 5 հա (50 հազ. քառ. մետր) հողամասի մի մասն օգտագործել կերերի արտադրության համար…
— Լո՞ւրջ,- հարցնում է մեր 7-րդ դասարանցի Գոռի տատիկը: Իհարկե լուրջ, որպես ուսումնական ծրագրված-կազմակերպված աշխատանք:
— Ե՞րբ,- հարցնում են: Բայց մենք սկսել ենք. և՛ Էկոտուր 2015-ի ծրագրով, ապրիլի վերջին, և՛ Մայիսյան հավաքների նորամուտների ծրագրով, հրապարակային կդարձնենք «Գյուղացիական ուսումնական տնտեսությունը կրթահամալիրում» նախագծի առանձին բաղկացուցիչներ, լուծումներ, իրագործումներ, մեկնարկներ… Իսկ Միջին-Ավագ դպրոցի սովորողների մի խմբի համար տնտեսությունը կդառնա նաև լրացուցիչ կրթություն՝ կոոպերատիվ-արտադրական գործունեության միջավայր: Նախաձեռնող խմբով ապրիլի 4-ին՝ ժամը 11.00, հանդիպում ենք Մայր դպրոցում, որ միասին լինենք մեր գյուղացիական ուսումնական տնտեսությունում. ուսուցիչ թե սովորող՝ ով եկավ, նախաձեռնող խմբի անդամ է։

Իսկ «Կասկադ» պտղատու այգու մասին իմ ու Արտեմ Խաչատրյանի պատմությունը (օրագրությունը) կարդացեք վաղը…

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանից վերադառնալիս:
Լուսանկարները Մ.Մկրտչյանի

Միջին դպրոցի խոհանոցում հանդիպեցի Էմանուելին՝ խոհարար-հերթապահի հոգսերով… հիանալի է: Արման Երանոսյանը, Էմանուել Ագջոյանը, Արտեմ Խաչատրյանը… մենք տասնյակ ուսուցիչների ներուժի դրսևորմամբ միայն կարող ենք բեկում 2015 ունենալ:

Այս օրերին, գյուղացիական տնտեսության ելումուտի ճանապարհին անցնում եմ Դպրոց-պարտեզով. ամենաբանուկը բաց լողավազանի խճե լողափն է եղել, հիմա՝ տնտեսության հարևանությամբ, պատի մյուս կողմում ընկած անտառն է այս՝ որպես Դպրոց-պարտեզի դիտարան ու բացօթյա կանաչ ուսումնական տարածք, որը մարդաշատ է… հետաքրքիր, գրավիչ: Դուրս եկեք բակ. աշխատանքից, ուսումնական պարապմունքից հետո, ազատ ժամանակ, զատկական այս օրերին՝ շաբաթ-կիրակի-մեռելոց, համեցեք՝ միասին պարտիզպանությամբ, երկրագործությամբ զբաղվենք, մեր սեբաստացիական երկիրը գործենք, տնտեսությունը շենացնենք: Ապրող մարդն իր երկրում, իր ստեղծականության մոլորակում 2015-ի ապրիլին, Հայոց ցեղասպանության 100-ամյակի այս շրջանում ուրիշ ի՞նչ անելիք ունի…Խոսեցի, պատմեցի, ներկայացրի բացօթյա, հետո էլ 100-ի չափ տարատարիք սեբաստացի մաթեմատիկոսների ուղեկցեցի Վարժարանի 3-րդ հարկ՝ «Կենգուրու» օլիմպիադայի խնդիրները լուծելու…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ի՞նչ կլիներ, եթե․․․ Ո՜չ, ինչ եղա՛վ հետո, երբ․․․

Ի՛նչ եղավ երեկ երեկոյան կրթահամալիրի խորհրդի նիստում․․․ Աշոտ և Տաթև Բլեյանների ներկայությամբ Բլեյան դպրոցի տնօրեն  ընտրվեց Սուսան Մարկոսյանը․․․ Մի տեսակ ինքնըստինքյան ստացվեց, բայց ինչպես կասեր իտալացի մանկագիր, «Ստեղծագործական երևակայության քերականության» անմահ տետրակի հեղինակ Ջանի Ռոդարին, ամեն այսպիսի «չնչին

Նոր գինի նոր տիկերի մեջ. մեր մանկավարժության այս շրջանի համար չի՞ ասված…

Երբեք պետք չէ մոռանալ, չի կարելի, լսո՞ւմ եք, մի՛ արեք… Դաս-դասարանային քանի՜ դար աշխարհով մեկ տիրապետող հանրակրթական համակարգն այնքա՜ն հեշտ է իրագործման մեջ, հեշտ է կազմակերպմամբ, էժան-անգլխացավ… Հայտնի դպրոցներն էլ՝ 

Գիր-պատրաստություն, գիր-հիշեցում, գիր-վերանայում…

Կառավարության հետ մտնենք 2019-ի, 2020-2022 միջնաժամկետ ծրագրերի կազմման հրապարակայնացման շրջան։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հրաժարվե՞լ է միջնաժամկետ եռամյա շրջանի ծրագրից, որի կառուցվածքն ու բովանդակությունը սահմանվում է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով