Սեբաստացիական ողջույնը ծանոթ-անծանոթին՝ ափը ափին, երկու ափով միաժամանակ, գրկախառնություն սրանից. այսպես է ծնվել բարևի ծիսականացումը, դիմացինին քո վստահության հաստատումը․․․ Իսկ օրվա պատումի վերնագիրը Հայաստանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի գծման սրահի կլոր սեղանին իտալացի մեր հյուր-գործընկեր Ռոբերտո Ռավալիի ելույթից վերցրի։

Ռոբերտոն՝ Իտալիայում-Եվրոպայում-աշխարհում նախագծող-կառուցող ճարտարապետի քառասուն տարվա խիտ փորձով, քանդակագործ-գրող-արվեստագետ հայտնի Մասիմո Լիպիի ու Վիգեն Ավետիսի լավ ընկերը, այս օրերին կրթահամալիրային զարգացումների կենտրոնում է։ Փորձառու-եռանդուն-կենսախինդ իտալացին, առաջին անգամ է ոչ միայն կրթահամալիրում, Բանգլադեշում, այլև Հայաստանում․․․ Եվ խիտ-հետևողական-ընդունակ կլանում է մեր իրականությունը՝ ոգևորված կրթահամալիրի Բանգլադեշի մեր խիզախումներով, արդիական փորձարարությամբ, մեր առաջադեմ մանկավարժությամբ, մեր կյանքով-մասնակցությամբ, մեր նախագծային միջավայրով, դրա զարգացումներով․․․ Ռավալիի հետ քայլքը կրթահամալիրի Բանգլադեշով, Երևանով, ոչ միայն հեշտ է. ինչ-ինչ, նա քայլել-նկատել-պատմել կարողանում է․ դրա վարպետն է… Ռավալիի հետ լինելը ուսանելի է… Եվ Վիգեն Ավետիսի հետ մասնագիտական-նախագծային եռյակ կազմած՝ քայլ-քայլ անցնում ենք հայ-իտալական կրթական մշակութային համագործակցության առաջիկա հարթակի՝ քանդակագործության-ճարտարապետության, բնակելի արվարձանի թարմացման հունիս-հուլիսյան ստեղծագործական հավաքի պատրաստությամբ։ Հավաք՝ Երևանի ու Արատեսի բաղադրիչներով։

Երեկ առավոտյան մենք կրթահամալիրի Բանգլադեշի հյուսիս-արևմուտք անցումով, յուրաքանչյուր բնակելի բարձրահարկի շուրջ դադարներով, շենքի արտաքին տեսքի ու բակային միջավայրի ձևափոխման առաջարկներով, հասանք մինչև ընդարձակվող Ուսումնական ագարակ ու խաղողի նոր այգի․․․ Իսկ կեսօրից Երևանում էինք, ճարտարապետության համալսարանի մեր գործընկերների հետ, ոգևորող հանդիպում քննարկում-պայմանավորվածությունների շարանում․․․

«Իմ մշակույթը հենց դա է՝ մարդկանց ներգրավելը իրենց միջավայրի փոփոխությունների մեջ․․․ Հակառակ դեպքում կդառնան դրանք իշխանության պարտականություն ու թելադրանք․․․ Շենքը, տունը, բնակավայրը պիտի լինի այնպիսին, որ մարդ ուզենա սիրով վերադառնալ․․․ Մասնակցային ճարտարապետությամբ-շինարարությամբ-բարեկարգմամբ փոփոխությունների գործը դառնում է ձերը, միավորող, հետաքրքիր․․․ Ահա ինչու՝  ես միացա ձեր գործին, սկսեցի կապվել ձեզ, հասկանալ կրթահամալիրի Բանգլադեշը, կարևորել  նրա նշանակությունը»։ Սա իմ գրառումն է ժամից ավելի տևած հավաքից, որտեղ ես ու Վիգեն Ավետիսը իտալացի ու հայաստանցի ճարտարապետներին ներկայացնում էինք հայ-իտալական համագործակցության 2019-ի հունիս-հուլիսյան հարթակը՝ Երևանի Բանգլադեշում ու Եղեգիսի Արատեսում․․․ Շնորհակալ եմ ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանին շահագրգիռ մոտեցման համար։ Գլխավորը՝ մենք արդեն գործընկերներ ենք, ընկերներ․․․

Մեր այս գործը ընկերության ծնունդ է, ինչպես տեղին նկատեց Ռավալին․․․ Տարիներ առաջ Ֆլորենցիայում հանդիպել են Ռավալին,  Մասիմո Լիպին, դարձել ընկերներ անբաժան, ինչպես 2018-ին Բանգլադեշում՝ ես ու Վիգեն Ավետիսը։ Տեսե՛ք, ոչ միայն անբաժան ենք կյանքում-գործում, այլև իտալացիները մեր ընկերներն են, մեր միջավայրի, դրանով մեր կյանքի փոփոխությունների մասակիցներ․․․

Այս գործը նոր ընկերների ներգրավման, շարունակական հավաքի ճանապարհ է․․․

Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի օբյեկտիվից: 

Ֆոտոխմբագիր՝  Արմինե Թոփչյան
#1614

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ձևը խաղ է անցավոր․․․

Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր, Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՞նչ կա որ․․․ Ահա այսպես, տիեզերքի մեծ հոգու հետ, արդեն սովորույթի ուժով, ժամը ութին, երրորդ

Մենք ենք տերը մեր երկրի…

Այսօրվա համար էի գրել կարծես երեկվա իմ գիրը. մինչև լույսը չբացվեց, չիմացանք մեր գլխին գիշերհանա եկածը։ Իմ հունիսյան մանկավարժական պատումի անիվն այսօր պտտվեց. ո՛չ կլսվի, ո՛չ էլ դրա պատմողը կա։

Ներառականության ներդաշնակությունը…

Այս ավետիսը՝ սպասված «Ծափահարենք» հաղորդագրությունը mskh.am-ի եթերում չուշացավ, ճիշտ 29-ին հունվարի՝ ժամը 23։59՝ «Այսպիսով, Հանրակրթական Դիջիթեք 9-րդ ստուգատեսը՝ 1509 հայտով, բնագիտատեխնիկական 4-րդ ստուգատեսը՝ 562 հայտով, մարզական հունվարյան ստուգատեսը՝ 180 հայտով,