Հագեցած մինչև վերջ, լեցուն օր էր. Գեղարվեստի ավագ դպրոցի Սուրեն Պողոսյանի տոնական համերգից տուն հասա երեկոյան ժամը 9-ին։ Կեցցեք, Սուրեն և ընկերներ՝ Էլիզա, Հայկ, Դավիթ, Լուսինե, Աստղիկ… Կայ, Լուիզա Քեշիշյան, Անի Սարգսյան… սովորողների և ուսուցիչների մեծ խումբ, որ ապրում էին այս օրով՝ համերգային տրամադրությունը նախապատրաստելով և փոխանցելով որպես Տոն ողջ երեկոյի ընթացքում… Համերգը դեռ կտեսնենք «Սեբաստացի» TV-ի եթերում։ Այն կգնա-կհասնի՞ Շուշան Բլեյանին, ով սկիզբ դրեց անցյալ տարի «Դեպի բեմ» ուսումնական նախագծին։ Ահա Սուրենը, չնայած ուսանող կամ շրջանավարտ չէ, բայց շարունակում է այս նախագիծը՝ ինքնուրույն բեմական գործունեության հայտ ներկայացնում կրթահամալիրի մեդիակենտրոնի դահլիճում… Համաձայնեք, որ այսպիսի համերգ-նախագիծը, այսպիսի տոնը սեբաստացիական ֆենոմեն է, մանկավարժական-մարդկային վայելքի այնպիսի չափ, որ տեսեք ուղիղ ու բարերար ազդեց իմ սրված օստեոխոնդրոզի վրա… Տեղդ հանգիստ սսկվի, այ ճիվաղ, ճիճու… (շարունակեք), թե չէ Արման Գրիգորյանի և ընկերների՝ Հարություն Ալեքսանյանի և Լևոն Լևոնյանի նախապատրաստվող ցուցադրությամբ այնպիսի մի դմբուզ կստանաս, որ գոնե մի նորմալ մարդկային հայերեն անուն կունենաս, թե չէ օստեոխոնդրո՜զ… Մարդու լեզու չի պտտվում անգամ։
Կադրեր համերգից։
Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի
Խոստացել էի ու պատմեմ մեր նորաստեղծ կասկադ-ուսումնական այգու մասին, պտղատու այգու։ Երեկ համերգից առաջ Արմինե Թոփչյանի հետ, առայժմ հետիոտն, անցանք Մեդիակենտրոն-կասկադ այգի-Մայր դպրոց-Մեդիակենտրոն ճանապարհով։ Չեմ ուզում շեղվել ու դեպքերից առաջ ընկնել, ամեն ինչի մասին՝ իր տեղին ու ժամանակին, բայց երկար ներթաղամասային ճանապարհին անգամ մի տասնյակ հեծանվորդներ (անվավոր բանգլադեշցիներ) չկարողացանք հաշվել… Հազարավոր երեխաներ, երկու տասնյակ հազար և ավելի հաշվվող բնակչությամբ բնակելի զանգված, մեկ տասնյակից ավելի նախադպրոցական ու դպրոցական հաստատություններով ու այսպիսի ան-անիվ վիճակ… Միայն մեքենաներն են իրենց տեր ու տնօրեն զգում… Այս վիճակի հետ մենք՝ սեբաստացիներս, Բանգլադեշի բնիկներս ու «Բանգլադեշ» բրենդը ստեղծածներս, չենք կարող հաշտ ապրել. վճռական ու ծրագրված գործողության մեկնարկը մի խումբ նախաձեռնողներով որոշել ենք հայտարարել օրերս… իմ օրագրով… Հետևեք, բաց չթողնեք 2015-ի բեկում նախագծի մասնակցությունը հենց մեկնարկից ապահովելու պահը… Իսկ նորաստեղծ պտղատու ուսումնական այգու տարածքը՝ ցանցապատ, մաքուր, փոսերը՝ փորված, սևահողը՝ բերված, տնկիները՝ Կարբիի տնկարանից մեկիկ-մեկիկ ջոկված-բերված… պատրաստ է կանգնելու գեղեցիկ ու կենտրոնական, բացառիկ դիրքով ու նշանակությամբ։ Արտեմ Խաչատրյանը՝ ուսումնական պտղատու այգու համակարգողը, Արհեստագործական ավագ դպրոցի-քոլեջի իր ընկերների հետ նոր մշակույթ է բերում բնակելի զանգված, կրթահամալիր… Այգին պտղատու գալիս է կանգնելու կրթահամալիրի գյուղացիական ուսումնական տնտեսության կողքին՝ պարտադրելով 2015-ի հունիսին նախատեսված սեբաստացիական ուսումնական ճամբարները կազմակերպել աշխատանքային-ստեղծական նախագծերի իրականացման տարատարիք ջոկերի-ջոկատների ձևով… Իմ 288-րդ գրով հաստատում եմ 2015-ի հունիսյան այսպիսի բաց, ուսումնական, տարատարիք սովորողներով ճամբարների նախագծման փուլի մեկնարկի մասին։ Մեռելոցից հետո՝ ապրիլի 7-ին, 8-ին մենք կայցելենք մեր նոր գործընկերներին՝ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամ, ճարտարապետա-շինարարական ֆակուլտետ. մենք պայմանավորվել ենք նախագծման աշխատանքներում ներգրավել ուսանող-դասախոս ճարտարապետներին, մասնագիտական-բարեխիղճ մոտենալ շրջակա միջավայրի բարելավման-բարեկարգման-էսթետացման՝ հունիսին կատարվելիք գործերին։ Երկու հազարի չափ սովորող-ուսուցիչ սեբաստացիներ, մեր ճամբարում ներգրավելով Արցախի, Վրաստանի, Երևանի, Հայաստանի մարզերի սովորողների և ուսուցիչների, ճամբարային գործունեությունը կդառնա իսկապես գրավիչ-ուսումնական-իրական…
Հիմնական դպրոցի 2-֊րդ դասարանցիները Զանգակ հրատարակչությունում` «Վինի Փու արջուկը» գրքի շնորհանդեսին։ Լուսանկարները՝ Թամարա Մարիմյանի
Մեդիակենտրոնում մեկնարկած զատկական ցուցադրությունն էլ ուրիշ նշանակություն ունի՝ այլ սկիզբ է ազդարարում։ Կրթահամալիրում, նրա կենտրոնում՝ առաջին հարկում ամբողջապես կտեղավորվի ուսումնական ցուցադրություն-տոնավաճառը, որն իր տաղավար-անկյունները կունենա մեր բոլոր դպրոցներում… Պատկերացնո՞ւմ եք, յուրաքանչյուր երևանցի, հայաստանցի ու ոչ հայաստանցի, ով անհատական-հեղինակային գործ է փնտրում՝ որպես նվեր իր հարազատին կամ պարզապես ուզում է իր աչքով տեսնել թե ձեռքի-մտքի համադրմամբ ինչպիսի ակնհայտ-ակնահաճո արժեքներ են ստեղծում սեբաստացիները՝ տանը թե դպրոցում, կհամենա մեր ուսումնական տոնավաճառ… Ասենք՝ շնորհավոր… Ինչպես երեկ Մարմարյա սրահում միշտ նույն ժամին՝ 15.15, նույն օրը՝ ուրբաթ, նույն տեղում՝ Մարմարյա սրահում, այս անգամ՝ Դպրոց-պարտեզի կազմակերպմամբ, ասացինք շնորհավոր զատկական արձակուրդային (ապրիլի 4, 5, 6) օրերին… Ի՜նչ ծիսական-ճաշակով-միավորող-հասանելի էին կազմակերպել համերգը Տաթևը Բլեյան, Սոֆյան Գրիգորյան ու ընկերները բոլոր՝ Բ-4-ի Դպրոց-պարտեզը մեծով ու պստիկով։ Կեցցեք։
Կադրեր զատկական Մեդիաուրբաթից։
Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի
Ապրիլի 4-ը, այսօրը, իհարկե, նշանավոր է։ Իմ մշտական հիացմունքի առարկա երկու մարդու պատվելու լավ առիթներ է տալիս։ Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է՝ հայոց ամենամանկավարժի՝ սա հաստատ։ Կեցցեն սեբաստացիները, որ միշտ բարձր-արժանի են պահել Ղազարոս պապիկի թե՛ մանկական խաղիկները սքանչելի, թե՛ իր մանկավարժությունը՝ կենդանի ու զարգացնող, բնական… Այսօր իմ Նեկտար քույրիկի ծննդյան 85-ամյակի օրն է որոշված։ Այո, ես բարձր ու սիրով հայտարարում եմ՝ նշանավոր-հայտնի, սիրված, Բլեյան-Բազեյան գերդաստանների անդուլ մշակի, քրոջ-հարսի, հորաքրոջ-մորաքրոջ 85-ամյակի տոնակատարության մեկնարկի մասին։ Ահա այսպիսի՝ Նեկտար անունով, բոլորի-յուրաքանչյուրի համար ապրող, անհանգիստ-աղոթող, հասնող կին… Քույր իմ, շնորհակալ եմ։ Ես այլ կլինեի, կորցրած կլինեի առանց քեզ, և այսպես՝ մեզանից յուրաքանչյուրը։ Դու մեզնից յուրաքանչյուրին դարձրել ես մի քիչ ուրիշ, անպայման լավը… Սկսեք տոնական ձեր փոխանցումները, ծնծղա-համերգները, շնորհավորանքները իմ քրոջը…
Բ-4 Դպրոց-պարտեզի այգու արևմտյան պատի նեղ բացվածքից մի քայլ ենք անում ու հայտնվում ենք մի ուրիշ աշխարհում:Այստեղ որևէ բան չի հիշեցնում, որ մենք քաղաքում ենք: Օդն էլ է այստեղ ուրիշ: Տարածքը մեծ է, հողը՝ բերրի: Գյուղացիական-ուսումնական տնտեսության հիմնադրմանը հաջող մեկնարկ եմ ցանկանում: Հավատում եմ, որ լավ է լինելու: