Շարունակեմ իմ մանկության ուժեղ հիշողությունները բլոգապատում բերելը…

Ինձ հաճախ դիմում են որպես ծնունդով սիսիանցու և զարմանում, երբ ես հերքում եմ։ Իմ նախնիք Բլե իշխան նախապապի առաջնորդությամբ 1828-29 թթ. ռուս-թուրքական, ռուս-պարսկական պատերազմների արդյունքում հարկադրված են եղել լքել Հին Բայազետը (Թուրքահայաստան) և վերաբնակվել Սևանի ավազանում՝ Գավառում: Իմ նախնիք Նոր Բայազետի՝ Լանջաղբյուրի հիմնադիրն են: Հայրս ծնվել է Գավառի Լանջաղբյուր, մայրս՝ Կարմիր գյուղում… Բայց Սիսիանի Բազարչայ (այժմ՝ Ծղուկ) գյուղում այսօր էլ ապրում են տասնյակ ու տասնյակ Բլեյաններ՝ Բլեյան Եգորի ժառանգները: Բիձա Եգորը՝ իմ Արամ պապի ավագ եղբայրը, լեգենդար անձնավորություն, ում մարդկային բացառիկ որակների, ուժի մասին պատումներն ուղեկցել են ինձ իմ հասունացման ողջ ընթացքում, հարկադրված է եղել Լանջաղբյուրից տեղափոխվել Սիսիանի կորած-մոլորած Բազարչայ գյուղը (Որոտան-Բազարչայ գետի հովիտ). մի տեսակ ինքնաքսոր։ Այս ամենի մասին ես պատմել եմ իմ օրագրում…

Ամեն անգամ, երբ անցնում եմ Սիսիանի լեռնանցքը, մոտենում Սպանդարյան ջրամբարին, դառնում եմ ուրիշ, հուզված, աչքերով փնտրում հին Ծղուկի՝ Բազարչայի գյուղատեղին… Հետո, երբ կառուցվեց Սպանդարյանի ջրամբարային համալիրը, շրջակայքի գյուղերը, այդ թվում՝ Բազարչայը, տարհանում տեղափոխում են ավելի բարձր՝ ներկայիս մայրուղուց երևացող բարձրավանդակներ… Հին Բազարչայում ես իմ հոր և ավագ եղբոր հետ եղել եմ երևի 1961-62 թթ-ին՝ 6-7 տարեկանում, ու այդ հիշողությունը՝ գյուղի, գյուղի մարդկանց, գյուղով անցնող Բազարչայ գետի, գյուղի քարերի գույնի՝ անանց է… Բայց ամենաշատը հիշում եմ բիձա Եգորի ավագ որդուն՝ բիձա Գեորգիին… Ես, գետով հիացած-կտրված աշխարհքից-մարդկանցից, խաղում էի գետի ջրերի հետ, երբ հեռվից լսեցի.
– Ո՞ւր ա մեր Շամխալի պուճուրը…

Բամբ մի ձայն, և մի հաղթանդամ, ոչ սովորական մարդ, իսկական ամեհի արջ, ծանր քայլերով և ուրախություն ճառագելով՝ հանդարտ-հաստատուն մոտեցավ ինձ… Փախչելն անհնար էր՝ ետևում գետն էր, ու այդ անսովոր մարդն ինձ անշարժացրեց… Այդ մարդը շուրջբոլորը բազմած ապառաժի գույնի էր, ուներ երկար, ուժեղ ձեռքեր ու բարձրահասակ էր… Նա հզոր ափերի մեջ առավ ինձ, բարձրացրեց-կտրեց գետնից վեր, ավելի վեր, ու բարի-բարի այդ մարդը ժպտում էր ինձ…
– Աշոտիկը դո՞ւ ես,- լսեցի բամբ ձայնը… Ժպիտը, ձեռքերի ուժը, ճառագող բարությունը, անսահման վստահությունը՝ ոչինչ ես չեմ մոռացել… ահա 50 և ավելի տարի: Այդ մարդը բիձա Գեորգին էր՝ Բլեյան Գեորգին, իմ հոր հորեղբոր տղան, մեր Դպրոց-պարտեզի Աշխեն Թադևոսյանի Սարգիս պապի եղբայրը… Հետո ես իմացա՝  առասպել թե իրականություն, բիձա Եգորը և Գեորգին հանդիպել, ուժը չափել են արջերի հետ ու ոչ միայն ողջ են մնացել, այլև անվնաս։

Նոր Ծղուկը հիմա սովորական մի ավան է, Բազարչայը ջրամբարի տակ մնաց։ Ես բիձա Գեորգիին երբեք մեռելների մեջ չեմ փնտրել, նա կա ողջերի մեջ: Հենց մոտենում եմ ջրամբարին, հենց փողոցի վրայից երևում է Ծղուկ գյուղի ցուցանակը, իմ պատմած հիշողությունները կենդանանում են. ես լսում եմ այդ բամբ ձայնն ու տեսնում արջի պես հզոր ու բարի-վստահելի այդ մարդուն… Իմ ավագ եղբայրն այս պատմության վերջում մի նախադասություն կավելացներ.
– Բա որ դու բիձա Եգորին՝ բիձա Գեորգիի և Աշխենի Սարգիս պապի հորը տեսած լինեիր…

Կրթահամալիրի Դպրոց պարտեզի 5 տարեկանների ուսուցիչ Աշխեն Թադևոսյանը կարող էր և Բլեյան լինել, ես կարող էի նաև Թադևոսյան ազգանունը կրել… Թադևոսն իմ Արամ պապի հայրն է եղել. իմ հորեղբայր Զալիբեկն ու իր ժառանգները, այդ թվում՝ սեբաստացիներ Մարկ և Ռոբերտ Սիմոնյանների մայրիկ, Լիլիթ Բլեյանի դասընկեր, իմ սքանչելի կրտսեր քույրիկ Արաքսիկը, նույնպես Թադևոսյան են…

Տաթևը վստահեց Դպրոց պարտեզի 5 տարեկաններին Աշխենին. ես այնքան ուզում եմ, որ Աշխենը, իր նշանավոր պապերի ուժն ու բարությունը ժառանգած, հաջողի 5 տարեկանների մանկավարժության մեջ… Տեսնեմ՝ Աշխենն այս պատմությունն իմացող Սոնուլիկին ոնց է դիմանալու…

Հինգ տարեկանների՝ սպոնտան գործունեությամբ ուսուցման-զարգացման ծրագիրը 2014-15 ուստարվա բոլոր ծրագրերի մեջ իր ծավալով, վճռականությամբ, հեռահարությամբ ես առանձնացնում եմ. հետևում եմ ուշադիր 122 հինգ տարեկաններից յուրաքանչյուրի, հինգ  դասարաններից և ուսուցիչներից յուրաքանչյուրի գործունեությանը: Մենք մեր ծրագրերը կառուցում ենք այսպիսի հաջողությունների վրա:

Իրիկունն Արցախի կրթության փոխնախարար, մեր լավ բարեկամ Միքայել Համբարձումյանի խնդրանքով դիմավորեցի նախարարության աշխատողներին՝  լեզվի տեսչության պետ Արտակ Գուլյանին, լիցենզավորման և իրավաբանական բաժնի վարիչ Արթուր Ապրեսյանին:
Շնորհակալ եմ Զառա Առաքելյանին՝ կրթահամալիրի մեդիա-ներկայացման համար… Արցախի մեր գործընկերները կկարողանան շարունակել ծանոթությունը կրթահամալիրին. կրթական փոխանակումների մեր կենտրոնի կացարանը Արցախին փեշքեշ…

Ժամը 20.00-ին մոտ, երբ տուն մտա, Արմինեին ու Դավթին բռնեցի համակարգչի առաջ՝ քինդեր-ձվիկի մասին ապուշությունները դիտելիս… Մինչ Արմինեն, ջան-ջիգյարով ընդառաջ գալով-դիմավորելով, հոդաբաշխ խոսք էր փնտրում… Դավիթը կանգնեցրեց տեսանյութը՝ ղժղժալով.
– Հայրիկ, քինդերձվիկի ձայնը կանգնացրել եմ, որ դու չլսես հանկարծ ու չջղայնանաս… Որ Սասունցի Դավթի մուլտը նայեմ, չես ջղայնանա՞…

Դավթին էլ, ընթերցող, քեզ էլ պատժում եմ՝ կտրուկ անցնելով քաղաքական-հասարակական պատումին:

Նկարիչ Լևոն Աբրահամյանին միանում է մուլտիպլիկատոր Արամն ու …. անիմացիոն լաբորատորիան ճանաչելի է դառնում կրթահամալիրում։ 

Քաղաքական պատումի վերջին գրերից թող որևէ ընթերցողի մոտ տպավորություն չմնա, թե սրանով զատվում եմ ՀՀՇ-ից, նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանից՝ Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահից: Երբեք: 1989-ի նոյեմբերից 1992 թ-ի նոյեմբեր ես եղել և գործել եմ որպես ՀՀՇ վարչության անդամ՝ Նոր ուղու հայտնի-հրապարակային տեսակետով: Իրեղեն վկան «Շաղիկ» հրատարակչության 1992 թ. դեկտեմբերին տպագրած«Ապագա ունենալու համար նախ ապրել է պետք» ժողովածուն է, որտեղ իմ 1989-92 թթ. քաղաքական հրապարակախոսությունն է. համեցեք, իմ մյուս գրավոր քաղաքական ժառանգության հետ տեղադրված է իմ բլոգում, իսկ առանձին հրապարակումներ ես ակտիվացրել-բերել եմ-բերելու եմ օրագրի ընթերցարան… Ավելին, օգտվելով օրագրի ձևաչափից, հայոց համազգային վարչության, ՀՀ նախագահի գործունեության մի շարք էական կողմեր ես ներկայացնելու եմ իմ գրերում: Գեներալ Դը Գոլին հաճույքով եմ կրկնում. «Վերցրեք ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ, կամ ինձ հանգիստ թողեք»: Ես եղել և մնում եմ ամբողջականության ջատագովն ու հատվածականության մերժողը, ինչպես քաղաքական-պետական գործունեության մեջ, այնպես և այն ներկայացնելիս…

Լևոն Տեր-Պետրոսյանը Ղարաբաղյան շարժման իշխանության գալու հենց առաջին օրերից հետևողական եղավ, որ ժամանակի սփյուռքի՝ Շարժմանը, «Ղարաբաղ» կոմիտեին հայտնի, շփում ունեցած գործիչներ զբաղեցնեն ամենատարբեր պետական պաշտոններ՝ պետնախարար, նախարար, փոխնախարար, նախարարության վարչության պետ, նախագահի, վարչապետի նախարարի խորհրդական-օգնական, փորձագետ… Ամենահայտնին այսօր այդ երկու տասնյակ մարդկանցից՝ Վարդան Օսկանյանը, Ժիրայր Լիպարիտյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը…  Սրանով, նաև, ինչպես նաև «Մեր հայրենիք» երգի, եռագույնի, գերբի ընդունմամբ՝ որպես Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներ, հայոց երկու եկեղեցիների միավորման ջանքերով, մաշտոցյան ուղղագրության անցնելու նախագծով ազգային միասնության տեսլականն էր կառուցվում… Սրանցից յուրաքանչյուրի մասին իմ օրագրում ես կպատմեմ։ Իմ համեստ ազդեցությամբ ես դեմ եմ եղել սփյուռքահայերի՝ քաղաքական պաշտոնների, մասնավորապես 1991-ին Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործոց նախարար նշանակվելուն: Խորհրդական-օգնական-փորձագետ կարգավիճակով, խնդրեմ, թող ապրեն մեր իրականության մեջ, «մեր եփած շիլան թող ուտեն», ինչպես բոլոր հայաստանցիները, հետո…

Թեթևացնեմ իմ պատումը։ Նոր ավարտվել էին ՀՀ նախագահի 1991 թ. հոկտեմբերի 16-ի ընտրությունները. մեր թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը տպավորիչ առավելության էր հասել՝ ընտրողների 83 տոկոսը, փաստ է, իր ազատ կամքով իր ձայնը տվել էր մեր թեկնածուին:
Հայոց համազգային վարչության շենքում հավաքված ենք Տեր-Պետրոսյանի շտաբով, վստահված անձանցով, ես՝ նրանցից մեկը… Վայելում ենք հաղթանակը: Տեր-Պետրոսյանը նստած ծխում-լսում է մեր ձոները հայաստանյան ժողովրդին, ընտրողին, նրա բարձր գիտակցությանը… (Ցավոք, Տեր-Պետրոսյանը, ինչպես երևում է տեսանյութերից, շարունակում է շա՜տ, անթույլատրելի շատ ծխել, իսկ ԶԼՄ-ները շարունակում են ներկայացնել նրան միայն ծխախոտի գլանակով… Ափսո՜ս…)։
Տեր-Պետրոսյանը լսեց, լսեց, հետո էլ թե.
– Լավ, լավ, շատ մի՛ գովեք մեր ժողովրդին. կարգին ժողովուրդն «ախպարին» նախագահ չէր ընտրի:
Սա այն դեպքում, որ Տեր-Պետրոսյանի ընտանիքը 1946-ին էր Հալեպից գաղթել Հայաստան, երբ Լևոնն ընդամենը 1 տարեկան էր:

Իսկ Դավիթ Բլեյանն իր ցոփ ու շվայտ կյանքով է ապրում.
– Մայրիկ, քո ծիծիկները պեսոկոտ են…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մտքի համար ի՞նչ սահման… հենց մտքով են տեսնում…

Տեսեք՝ տանիքից, որպես բարձունք, ինչ լուրջ մտքեր են հորդում… Սրանից լավ գիր-պատո՞ւմ, ինչպես «Հյուսիսափայլ»-ի հետ կրթահամալիրի տնօրենի հանդիպման ամփոփագիրը։ Ինձ որ հետաքրքիր է, կարող է և ձեզ փոխանցվել… — Տիա՛ր Բլեյան,

Հայրիկ, ինչո՞ւ են օրերը գալիս-գնում

Դիմում է առավոտ կիրակիով ինքնուրույն ու շուտ արթնացած Դավիթ Բլեյանը, ով առանձնացել է իր մեքենաներով, կտրվել ամենքիցս ու ամենից՝ իր մեքենաները նորոգելու կարևորությամբ. — Ես վարպետ եմ, ինձ մի՛ խանգարեք, ձեր

Էրզրումից Շուլավերով Բանգլադե՞շ…

Արթնացել եմ գիշերը 2-3-ի արանքում՝ Դավթի «ջուր եմ ուզում»-ի՞ց, թե՞ քունս առել եմ… Մինչև ջուրը բերեցի, Դավիթը քնեց… Շան տղա… Արթուն լիներ, կասեր. – Ես հայրիկի շան տղեն եմ… Սա ավագ