Գրառում 1
Ո՞նց է կոչվում եկեղեցու այն հատվածը, որը տարբեր եկեղեցիներում տարբեր տեղավորում-լուծումներ ունի՝ երգչախմբերի, երգեհոնի, պատարագների երաժշտական սպասարկման համար․․․ Երևանի Հարավարևմտյան զանգված Սուրբ Երրորդություն եկեղեցում երգչախմբի համար նախատեսված հատվածը տեղավորված է խորանից աջ, հյուսիս-արևելքում․․․ Այսպիսի ավելի ընդարձակ տարածք կա և խորանի դիմաց՝ արևմտյան կողմի բարձունքում․․․
Ուսումնական պատարագ-ժամերգությունը մեզանում, որ ամեն ուրբաթ որպես կանոն, օրացույցով որոշված, կայանում է ժամը 9։00, ուսումնական նախագիծ է շուրջտարյա, պարբերական, զարգացումներով․․․ Ամեն անգամ կրթահամալիրի ուսումնական հաստատությունների տարատարիք երգեցիկ խմբեր սովորույթի ուժով հավաքվում, օրը սկսում են շարական երգելով, խմբով հոգևոր տեքստեր կարդալով, աղոթքով, տիարի խոսքով․․․ Այնքա՜ն անաղմուկ, միավորող, առանց լարումի, հոգևոր ակտեր են սրանք դարձել։ Եվ ամեն անգամ բացի միասնական երգեցողությունից, միանում են ուսուցիչների, վոկալ խմբերի կատարումներ, մենակատարումներ։ Սյուզի Մարգարյանը, Սեդա Թևանյանը, Մարինե Ոսկանյանը, Աննա Երիցյանը, Մարինե Մկրտչյանի վոկալ խումբը ուսուցչական… Լիլիթ Առաքելյանի նվագակցությամբ սկսեցին երգել շարականներ ահա այս բարձունքից։ Հետաքրքիր է՝ սրա այս խիզախման-հաղթահարման պատմությունը․․․ Սա կար։ Երեկ, «Ձոն» ստուգատեսի մարտի առաջին ուրբաթը այլ տեսք ունեցավ. Մարինե Մկրտչյանն այս բարձունքը հաղթահարեց քոլեջի ուսանողների երգեցիկ խմբի հետ, շարականների կատարումով․․․ Անմոռաց-հուզիչ պահ ոչ միայն իրենց, այլև ունկնդրելու-հիանալու եկած հարազատների, ինչպես 2-րդ կուրսեցի Հասմիկ Քերոբյանի ընտանիքը, որ եկել էր ամբողջ կազմով, ընկերների, բոլորիս համար։ Ուզում եմ բաց չթողնեք սա, ինչը, շուտափույթ ապաքինում Հասմիկ Մաթևոսյանին՝ մեր ծեսերի լաբորատորիայի, «Ուսումնական պատարագ» նախագծի ղեկավարին, շոշափելի ձեռքբերում է․․․ Հետո, վերջում, խոնարհումով հայտնվեց բարձունքում Շուշան Բլեյան սեբաստացին, որ հուրախություն մեզ կարողացավ վերջապես գալ Վիեննայից, հաղթահարել այս արտակարգ՝ համավարակային-պատերազմական 2020-ի անջատումը․․․ Շուշանը երգեց իր ուսուցչուհի-դաշնակահար-անբաժանելի Լիլիթ Առաքելյանի նվագակցությամբ։ Այս ամենը՝ մեր երաժշտության ուսումնական կենտրոնի ղեկավար Սվետա Ճաղարյանի գորովանքով, մայրիկությամբ, խելացի ուղղորդումներով․․․ Կեցցեք բոլորդ, կեցցենք բոլորով․ պատահական չէ, որ որտեղից որտեղ հայտնվեց այս տողը որպես իմ գրառման վերնագիր։ Սեր է…
Գրառում 2
Ես արդեն իմ քարոզում նշել էի օրվա՝ երեկվա մեդիաուրբաթ համերգի կարևորությունը՝ ինչպես միշտ, շարունակ, 15։15, մարմարյա սրահում պարատան, որ Աննա Երիցյան երաժիշտ-ազգագրագետ-պարուսույցի ստեղծած-սնուցած հեղինակային մանկավարժությամբ ձեռքբերումների ներկայացում էր, իրենից անբաժան ուսանող-երաժիշտ նվագակցողների հետ, ամբողջ սրահի հետ, որ միավորվել էր դրես-կոդով ազգագրական։ Ամոթ ինձ, որ ներկա չէի․ ո՛չ արդարացում, ո՛չ ներում․․․ Ես, իհարկե, դիտել եմ տեսագրություններ մարմարյա սրահի երեկվա ուրախության, խոսել մասնակից-երաժշտագետների հետ․․․ Աննայի, «Ակների», կրթահամալիրի ավագ դպրոց-վարժարանի համար բոլորով ուրախ ենք ու գրանցում ենք, սեբաստացի համույթի գոյության վկայագիր հանձնում «Ակներին»։ Ամիսը տեխնոլոգիական-ստուգատեսային այսպիսի ձոների համար է․․․ Մնացածը՝ Սյուզի Մարգարյան տոնաստեղծի հետ։
Գրառում 3
Որքան էլ սպասված-կայացած, բայց մեկ է՝ հրապարակված իրավական ակտ է, փաստ որպես, կրթահամալիրի կառավարման խորհրդի 2020-ի փետրվարի 23-ի արձանագրային որոշման հիմքով, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի 2021թ․ մարտի 5-ի հրամանով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն է նշանակվել Սուսան Մարկոսյանը մեր։ Հորում լինեմ քառսուն գազ խոր, թե ջաղացի քարի տակին․․․ Սուսանի հետ ենք բոլորս, բոլորով նաև առաջ բերեցինք ու հանձնեցինք այս խաչը․․․ Մենակ տարվող չէ, հատկապես որ համապարփակ ինքնավարությունը, ինքնուրույնությունը, նախաձեռնողականությունն են կրթահամալիրի զարգացման ուղղությունն ու թափը, մեր մանկավարժության նորացումը որոշողը․․․ Ասենք՝ շնորհավոր։