Մարգարիտ Սարգսյանի տղան՝ Նարեկը, Դիանա Գևորգյանի սանն է, 5 տարեկանների խմբում Սարգսի, Արեգի, Լևոնի… Էլիզա Բաղդիյանի անբաժան ընկերը… երբ Գեղարվեստում ինձ հանդիպում է, որքան էլ ինքն ու ես միշտ բազմազբաղ լինենք, չի մոռանում երես առ երես հարցնել. «Բլեյան, ձիերն արդեն բերել ե՞ս», կամ «Բլեյան, ձիերը ե՞րբ ես բերելու»…
Վերջին անգամ արդարացա, թե.
— Աˊյ Նարեկ ջան, տեսնում ես, էլի, իշությունս ժամանակ չի թողնում՝ ձիերով զբաղվելու…
Իսկ նա, որ հասուն է այնքան, որ խոսքն ընկալում է բոլոր նրբերանգներով, կոնտեքստի մեջ, վրա բերեց.
— Իսկ դու միայն ձիերոˊվ զբաղվի, Բլեյան…

Կրթահամալիրի գյուղացիական տնտեսությունում կարողացանք անվտանգ դարձնել բադերի տարածքը… Իմ եղբայր Թաթոս Բլեյանի թոռը՝ Էդվարդ Բլեյանը, հաճախում է Դպրոց-պարտեզի 2-4 տարեկանների խումբ. որպես աչքալուսանք-գոհունակություն՝ Թաթոսը կրթահամալիրին նվիրեց յոթ խոշոր-առողջ իսկական բադ: Այսպիսին են նրանք: Տնտեսությունում հիմա իրենց լավ են զգում բազմաձև, բազմագույն, մեկը մյուսից խասյաթով բազում դդումների, Նազենի Տեր-Պետրոսյանի նվիրած շան նման… Տնտեսությունն ունի կենդանաբան-մասնագետ՝ մեր վարպետ Քաջիկը, ով սիրով, Նարեկ ջան, համաձայնեց ոչ միայն արագացնել ձիանոցի կառուցումը, այլև ստանձնել դրանց խնամքը… Ամբողջ հոկտեմբեր ամսվա իմ ջանքերի կենտրոնում լինելու է հանրակրթական ձիարշավարանի կառուցումը… Մեր ողջ թափով կպչելու ենք… Հասեք, օգնեք. սա մի հոգու գործ չէ։ Տնտեսությունն ունի հատակագիծը, հատակագծով կառուցապատում-բարեկարգում ենք ողջ տարածքը: Միասին կենդանաբանական-բուսաբանական լաբորատորիայի վերածենք մեր տնտեսությունը մինչև 2015-ի «Կրթահամալիրի տոները»:

Գյուղացիական տնտեսությունն այսօր:
Լուսանկարները` Տաթև Բլեյանի։

Բնագիտական-տեխնիկական ստեղծագործության կենտրոնը 2015-2016 ուստարում կզգա իմ առանձնահատուկ վերաբերմունքը: Երեկ ես այս մասին խոսել եմ կրթահամալիրի Միջին դպրոցում մանկավարժական հավաքին… Աստղացուցարանի և աստղադիտարանի վերաբացումը Մայր դպրոցի տանիքին, ջերմոց-լաբորատորիայի կենդանացում-վերագործարկումը իրական ստեղծագործական բովանդակությամբ՝ ես հայտարարում եմ առաջնահերթ գործեր, ձիարշավարանի շարքում… Պատվիրել ենք եռաչափ տպիչ, որը կակտիվացնի «Ռոբոտիքս»-ի խմբերի գործունեությունը:

Ինձ ուրախացրեց ֆիզիկայի, բույսերի խնամքի՝ սովորողների ընտրությամբ խմբերի գործունեությունը Միջին դպրոցում… Իսկ ո՞ւր են մեր պատանի քիմիկոսները, մարդաբան-կենսաբանները… Հեղինակային կրթական ծրագրով Միջին դպրոցում բնագիտական-տեխնիկական ստեղծագործությունը, ինժեներական հանրակրթությունը տեխնոլոգիական կրթության  առանցքն է… Իսկ առանց ճկուն, կենսունակ, հուսալի առանցքի ո՞նց կլինի… Երեկվա հավաքն ինձ միայն դրական լիցքեր փոխանցեց. շնորհակալ եմ:

Նոր դպրոցի Տաթև Թամազյանի առաջին դասարանցիների լողի պարապմունքը:
Լուսանկարները՝ Նաիրա Նիկողոսյանի:

Երեկ մենք ուսուցչական մի խմբով մանկավարժական լաբորատորիայում բարձունքի նվաճման նոր առիթ, նոր օր գտանք՝ կրթահամալիրի տոնացույցում ամրագրելու արժանի… «Ուսուցչի տոնին՝ բարձունքից» նախագիծը հրավիրում է Խուստուփի գագաթը նվաճելու հոկտեմբերի 3-ին, 4-ին, իսկ հոկտեմբերի 5-ին ուսուցչի օրվան նվիրված համերգ-ցուցադրությունը կլինի մեր նախագծի տպավորիչ շարունակությունը… Չգիտեմ, «Բարձունքի նվաճում» սեպտեմբերյան նախագիծն արդյոք օգնե՞ց, որ նորանոր սեբաստացիներ, նորանոր սովորողներ թե ուսուցիչներ ձեռք բերեն-նվեր ստանան-ունենան արշավախմբային անհատական պարագաներ՝ քնապարկ, ուսապարկ, կոշիկներ… Ինչո՞ւ այդ մասին, ձեր փոքրիկ-մեծ ուրախությունների, ուսումնական-անձնական ձեռքբերումների մասին չեք գրում… Ա՛յ, ես երեկ հերթական նվերը ստացա, այս անգամ, «ՎիվաՍել ՄՏՍ»-ի կողմից՝ «Ալքաթել Վանթաչ» մոդելի հեռախոս… Իմ օրագրում չգրե՞մ, չթիթիզանա՞մ  այսպես… Դավիթ Բլեյանի աչքը լույս. որքա՜ն կուրախանա…

Ավագ դպրոց-վարժարանի մարզական առօրյան:

Այսպիսով, մենք՝ ընտանիքով, Դավիթ Բլեյանի հետ, այս օրերին Խուստուփը գրոհելու փոխարեն կմիանանք բարձունքի նվաճման որևէ նախագծի այս հագեցած շաբաթից հետո: Անպայման: Ձեզ հետ կլինի նաև Գևորգ Հակոբյանը՝ իր անբաժանելի սարվոր-ընկերներ ՀրաչիԱլբերտի հետ…

Եռամարտը կրթահամալիրի կրտսեր դպրոցում, սկսած 5-6 տարեկաններից, նրա ուսուցչից, հաջորդ շաբաթվա ուսումնասիրման իմ թիրախն է, ինչպես գնահատումը կրթահամալիրի Ավագ դպրոցի 11-12-րդ դասարաններում: Սովորողների պատահական ընտրված բլոգներում արձանագրված ուսումնական գործունեությամբ, լրացնելով այն mskh.am-ի այլ հետքերով, ուսուցիչների բլոգներով՝ ուսումնական պլանի բոլոր դասընթացներից գնահատման համապատասխանություն ենք արձանագրելու 2014-2015 ուսումնական տարվա պահանջներին: Մեջ եմ բերում ուսումնական պլանից բառացի. «Կիրառվում են գնահատման տարբեր ձևեր, որոնք բերվում են 10 միավորանոց համակարգի: Անհատական պլանով որոշված գործունեության բոլոր ձևերի գնահատման հիմքում դրվում են սովորողի  անհատապես և խմբով կատարած աշխատանքների թղթապանակը (այդ թվում` ուսումնական նախագծեր, ինքնաստուգումներ, կատարած հեռավար առաջադրանքներ, հետազոտական-ստեղծագործական աշխատանք, ուսումնական կայքի աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, հայրենագիտական արշավներ, ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, ցուցահանդեսներին, փառատոներին, համերգներին մասնակցություն), կիսամյակային հաշվետվությունները: Սովորողի աշխատանքների թղթապանակը, հաշվետվությունները տեղադրվում են սովորողի ուսումնական բլոգում: Կարող են գործել դասընթացի ծրագրով նախատեսված գնահատման այլ ձևեր: Խրախուսվում են սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման և ինքնաստուգման ձևերի կիրառումը և արդյունքների հրապարակայնացումը մեդիայի միջոցով»: Ուսումնասիրողներն իմ կողմից ընտրված են, մանկավարժական լաբորատորիայի գնահատման ծառայության ղեկավարն սկսել է ի մի բերել ուսումնասիրման գործիքները…

Լուսանկարչական արվեստանոց. Փիրուզա Խալափյանի վարպետության դասը «Վավերագրական լուսանկարչություն» թեմայով: Լուսանկարները` Մարինա Մկրտչյանի:

Իսկ լողուսուցման, մարմնամարզության, վազքի-հեծանվի ուսուցման՝ եռամարտի դրվածքի ուսումնասիրմամբ մեր կրտսեր դպրոցում զբաղվելու եմ անձամբ: Ո՛չ մի կիսատ-պռատություն, միջոցառումային դրսևորում չեմ հանդուրժելու: Եռամարտը, որպես «Իմացումի հրճվանք» հանրակրթական ծրագրի առանցք-ատաղձ՝ իր ուսուցչով-ծնողով… Ինչպես Տաթև Թամազյանն է, տեսել եմ, Աննա Ստեփանյանի հետ անում. թեթև վազքով, մարզական շորերով՝ Նոր դպրոցից Դպրոց-պարտեզ, լող՝ ծածկած լողավազանում՝ իր սաների հետ, հետո թեթև վազքով, այգով մանկական, վերգետնյա անցում-բարձունքի հաղթահարում…
Դադար. տեսե՞լ եք՝ ի՜նչ Մասիս է բացվում այս դիտարանից:

Հիմնական դպրոցի սովորողները Մեդիաուրբաթից րոպեներ առաջ:
Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի:

Ֆոտոխմբագիր` Մարթա Ասատրյան:
#453

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կրթությունն ու կյանքն անբաժանելի են

«Կրթություն» թերթ 02.08.2006 Հայաստանում մարդկային զարգացման ազգային զեկույցի փորձագետի կարգավիճակը օգնում է ինձ առավել ամբողջական և ուշադիր հայացքով քննել կրթության արդի վիճակը Հայաստանում հիմա, երբ հանրապետության պետական կրթակարգի ներդրումն ապահովող

Մաքսիմալ աշխատանք, մինիմալ արցունքներ

Սյունե Սևադայի «Ցավից քաղված դասեր» հրապարակումը, Աշոտ Տիգրանյանի տրամադրած «Ճամփորդներ» շաբաթաթերթի մեջ, աչքի անցկացրել-դրել էի մի կողմ․․․ Կիրակի առտու, թարմ-առույգ, մաս-մաս, կում-կում՝ ինչպես սառը կաթով փախլավա, մարսում եմ, ուխա՜յ։ Կարդացե՛ք վերնագիրն

Մինչև համերգը… համերգին… համերգից հետո…

Համերգը չի ավարտվում… Հատկապես, որ համերգից շատ հետո, իրիկունը ուշ, երբ Արմինեն ավարտել է սովորողների ծնողների հետ հանդիպումը Արևմուտքի դպրոցում (պատմեց ու  մի համերգ թվաց), երբ Դավիթ Բլեյանն իր մարզիչ