Շաբաթ, գիշերը 3:30, ես իմ օրն սկսեցի mskh.am-ում, «ԱրտԲզզան» ռադիոյի հետ, երևանյան փողոցներում թափառումով… Ձայնագրիչը որակյալ, թեթև հարմար գործիք է մարդկանց հետ այսպես անմիջական-մտերմիկ զրուցելու, կարդալու, կարդալ տալու… Այս անգամ՝ Չարենց։ Հաճույքով լսեցի 5 րոպե 13 վայրկյանը, երևանցիների հետ մեր քոլեջի աղջիկների հետ շփումը… Վարպետ եք, կեցցե՜ք, Անահիտ Մելքոնյան և ընկերներ…

Ձեզ ահա 2-րդ անգամ եմ լսում՝ իմ պատուհանից հայացքով դեպի անշարժ Խանջյան փողոցը… «Ես իմ անուշ»-ը ամենաբանաստեղծությունն է հայոց, Չարենցը, Թումանյանից առաջ թե հետո ամենաճանաչվածը-ընտրվածը հայոց մեջ… Սա հաստատվում է տարիների մեր ռադիո-հարցումներով, կենդանի ընթերցում-թափառումներով, որ քանի՜ տարվա պատմություն ունեցող ուսումնական նախագիծ է… Մեր ուսուցիչների համար ի՜նչ ուսումնասիրության-հոդվածի նյութ կա… Ո՞վ կանի, մայիսյան հավաքին «Դպիրում» ներկայացնի:  Ամենաբեմադրություններից մեկը իմ լսած-տեսած, Առնո Բաբաջանյանի հարթակին. ի՜նչ նման է սա Չարենցին… Ո՞վ է բեմադրիչը, երկար ժամանակ Մայիս Նիկողոսյանի ձեռամբ մեր վարժարանի հիմնը դարձած «Ինչքան աշխարհը սիրես»-ի…[youtube https://www.youtube.com/watch?v=HlPH1LU6c1A]

Ու Երևանն ինձ պատկերացավ Չարենցի օրվա ուսումնական նախագծով, քաղաքի այսպիսի անկյուններում տասնյակ ու տասնյակ խմբերի-ակումբների-դասարանների ընտրությամբ չարենցյան ընթերցումների՝ մի-մի բանաստեղծության կասկադ… Հիմա 3-րդ անգամ եմ լսում Միջին դպրոցի այս խմբի՝ Գոհարի ու Շամիրամի ղեկավարած թափառումի 27 վայրկյանը… Հուզեցիք: Նորից ասեմ՝ ուսումնական պարգև է մեր հեղինակած մանկավարժության ծնունդ, ինձ մարդ պահող այս հուզումը… Հուզումների լեզուն… ունի՛ Չարենցը…
Կարդանք միասին. իմ վարձքը սա է:

Հովն-հորովել է ասում,
Անձրևը ցուրտ բառեր,—
Հուզումնավո՛ր իմ լեզու,
Ինչո՞ւ ես լռել։
Ա՛յն, որ ասել ես ուզում՝
Տե՛ս, քեզանից զորեղ
Դրսում ծաղիկն է ասում
Եվ ջուրը բյուրեղ։
Եվ աղջկա աչքերից
Երբ մանիշակն է նայում —
Էլ Տերյանի երգերի
Ի՞նչն է հմայում…
Ջուրը հորդոր է հուզում,
Հուրը — մորմոք կարմիր,—
Հուզումնավոր այս լեզուն,
Պոե՛տ, քեզ չի՛ տրվի։

Հանդերձարաննրի ձևավորման նախագիծ. ղեկավար՝ Արա Թարզյան
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի 

Ժամը 4:15 է գիշերվա. Դավիթ Բլեյանը տեղը չի գտնում. աչքերը փակ՝ իջնում է իր ցածր, հարմար մահճակալից (ցածր ու անպայման հարմար պիտի լինի երեխայի մահճակալը) ու իմ օգնությամբ «չիշի» ճամփով գնում մոր տաքուկ-կանչող գիրկը…

Իսկ ինձ նորից հայտնի սիսեռի հատիկը տանջում է… Հանգիստ չի տալիս պարատունը՝ Գագիկ Գինոսյանի հետ, որ Մարմարյա սրահում Չարենցի ծննդյան օրով, որպես մեր ամենուրբաթյա համերգ, բացառիկ էր… Ով ներկա էր՝ շահեց ողջ կյանքի համար այսպիսի մի հուզում-տոնախմբություն, մեկ ժամ 15 րոպե… Կրթահամալիրի ութ դպրոցների պարի ուսուցչական խմբերը, գումարած վարժարանի պատանիներն ու նախակրթարանի դաստիարակների «Շրխկանը» հիացմունք-ակնածանքով Գագիկ Գինոսյանի ու իր «Կարինի» հետ թամաշա-մրցության մեջ էին… պարերը իրարից փախցնելով… Շշմելու է մեր Մարմարյա սրահը, իսկը այսպիսի օրվա, այսպիսի թամաշաների համար, երբ ազատ-խնամված, ինքնաբուխ հազարավոր մեծ ու պստիկ, սկսած 3 տարեկանից մինչև…. Ծանոթ-անծանոթ՝ բոլորը սեբաստացի դարձած, սեբաստացիական հրապարակում՝ գլխավոր մեր մեյդանում, ինքնամոռաց… Ահա այս «մոռացն է»… բռնվե՜ց սիսեռի հատիկը… Մենք մի քանի հոգով ոտներս կախ կգցենք, ես ծարավ եմ, թեյ կխմենք ու ուսուցիչների մի խմբով կուղղվենք դեպի  մեդիակենտրոն տանող 99 աստիճաններ… Մեզ աստիճանների վրա ընդառաջ կգա «Կարին» խումբը Գագիկ Գինոսյանի հետ… Ջուր են փնտրում… Չլինե՜ր այս հանդիպումը, չտանջեր մինչև հիմա, ուղիղ 12 ժամ, երեկոյան հինգից մինչև գիշերվա-առավոտյան  5-ը… Ծեսերի կենտրոնի ղեկավար Սյուզի Մարգարյան, կարող եք, չէ՞, մի քիչ քիչ ձեր անձով հիանաք, մի հյուրասիրությունն ի՞նչ էր, որ… գրադարանի նոր ընթերցարանի բացումից էլ լավ առի՞թ…

Յարխուշտա. «Կարին» պարային համույթ
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի

Ծրագրում էլ կարծեմ կար, Նառա Նիկողոսյան, Մարիետ Սիմոնյան, Լուսինե Սարգսյան, Մարի Գաբանյան, Նոնա Գրիգորյան, Զառա Առաքելյան… Այ առանց Աշոտ Բլեյանի մնաք. մի օր մնալու եք, չէ՞… Ջնջվեց, ողջ օրվա հմայքը ցնդեց, գնաց.. Սյուզի Մարգարյան, չավարտվեց ժամը 14-ին մոտ, Սարգիս Արզումանյանին ողջունելու պահից սկսած իմ կռիվը քեզ հետ … Աղի այս պտղունցը հայոց մեջ, մեր մեջ պիտի պակասի՞… հլը տեսեք՝ ի՜նչ օր, ի՜նչ աշխարհ…. Հայկազ Մարգարյան, անցում արա mskh.am-ի գլխավոր էջին. երազ, թե իրոք, մի՞թե նույնը չեն… Սա ամենանյութական Հայաստանի, Բանգլադեշի, կրթահամալիրի սեբաստացիական հարյուրավոր ապրումների ձայնա-տեսա-հյութա-ավշա… գրանցման-երևակայության անդրադարձն է՝ իրական ու ինքնուրույն աշխարհ դարձած, որ հանկարծ հեչ է լինում… հյուրասիրության մի չգցված թեյի սեղանով, մի անգործությամբ… Լիլիթ Ազիզխանյան, ո՞նց է հնարավոր այսպիսի մոռացումը, ո՞նց ես դու, որպես աշխատակազմի ղեկավար, թույլ տալիս… Մեր տուն մարդիկ են եկել՝ իմ ու ձեր հարազատները… Գագիկ Գինոսյանը կիրակի օրը Մարմարյա սրահում տեսադասեր է նկարահանում իր «Կարինով»….

Հա, չմոռանամ հարցնել, բա մեր Միջին դպրոցի 6-8-րդ դասարանցիների պարի խումբն ո՞ւր էր՝ իր թատերականով, բա մեր կրտսեր դպրոցը՝ իր ծիսական պարերով… Պատրաստվենք զատկական պարատոնի. ապրիլի 10-ը սարերի հետևում չէ…

Մոտ 6000 մուտք գրանցեց մեր mskh.am-ը երեկ. նայեք… վերագրեք սա «Կարին» պարային համույթի հետ անցկացված չարենցյան մեր օրվան…

Ինձ հարցնեիք՝ ես ամբողջ օրը Գեղարվեստում էլ կմնայի… Նախագծային ուսուցումը 4-րդ դասարանում Արա Թարզյանի ու Արմինե Թոփչյանի կազմակերպմամբ, որի մասին ռադիոյով, ֆոտոշարով այնքա՜ն անմիջական ու կոկիկ  իրենք էլ պատմել են, իմ Չարենցը՝ հանդիպումը պատանիների հետ մեր Սոֆիի միջավայրում ստեղծած… Սա է մանկավարժությունը, որը, ասել եմ, մենք ոչ միայն ստեղծում ենք, այլև միջազգայնացնում… Ոչ մի խոստում,  որ անկատար, դրժած թողի…

Զարկ բոլոճիկը՝ Զատկական մեր ծեսին ընդառաջ… Հասմիկ Մաթևոսյան ջան, էս մեր 2 տարեկան Դավթի  մեներգը ո՞նց է առաջանում: Երեկ պարատան ավարտին, երբ մեր մարմարե –մարդկային  կրքերի ավազանը դատարկվում էր, մեծ էկրանով հնչեց Կոմիտասի մանկական երգերից մեր արած կարաոկեներից: Բոլոր ազդեցությունները օրվա ջնջվեցին, մնաց էդ երգն ինձ կյանքի…

Միջին դպրոցը ձիարշավարանում: 

Երբ լրանա իմ օրագրի 300-րդ  համարը, խնդրում եմ հրապարակել հեղինակային մանկավարժությամբ այս օրերին ստեղծված, «Օրագրում» իմ առանձնացրած տեսանյութերի թոփ տասնյակը… «Զարկ բոլոճիկը» ո՞րը եղավ… Տարածեք, լսո՞ւմ եք… Այսպիսի երգ ու պար ունեցող, այսպիսի գրական խոսք՝ Չարենց ունեցող, Արարատի անհաս գագաթ ունեցող Թումանյանով ժողովուրդը չի կարող «փողոցային» ճաշակ՝ ալեգրովա-լեոնտևականների լեցուն դահլիճներ ունենալ… Բա ի՞նչ պետական հանրակրթական ծրագրեր են իրականացնում 1400-ի չափ պետական ուսումնական հաստատությունները, այդ ի՞նչ չափորոշիչ է ու դրանով որոշված, սովորողին ներկայացվող ընդհանրական պահանջներ՝ որ ունենա աշխարհի գեղարվեստական ընկալման, գեղագիտական երևույթների գնահատման և արժևորման կարողություններ…. կարևորի և արժևորի իր ազգային ինքնությունը… Հո գրելով չէ՞…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բուն Բարեկենդանը Գյումրիում

Այսպես հազվադեպ, բայց լինում է, երբ օրագրիդ ժամանակը չի տեղավորվում օրվա տևողության մեջ, ինչպես այսօր… Որքան էլ ճանապարհդ կիրակնօրյա Երևան-Գյումրի-Երևան ինքնառաջադրմամբ, թեթև կազմով՝ Միքայել վարորդով, Տաթև Համբարյան, Հասմիկ Սիմոնյան, Մարիետ

Սեփական ուրախությունը որպես հիմնական չափանիշ

Իմ բոլոր ջանքերը՝ Դավիթ Բլեյանին մինչև ժամը 8.00 արթնացնելու, հաջողության չունեցան: Մարդը կիրակի չքնածը խորը-խորը հիմա է քնում. ո՜ւր ունի շտապելու, իրեն ինչ, որ հայրիկն էլ, մայրիկն էլ ժամով կապված են

Բարի՛ գարուն

Իմ սիրած ծեսն իմ նախաձեռնությամբ երեկ ժամը 10.45 սկսվեց ու 10.50 ավարտվեց Միջին դպրոցի 9-րդ դասարանում, երբ Նունե Մովսիսյանի պարապմունքն էր. իմ ներկայացմամբ՝ ծեսին մասնակիցներս սրտանց ծափահարեցինք Ալբերտ Մինասյանին իր