Անմահությունը։ Ես եմ։ Ամպերը՝ երկնքում, աստղերը` ամպերի վրա, իսկ լուսինը՝ աստղերի գրկում։

Արփի Սահակյան

Կրթահամալիրի Քոլեջի «Նախադպրոցականի դաստիարակ» մասնագիտությամբ այս տարվա շրջանավարտ Աննա Պետրոսյանի հետ ավելի ու ավելի հետաքրքիր է. ես Աննային չեմ ջոկում մեր ուսուցիչներից, մինչև հիմա տպավորված եմ հոկտեմբերին Աննայի՝ Խուստուփ բարձունքի նվաճման մասնակցությունից… Միշտ մարզական-ոգևորված-գործուն, երեխաների միջավայրում բնական-ոգևորվող, բազմազավակ ընտանիքի (հինգ քույր, որոնցից չորրորդն է ինքը) դուստր մեր Աննային երեկ հանդիպեցի մեր Բանգլադեշ աշխարհի ամենաերկա՞ր աստիճանների վրա… Խնդրեցի հաշվել… Ահա իմ փոստում Աննայի գրառումը. «Հետաքրքիր է ամեն օր անցնել նույն վայրով և չնկատել շուրջը՝ անցնող մարդկանց, բնության գույները,  ինչու չէ, նաև աստիճանների քանակը` 98:  Դուք սովորեցնում եք լինել ուշադիր և նրբանկատ անգամ մանրուքների  հանդեպ»… Ի դեպ, ի՞նչ անենք այս աստիճանները, շրջանցե՞նք, ինչպե՞ս… Իսկ ի՞նչ անեն շարժման դժվարություններ ունեցողները, էլ չեմ ասում անվավոր-սայլակավորները… Մեր սուսերամարտիկ-մարզիչ Միքայելն ու հեծանվորդ-մարզիչ Սամսոնը մի լուծում գտել են. երեկ (իսկապես երեկ) նրանց հանդիպեցի նույն աստիճանների վրա մրցումներ անցկացնելիս՝ ով առաջինը կհաղթահարի աստիճանաբարձունքը… Ինչպիսի՞ն կարող է լինել այսպիսի բարձունքի նվաճումը՝ աստիճանները լոնքելո՞վ… Սամսոն, Միքայել, ոչ միայն ձեր արդյունքները գրանցեˊք, անցկացրեք նաև սովորողների և ուսուցիչների մրցումներ, թաղի առաջնություն… Ձմռան ընթացքում էլ, խնդրում եմ, բանուկ պահեք սեբաստացիներիս համար կենսական նշանակություն ունեցող Մայր դպրոց-Գեղարվեստ-Մեդիակենտրոն ոտնուղին միակ… Հիշեցնեմ, որ կա սրան զուգահեռ աստիճանաշարը, որ բռնազավթվել է… Ո՞ւմ կողմից, ինչո՞ւ… Ինչպե՞ս բանգլադեշցիները, այդ թվում՝ սեբաստացիները, չեն ընդվզում այս ստորացման դեմ… Ինչո՞ւ մեր իրավագետ Վանիկ Գաբրիելյանը, հասարակագետ կազմակերպիչ Աղասի Մարգարյանն այդպես էլ ուսումնական-նախագծային չեն դարձնում իրավունքների-շահերի պաշտպանությունը, քաղաքային իշխանություն-բնակիչ հարաբերությունների կարգավորման առարկա չեն դառնում բռնազավթված ճանապարհի բացումը, Բ-1 թաղամասի հեծանվուղին, անբարեկարգ աղբանոցի վերածված թեք լանջի բարեկարգումը… Հատկապես հիմա, երբ քաղաքապետարանը ձևավորում է իր 2016-ի բյուջեն ու քաղաքային (նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում իրականացվող) ծրագրերը… Թվում էր, թե «Խաղարկային դատարան» ուսումնական լաբորատորիան և Քաղաքացիական կրթության ու հանրային կապերի ուսումնական կենտրոնը՝ իր ղեկավար, հանրային գործիչ Վահրամ Թոքմաջյանով, այսպիսի մասնագիտական ներարկմամբ պիտի գլխացավանք դառնային տեղական իշխանությունների համար՝ կառուցողական բազմազան ուսումնական նախագծերով Բանգլադեշը գոնե մեդիայում դարձնեին օրինակելի… Ինչպիսի՜ լայն-անսպառ դաշտ՝ դեռահասների քաղաքացիական կրթությունը կյանքով կազմակերպելու համար: Իսկ Աննա Պետրոսյանին առաջարկում եմ հաշվել Մայր դպրոց-Քոլեջ աստիճանները, թիվ 181 դպրոց-լանջի մանկապարտեզներով մինչև Րաֆֆու պողոտա՝ բռնազավթված աստիճանաուղու աստիճանները… Սպասում եմ նաև Բանգլադեշի երկու աստիճանաուղիների մասին ֆոտոշարի՝ իմ բլոգի համար…

Գեղարվեստի կրտսեր դպրոցի 5 տարեկանները պատրաստվում են նոյեմբերիկին:
Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի։

Կրթահամալիրի կրտսեր դպրոցների՝ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրով ավարտական երրորդ դասարանների սովորողների գործունեությունն իմ ուշադրության կենտրոնում է… Գեղարվեստի Կարինե Մամիկոնյանի և Հասմիկ Մաթևոսյանի նախագիծը՝ «Երգող թռչունները», Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում տպավորիչ է նույնքան, որքան դրա մեդիաներկայացումը… Տեսե՛ք, ի՜նչ ճաշակ, ի՜նչ խոսք, ի՜նչ դինամիկա՝ պատումի… Երկու անգամ լսեցի չորս րոպեանոց այս ռադիոելույթը… Լսեˊք, անպայման, ինչպես Նոր դպրոցի Աշխեն Գրիգորյանի երրորդ դասարանի հեղինակային հաշվետու ռադիո-լրատուն… Բրավո՜… ասում եմ սովորողների ինքնուրույնությանը, մեդիահմտություններին, նախագծային ուսուցման մակարդակին… Նախագծային ուսուցմամբ իմ հետաքրքրության կիզակետում այս օրերին հասարակագետ-պատմաբան Տիգրանյան Աշոտի «Այլընտրանքային պատմություն» նախագիծն է շարունակում մնալ… Աշոտի ձևակերպումը՝ լրացուցիչ կրթությունն այսպիսի նախագծով սովորողի ամենօրյա հետազոտական գործունեության կազմակերպման այնպիսի կազմակերպում, որ ենթադրում է թարգմանության (օտար լեզուների) և մեդիատեխնոլոգիական գործիքների մշտական գործածում, իսկ նախագծի արդյունքում  ուսուցչի-սովորողների, ավելացնեմ նաև, ամենօրյա արդյունքների հրապարակմամբ ստեղծվում-ամբողջանում է պատմության այլընտրանքային էլեկտրոնային ծրագիր՝ Միջին դպրոցի համար… Կեցցեˊք:

Գեղարվեստի կրտսեր դպրոցի 3.1 դասարանցիները Ղառղառավանքում:
Լուսանկարները՝ Կարինե Մամիկոնյանի։

Մնաց տիկին Արևի սպասած քաղաքականը… Թուրքական բեռնատար ավտոմեքենաները, որոնք Վրաստանի տարածքով գնում են Ռուսաստան, «Լարս» սահմանային անցակետում սպասում են ռուսական կողմի թույլտվությանը և… Ռուսաստանը մտադիր է հրաժարվել Թուրքիայի համար շահավետ նախագծերից. սա հայտարարություն է, ինչպես ասում են, բարձր մակարդակով արված… Իսկ Ռուսաստանի կողմից S-400-ի «Երկիր-երկինք» հրթիռակոմպլեքսի տեղադրումը ռուսներին հնարավորություն կտա փակել Սիրիայի օդային տարածքը ՆԱՏՕ-ի, մասնավորապես Թուրքիայի ինքնաթիռների համար… Այսպիսով Սիրիայի համար պատերազմը թեժանում է՝ սրանից բխող բոլոր հետևանքներով… ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ իր երկրի թիվ առաջին նպատակը ԴԱԻՇ-ի՝ «Իսլամական պետություն» կոչվող խմբավորման լիակատար ոչնչացումն է… Մնում է՝ հավատանք…
Ինչպիսի՞ն կլինի Ֆրանսիայի նախագահի միջնորդական առաքելության այցը Ռուսաստան…

Իսկ Դավիթ Բլեյանը Լիլիթ Բլեյանի համերգին զուգահեռ իր ըմբոստ ելույթն էր կազմակերպել տանը, Արևիկ ու Սոնուլիկ քույրիկների հետ… Այնպես որ իրավիճակը, հրես, դուրս է գալիս վերահսկողությունից… Օրինական պապիկ-տնօրենի իմ ողջ հեղինակությունը ստիպված էի գործի դնել… Երբ քույրիկները հերթով լքեցին եղբորը, Դավիթն ուշքի եկավ.
— Պապ, արի գնանք՝ լողանամ, որ ներսիս ու դրսի բոլոր կեղտերը ջուրը լվանա, տանի:
Այդպես էլ արեցինք՝ ցնցուղ-լողարանն իմ ճանաչած ամենամարդասիրական գործիքն է…
Հիմա Դավիթը խաղա՜ղ նինջի մեջ է. ժամը հինգն է առտու, և ես իմ օրը պատմելու մշտական ռեժիմում եմ…

Նոր դպրոցի երկարացված օրվա խմբի աշնանային դիմանկարները:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի։

«Լուսաստղը» մեր հիմնադիր պատանեկան մեդիայի նորացման հայտ է ներկայացնում-իրականացնում… Արփի Սահակյանն այս ե՞րբ դարձավ ութերորդ դասարան. միշտ հասուն ու հետաքրքիր Արփին մեր գրում է. «Իսկ ես չեմ էլ վախենում անմահություն կոչվածից։ Երկինքը, քամին, աստղերը։ Նրանք խոստացան ու էլ չեն լքի ինձ։ Ես գիտեմ սիրել այն, ինչ կա… նաև աշխարհի վրա»:
Այսպիսի մասշտաբներ, ծավալներ, ընդգրկում, տուրևառություն տիեզերական… իհարկե:

Ֆոտոխմբագիր՝ Դիանա Գևորգյան
#507

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք… 

Հարիւր կաղանդ ալ կսպասեմ, սիրելիս… Գիտնամ միայն, որ դուն գիտէս, թէ կը սպասեմ, սիրելիս…  Մեր սովորողները կրթական փոխանակումների ծրագրով այս շաբաթ մեծ ավտոբուսով Ստամբուլ տարան իրենցը դարձած Զահրատին, ու ես

Քեզ էլ կգողանամ, ա՛յ թութակ

Այսպես էլի է եղել. կորցրել եմ ժամանակի զգացողությունը՝ «ոչինչ, կհասցնեմ»,- ասել եմ, մոռացել եմ Դավիթ Բլեյանի գործոնը՝ միշտ ինքնաբուխ, ինչպես հիմա. արթնացավ, երբ ես իր ժամանակը արդեն չունեի, ու հիմա

Լսեցի. միշտ ուրախ լինեմ՝ շուրջ տարի և այսօր` սեպտեմբերի չորսին-հինգին…

Դավիթ Բլեյանն իր նախաձեռնությամբ, հայրիկից թաքուն, շնորհավորական բացիկ է պատրաստել Արմեն եղբոր և մայրիկի աջակցությամբ… Սա՝ սեպտեմբերի երեքին, մինչև ժամը տասը, իմ քունը… Իսկ այսօր շուտ է արթնացել, յոթը չկա,