Որքա՜ն տպավորիչ են Արման Երանոսյանի, Մերի Թելունցի նախաձեռնությամբ «Տնտեսական միամսյակի»՝ մեկը մյուսին հաջորդող հավաքները: Հավաքներ եմ ասել՝ որպես ուսումնական պարապմունքի հեղինակային ձևեր, երբ տարատարիք սովորողները՝ սկսած 6-րդ դասարանից մինչև 12-րդ դասարան ու քոլեջ, կարողանում են իրենց ազատ ընտրությամբ, իրենց հարմար ժամանակացույցով ու տեղում ուսումնական-անձնային կյանքի հետաքրքրությունն ագահ բավարարել… Եվ ի՜նչ արդիական են և՛ թեմաները (բովանդակությունը), և՛ ներկայացման կերպը. երիտասարդ, հմայիչ, բարձրակարգ մասնագետներ՝ մեդիայի ու ռիթմի, լսարանի ակտիվ մշտական ռեժիմի պայմաններում: Ինձ համար հեշտ է այսպիսի միջավայրում. ես ներառված եմ լիարժեք՝ որպես անհատ մասնակից. և՛ հետաքրքիր է, և՛ ես իմ ակտիվությամբ կարող եմ փոխանցել, առաջարկել, զարգացնել…

Միջին դպրոցի սովորողները: Լուսանկարները՝Հերմինե Անտոնյանի

Հաջորդ շաբաթ՝ մարտի 16-ից մեկնարկում է հասարակագիտական ստուգատեսը… Արդեն 10-րդ անգամ անցկացվող «Տիգրան Հայրապետյան» օրեր են կրթահամալիրում: Օրերն էլ մտան՝ որպես հեղինակային կազմակերպման ձև, ստուգատեսի, ուսումնական ճամբարի, ստեղծագործական հավաքի, ընդհանուր պարապմունք-համերգի, արտագնա ուսումնական մեկօրյա ու բազմօրյա ճամփորդության, ամենօրյա 15 րոպեանոց դպրոցական պարապմունքների տեսքով… Հեղինակային ծրագիրն առանց ուսուցման կազմակերպման ձևերի այս բազմազանության՝ ուսումնական ու արտաուսումնական սահմանի ջնջմամբ, ընդհանուր ու մասնավոր բաղկացուցիչների ներդաշնակեցմամբ-համամասնությամբ, սովորողի-ուսուցչի ուսուցման ընտրության հետևողական հարգմամբ, չէր լինի այսօր իր, իմ համոզմամբ, վերելքի՝ սիրում եմ կրկնել, իր «հազարի» շրջանում…

Խնդրեմ, ի՜նչ սովորելու-իմանալու նախաձեռնողական-փոխօգնության ինտենսիվ մղումներ են առաջացրել Չարենցյան օր-պարատուն համերգը, մարտի 25-ից՝ Թբիլիսյան կրթամշակութային քառօրյա նախագիծ-ճամփորդությունը… Երեկ, ուշ երեկոյան, վերջին շտկումներն էին արվում՝ կենտրոնական ընթերցարանի վերակառուցված միջավայրում… Ինչպիսի՜ անհատական ու խմբային ջանքերի համախմբում է, որքա՜ն կարճ ժամկետում խելամիտ լուծումներ են գտնվում, տեսնո՞ւմ եք…  Թվում էր՝ դրանք այս ամսվա, այս կիսամյակի խնդիրներ չէին, իսկ «Սեբաստացիներ» երգչախումբն ունեցավ նաև իր պատշաճ հագուստը… Սարգիս Արզումանյանն էլ, որ ընդամենը մի քանի օր է, ինչ դերասանական վարպետություն ու ռեժիսուրա է դասավանդում Գեղարվեստի ավագ դպրոցում, կարողանում է իր սաների հետ նշանավորել Չարենցի ծննդյան օրը փոքր, բայց տպավորիչ ելույթով Մեդիադահլիճ-փոքր թատրոնում, որ այսօր էլ ներկայացավ որպես գրական թատրոնի հարմար միջավայր… Իսկ դուք՝ սովորող, ուսուցիչ և պարզապես սեբաստացիներ, պիտի կարողանաք «Տիգրան Հայրապետյան» անվանակարգի պահանջներին համապատասխան ՝ մրցանակի թեկնածու առաջադրել մինչև երկուշաբթի։  Մարտի 18-ին արդեն՝ Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրը, հրապարակային կհանձնենք մրցանակը՝

  • կրթահամալիրի դասավանդողին՝  հասարակագիտական, քաղաքացիական կրթության նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողին՝  հասարակագիտական, քաղաքացիական  ուսումնական նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար։

«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը տարբեր ժամանակներում:
Լուսանկարները Մ. Մկրտչյանի

Երբ ես մկնիկով անցնում եմ լրատվական այս կամ այն կայքի վերնագրերով, դադարները երկու ընտրությամբ են թելադրված՝ իմ քաղաքական հետաքրքրություններով և սեբաստացի սովորողների-ուսուցիչների-իմ բլոգի ընթերցողների հետաքրքրություններով… Ահա այս անգամվա համար ընթերցողին առաջարկվող իմ առանձնացրած նյութերը։

  • ԱՄՆ-ը և Կուբան վերականգնել են ուղիղ հեռախոսակապը
    Որքա՜ն արագ են ընթանում երկու երկրների 50-ամյա անջրպետի խորտակման, բնական հարաբերություններ հաստատելուն ուղղված աշխատանքները՝ նախապատվություն տալով հումանիտար՝ մարդկային կապերի վերականգնմանը… Խոսեք, այցելեք, շփվեք, փոխանակեք՝ անհատական, հանրային, խմբային մակարդակում, մինչև պետությունները լրիվ ծավալով կլուծեն ավելի բարդ ընթացք ունեցող միջպետական հարաբերությունները՝ դիվանագիտական, անվտանգության, այդ թվում՝ ռազմական համագործակցության, փոխադարձ պարտավորությունների հետ կապված հարցեր…
  • Ադրբեջանը և Պակիստանը ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր են ստորագրել… Սրան ավելացնենք Ադրբեջանում 2015-ի հունիսին կայանալիք 1-ին Եվրոպական խաղերի անցկացումը, որին մասնակցելու են 50-ի չափ երկրներ… Իրարից մեկուսացված, գործելով-մնալով թշնամական ռեժիմում, մենք կորցնում ենք հեռանկարը… Տեսեք, Արդրբեջանն իր բոլոր լուրջ խնդիրներով հանդերձ, պահպանելով իր չեզոքությունը (ոչ ազատ առևտրի՝ ասոցացման համաձայնագիր կնքեց Եվրոմիության հետ, չմտավ Եվրասիական միություն)՝ զարգացնում է միջպետական համագործակցությունն այնպիսի երկրների հետ, ինչպիսին, օրինակ, Պակիստանն է, և հումանիտար միջազգային ծրագրերի կենտրոն է դարձել, ինչպես, Եվրոպական օլիմպիական խաղերի անցկացումը, իսկ Հայաստա՜նում…. Մինչև 2017թ. քաղաքական դաշտի վակուումը կլրացնի գողական աշխարհը
  • Ռուսաստանում Ստալինի թանգարան է բացվում, որ, մի տեսակ, բնական է… Անբնականն իմ վիճակն է՝ որպես Հայաստանի քաղաքացի, ով 1937-ի Ստալինի ռեպրեսիաների ենթարկված ժառանգ է, Եվրասիական միության անդամ երկրի քաղաքացի…
  • ԱՄՆ-ում դատարանն արգելել է տղամարդուն ծխել սեփական տանը… Դատարանի որոշում պետք չէ, որ սեբաստացիներն ընդունեն, որ փակ տարածքում, նախ և առաջ, տանը, բնակարանում ծխել չի կարելի: Կարելի է, չէ՞, պայամանավորվել, ապահովել, վերահսկել, պարտադրել, որ սեբաստացիական բոլոր ընտանիքներում այս՝ ակնհայտ թվացող նորմը պահպանվի: Եթե այնուամենայնիվ պիտի ծխես, սեբաստացի սովորողի պապիկ, հայրիկ, եղբայր, հարազատ, որ այցելել ես, դուրս արի բնակարանից (տանից)… Մեր ընտանիքները, որպես հիգիենայի, մարդկային նոր հարաբերությունների պատվիրատուներ, պիտի օրինակ դառնան՝ ընտանիքներում դրա հաստատման-կազմակերպման: Ահա ինչու, ավելի հաճախ մենք պիտի լսենք ընտանիքի ձայնը, տեղեկացված լինենք ընտանեկան անցուդարձից… Շատ կարևոր է, թե դպրոցից ինչ է տանում սեբաստացի սովորողն ընտանիք, որպես ինչ-որ բան փոխելու ուղեցույց, որպես նախաձեռնություն, նույնքան կարևոր է, թե սովորողի միջոցով ընտանիքից բերվող ընտանեկան ինչ նախաձեռնություններ են ազդում՝ փոխում խմբային, դասարանային-դպրոցական-կրթահամալիրային միջավայրը… Նկատե՞լ եք, ես իմ խոսքի, գրի մեջ շատ եմ գործածում «տանը թե դպրոցում», «տանը և դպրոցում»… Նույն սովորողն է, նույն մարդը, և նրա վրա միջավայրի ազդեցության երկատվածությունը մեր մանկավարժությունը պիտի հաղթահարի…

Սեբաստացիների օպերայի բացումը կայացավ… Կեցցե´ք, Երաժշտության ուսումնական կենտրոն, Սվետա և Լիլիթ Ճաղարյաններ. երաժշտության լրացուցիչ կրթության սաները, շնորհիվ Մայր դպրոցի փոքր դահլիճի նորացված միջավայրի՝ նոր տեխնիկական լուծումների, կարողացան «Չարի վերջը» օպերային ներկայացումը հնարավոր կարճ ժամկետում իրականացնել… Սրանով, իհարկե, սկսվում է…

Մարմարյա սրահը՝ որպես համերգային տարածք, «Սեբաստիա» համերգային դահլիճը, փոքր դահլիճը, Մեդիակենտրոն դահլիճը համերգային-հանդիսային-թատերական-ծիսական-նախագծային այլ ներկայացումների նախանձելի միջավայր են դարձել՝ գործուն պատվիրատու սովորող-ուսուցիչների-ծնողների ամենատարբեր տարատարիք մտահղացումների իրագործման համար:

Միջին դպրոցի հերթապահ դասարանի բակային աշխատանքները: Լուսանկարները Գոհար Եղոյանի:

Յուրահատուկ սրահներ-դահլիճներ են մեր դպրոցների ընթերցասրահները, ակումբները, նախակրթարանների խմբասենյակները, հիմա՝ նաև առանձին դասարանների արհեստանոցային-արվեստանոցային տարածքները… Տեսեք, երկար ժամանակ է՝ որքան խնամված-հարմար-ամբողջական միասնական միջավայր են դարձել Վարժարանի դահլիճն ամենատարբեր ուսումնական նախաձեռնությունների համար կամ Գեղարվեստի ավագ դպրոցի ցուցասրահը՝ որպես ուսումնական ամենատարբեր նախագծերի ներկայացման կենտրոն…

Հիշեցի՞ք, 2013-2016 զարգացման ծրագրով որոշված կրթահամալիրի յոթ հոմանիշներն ու յոթ անելիքները… Ծրագրերը, ծրագրային հիմնադրույթները, կրթահամալիրի տնօրենի ելույթները, ինչպես բանավոր, այնպես և օրագրային, մեր համատեղ գործունեության ուղեցույցներն են. մենք չենք կարող հենց այնպես խոսել, ուզել (ումի՞ց), խնդրել…

Երեկ, Սուսան Մարկոսյանն ու Սուսան Հովհաննիսյանն իմ արխիվից իմ ձեռագրով արված 1987-88-ի արձանագրություններով էին ոգևորվել… Կհրապարակեն իմ բլոգում. կարդացեք՝ համոզիչ փաստ իմ ասածի. մենք ունենք զարգացման վեկտոր, մեր մանկավարժությունը պատմություն ունի, մենք երեկ-մեկէլ օրվա խալխը չենք, պատմություն ունենք. սա բեռ չէ, սա մեր ազնվականության ապացույցն է՝ պարտավորվածությունը, ժառանգությունը՝ ավելի վստահ հեղինակությամբ գործելու համար… Բեկում հայտարարված 2015-ն ունի նաև պատմական վավերագիր հիմնավորում…

Ավարտեմ այսօրվա գիրս խնդրանք-առաջադրանքով՝  Նելի Արղությանի՝ Նոր դպրոցի 2-4 տարեկանների բլբլոց-խաղի այս տեսաձայնագրումը դարձնենք գոնե հայկական մեդիայի ամենաշատ դիտվող նյութը… Նախ՝ ինքներդ նայեք։ [youtube https://www.youtube.com/watch?v=DyzK2KBNmXM]

Օրը՝ Չարենցի հետ։ Թափառում Չարենցի հետ։ Կարդում ենք Չարենց։ Պարում ենք Չարենց։ Ապրո՞ւմ ենք մեր կյանքը՝

Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը — կրակ ճահիճներում` կա ու չկա, —
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն…
Եղիշե Չարենց

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինձ նստել չի կարելի, այոˊ, բայց ինձ գործից շեղել էլ չի լինի

Գործն էլ մեզ միավորող, Աստծու ճարտարապետությամբ շինարարական է. մենք Բանգլադեշի մեր աշխարհով, բնակելի մի թաղամասում ստեղծում ենք կրթական պարտեզ, մերը, որպես օրինակ,  պիլոտ, որ, խնդրեմ, դառնա ձերը, որ գործը շարունակվի… նստել

Բարի լույս, ու սկսվում է օրը, պատումը նրա, գիրը 1496-րդ

Դավիթ Բլեյանին առավոտ 8-ից 20 պակաս ինչպե՞ս արթնացնես, երբ «Թողեք քնեմ, ուզում եմ քնել, քունս տանում է․․․»-ն է արձագանքը, իսկ 08։25 պիտի լինի իր Բանգլադեշ-դպրոց տանող թիվ 39 ուսումնական երթուղայինում…

Երբ մոռանալու միակ ձևը ամբողջական ներառումն է…

Այդպես իմ գիրը-պատումն է անում իմ կյանքի հետ: Հերթական վճիռը՝ չգրել-չպատմելու, տղայական նեղացկոտ էր. ու դուրս մղվեց։ Օրը ես սկսեցի առտու-գիշերվա 4-ի 5-ի արանքում, մեջքով դեպի Արմինեից յոթ տարի անբաժան,