Դավիթ Բլեյանը պատրաստվում է իր ուսուցման չորրորդ տարվա սկիզբը, թե երրորդ տարվա ավարտը (իմ, Արմինեի, չորս քույրերի կարծիքով երկուսն էլ՝ տպավորիչ-դրական) իր ընկերների հետ Արևմուտքի ճամբարում վրանային գիշերումով նշանավորել… Ցուցակ կազմեցինք անհրաժեշտ պիտույքների, էսօր-էգուց Գևորգ Հակոբյան հոպարի մասնագիտական խորհրդատվությամբ ձեռք կբերենք…

Արմինեի՝ Դավթի հետ սկսած նախագիծը՝ Դավթի ընտրած՝ իրեն քուն-հասունացում-ճաշակ բերող երաժշտությունների տարածումը, ես ողջունում եմ… լսում առավոտ շուտ… առաջիններից
— Դավի՛թ,- կանչում եմ լողացած-մաքուր-խոշոր-ուժեղ-գիսախռիվ գլխով իմ տղուն,- մենակ Աստղիկին հո չպիտի՞ սիրեմ… Չորս աղջիկ են, մի տղա ժառանգ… արի գրկեմ:
Իսկապե՜ս կարոտել եմ։
— Դու լավ կանես՝ հիմա էլ տղաներ ունենաս, մի տղա քիչ է, երկու տղա էլ ունեցիր…
Ու ինքն իր գործին… Ինքը արդեն մեծացել է, սիրելու չէ… Ժառանգ է։

4-րդ դասարանցիների մայրենիի գիտելիքների ստուգում կրթահամալիրի Արևմուտքում:

2019-2020 ուսումնական տարվա նախատեսվող բոլոր հինգ տարեկանների (2014թ. ծնվածների), վեց տարեկանների (2013թ. ծնվածներ) համար ուսումնական միջավայրի որոշումը-նախագծումը՝ տարածք պատշաճ կահավորմամբ, ուսուցման պիտույքներ, իմ բազմազբաղ հունիսի առաջնահերթություններից է։ Ես դպրոց-դպրոց անցնում եմ… միշտ սիրելի հոգսեր…

Ուսումնական պլանով որոշված ուսումնական ճամբարների երկրորդ շաբաթը կրթահամալիրի բանգլադեշում ճամբարների կայացածության՝ ճամբարականների նախաձեռնողականության, ինքնավարության-ինքնուրույնության, ճամբարային ավանդույթների փոխանցման (ո՛վ գիտի՝ քանի տարեկան են մեր ճամբարները) ստուգատես է… Լիարժեք ճամբարային շաբաթ, պարտադիր՝ ուսումնական պլանով, ուսումնառության պայմանագրով ու օրացույցով… Կարևոր է դառնում ճամբարային գործունեության շարունակումը… Տարատարիք սեբաստացի սովորողների համար ու իրենց ազատ ընտությամբ, դրանք լրացուցիչ կրթության՝ պլեներային-նախագծային ստուգատեսային ճամբարներն են՝ հունիսի 10-ից սկսվող, որ այս տարի կոչվում են փառատոնային երևանյան՝ կրթահամալիրի Բանգլադեշում, ու արտագնա-վրանային՝ Եղեգիսի Արատեսում, Արգիճիի Մադինայում, Սևանի «Ժայռում»… Ես չեմ, որ շեշտում եմ դրանց բնության գրկում-ծովի ափին լինելը, այլ հունիսը-ամառը, որ իր իրավունքների մեջ է… Հունիսի 10-ից բացվող ճամբարները լիարժեք իրավահավասար մատչելի են նաև ոչ սեբաստացիների համար, առանց որևէ խտրության…

Արևելքի 4-րդ դասարանցիները՝ մայրենիի գիտելիքների ստուգումից հետո:

Հունիսի 10-ից սկսվում են և՛ լողափային բաց ճամբարները, որոնք շարունակվող-միջազգային կդառնան մինչև սեպտեմբեր, և՛ կրթահամալիր մուտքի ճամբարները, և՛ նախագծային՝ փառատոնային ճամբարները… Մեր ամառային-ճամբարային հեղինակային կազմակերպման առանցքում տարատարիք ճամբարական սովորողի և կազմակերպչի հավեսն ու ինքնավարությունն է՝ կարողությունը-ցանկությունը միասին բնության գրկում վրանային-արշավախմբային կյանքով ապրելը… Որպես ժամանակային միավոր՝ ընտրել ենք հինգ օրը՝ նկատի ունենալով ճամբարի կազմակերպիչների արձակուրդային շրջանը… Կլինեն մեծ թվով կամավորներ՝ ուսանողներ, աշխատանք փնտրող մասնագետներ… Համեցեք, դիմեք դպրոցների ղեկավարներին մեր, դիմեք որևէ միջնորդի միջոցով, դիմեք առցանց մանկավարժության կենտրոն՝ լրացնելով այսպիսի հայտ, կամ ներկայացրեք info@mskh.am հասցեով… Կարող են լինել ճամբարներում և եռօրյա տևողությամբ ստեղծագործական հավաքներ… Ճամբարները բաց են և ընտանեկան ներխուժումների՝ լրացումների համար…

Այս շաբաթվա ուսումնական լիցքը սեբաստացիների ընտրությամբ գործունեությունն  է՝ անհատական ուսումնական պլանով որոշված, տարատարիք սովորողի նախասիրության-օժտվածության զարգացումը, ուսումնական հետաքրքրության դրսևորումը ուսումնական տարվա ընթացքում, դրա շարունակությունը… Շաբաթը այսօրվանից սկսված, ահա, ստուգատես է ուսումնական ընտրությամբ գործունեության խմբերի, ակումբների, նախագծերի… առանց խտրության ու բացառության, հետին մտքի, պարզապես…

Ամառային պարտեզ կրթահամալիրի Արևմուտքում:

Գևորգ Հակոբյանը եղել և մնում է բարձունքների նվաճման մեր առաջնորդը… Գութանասարը՝ վկա, որ առաջին անգամ նվաճվեց-սեբաստացիական դարձավ Գևորգի նախաձեռնությունը արձագանքած տասնյակի չափ սեբաստացիների… Ասենք՝ շնորհավոր: Հունիսը ճամբարային, ամառը ուսումնական կարող են ու պիտի լինեն տասնյակի չափ նոր՝ ֆիզիկական բարձունքների նվաճման յուրացման շրջան։

«Գետը բնակավայրում» նախագիծը փառատոնային նկատի ունի բնակավայրի բնակչի՝ մարդու վերաբերմունքի փոփոխությունը, նոր վերաբերմունքի ձևավորումը բնակավայրով անցնող գետի, ուշադիր՝ գետի վտակի, ջրանցքի, առվի նկատմամբ… Երևանցիների համար գետը Հրազդանն է՝ իր ջրանցքներով, Երևան մեծ համայնքի բնակավայրերով անցնող Զանգուն… Բանգլադեշի՝ Հրազդանի աջ ափով հարավ-արևմուտք փռված բնակավայրի համար «Գետը բնակավայրում»-ը ջրանցքներն են՝ Հրազդանից սկիզբ առնող,  մեր բանգլադեշի դաշտերում ջրանցքից սնվող առուներ-ջրագծեր դարձող… Սա Սևանա լճի նկատմամբ նոր վերաբերմունքի՝ ոռոգման խնայող համակարգի ներդրում է, որտեղ ջրի հաշվառումը գնում է դույլերով… կաթիլներով… Անցե՛ք Հրազդանից սկիզբ առնող Արարատյան ջրանցքով ու քայլեք մինչև վերջ, իր բոլոր ճյուղավորումներով…

Կրթահամալիրի Հյուսիսի դպրոց-պարտեզի ամառային լողափում:

Ահա, ես նորից եկա-հասա մեր հրավերին՝ հունիսի 5-ի ու մեր դիմում-պահանջին, որ մեր հեղինակային ծրագրով-ուսուցմամբ ձեռք բերված հոգատարությունն է Սևանից սկիզբ առնող Հրազդանի նկատմամբ…

Գետառը, ցավոք, ուրիշ խոսակցություն է…

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1677

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իմաստն է, որ պիտի գտնվի… Տեղին մտքեր

Օրը՝ լույսը բացվելու հետ, հիմա սկսում եմ մեր տան պատշգամբում. իսկական պարտեզ է դարձել-դառնում, ամեն մուտքի հետ՝ նոր ծաղիկ, նոր բողբոջ, նոր թաղար… Մայիս է մեր պատշգամբում, որտեղ այսօր-վաղը կբացվեն

Փինաչիությունն արմատախիլ անելու մասին է 274-րդ գիրը

Արմինեն շաբաթվա ընթացքում իմ խաթեր ոտքի վրա էր մնում, դրանից իր հիվանդությունը, ավաղ, խորացավ… Առանց հարազատական դեսանտի գլուխ չես հանի. ի՜նչ լավ է, որ մարդ այսպիսի հարազատներ ունի… Իմ օրագրի