Կրթահամալիրը մեծ ավազան է, և նրա ամեն մի գետ իր ակունքն ու հունն ունի. որտեղի՞ց, ե՞րբ սկիզբ առավ այս կամ այն նախաձեռնությունը կրթական, հետո ի՞նչ եղավ, ի՞նչ դարձավ, ո՞ւր հասավ… Ավազանը մաքրել-զուլալելը նույնն է, թե ամեն մի գետը մաքուր պահես: Գետը մաքրելու համար պիտի հետ գնաս, մինչև ակունքներ, որտեղից բխել-սկիզբ է առել գետը, ու գաս, գաս՝ հայացքով միշտ առաջ…
Կրթահամալիրը մանկապարտեզ ունեցավ 1987թ., երբ դեռ կարգով կրթահամալիր չէր, դպրոց էր՝ Երևանի Շահումյանի շրջանի թիվ 183 դպրոցը: 1987 թվին թիվ 183 դպրոցին հանձնվեց Շահումյանի շրջանի թիվ 119 մսուր-մանկապարտեզը, որը գործում էր այն ժամանակների համար տիպային շենքում, Բ-4 թաղամասում… Հիմա այն մեր Դպրոց-պարտեզն է… Հետո, 1991 թվին մենք արդեն կրթահամալիրի կազմում բացեցինք մեր երկրորդ նախակրթարանը՝ Շահումյանի շրջանի թիվ 11 մանկապարտեզի ազատված շենքում: Այսօր այն մեր Նոր դպրոց-պարտեզն է…
Կրթահամալիրն այսօր ունի հինգ նախակրթարան՝ չորսը՝ կրտսեր դպրոց-պարտեզներում, և մեկը՝ կրթահամալիրի քոլեջում…
Մենք նախակրթարանի դաստիարակի (դայակ-դաստիարակի օգնականի), մանկական գործունեության կազմակերպչի, երկարօրյա-դաստիարակի, կրտսեր դպրոցի ղեկավարի կարիք ունեցել ենք միշտ. և 1993-ին մեզ հաջողվեց երախտահիշատակ Վարդգես Գնունու աջակցությամբ կրթահամալիրի կազմում ստեղծել մասնագիտական կրթության՝ մանկավարժական դասարան, որն իրավունք ստացավ պատրաստելու հեղինակային կրթական ծրագրով միջին մասնագիտական կրթությամբ դասվար-դաստիարակներ… Մենք չէինք լինի այսօր այն, ինչ կանք, մեր նախակրթարաններն ու կրտսեր դպրոցները այսպիսին չէին լինի առանց մանկավարժական դասարանի։ Այս դասարանով անցան, այստեղից դուրս եկան, այսօր մեր կրթահամալիրի էությունն են որոշում մեր դասվար-դաստիարակ-ուսուցիչները՝ ստեղծագործ, նախաձեռնող, հետաքրքիր…
Ահա նրանցից մի քանիսը։
Գիտեք՝ հանրակրթության մասին օրենքով* հանրակրթական դպրոցի ուսուցիչը պիտի բարձրագույն մասնագիտական կրթություն ունենա. սա ստիպեց մեր միջին մասնագիտական կրթությամբ մանկավարժական դասարանն ավարտածներին տարբեր բուհերում բարձրագույն կրթություն ստանալ։ Չեմ ուզում վիրավորել որևէ բուհի և ուսանողի, բայց փաստ է, որ արդեն բարձրագույն կրթություն ստացած մեր դասվար-դաստիարակներն իրենց մանկավարժի պատրաստության կրթությունն ստացել են կրթահամալիրի այս՝ 1993-ից գործող մանկավարժական դասարանում… Ահա, օրենքի այս պահանջով, մենք մեր քոլեջ-մանկավարժական դասարանում կենտրոնացել ենք գլխավորապես նախակրթարանի դաստիարակի՝ 2-6 տարեկանների ուսուցչի, նրա օգնականի պատրաստության վրա։
Հիմա, երբ հրապարակված է mskh.am-ում, իմ էջում, օրագրում, մեդիայում տարածվում է նախակրթարանի, ընտանիքի դաստիարակի 2015թ. ընդունելության հայտարարությունը, ուզում եմ վերադառնալ քոլեջի կազմում մեր մանկավարժի պատրաստության կարևորությանը։ Շնորհակալ եմ կրթահամալիրի հիմնադիր հեղինակ, մանկավարժական դասարանի դասախոսներին, մեր դասվար-դաստիարակ-կազմակերպիչների՝ ուսուցիչների ուսուցիչներին, ովքեր այսօր էլ կրթահամալիրում են կամ չեն։
Քոլեջի նախակրթարանի սաները միջավայրն են խնամում: Լուսանկարները՝ Անահիտ Մելքոնյանի:
Հիմա, երբ քոլեջի կազմում բացում ենք նախակրթարանային 3-րդ խումբը, երբ Նոր դպրոցում բոլորս սպասում ենք Նելլի Արղությանի վերաբացվող-ասելիք խմբասենյակի մուտքին, ես հայտարարում եմ արդեն քոլեջի կազմում գործող մանկավարժական դասարանի նոր շրջանի՝ մայրիկ-դաստիարակի, դաստիարակ-մայրիկի կրթության մասին… Մեր քոլեջն իր զարգացման մեջ, իր ներկայով մանկավարժական այսպիսի դասարան է, որ կրթահամալիրի նախադպրոցականի ուսումնական կենտրոնի հետ ապահովելու է Հայաստանին անհրաժեշտ նոր նախակրթարանային ցանցը դաստիարակներով… Մեր կրթահամալիրի 2-6 տարեկան նախադպրոցականի, 5-6, 7-8 տարեկանների մայրերը՝ որպես իրենց երեխաների առաջին կրթիչներ, պիտի անցնեն այս մանկավարժական դասարանով՝ որպես լրացուցիչ կրթություն, իսկ հիմնական կամ միջնակարգ կրթությամբ շատ ծնողների, այլ՝ միջին և բարձրագույն մասնագիտությամբ ծնողների համար սա կարող է լինել իրենց նոր կոչման հաստատման հաստատությունը….
Ահա ինչու, ես դիմում եմ մեր մանկավարարժական դասարանի բոլոր շրջանավարտներին՝ համեցեք կրթահամալիրի քոլեջ, կրթահամալիր՝ համոզվելու համար, որ կրթահամալիրն ունի դաստիարակի պատրաստության լավագույն միջավայրը, որի մասին 1993-ին դժվար էր անգամ երազել… Պատմեք ու տարածեք…. Թող գա նա, ով ուզում է դաստիարակ դառնալ կենդանի-ստեղծագործական-ամբողջական կրթական միջավայրում…
Ջրառատ է կրթահամալիրի ամառային ճամբարը: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Ահա ինչու՝ ես առանձնացրի մեր չորս տարեկան դարձող, հուլիսին իր դաստիարակի հետ լողացող Դավիթ Բլեյանի երեկվա զգացումը՝ որպես վերնագիր, և անոթը ծաղկամանի վերածողների այս շարքը…