Արատես նախագծային խմբով մեր երեկվա այցն ու ճանապարհը՝ ոնց որ հայելու մեջ։ Մենք մե՞զ էինք տեսնում, մեր շուրջը՝ աջ ու ձախ, և՛ գնալիս Երասխով-Սևակավանով-Արենիով, Արփայի հովտով, Եղեգիսի կիրճով անձեռակերտ, և՛ վերադառնալիս Չանախչիով-Ուրցաձորով-Վեդիով, ոլորաններով մարդակերտ… սուրճի կանգառներով Երասխում ու Վեդիում… Ոնց որ հայելու մեջ, իրար աչքերում, թե բնության մեջ, թե բնությունը՝ մեր մեջ… Այսքա՜ն ուշադիր, մանրակրկիտ, ոգևորված… Արատեսում և … տանը։

Օրվա պատումի վերնագիրն առավոտյան ծնվեց, երբ Աստղիկը աքաղաղի արթնացումի կանչն ունեցել էր, ու մենք իրար հետ տնով մեկ զբոսնում էինք տանից իմ դուրս գալուց առաջ՝ կանգնելով տան երկար, բոյով մեկ արտացոլող հայելիների առաջ… Ճանաչեցի՞ր, ա՛յ վաղը հինգ ամսականդ նշող, քո հայրիկ-պապիկին… Եվ ի՞նչ…

Աշոտ Բլեյանի օբյեկտիվից

Իսկ բնությունը՝ մեր շուրջ, մեր մեջ, մեր հայելիում այսքան թարմ, տպավորիչ, բոլոր մանրամասներով-հմայքներով… ե՞րբ էր եղել… Արփա գետն էլ այսքան մաքո՜ւր մենք չէինք տեսել։ Վերջին շաբաթօրյակի մաքրարար ազդեցությունն ակնհայտ էր։ Բացահայտեցինք Ազատ գետն Արարատյան դաշտում՝ որպես կեղտաջուր, և սրան հակառակ՝ Ելփին գետը, պղտոր-հորդառատ, Արփայի հետ գրկախառնմանը ընդառաջ ու միասին՝ դեպի Արաքս…

Մեկ օրը քիչ էր, աշխատանքը՝ ծով։ Բայց Կարինե Մացակյանը, Քնարիկ Ներսիսյանը, Սմբատ Պետրոսյանն ու ես չէինք շտապում։ Իրար այնքա՜ն հետաքրքիր էինք ու հարազատ՝ այսպիսի բնապատկերով հայելային անդրադարձումին  ներդաշնակ, որ տեսնում-հիանում էինք իրարով-բնությամբ ու շարունակ նկարում մեր գործիքներով իրար ու բնությունը…

Կարինե Մացակյանի օբյեկտիվից։

Աշխատանքն այս բարեխիղճ կատարեցինք՝ գժված Արատեսով, փոթորիկ-ձյուն-կարկուտով, բացված թարմ կանաչով-ծաղկով, որ մեզ այնպիսի՜ տոնուս հաղորդեց… Եղեգնաձորի մեր հին ընկերներ Արտաշի ու Մհերի՝ թոնրի խորովածն էլ օրը տոնական-նախատոնական դարձրեց։

Արատեսն այսօր էլ պատրաստ է, բայց մեր գծագրումներով, դրանց իրագործումով լրիվ պատրաստ կլինի հունիսից սկսվող ամառային-աշնանային ճամբարային-փառատոնային-արշավախմբային միջազգային բաց հավաքներին… Այս հաստատման համար էինք եկել, ու այն տեսանելի էր, ինչպես օրը ողջ՝ հայելու մեջ, ինչպես մենք՝ իրար հոգու ու բնության հայելային անդրադարձումների մեջ…

Քնարիկ Ներսիսյանի օբյեկտիվից։

Միտքը, որ չկար, որ ճամփորդական մեր հայելիով հայտնվեց ու հավաստի դարձավ՝ Արատես տանող ճանապարհը քանդակագործության, ճարտարապետության միջազգային ամենամյա փառատոնի հարթակը կլինի՝ իր բազում բնապատկերներով, որոնցից յուրաքանչյուրը մնաց մեր ֆոտոօբյեկտիվներից մեկի հայելիում… Ոչ միայն կտեսնեք։ Կհանդիպենք։ Առջևում նախափառատոնային մայիսն է։

Սմբատ Պետրոսյանի օբյեկտիվից։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1637

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կրթահամալիրյան Բանգլադեշի նոր քարտեզի մասին է իմ կիրակնօրյա գիրը․ շատ սիրեք ու շատ ճամփորդեք․․․

«Տեր Աստված, այսօր երեկոյան ես քեզնից խնդրում եմ, որ դու խորացնես և ամուր դարձնես իմ գիտակցությունը քո ներկայությամբ, որպեսզի ես ապրեմ աշխարհում, բայց չպատկանեմ նույն այդ աշխարհին»… Հենրի Նուվենի  «Քո

Թափթփված օրագիրն իմ ու պուպուշ-անուշ ընթերցողը․․․

Եվ աքաղաղը վերադարձնում է ծիածանի (թափթփվա՞ծ) գույները․․․ Տեսե՜ք` ինչ գույներ են իմ օրագրի ընթերցողին ծանոթ Չինաստանի Դոնչուան նահանգից․ այստեղ է գտնվում Կարմիր երկիրը, որպես ութերորդ հրաշալիք աշխարհի։ Ուզում ենք, չէ՞,

Գնում եմ պարտեզ՝ ընկերներիս… շաշացնեմ

Ահա այսպիսի ծրագրով է մեր առյուծ տղան փետրվարին պարտեզ գնում. Արմինե մայրիկն անհանգստացած է, ես՝ ոգևորված… Գլխավորն այն հավեսն է, դրական ձգտումը դեպի ընկերները, դաստիարակները… Օրեր առաջ չորս-հինգ տարեկանների ծնողների