Հեւքն է կուրծքիս, թարթիչներուս վրա՝ փոշին։
Սիրտս սափորն է դատարկ,
Ու ես կերթամ դեպի աղբյուրը լույսին…
Դ. Վարուժան
Կիրակնօրյա իմ գիրն այսպիսին է՝ որպես ֆեյսբուքյան արձագանքը նրա, ինչ հասցրի կարդալ առավոտ գիշերով, ինչ ինձ թվաց, որ կարող է ներկայանալ որպես իմ շաբաթվա ամփոփում։ Վերնագիրն այսպիսին է՝ կերթամ աղբյուրը լույսին։
Ամենածանր բեռը, որ դրվում է երեխայի ուսերին, ծնողների չապրած կյանքն է:
Սա նշանավոր Կարլ Յունգի խոսքն է։ Բուրաստանը մեր սրան այսպիսի լրացում է արել՝ որպես մեկնաբանություն։ «Եվ ծնողների կիսատ մնացած երազանքների իրագործումը»։ Աստղիկ Իսրայելյանն էլ մեր՝ այսպիսի հետևություն. «Այո՜։ Թողեք անհատին, երեխային՝ ապրի իր կյանքը»։ Կարևոր է, որ անարձագանք չմնաց Յունգը։
Հովհանննես Թումանյանին անդրադարձը միշտ է ու տեղին՝ ամենախորն ու մարդկայինը, որ բերել է բոլորիս այս ազիզ օրով Արմինե Թոփչյանը երգչախմբի մեր բլոգով։ Զատկին նվիրված Թումանյանի պատմությունից երեք միտք տարբեր հատվածներից առանձնացնում եմ՝ որպես այս պատմության գլխագրեր, Արմինեի հրապարակմանն արձագանքողների ընտրությամբ։
Էս ամենի մեջ ո՞ւր է Քրիստոսն ինքը, ո՞ւր մնաց նրա անսահման սերն ու բարությունը, նրա աստվածային մեղմությունն ու խաղաղությունը, նրա հեզությունն ու անընչասիրությունը…
… միայն մի բան, որ հաստատ է, որ հարություն է առել Զատկին ու հարություն է առնում ամեն զատկի և միշտ դարձնում է Զատիկն էնքան տենչալի ու գեղեցիկ, դարձյալ բնությունն է…
Իսկ Քրիստոսը – ո՜վ գիտի քանի մարդկանց սրտում է հարություն առել: Անշուշտ շատ քիչ մարդկանց սրտում: Եվ ո՜վ գիտի որտեղ են նրանք, ի՜նչ անկյունում, ի՜նչ զգեստի տակ… ով էլ որ լինեն, ուր էլ որ լինեն – էնտեղ օրհնյալ է հարությունն Քրիստոսի…
Ծառապատումը՝ Աշոտ Բլեյանի։
Վարդ Սիմոնյանի գրառումն էլ իմ այս շարքում տեղին թվաց՝ Մարդու որդու հարության մասին…
Զատկի ամենամեծ հրաշքը Քրիստոսի հարությունը չէ. մարդն ամեն օր կատարում է այդ հրաշքը՝ մեռնել հառնելով. ապրելու ահռելի ջանքը մարդու ամենօրյա հարությունն է:
Այսօր մարդը զատվում է ամբողջից՝ ամենայն «մարդկայինից»: Աստված ցնծում է՝ տեսնելով իր ստեղծագործության հարազատ բնագիրը՝ մարդը մենակ է, մարդը մենակ է…
Ու չավելացնելու-չծանրաբեռնելու համար կիրակնօրյա գիրը, բայց նաև ամբողջական դարձնելու՝ Ծովինար Բանուչյանի՝ այսքա՜ն իրեն նման, այսքան հարազատ, որտեղից՝ որտեղ, եղբայրության մասին քրիստոնեական՝ մեր օրերում շա՜տ կարևոր ու վտանգավոր մոռացված, իբր թե հեղափոխությունը… եթե եղբայր ենք մենք։ Ինչ էլ որ լինի, ընկերը մնում է ընկերոջ կողքին։ Մեղավոր կլինի, պատիժը հետը կտանեք, անմեղ կլինի, մինչև վերջ կգնաք արդարացնելու, ես ուրիշ ձև չգիտեմ ընկերության։ Հուզվեցի, Ծովինար ջան։
Աստղիկից, որ Զատիկին հինգ ամսական դարձած, բոլոր շնորհավորանքներն ընդունում եմ, այս տեսանյութը, որ իմ արձանագրածն է, ձեր-մեր եթերում դիտեք։ Դե, Զատիկ է, ու մեր Աստղիկը՝ հինգ ամսական, միշտ հետաքրքիր։
[youtube https://www.youtube.com/watch?v=8usMXsK_330]
Վերնագիրը Նունե Մովսիսյանինն է, որ որպես նախագծի անուն, հրապարակված է mskh.-ի առաջին էջում։ Վերցրի, որ կարդաք։ Ինձ թվացին կարևոր և՛ վերնագիրը՝ Կերթամ աղբյուրը լույսին, բանաստեղծությունը արևմտահայերեն։
Եվ որպես հետգրություն, եթե ավարտել եք, ինձ հեղինակային մանկավարժության պակասն այցելեց, և ահա «Ինքնագլորներով ստուգատեսը Հարավում»… Որքա՜ն պարզ է, որքան զատկական, մանկավարժական, հեղինակային…
Այսպիսի կիրակի, որ բոլոր մտքերով, քաղումներով, բոլոր ոգևորումներով, մեր ուսուցչի, Հիսուսի հետ է կապվում, նրա հրաշափառ Հարության հետ…
Հինգ ամսական Աստղիկ-Ածիկ-Զատիկը։
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1638