Օրհնվա՜ծ եք դուք, երկիր, երգ ու կյանք…

Մեր վաղուց արդեն 6-րդ տարին թևակոխած 5 տարեկանների ամենամյա ծրագրային հավաք-ստուգատեսին բոլորն են պատրաստվում՝ և՛ քոլեջում, որպես ընդունող կողմ, և՛ մեր բոլոր փետրվարիկները իրենց դասվար-դաստիարակներով, ընտանիքներով իհարկե: Դավիթն էլ Բլեյան այս շարքում: Իր ընտրությամբ դարձել է Թումանյանի «Ճամփորդների» աքլորը, իբր քիչ աքլոր կար: Փորձեր են անում, խաղում-բերանացի անում-յուրացնում, տեսեք, ի՜նչ ծավալի Թումանյան…

— Կերպավորված պիտի գնամ դպրոց, տնաշեններ, ընկեր Մարինեն է ասել…
Մորաքույր Ռուզանը առցանց-անկողնային ռեժիմում Դավթին կերպավորել է, մեդիայի զորուն մեռնեմ, Արմեն ախպերը ցուցադրում է-խաղում աքլոր, Դավիթն էլ, պայծառացած-անհամբեր սպասում է իր այսօր ուղիղ ժամը 11-ին սկսվող տոնախմբությանը…
— Դավի՛թ, տղաս, տեսնո՞ւմ ես՝ ինչ մորաքույր ունես, հիվանդ ժամանակ էլ իրեն չի խնայում…
— Դե լավ, հերիք ա խոսես, հասկացել եմ, աչք չունե՞մ, ինչ է…

Արմինե մայրիկին հուսահատության դուռը հասցնելու աստիճանի դժվարը Դավթին խմբից հանելն է, տուն բերելը…
— Դավիթ, էն տնօրեն հայրիկդ ի՞նչ կմտածի, տանը մենակ, խնամքի կարոտ…
— Հա՜, հա՜, հա՜, էլ ի՞նչ գիտես, հորինի՝ ծափ տանք:
Դավիթն էլ կրթահամալիրի տնօրենի անուն ազգանունով «բեյջ» է գտել-կախել, աքլորավարի գնում-գալիս է տնով մեկ…
— Աքլորացել ես, որ ընկեր Մարինեն ժամացույցդ վերցրել է…
Երկուսով նայում են ինձ… Դավիթն օրեր առաջ ընտրել-առնել է տվել մի դիմակ՝ իսկական ժամացույց, որով մենք հաշվում ենք-չափում ժամանակը՝ րոպեն, ժամը, օրը, կեսօրը, ամիսը, տարին, հարյուրամյակ ու հազարամյակ…
— Դու, քո ժամացույցը և բոլորիս հարգելի ընկեր Մարինեն… Մի՛ թող քո ուսումնական գործերը մեր ուսին: Քա՛յլ արա: Դավիթ ջան, առավոտ կերպավորված գնա, խոսի, խնդրի, կարող է՝ դչրան է սպասում…

Հյուսիսային դպրոց-պարտեզ, 6 տարեկաններ:

Արկակոծվել է Արցախի Մարտունին. զոհվել է պայմանագրային զինծառայող 1980թ. ծնված Նվեր Բաբաջանյանը… Դիպուկահարի կրակոց չէ սա… 82 միլիմետրանոց ականանետերից, հաստոցավոր հակատանկային (ՀՀՆ-9) ու ենթափողային (ԵՆ-25) նռնականետերից հայ դիրքապահերի ուղղությամբ արձակվել է 10 արկ… Իսլամն էլ դառնում է ամենատարածված կրոնը մինչև այս հարյուրամյակի վերջը… Աջ ու ձախ, քաղաքագետներ դարձած նախկին ու ներկա կուսակցական-պետական-զինվորական գործիչները խոսում են մի մոտեցող-անշրջելի-անխուսափելի իրողության մասին՝ հայ-ադրբեջանական նոր պատերազմի… Ու համարյա առիթ՝ մեր ախոյան-անուղղելի Ադրբեջանին վերջին հարվածը հասցնելու…

Իսկ մենք՝ հիվանդ քեռակին, հեղինակային մանկավարժության ծրագիր՝ իր Տերյան-Թումանյանի աշխարհներով… գրական նոր սերնդով… «Ալլահից ղրկված» և «Ահմադը» պատմվածքները կարդալուց հետո ես կարող եմ ասել, որ Հովհաննես Թումանյանը իսկական… մտավորական է»: Այսպես առաջին դեմքով, ես-ով է խոսում-գրում-քննում մեր 10-րդցի Նորայր Ասատրյանը: Իսկական լապտե՞ր… իր հասակակիցների, նոր սերնդի համար…

Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանցիների այցը Հ. Թումանյանի թանգարան: Լուսանկարները՝ Սեդա Վիրաբյանի:

Ներկայացնեմ քեզ այդ սերնդի մի քանի անդամների… Նորայր ջան: Սիրով: Դավիթ Առաքելյանն ու իր ընկերները, այսպիսի առաքելություն ունի՞ ստուգատեսային-նախագծային ուսուցումը, ջնջում են մեր պատկերացումները տարիքային սահմանների մասին… Տեսեք՝ վերլուծությունների ի՜նչ փաթեթ է ներկայացնում 7-րդցիների այս գեղեցիկ-խելացի-ազատ խումբը՝ Դավիթը, Արեգը, Նարեկը, Գեղամը, Էլլադան, Տիգրանը, Գոռը, Սամվելը, լույս աշխարհ եկած 2007-ին, ասել է թե 12 տարին չբոլորած… Հովհաննես Թումանյանի հրապարակախոսությունն են վերլուծում… Դառնացած  ժողովրդի  շտկման ուղին չէ՞ սա… Չէ, Դավիթ Առաքելյան, ինչ-որ բան փոխվում է-փոխվել է այնուամենայնիվ… Սա չէ՞ ճանապարհը, կրկնելով նույն Թումանյանին, ավելի լավն ունենալու…

Բարեկենդանի ծեսը չի լքում մեր աշխարհը, ինչպես և ձմեռվա խաղերը… Տեսեք երկու տեսանյութ, որ խաղ է ամբողջությամբ. ա՛յ քեզ հեղինակային մանկավարժություն՝ Նառա Նիկողոսյանն իր ծեսով, ու Հարավի 2-5 տարեկանները Ջրվեժում… Նայի՜ ու նայի՜…

Ես խիղճ չունեմ, ես ունեմ միայն նյարդեր… Ճապոնական նոր գրականության հիմնադիր սիրելի Ակուստագավան, ում ես դաժանորեն երեկ ավելացրի իմ բացված-ընթերցվո՞ղ գրքերի շարանում, այսպիսի մի վիճակ է բնութագրել… Ատամնաբույժը, ով իմ հին գործընկերոջ՝ փոքր Փանիկի դպրոցի երկարատև տնօրեն, ֆիզիկայի ուսուցչի տղան դուրս եկավ, շատ վստահելի մասնագետ ու բարեկիրթ, իմ հարցին հետևողական՝ ինչո՞ւ հենց հիմա… թվարկեց մի շարք հնարավոր ազդեցություններ, ու մեկ էլ.
— Ձեր դեպքում, իհարկե, նյարդերն են տեղի տվել…

Նկարչություն ապակու վրա. Հյուսիսային դպրոց-պարտեզ, 2-րդ դասարան:

Նահանջ երգո՞վ… Իմ ունեցած պաշարը նյարդերի պիտի խնայել-զորացնել… Բուժել… Կա՞ ուրիշ աշխարհ սրա համար, քան սեբաստացիական լեն-լուսավորը… Թումանյան Հովհաննեսը մահիճ մտավ, Կոմիտասը՝ հոգեբուժարան, Տերյան Վահանը բռնեց Օրենբուրգի ցուրտ-ձյունոտ ճամփան, Զորավարը՝ դեպի Ամերիկաներ… Ի՜նչ ֆիլմեր են, ի՜նչ սցենարներ…
Ղոչախ կացեք։ Թումանյանի պատգամն էր, մեզ, մնացողներիս… Նյարդերը խարխլել չի կարելի, որ զբաղվեք ձեր ստեղծական-լեցուն-աստվածային գործունեությամբ…
— Եվ ես արթնացա խնդության ցավից…

Իսկ թե ինչու Դավիթ Բլեյանն ընտրել էր ոչ թե ամենահայտնի «Անհաղթ աքլորը»՝ մեր խորհրդանիշներից սեբաստացիական, այլ «Ճամփորդները» հեքիաթի աքլորը, այլ պատմություն է…

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#965

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կրթահամալիրյան Բանգլադեշի նոր քարտեզի մասին է իմ կիրակնօրյա գիրը․ շատ սիրեք ու շատ ճամփորդեք․․․

«Տեր Աստված, այսօր երեկոյան ես քեզնից խնդրում եմ, որ դու խորացնես և ամուր դարձնես իմ գիտակցությունը քո ներկայությամբ, որպեսզի ես ապրեմ աշխարհում, բայց չպատկանեմ նույն այդ աշխարհին»… Հենրի Նուվենի  «Քո

Ի՞նչ է պետք՝ Երուսաղեմ ուխտի՞ գնալ, գնում եմ…

Դավիթ Բլեյանը հասավ, իհարկե, իր վերջին օրերի մուրազին. իմ Հասմիկ ավագ քույրիկն իրեն բնորոշ բարեխղճությամբ կատարեց Խաչվերաց տոնին հայտնաբերած Դավիթ թոռնիկի տատիկությունը, այցելեց Դավթին Դպրոց-պարտեզ, նվերներով… նոր մեքենա, քինդեր-ձվիկ ու էլի

Գիր է՝ օրվա իր զիգզագներով, Շուշանի ծաղկած շուշանով…

Ծաղկած շուշանի լուսանկարը և առավոտյան պատումը՝ Դավթի և Աստղիկի ամենօրյա ցտեսությունը, կլինեն Արմինեի ֆեյսբուքյան էջում, հատուկ Վիեննայից հետևող, օրվա զիգզագը անվտանգ պահող Շուշան Բլեյանի համար։ Ցավում եմ, առցանց պիտի աշխատենք