Կանչեր կյանքի, կարոտ աննինջ
Եվ մոռացման տրտունջ անբառ…
Չարենց

Հիմա ես Չարենց եմ կարդում… իմ օրվա ճաշակով. բարձր էլ՝ լսելի ձեզ, քեզ համար, ընթերցող, կկարդամ, իհարկե… Ես լիազորություն չունեմ փողոցի` հրապարակ դարձած-քաղաք բռնած պարմանիների անունից խոսելու. ես ունեմ պարտավորություն՝ պաշտպանելու փողոցը… Ես ո՜նց կարող եմ չպաշտպանել փողոցը, երբ…
— Ես իմ քայլն արել եմ, պա՛պ, գիտեմ…
Որքան էլ ամեն օր յոթ տարեկան դարձող Բլեյան Դավթից ամեն անցում բնական-սպասված է, հանկարծակիի եկած՝ առավոտը 8-ին, միջանցքում, տանից դուրս գալիս, կտրում եմ խոսքը…
— Գիտեմ, պա՛պ, ինչ է միտինգը… Մենք ընկերներով խոսել ենք. միանում ենք Նիկոլին։
Ու էլի քեզ, ընթերցող, հրապարակի-փողոցի շուրջօրյա ուղիղ եթերից յուրաքանչյուրիս ծանոթ-յուրացրած, կենցաղային-առօրյա խոսք դարձած բաներ է ասում Դավիթը իրար վրա՝ մուգ կապույտ բոթասները խնամքով խոզանակով մի լավ պլպլացնելով՝ վրայից… այո, այո, նաև տակից…
— Թող տակն էլ մաքուր լինի, պա՛պ, փողոց է…

«Mind Center» ռոբոտաշինության կենտրոնում:
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Սա՝ երեկ առավոտ շուտ, իսկ իրիկունը, երբ ես ջախջախված ձգտում եմ մահճի, իմ հարություն առնելու ծեսից րոպեներ առաջ Դավիթը՝
— Էս Մելինե՞ն (սեբաստացի պարմանուհի Մելինե Մարտիրոսյան քույրիկը) ինչ եղավ, բա ե՞րբ ենք իրար հետ էս խաղերը խաղալու, էս միտինգը չպրծա՞վ…
Շարել-հավաքել-իր սենյակում պատրաստել է…
— Միտինգ չդառավ, Նիկո՛լ ջան, պատմություն դառավ մեր գլխին…,- շարունակում է…
Ոչ գրային արտահայտություններ…

Նիկոլին ես, պատմել եմ, ճանաչում եմ 1994-ի վերջից, երբ ես ընդամենը օրերի լուսավորության նախարար էի Հայաստանի, նախարարության մամուլի քարտուղարից՝ լրագրող Սերգեյ Հարությունյանից, խնդրում եմ հանդիպումներ թարմ, երիտասարդ, ոչ սովորական, լրագրության մեջ նկատելի քայլեր անող անձանց հետ, որոնց հրապարակումներ-նախաձեռնություններ մտապահվել են… Եկավ Արմինե ՕհանյանըՆիկոլ Փաշինյանը… Հետո արդեն «Դպրոց» թերթի խմբագիր դարձած Արմինե Օհանյանի հետ հանդիպեցինք քաղաքի ամենասիրահար-սիրուն ուսանողական զույգի՝ Նիկոլի-Աննայի հետ…

Շախմատի եզրափակիչ փուլ կրթահամալիրի Կենտրոնում: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Ու այս ողջ ընթացքում, չնայած մի սերունդ բաժանող մեր տարիքային տարբերությանը, գործունեությանը, ժամանակների հախուռնությանը, ոչ միայն չեղանք բարիկադների տարբեր կողմերում, այլև մեր ընկերությունը բռնեց քննությունը, պահեցինք մարդկային, ընտանեկան, գաղափարական հարազատության, հատկապես վտանգի պահին լինելով իրար կողքի… Հիմա ես ավելի շատ լինում եմ մեր վեցերորդցի Շուշան Փաշինյանի հետ, բաց չեմ թողնում հնարավորություն՝ Նելի Արղությանի սան 3-ամյա Արփիի հետ… Նիկոլն էլ՝ Դավթի, Մելինեի, քեզ հետ… Սա՝ իմ պատասխանը, մեր քոլեջի զարմացած ուսանողներից «Խազեր» պատանեկան երգչախմբի անդամի հարցին.
— Տիա՛ր Բլեյան, Դուք պաշտպանո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանին…

Ե՛վ ինքն էր զարմացած, և՛ ես: Ես՝ հարցից, ինքը՝ ինձ նոր, սև, աչքի զարնող մեքենայից իջնելիս տեսնելով… Մեքենայի ղեկին խաղողագործության և գինեգործության պետական հիմնադրամի տնօրեն Զառա Մարադյանն էր, ում հետ մենք շրջում էինք կրթահամալիրի Բանգլադեշում։ Ես առաջին անգամ Զառային՝ մասնագիտական ուսուցման մեր նոր գործընկերոջը, ցույց եմ տալիս մեր Բանգլադեշը։ Սկսում ենք խաղաղագործ-գինեգործներ պատրաստել արտադրությամբ ուսուցմամբ իհարկե և ակտիվ-հետևողական համագործակցությամբ հայաստանյան մասնագիտական շուկայի գործընկերների հետ…

Շրջայցի լուսանկարները՝ Քնարիկ Ներսիսյանի:

Շատ կուզեի Լուսինե Բուշի նախագծային խմբի հետ Բոլնիսում լինել։ Հետևում եմ։ Կուզեի բաց չթողնել կրթահամալիրային-գարնանային, ըստ դպրոցների, ամենամյա, շախմատի մրցումները, ներկա լինել բոլորին, երեկ Արևմուտքում, դրանից առաջ գեղարվեստի տանիքին ձեր նկարներով եմ հետևում, հեծանվային-տեխնոլոգիական պլեներն եմ բաց թողնում, արդեն երկրորդը… Իսկ հանրապետության մանկապարտեզների դաստիարակների ամենօրյա կլոր սեղանները բաց չեմ թողնում… Պատրաստվում եմ, ակտիվ մասնակից եմ… 2-ից 6 տարեկանների զարգացման-ուսուցման-խնամքի հարցերը իմ նախապատվությունն են… կրթահամլիրում և կրթահամալիրից դուրս՝ հանրապետությունով մեկ, դուրս՝ առանց սահմանների հեղինակային նախակրթարանային ցանցի ստեղծումից, Նիկոլ ջան, ինձ չեք կտրի… Ինչպես և Բանգլադեշ-արվարձանում կրթական պարտեզի ամեն մի ծափ-տնկիի-լանջի ամենօրյա խնամքից… Երեկ արևելքի մեր դպրոց-պարտեզի Նառա-Նելին ինձ մեծ ուրախություն պատճառեցին, կլոր սեղանից՝ Շամիրամի Անվտանգ, բաց-հետաքրքիր-հիգիենիկ-միջավայրի ներկայացումից հետո Արևելքի պարտեզում տեսցնելով նոր քնի-մարմնամարզության-խաղի ինքնաշեն (ստեղծված է կրթահամալիրում) լուծումը… Հետո ուրախացա՝ Արևելքի կրթական պարտեզում զննելով ոռոգման ցանցը, յուրաքանչյուր կանաչ գոյի ինքնազգացողությունը… Այսպես, կոնկրետ խաղաղ-ինքնահնազանդությամբ ես հաղթահարում եմ ամեն մի անհոգի, փնթի վերաբերմունք, բացթողում… Միացե՛ք ինձ: Ինչպես մեր հինգ տարեկան դարձող սանի հայր Արամը:

Արևելքի նախակրթարանի քնի նորացված հարթակում: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Կրթահամալիրի շրջանավարտ, այսօր մեր նախակրթարանի սանի ծնողը, որ գոհ ու շնորհակալ է խնամքի-զարգացման կազմակերպումից, վերջին շրջանի սննդի կազմակերպման մասին մտագոհություն ունի, որ փոխանցել է կրթահամալիրի տնօրենին նամակով։ Հարգելի Արամ Գալստյան, շնորհակալ եմ վստահության, Ձեր գնահատականի համար։ Դուք եք մեր թիվ մեկ պատվիրատուն։

Ախ, նո՛ւյնն է միշտ քո երգն անծայր,
Բայց միշտ անհուն ու խո՛ր այնպես,
Ինչպես անդարձ մի ճանապարհ,
Որ նոր է միշտ, ինչքան քայլես:

Արփենիկի հիշատակին «Բալլադ սիրո» վերնագրով այս գողտրիկը Չարենցի «Ընտիր երկերում», որ կազմել, առաջաբանը գրել է Հրանտ Մաթևոսյանը, թվագրված է 8-12, 3- 22. V. 1937, իր մահվան օրվանից՝ նոյեմբերի 27-ից, քանի՞ օր առաջ… Այսպիսի Չարենց…

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1350

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իրավունքով օրհնության ամենաթափանց զորությամբ

Ավագ հարս Ռոզալիայի օրհնությամբ է Բլեյան Շամխալի մեծ ընտանիքի կյանքը 1961-ից, երբ մեծ-անմոռաց հարսանիքով մտավ մեր տուն… կեսրար-կեսուրով, տալ-տեգրերով, ադե տատով, շեն-հետաքրքիր-բարդ օջախ… Օրհնելով մեզ՝ մի ողջ կյանք ապրեցիր մեզ

Ծննդյան օրվա նշումը, ինքնության հաստատումը, բարձունքի նվաճումը հայրենիքի հետ կապի նորոգում

Հայաստանի, Երևանի, Բանգլադեշի ամենա-հուշարձանն ինձ համար Արարատն է. Դեպի լյառը անհաս ու վեհանիստ Դեպի գագաթը բարձր, որ իր ժողովուրդը Համարել է հավետ իր գոյության խորհուրդը, — Որ ճաշակե այնտեղ հավերժական

Խելացի մեռելոց ու ֆլեշմոբներով որպես գետ հորդող ուսուցում…

Մեռելոցի օրվա իմ աշխատանքային այցը քոլեջի՝ կրթահամալիրի արևելյան կասկադը եղավ Ախալցխայի Մեծ Պամաճ գյուղից քոլեջ ուսանելու եկած 1-ին կուրսեցի Արտաշես Հարությունյանի, իր ընկերների և ուսուցիչների աշխատանքային առաջին փորձությամբ կատարված հողագործությունը