Հիմա, երբ 9։30 միջին ու ավագ դպրոցի սովորողներին՝ Իվետա-Անահիտ-Սմբատ երրորդությամբ, ճանապարհել եմ Աշոցքի լեռնադահուկային, «Չաչանակներ»-ի Կարինե Գոմցյանի ու Շուշան Փաշինյանի լրատվական ապահովմամբ, 10։50՝ միջին դպրոցի՝ Ստելլա-Մենուայի Արատեսի խմբին, նախագծային պատրաստության ստուգմամբ, հասցրել եմ անցնել Արևելյան դպրոցի պարտեզային խմբերով, 2-5 տարեկանների գլուխկոնծին ու թռիչքները ստուգել, նույն վիճակն է՝ գոհության, որ թևածում է ինձ հետ, ինձանից առաջ, որ կար երեկ Բաբուջյան Կարինեի 3-րդ դասարանում իմ հանդիպումից առաջ-ընթացքում-հետո, որ այնքան լավ փոխանցել է մեդիայով՝ ֆեյսբուքով-mskh-ով, ֆիլմով, Արմինե Թոփչյան ընկերը մեր։ Գոհություն, որ առավոտյան 9։00-ի ուսումնական ժամերգությանը ունեցա Սուրբ Երրորդության եկեղեցում, զանգերի ղողանջումով։ Որ Դավիթ Բլեյանի ու Աստղիկի առավոտյան հանդիպումով էր, ամենօրյա դարձող…

Բաբուջի դասարանին դեռ կանդրադառնամ, օդանցք եմ փնտրում մտնելու, ինչպես 9-րդ և 12-րդ դասարանցիներին մեր՝ ուսուցման գործի ուսումնական 3-րդ փուլի կազմակերպմամբ. թող միջավայրը նոր իրենց կյանքով յուրահատուկ, ակնհայտ-շոշափելի դարձնեն…

[youtube https://www.youtube.com/watch?v=itkru5xpGQs]

Երեք ուղերձ 3-րդ դասարանցիների հետ հանդիպումից՝ որպես սեղմագիր

— Աշո՛տ Բլեյան, Դուք ո՞նց եք անում, որ այստեղ բոլորը շատ բարի են… Դուք էնպիսի դպրոցներ եք ստեղծում, որ երեխաները սիրով են հաճախում:
— Էդ ես մենա՞կ եմ անում, հո ես ձմեռ պապ չե՞մ։ Ձմեռ պապը, որ ձմեռ պապ է, օգնականներ է գտնում բազում, բոլորին դարձնում է իր օգնականը…
Մենք ընկերություն ենք անում, իրարից գիտենք, իրար հետևում ենք, ուշադիր ենք, նախանձ չենք, իրար հաջողություններով ուրախանում ենք, հասնում ենք, իրար օգնում ենք, երբ որ պետք է օգնել…
Լավ ընկերություն որ անենք, արդեն բարի միջավայրը կլինի…

Ճամփորդությունը ամենալավ ձևն է մեծանալու։  Ճամփորդությունը հասունացնում է մարդուն, որովհետև ճամփորդությունը դարձնում է ինքնուրույն, դա մեծի գործ է: Պիտի կարողանաս իմանալ՝ ուր ես գնում, ինչ ես հետդ վերցնում… Ճամփորդությունը ընկերություն է, ճամփորդությունը տոկունություն է դժվարություններ հաղթահարելու, ճամփորդելը հետաքրքիր է… Ճամփորդելու ժամանակ դու հանդիպում ես հետաքրքիր մարդկանց: Ճամփորդությունը պատում է, փոխանցում է, արտակարգ իրավիճակներ են, արտակարգ իրավիճակներում գործելու հմտություն է…

— Աստղիկ Բլեյանը մոտենում է երեք ամսականին, Դավիթը գնացել, Աստղիկի օրորոցի մոտ կանգնած, կլանված, օրորոցի ճաղերի արանքից նայում է իր քույրիկին, ու ինձ ասում էի՝ ես չգիտեի, հայրիկ, որ երեխաները էսպես են դառնում, էսպես են մեծանում…
Իր համար զարմանալի է. իր աչքի առաջ արդեն քույրիկը իր հետ խոսում է-արձագանքում է, տեսնում է…
Մարդու մեծանալն էլ մի ճամփորդություն է… Թումանյանը լավ է նկատել՝ ու թե աշխարհը ինչից է շինած էլ չեմ հասկանում… 

— Դավիթ,- կանչում եմ այսօր առավոտյան տնով մեկ,- ուշանում ենք, պիտի դուրս գանք, ո՞ւր ես…
Ձայն չկա… Զգույշ մտնում եմ ննջարան մեր։ Դավիթը՝ Աստղիկի օրորոցին հակված, ակնապիշ. քույր ու եղբայր իրար հայացքի մեջ են, աչքերով, ժպիտով, միմիկայով… հաղորդակցության մեջ են… Աստղիկը ճանաչում է եղբորը, փնտրում նրան հայացքով, իր նոր սայլակի մեջ, Դավիթը թաքնվում է, հայտնվում, Աստղիկը գլուխն է շուռ տալիս… գտնում է… Արմինեն ու Լիլիթ ավագ քույրիկը երեկ ընտրել են սայլակը, ու Դավիթը պատրաստվում է վեց կգ-անոց ծալվող-հավաքվող սայլակով քույրիկին տանել զբոսանքի առաջիկա շաբաթ…  Կռասավեց սայլ է. դեռ կտեսնեք, սայլն այս կիջնի դեռ…
— Իմացա, Աստղիկին, պա՛պ, Աստված է ստեղծել…

Իսկ հեծանվով իմ, վճռական, խրոխտ, օրվա վերջին, լուս ու մութով ես գրանցեցի-խփեցի իմ 2019-ի ռեկորդը… Ես, անկասելի է ու անվրեպ, այսպիսի համընդհանուր վարորդական համերաշխության աջակցության արժանացա… Կեցցես, երթևեկություն ճանապարհային, որ ինձ ներառեցիր։

Գոհություն, որ հասա տուն, որ քնեցի-մեռա 11 ժամ անընդհատ, 2019-ի իմ մյուս ռեկորդով։

Իմ գոհունակությունը գիր դարձավ…

#1575

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիր է՝ բաց-մասնակցային, մտքերի, հայացքների, ճաշակների փոխանակում…

Աստղիկն ամեն անգամ ուժգնացող ճղղոցով գցվում է դեպի Դավիթը ու… բռնում եղբոր գիսախռիվը, բաց չի թողնում… Դավիթ Բլեյանը Աստղիկ քույրիկին դիմում է միշտ փաղաքշական՝ «գոճի՜» կամ «ճուտ-ճուտանի-անպիտանի», ամենանուրբ, զգույշ վերաբերմունքով,

Սեպտեմբերի 1-ից մինչև կրթական շքերթ, կրթական շքերթից մինչև Սեբաստացու օրեր. համեցեք

Նայենք mskh.am-ում տեղադրված կրթահամալիրի օրացույցին՝ նոյեմբերի  13-15-ին Սեբաստացու օրեր կրթահամալիրի տոն է: Իսկ թիվ 183 դպրոցը Հարավարևմտյան զանգվածի կիսակառույց Բ-1 թաղամասում առաջին ուսումնական տարին սկսել է 1984թ. սեպտեմբերին. ասել է, թե «Մխիթար

Օրվա խրոնիկան՝ որպես գիր

Հաղորդագրություններ օրվա, որ բերում եմ իմ գիր