Օստեոխոնդրոզի հետ խաղ չեն անի՝ այս մեկը լավ գիտեմ. դեմը պետք է առնել, քանի չի զարգացել, թե չէ սև «բեկում 2015» կբերի բոլորիս գլխին…

Շաբաթ-կիրակին ես օգտագործում եմ նպատակային… Շաբաթ օրը փոքր, մասնագիտական խմբերի հետ անշտապ ու հանգամանալից քննարկում եմ մայիսյան 10-րդ հավաքի պատրաստության ընթացքը։ Բեկում արձանագրվեց ԱրհեստագործականՆոր դպրոց կասկադի այգեգործական աշխատանքներում… Մայիսյան հավաքի ծրագրով՝ որպես նորամուտ, մենք ներկայացնելո՞ւ ենք իր երկարատև անավարտությունը հաղթահարած այս նախագիծը։

Այսօր մեկնարկեց «Տիգրան Հայրապետյանի օրեր» հասարակագիտական ամենամյա բաց ստուգատեսը, որ իր արժանի տեղն է զբաղեցնում կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված մյուս ստուգատեսների շարքում՝ որպես ինքնուրույն ու ծավալուն ուսումնական բնագավառ…

Պատմաբան, հայագետ Արտակ Մովսիսյանի վարպետության դասը:
Լուսանկարները Մ. Մկրտչյանի

Օրվա վերջում  Կոմիտասի թանգարան-ինստիտուտի նոր համերգային դահլիճում Երևանի կամերային երգչախմբի կատարմամբ հոգևոր երգերն ինձ համար թերապիայի գործուն միջոց եղան…

Հետաքրքիր ստացվեց. երկու օրում վերականգնեցի տարիների իմ բնականոն ռեժիմը. քուն՝ ճիշտ կեսգիշերից մինչև առավոտվա 5-ը: Բարի գիշեր ուղիղ կեսգիշերին, որքան էլ Դավիթ Բլեյանն ինձ համառորեն շեղում էր… Փորձում էր: Իսկ կիրակին անցկացրի անկողնային ռեժիմում. իմ բոլոր կենսական ուժերի համախմբում՝ ընդդեմ չարիքի առանցք օստեոխոնդրոզի…

Օրվա վերջում, իրիկունը ժամը 9-ից, Դավիթ Բլեյանը, իբր քնելուց առաջ օրոր, ուղիղ 3 ժամ քամում-կլանում է մեր կենսական ավիշը. 3-6 տարեկաննների համար նախատեսված 3 գիրքը դարձավ «լավագույն նախադպրոցականը» մեր նոր, ընտանեկան խաղի բովանդակությունը… Նազենի աստղ Հովհաննիսյանը իր՝ երեկ մեկնարկած «Ամենախելացին» խաղով, կնախանձի… Քեռու հետ չեն մրցի, որքան էլ աստղ ես, Նազենի Հովհաննիսյան…
— Հարցեր տվեք՝ պատասխանեմ,- վստահ պնդում է Դավիթն ու, իրոք…
Կեսից էլ.
— Հիմա ես տամ՝ դու պատասխանի… Գայլերն ի՞նչ են ուտում, հայրիկ…
— Ընտանի ու գիշատիչ մանր կենդանիներ,- գլուխս պրծացնում եմ ես…
— Չէ, անուններով ասա, տեսնեմ՝ գիտե՞ս…
— Նապաստակ, ոչխար, այծ, հորթ… եղնիկ…
— Մեղք են, չէ՞… Մեղքս գալիս են… Որ դրանք չուտեն, ուրիշ ի՞նչ կուտեն գայլերը…
— Ո՞վ կպաշտպանի եղնիկներին, նապաստակներին, հայրիկ…
— Էլի հարցեր տվեք… Իմ իմացած այս երեք գրքից…
— Որ չպատասխանեցի՞ր, Դավիթ տղա…
— Խելոք կքնեմ… սուսուփուս…
Խաբլան է մեր տղան. ագահ, անհագ, խաղասեր, գրքասեր, երաժշտասեր, ջրասեր, իմացասեր… Իհարկե, ընկերասեր…
— Վաղը ես մեր խմբի Ռազին կտեսնե՞մ…

Նկատե՞լ եք` բոլոր տեսակի փաստաթղթերից, ծրագրերից, որ, աշխատանքի բերումով, հա՛մ պիտի գրեմ, հա՛մ կազմակերպեմ, որ գրվի… նախընտրում եմ ուղեցույցները… Եթե հիշում եք՝ 1993-97 թթ բլեյանական նշանավոր, աղմուկ հանած, հասարակական գիտակցության մեջ հետք թողած ուսումնական գրականությունը՝ «դասագիրք» կոչվածները և մեթոդականները՝ ուղղված ուսուցչին և մեր դեպքում, նաև ծնողին, սովորողին, կազմված էին որպես ուղեցույցներ… Ահա, 1-4-րդ դասարանների աշխատանքային տետրերը (գրքերը), 5-9-րդ դասարանների թվաբանության, հայոց լեզվի և ռուսերենի խնդրագրքերը, ընթերցարանները նույնպես ուղեցույցներ էին… Դե, ամոթ էլ է, մասնագետ ուսուցիչը եթե չի կարողանալու ուղեցույցների օգնությամբ կազմակերպել դասընթացի ծրագիրը կոնկրետ դպրոցում, դասարանում, սովորողի համար, էլ ինչի՞ եք դպրոցի վրա ծախսեր անում… 1-4-րդ դասարանների մեթոդական ծրագիր-ուղեցույցները, 5-9-րդ դասարանների լեզվի ուսուցման ուղեցույցները հիմա էլ հաճույքով եմ թերթում, շուռումուռ տալիս՝ մարդավարի, մարդու կողմից ու մարդու համար արված կենդանի գործեր են… Ահա և ոչ առարկայական, ոչ կոնկրետ դասընթացի հետ կապված երկու ուղեցույց, որ այսօր էլ հավանում եմ, գործածում: Մայիսյան հավաքի պատրաստության այս շրջանում շտկել-ամբողջացնելուց հետո դնեք նորից շրջանառության մեջ, որ այն շարունակի մեր սեբաստացիական աշխարհի փոփոխությունների վեկտորն ու կերպը որոշել… ինչպես ահավասիկ տարատարիք սովորողին, ընտանիքին ուղղված «Թող գա սովորելու նա…» ուղեցույցը… Ու սրա կողքին՝ համարժեք, հանրակրթական պետական չափորոշիչով հաստատված-որոշված (նորմատիվ՝ Հայաստանով մեկ)` սովորողին ներկայացվող ընդհանրական պահանջները… Ո՞ւմ են ուղղված, քանի՞ ուսուցիչ, այլ քաղաքացի է կարդացել, որ կարդա, ի՞նչ անի, սրանով ի՞նչը չափես, ինչպե՞ս, ինչպիսի՞ գործունեություն կազմակերպես… Կամ «Կրթահամալիրի 2013-2016 թթ զարգացման հիմնադրույթները»… Եթե 2013-ին կարդացել, գործել, շարժվել եք սրանով, չեք ափսոսա. հասել ենք մի կետի, որտեղից կարելի է և´ ետ նայել, և´ առաջ՝ տեղում չմնալու համար… Հիմա սրա կողքին փորձեք ՀՀ օրենքի ուժ ունեցող լուրջ պետական ծրագիր դնել՝ «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը»: Իմ նման ծրագրասեր, գրասեր մարդն անգամ սրա կարիքը չունի. ո՞ւմ է ուղղված` հարցնում եմ… Սեբաստացի ուսուցիչներ, 2015-ի մայիսյան հավաքին պիտի ներկայանաք ձեր կազմած ուղեցույցներով՝ ձեր ու ձեր գործընկեր ուսուցիչների և սովորողների համար արված… Մայիսյան հավաքին մենք պիտի ներկայանանք մանկավարժության նոր սերնդի` ուսումնական գործի հեղինակային կազմակերպման համապարփակ ուղեցույցներով` տարատարիք սովորողի, ամեն ուսուցչի, ծնողի, մանկավարժական աշխատողի համար գործածական… Ես միշտ եղել եմ այն համոզման, որ դաս-դասարանային ուսումնական համակարգում մեկ դասագիրքը ենթադրում է, որ սովորողի պես ուսուցիչն իր առարկայի համար միայն դասագիրքն է գործածում, մեկ էլ «թեմատիկ» կոչված պլանը՝ որ թեմային քանի ժամ… Ահա ինչու սրա այլընտրանք մեր հեղինակած կրթական ծրագիրը «ինչպեսը»` կազմակերպումն է…

Ուսումնական միջավայր Միջին դպրոցում: 

Ասում են, որ Օրագրում Դավթի մասին ավելի քիչ եմ պատմում… Մեծացել է մեր տղան հանկարծ ու այնքան, որ ինքը պիտի պատմի…
— Դավիթ,- կանչում է մայրը,- էդ մուլտիկը թող, համակարգիչն անջատի, արի, ուշանում ենք:
— Ես չեմ ուշանում, ես մուլտիկ եմ նայում…
— Դավիթ,- միջամտում եմ,- ո՞նց ես մայրիկի հետ խոսում…
— Էս մուլտիկն իր գործը չի, իմ գործն ա, իմացա՞ր…
Հետո էլ, երբ ես «վշտացած» եմ խաղում. թե.
— Լավ ասեցի, չէ՞, հայրիկ…
Ձեռքն աջով բռնած, հաստատուն, աստիճան առ աստիճան իջնում ենք… Դավիթը սկսում է ցատկել, թռչել աստիճաններով…
— Արա Դավիթ, էս ի՞նչ ես անում…
— «Արա»-ն դու ես, այ… կտամ կցխվես…
— Հա՞, Դավիթ, դու կարող ես այդպե՞ս խոսել հայրիկի, մայրիկի, ընկեր Կարինեի հետ…
— Ընկեր Կարինեին մի´ ասա…
— Լավ էլ կասեմ… թող իմանա մեր Կարինեն…
— Այդ դեպքում, չեմ գալիս…
Ետ է շրջվում…
— Ես մնում եմ տանը, դուք գնացեք…
Ծիծաղում է նշանավոր…
— Լավ ասեցի՞, հայրիկ ջան…
Մեծացել է Դավիթ Բլեյանը. դա տեսանելի է և Շուշան Բլեյանի հետ կիրակնօրյա սկայպային եթերի ողջ ընթացքում։ Խնայում է և´ Շուշանին, և´ ինձ այնքան, որ թողեց առաջին պլանում Շուշանի հետ լինենք, իսկ ինքը ողջ կապի ընթացքում՝ 1 ժամ և ավելի, երկրորդ պլանից հսկեց-սպասարկեց մեր խոսակցությունը. նորությունները ցուցադրեց առանց աչք խոթելու, հատկապես, կարմիր-վառ շուշան ծաղիկն ու Ազիզխանյան Լիլիթի նվիրած մուգ կապույտ թեթև մարդատար ավտոմեքենան, ցուցադրեց հեծանվասպորտից իր նոր կարողությունները… Շուշանն ասում է, որ Դավիթը պատրաստ է երկակնանի հեծանիվ վարելու… Դավիթը տղամարդու, եղբոր պես Շուշանին խոստացավ այսօր կտրել մազերը՝ մի քիչ առաջից, մի քիչ հետևից…
— Շուշո ջան, դու շատ ես ուզում, կտեսնես…

Միջին դպրոցը այսօր ձիարշավարանում:
Լուսանկարները Մ.Մկրտչյանի

Չնայած, ով գիտի… Դրանից հետո սիթի-սրահի մի խումբ աղջիկներ գովել-սիրել են Դավթին, ու էլ ի՜նչ մազեր կտրել, ի՜նչ խոստում…
— Հենա մեզ էլ ուրիշ խոստում տվիր, մենք քո քույրիկները չե՞նք…
Այսպես է մարդը սրտակեր դառնում…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հետևողականությունը ինքնահիացմունքի ճանապարհ

— Դավիթ, ձկան պոչ կուտե՞ս: — Մայրիկ, շան պոչ կուտե՞ս: — Դավիթ ջան, անջատիր էդ հիմար մուլտիկը, մայրիկը կբարկանա: — Չի կարա, ես մայրիկին կծեծեմ: Իմ էլեկտրոնային փոստը՝ տոնական, զատկական,

Որ փոփոխությունները մեր կյանքի մեզանով մտնեն ամեն մի բնակավայր…

Հարգելի Հայկ Գրիգորյանի նման, համարյա միաժամանակ, մութուլուսին, իմ օրը քանի՜ տարի այսպես է սկսվում, ես էլ չէի անդրադառնա Քոչարյանի թեմային, եթե չծանոթանայի Հայկի այս հրապարակմանը․․․ Սեպտեմբերի 3-ով իր օրացույցային 2018-2019-ը

Մուլտիկ կարելի է նայել, միայն ծխել չի կարելի

«Եվ ընդհանրապես, կարծում եմ՝ մենք կրթական քաղաքականության մեջ շեշտադրում փոխելու խնդիր ունենք. ոչ թե ի՞նչ ես պատրաստվում անել, այլ ցույց տուր խնդրեմ՝ ինչ ես արել»: Սա Նունե Մովսիսյանի ամենաթարմ «Դպիրի»-ի