Իմ քայլքը՝ կրթահամալիրի Բանգլադեշով, իմ Երևանով… Հայաստանով, ամենօրյա է, աշխատանքային, այսպիսով, որ գրագողությունը հետևողական իմ գրում-պատումում բացառեմ, Գրիգոր Խաչատրյանին էլ առիթ է, նորից հանդիպեմ, մենք-ես շարունակում ենք «ոչ թե աշխատել կրթահամալիրում, այլ ապրել» (Գրիգոր Խաչատրյան, անուն բարձր ու վսեմ)…
«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» CARD հիմնադրամի ղեկավար Գագիկ Սարդարյանի հետ երեկ Կարապետ Ռուբինյանի, CARD-ի երիտասարդ մենեջեր Արմանի ուղեկցությամբ անցանք կրթահամալիրի երկրագործության, խաղողի և գինու դպրոցի կայացման, սրա համար է ասված, ճանապարհային քարտեզով… Կեցցե Արմինե Թոփչյան ընկերը, ամենատես-գրանց-ը, որ ինձ ուղեկցեց մինչև… տուն… Այո, նա հասցրել է ոչ միայն լսել, տեսնել, գրանցել, այլև ֆեյսբուքում ու mskh-ում դիպուկ-գրավիչ պատմել է… Երևանյան՝ Պուշկինի 4 հասցեով շենքի (նրա խունացած «Պահպանվում է պետության կողմից» ցուցանակը՝ խորհրդային շրջանից իր տեսքով-դիրքով, մատնում է, որ շենքը շարունակում է զգալ գերակա շահ անունով ամենակուլ հրեշի գոյությունը) հանրահայտ նկուղ-մառան այցելությունը ամիսներ շարունակ հետաձգվում էր… Շնորհակալ եմ Երևանում հայտնի ատամնաբույժների Կիլիկյան ընտանիքին՝ սեփականատերերին, որ ոչ միայն հնարավոր դարձրին իմ Երևանի հետ տպավորիչ հանդիպումը, այլև ուղեկցեցին սիրով…
Մենք երբեք չենք քայլի միասին,
եթե անգամ դա ոչ թե զբոսանք,
այլ երթ է
հանուն արդարության,
ազատության
և հայրենքի։
Առավել ևս։
Կրթահամալիրում էր CARD հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Ի՛նչ անփույթ ենք եղել-կանք մեր քաղաքի նկատմամբ… Երևի 1968 թվին կպած-տոնված 2750-տարեդարձն էր Էրեբունի դարձած իմ Երևանի, որ ամեն տարի, 50 տարի է, այնքան գովերգվեց, որպես աշխարհի ամենա-ամենա-ամենա…, որ 100 տարվա այս գյոզալը՝ Երևանում առաջին ատամնաբուժական կլինիկան ստեղծած-կրած, գինու հնձանը՝ մառանային իր արտադրության ողջ ցիկլով-համտեսարանով, առ այսօր ոչ միայն անտեսվեր, այլև դողէրոցքի մեջ լինեին շենքը-բակը, թթենին, որ կրում է նաև շերամապահության-մետաքսի պատմությունը… Պատկերացնո՞ւմ եք, այս ամենը լիներ ոչ թե որպես հետքեր-հիշողություններ, որ մեծ հարգանքով պատմում էր ռոբոտների գործարանի երկար տարիների ինժեներ Կարեն փեսան Կիլիկյանների տան, այլ գործեր՝ իր բոլոր բաղկացուցիչներով, դառնալով զբոսաշրջիկներ բերող, քաղաքը հնամենի պահող բակերից մեկը: Ինձ կոչեք մենթոր այս բակի վերականգնման ծրագրի, քաղաքապետ ու ավագանի, սեփականատերերի ժողովի որոշմամբ, իհարկե, չեք փոշմանի…
Այն, ինչ զատել է ինձ ձեզնից,
զատել է ընդմիշտ։
Իսկ Վայոց ձորի՝ Արցախյան շարժման շրջանից բարեկամ Գագիկ Սարդարյանի, նրա ղեկավարած՝ Հայաստանում երկրագործության-խաղողագործության ու գինեգործության կայացման զարգացման-ձեռքբերումների մեջ ներդրում ունեցած կազմակերպության հետ կրթահամալիրի գործընկերությունը՝ փոխադարձ համաձայնությամբ, հեռանկար ունի: Սիրով ընդունեցինք հրավերը. Կարապետ Ռուբինյանի ու մեր երկրագործ-կազմակերպիչների մի խմբի հետ փետրվարի 1-ին կլինենք CARD-ում… Պատրաստվել է պետք այս երկարատև քայլքին…
Պիտի մնա՞ն ինչ-որ բառեր աշխարհում,
որ նշանակում են ինչ-որ բան։
Ինչքա՞ն ճառել,
Ինչքա՞ն վաճառել
և մինչև ո՞ւր կարելի է քայլել
ընկերների դիերի վրայով…
Արևմտյան դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողները ՄԻՊ գրասենյակում: Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:
Դավիթ Բլեյանը ոտքի է կանգնում… Ինչ ֆիլմեր է նայում՝ ոչ միայն չի պատմում, այլև չի թողնում մոտենանք իր նոթբուքի էկրանին տեսանելի հեռվից… շըխկ, փակում է կամ տեսանյութը փոխում… Ես բռնացողներից չեմ…
— Դավի՛թ, ի՞նչ ես շարունակ նայում…
— Հո նույն բաները չե՞մ նայում, նոր ֆիլմեր են գալիս, միշտ նայելու նոր բան կա… Ի՞նչ, չգիտեի՞ր, տիա՛ր…
— Մայրի՛կ,- հարցնում է,- էդ դիմակը ինչի՞ չես հանում ամբողջ օրը, անգամ քնելիս…
— Գիտես, Դավի՛թ, օրը քանի անգամ հարցնում ես…
— Հա՜, գիտեմ, բայց օդը ո՞նց է մտնում քիթդ, որ շնչում ես…
— Հո հերմետիկ փակ չի՞ դիմակով, օդի ճանապարհը կա…
— Հա՜, բայց էդ ճանապարհով վարակն էլ չի՞ կարող մտնի քիթդ… Դու պիտի ակվալանգի նման հագնվես, թթվածնի բալոններն էլ՝ մեջքիդ….
Ու ցույց է տալիս, մանրամասներ պատմում։ Այսպես նրա նայած մի քանի ֆիլմի պատմություն ինձ հայտնի է դառնում… Պետք է շատ խոսել, զրուցել երեխաներիդ հետ. հսկողության լավագույն եղանակը սա է… Սա մեր մանկավարժությունից է գալիս։
Գիշերը ժամը երեքին էլ ես օգտվում եմ այս մեթոդից՝ զրույց Աստղիկ Բլեյանի հետ, երբ Արմինեն՝ սննդի-խնամքի գործակալությունը, չի կարող խանգարել… Հանգած է… Րոպեներ, որ ժամից ավելի են ձգվում, հետո զբոսանքը մեր գիշերային, հետո ֆոտոսեսիան…
Գիշերային նկարաշարը՝ Աշոտ Բլեյանի:
Բարի առավոտ:
Միասնության կոչերից հազար անգամ թանկ է
բաժանարար գիծը՝
իմ ու ձեր արանքում,
Գրկախառնության մեջ
ձեզ միաձուլվելուց՝
զատումը ձեզնից,
ձեզ սիրելուց՝
ձեզ ատելը,
զտվելը։
Արփի Ոսկանյանի ստեղծագործություններից է, որ Աստղիկ Բլեյանի հետ ժամից երկար տևած իմ գիշերային բոհեմից հետո ընթերցում եմ… Մի՜շտ հետաքրքիր Արփի, շնորհակալ եմ: Արփիի 2014-ի «ապաքաղաքական» բանաստեղծությունները խառնվեցին իմ գրում… Թող ապրեն իրենց առանձին կյանքում. իմ պատումի միջոցով կարդացեք իմ պատումից դուրս…
Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1560