— Հայրիկ, տես, առանց ջրի երկրագունդը սենց տեսք կունենար…
Հայր ու որդի Բլեյանների խորհրդավոր-համատեղ գիշերվա ավարտին Դավիթը ցույց է տալիս լիալուսինը կլոր ու մեկնաբանում…
— Էս քանի օրը ի՜նչ լուսին է անում, է՜…- տիար Գևորգն է կողքից խրախուսում Դավթին։
Շաբաթ-կիրակի Դավթին բռնած հիվանդությունը փոխել է նրա ռեժիմը։ Արթնացավ գիշերը ժամը 3-ին. Աստղիկի հետ մի սենյակում չի կարելի, մայրիկի հետ կողք կողքի, մի անկողնում՝ նույնպես… Մնացինք ես ու Դավիթը գիշերով ու խաղաղ, մեր տան աղջիկներից ազատ, նրանց հարևանությամբ գիշեր լուսացրինք:
— Դավի՛թ,- ամփոփում եմ լուսաբացի հետ,- ի՞նչ կասես, գո՞հ ես, լա՞վ է ապրելը-բոհեմը իմ գիշերվա…
-Հա՛, երնե՜կ քեզ… Ես չգիտեի։
Բայց ցերեկով մեզ դժվար օր էր սպասում. պատվաստումը՝ և՛ Դավթի, և՛ Աստղիկի շարունակ հետաձգում ենք։ Ես Դավթի հետ՝ Բանգլադեշի պոլիկլինիկա, Արմինեն՝ Ստեփան հորեղբոր հետ Հերացու մանկական գնացինք…
Դավիթը չուզեց իմ խնամակալությամբ պոլիկլինիկայի այցելու լինել։ Շնորհակալ եմ Անուշ Աղաբաբյանին, ելքը գտավ. Դավիթը այս անգամ էլ, ինչպես օրեր առաջ ատամնաբույժի մոտ, հասունության քննություն բռնեց։
Աստղիկը բոլորեց երկու ամիսը, ու մեր անհանգստությունը, որ հունվարի 26-ին հայտարարված մկրտությունը լինի անկասկած, փարատված է… Այն անկեղծությունը, որով սեբաստացիների մեծ խումբ պատրաստվում է մկրտությանը, որպես ուսումնական նախագիծ, շարունակում է ինձ հուզել… Ես չեմ մոռանա-կհատուցեմ… Լավաշը՝ մկրտության հացը, միջին դպրոցի նախագծային խումբը թխում է Արտաբույնքում… ընկեր դարձած ընտանիքներում… Կրթահամալիրում կատարվում-ձայնագրվում, թողարկվում են մկրտության նվեր օրորների սկավառակը, շարակնոցը։ Ով մոռանա, ջուխտ աչքով թող քոռանա…
Արտաբույնքից լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:
Օրացույցում, մեր կայքում՝ հղումներով սոցցանցեր, սովորողների և մանկավարժական աշխատողների պատումներում ուսումնական առօրյան է. սոցցանցերում էլ եթե կա՝ սեբաստացիական է…
«Միասին շրխկացնում են չարխափանները, հերթով խափանում, չքացնում, չիք են անում անցանկալի, խանգարող ամեն երևույթ»… Ամանորյա ծիսական հաշվետու, վերապատրաստվողների մասնակցությամբ, ուղեցույցը տոնկատարության ընկավ ձեռս, երբ օրվա գիրը շարունակելու ընդմիջում որպես սկսեցի դասավորել գրասեղանս… Իմ գիրը-պատումը ներառական է, սրա տեղն էլ կա… Ամենասկզբում ու ամենահաճույքով կարդում-դիտում-զմայլվում եմ Ջրվեժի հատուկ պահպանվող տարածքից, Երևանի սահադաշտերից, Արատեսից սեբաստացի ուսումնական ճամբարականների ուրախության հաղորդումները… Միքայել Ղազարյան համակարգողը՝ կրթահամալիրի մարզադպրոցի ղեկավարի, որպես ճամբարականների ձմեռային մարզաձևերի կազմակերպիչներ գործող սեբաստացի-ուսուցիչների մարդասիրական, այս արդեն քանի՛ տարի հունվարին կրկնվող գործունեությունն ինչպիսի՞ տարածում ունի Երևանում, Հայաստանում… Սոցցանցերում և իրական կյանքում, ձեր ճանապարհին հանդիպեցի՞ք սովորողների այլ, ոչ կրթահամալիրային խմբերի…
Սեբաստացիները ձմեռային Ջրվեժում: Լուսանկարները Լուսինե Սարգսյանի, Իվետա Ջանազյանի:
Օրը քանի՞ հրապարակում կհանդիպեք ֆեյսբուքում այս ետընտրական՝ հատկապես Էջմիածնի, նրա զարգացման փոփոխությունների մասին, ո՛չ ինչ-որ մի վրիպման մասին, ո՛չ Մանվել Գրիգորյանի ու նրա շուրջ զարգացումների… Ես այդպիսիք հունվարյան օրերին ունեցել եմ տասնյակի չափ, հիմա էլ թափով շարունակում-ճյուղավորում են սեբաստացի ուսուցիչ-սովորող ընկերներս… Քաղաքապետի, նրա աշխատակազմի արձագանքը ո՞րն է… Բա որ ես իրենց սպասեի, իմ գործունեությունն իրենցով պայմանավորեի, էլ ինչու էի ապրում…
Ահա զանգում եմ… Լսափողը իրարից խլելով՝ վերցնում են քաղաքապետը Էջմիածնի, փոխքաղաքապետները…
Ներկայանում եմ.
— Ես այն տերն եմ, ում Դուք ընտրվելու բոլոր փուլերում խոստացել եք ծառայել… սպասարկել… կարիքները բավարարել… Ես ունեմ ժամանակակից նկարիչների գործերի ամենօրյա-բաց ցուցադրման պահանջ… Մատուցե՛ք խնդրեմ…
Ես այս մոլոր-կործանում տանող ճանապարհով չեմ գնացել, չեմ գնա, իմը չէ։ Տիրոջ ծառաները «կփոխվեն» այսպիսով, երեկ՝ Հանրապետականը ծառա, դրանից առաջ՝ ՀՀՇ-ն, այսօր՝ Քաղաքացիական պայմանագիրը… Ես եղել ու մնում եմ Նոր ուղի, մասնակցային կառավարման ջատագովը… Ահա ինչու, հիմա իմ գրում ասում եմ՝ Վիգեն Ավետիսի և այլ արվեստի պատվիրատուների հետ սկսում եմ այցելել Էջմիածին. կմտնեմ գործող նկարիչների արվեստանոցներ, կներկայացնենք մեր առաջարկը։ Զանգե՛ք կամ գրե՛ք, եթե գործընկեր եք, հրավիրե՛ք… Իրար ճանաչելու ընթացքում կձևակերպենք նախագիծը՝ Ժամանակակից արվեստի ցուցասրահ Էջմիածնում… Կորոշենք տեղը, ձևը… հնարավորություն կտանք յուրաքանչյուրին՝ Էջմիածնում, նրանից դուրս, որ Երևանից՝ հյուրանոցից, կամ օդանավակայանից ուղիղ մտնում է Մայր Աթոռ, քաղաքին-քաղաքացիներին՝ մասնակիցը դառնալու կարևոր նախագծի իրագործմանը…
Տեխնոլոգ Տաթև Աթոյանի հետ՝ քանդակի դպրոցի, տեխնոլոգիական արվեստանոցի նախագծի շուրջ…
Հիշեցի Ամբերդ գյուղից Հրայր անունով տաքսու վարորդին. ինչո՞ւ… Նա իրական է համարում միտքն այս, վստահությունը օրեցօր շատացող՝ Սփյուռքից մեր հայրենակիցների միջոցով Էջմիածինը փոխելու… Կստացվի-չի ստացվի՝ սկսել ենք. ու այս նախագծով ես ոչ միայն Մայր Աթոռ այցելող մեր հայրենակիցներին, Մայր աթոռն ու Էջմիածինը, ինչպես Հռոմն ու Վատիկանը, լավ կճանաչեմ, այլև կլինեմ ոչ միայն Ամբերդ ազնվացեղ-հին-արդար գյուղում, այլ Էջմիածնի շուրջ՝ Արարատյան դաշտի մյուս գյուղերում… Չպարզե՞նք՝ ինչ շեներ կան, ամեն շենում՝ ինչ հետաքրքիր մարդիկ, որ ոգևորված են փոփոխություններով մեր կյանքի, դրա մասնակից…
Վերնագիրը՝ Գոհար Եղոյանի արատեսյան ձյունաթաթախ տեսանյութից։
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1559