Աշնանային արձակուրդի ընթացքում, երբ Արմինեն ու իր տղուկ Դավիթը մեկ շաբաթ տանը միասին էին, Դավիթը մի անգամ որոշում է․
— Մա՜մ, արի գործերով փոխվենք։ Դու իմ դասերը սովորի, ես էլ քո գործերն անեմ։ Տե՜ս, թե ինչ դժվար է դաս անելը։
— Սիրով,- համաձայնվում է Արմինեն, ու սկսվում է մոր ու որդու համատեղ առօրյան, դեպի կրթահամալիրային մանկավարժական գլխավոր օրակարգ՝ ներառականություն․․․
Դավիթն սկսում է տան գործերն անել՝ մաքրություն, դասավորություն․․․ հերթն իհարկե՛ արդուկին կամ ճաշին չի հասնում, Արմինեն՝ Դավթի, իր սիրած մուլտֆիլմերն է նայում, դասերն անում․․․ Տասը րոպե անց Դավիթը թե՝
— Ո՜ւֆ, էլ չեմ ուզում քո գործերն անեմ…
Արմինեն անհամբեր սրան է սպասում իր դաստիարակչական բանաձևով․․․ տեղն է, մատուցում է…
— Բա՜, Դավի՛թ ջան, գիտես հե՞շտ է մայրիկ լինելը…
— Բա գիտես հե՞շտ է Դավիթ լինելը,- հակադարձում է մեր հերոսը,- բոլորը բռնում սիրում են, հազիվ եմ փախչում, որ չբռնեն։ Դրանից է, որ այդքան ճարպիկ եմ, արագավազ։

Դավթի կրկեսային վարժությունները երեկոյան՝ բազմոցի վրա, տնով մեկ… վտանգավոր են։ Ես դրան եմ ասում․․․ մամա՜ ջան՝ առանց իմ վախերը ցույց տալու․․․ մանկավարժություն է Դավթի հայրիկի. ամենադժվարը… ի՞նչ, չգիտեի՞ք։

Երաժիշտ Արթուր Շահնազարյանը, իմ սիրելի հարս Սվետայի ուղեկցությամբ երեկ երեկոյան  մեր տան սեբաստացի թագավորն էր… ԱՄՆ-ից՝ Լոս Անջելեսից, նոր վերադարձած, որտեղ իր միակ քույր Սաթիկն է՝ դերասան, իր հայտնի կիթառահար ամուսնու հետ, դեռևս խորհրդային շրջանում բնակություն հաստատած։ Արթուրի զրնգուն ծիծաղը, յուրահատուկ, սպիտակ, արտահայտիչ դեմքը… Ի՜նչ լավ է, որ քույր- եղբայր գտել են իրար, որպես երկու որբեր, հեռավոր մայրցամաքում… Երաժիշտ- հայագետ Արթուրը մեր, կարևոր է, փակուղային մի շրջանում կտրվեց կենցաղից, ոչ ստեղծագործական, սիրտ մաշող պայքարներից ու Լոս Անջելեսում իր «Խազերի» երրորդ հատորի շնորհանդեսի հետ մասնակիցը եղավ մեզ հայտնի, ֆրանսիացի երաժիշտ Արթուր Ահարոնյանի հետ երաժշտագետ, դիրիժոր Վաչե Պարսումյանի «Լարք» կազմակերպության նախաձեռնած ամենամյա «Դիլիջան» հայտնի փառատոն-համերգի պատրաստությանը․․․ Որքա՜ն հոգատար է մեր Արթուրը կրտսեր ընկերոջ նկատմամբ, որքա՜ն սիրով ներկայացնում էր նրա հաջողությունները․․․ Ա՜խ, Արթուրի քավորը ֆոնդի նախագահ կամ բիզնեսի տեր լիներ, ազատեր 60-ը բոլորած, իր ստեղծականության տարերքում գտնվող արվեստագետին, որ նա զբաղվեր բացառապես երաժշտական լուսավորության, ուսուցիչ-դաստիարակների երաժշտական կրթության հարցերով․․․

«Ուսումնական մառան» նախագծով Արթուրի համար հավաքած տոպրակը, մեր սեպտեմբեր-հոկտեմբերի ճամփորդական փոխանցման երգարանների շարքը․․․ մեր գինին զարմացրին-հիացրին-գինովցրեցին իմ սիրելի սանիկներին․․․ Երկար մնար, իր կենդանի խոսքով, բայց հայագիտությունից-երաժշտությունից խոսեր-պատմեր-ցուցադրեր, որ ես կարողանայի հաղթահարել այս աննորմալ ռեժիմը գիշերային․․․

Առավոտյան Հանրապետության հրապարակից Բանգլադեշ սեբաստացիների քայլք։
Լուսանկարները՝ Միքայել Ղազարյանի։ 

Սաթենիկ Շահնազարյանի նման անջնջելի ազդեցիկ ծիծաղում է և Աննա Հակոբյանը, սեբաստացիներ՝ Աշոտ, Մարիամ, Շուշան, Արփի Փաշինյանների մայրիկը․․․ Ես ու Աննան, 1994-1995-ից սկսած, միշտ գտել ենք մի միջանցք՝ ժամանակի, տեղի, իրար վստահությամբ խոսքեր փոխանցելու, բամբասելու, բնական է, հիմնականում Նիկոլից, ու իմ հաջողված մի անցումի վրա մեկ էլ որ Աննան չի՜ պայթում ծիծաղից․․․ Չկորցնես քո ծիծաղը, Աննա՛ ջան, ու որքան էլ բազմազբաղ՝ ես էլ, դու էլ, մենք մեզ անբաժան դարձրած քառյակ Փաշինյաններ ունենք, ես՝ իմ տիար-տնօրենի, ընկերոջ-հարազատի անօտարելի պատասխանատվությամբ, չփոխվենք, այնքա՜ն պարզ մնանք, որ ծիծաղի կենսական ձայները քո միշտ թարմ հնչեն, կենդանի՝ ինչպես երեկ, հարիսայի սեղանի շուրջ, Շուշան Փաշինյանի ընկերների-ուսուցիչների հետ․․․
«Տիկնանց տիկին» արտահայտությունը, որ ես իմ խոսքի, հրապարակային դիմումի մեջ գործածեցի մեկ-երկու անգամ, ի՜նչ լավ է, որ սղոցում էր ո՛չ միայն իմ, այլև միշտ սիրելի Աննայի լսողությունը.
— Չե՞ք կարծում, տիա՛ր-պարոն Բլեյան, որ այդ ձևն իմը չէ․․․
— Իհարկե,- կտրեցի,- դու շատ ավելի լավն ես, ազատ, հետաքրքիր եղիր․․․ աղջկական․․․ որ շուտ-շուտ բամբասենք մեր Նիկոլից…
Ու Աննայի զրնգուն ծիծաղը…

Աննա Հակոբյանը շտապում էր «Զվարթնոց» օդանավակայան. վարչապետ ամուսնուն Փարիզ պիտի ուղեկցի։ Դուրս էր գալիս Շուշան, Արփի Փաշինյանների, մեր ուղեկցությամբ, բայց հասցրեց իր տեսաօբյեկտիվով տանել Մարմարյա սրահում Ավագ դպրոցի հարիսայի ծեսի մասնակիցների՝ Հայաստանից ու Արցախից, շուրջպարը…

Իհարկե, հեշտ չէ չորս ինքնավար անհատականությունների մայրիկը լինել, որոնք սովորել են իրենց կյանքը իրենց որոշումներով, ազատ ապրել, ներառական, ինքուրույն լուծել առաջացող խնդիրները, քիչ է, ձեր աչքի առաջ է, այսպիսի խասյաթով, ուժեղ անձ- վարչապետի կինը լինել, քիչ է, ու հանրային գործչի ծանրացող-ծավալվող այս․․․  ուսապարկ չես անվանի… Միշտ պոստում՝ առանց հումորի՞, անմիջականությա՞ն ու դրա դրսևորում Աննայի զրնգոց, թե պայթյուն ծիծաղի՞․․․

Հարիսայի ծեսի լուսանկարները՝ մասնակիցների ֆեյսբուքյան էջերից։

— Աշխարհի ամենաիսկական սեբաստացին ես եմ․․․ Հը՞, չգիտեի՞ր, իմացա՞ր, այ․․․,- ոչ եթերային արտահայտություն․․․
— Դու կեղծ տնօրեն ես ու կեղծ Աշոտ Բլեյան․․․ քո անունը չկա․․․,- էլի ոչ եթերային արտահայտություն…
— Դավի՛թ Բլեյան, դու երևի չգիտես՝ ես ով եմ․․․
— Քո մասին, Աշոտ Շամխալի Բլեյան, ես ամեն ինչ գիտեմ, ուրիշները քեզ չեն ճանաչում․․․ ա՛յ․․․,- ոչ եթերային արտահայտություն․․․
— Դու mskh-ի տնօրենն ես, քեզ կրթահամալիրում տիար են ասում, դու եղել ես պատգամավոր, նախարար, փոխնախարար․․․ բանտարկյալ․․․ Բարդ մարդ ես դու, տիար-տնօրեն․․․ Մայրիկը, բոլորը քեզ դիմանում են, ես չեմ դիմանա, դո՛ւ ինձ կդիմանաս․․․ էս մեկը անգիր արա․․․ ինչ չգիտես․․․
Ու էս ամենը՝ իսկական գիշատչի հայացքով-դիրքով, դեմս կանգնած սարսափազդու կերպարը՝ իր նշանավոր ներքին լույսի փայլատակումների ներքո․․․

Իսկ մեր Անի Նավասարդյանը կրթահամալիրի «Թումանյան-Կոմիտաս 150» նախագծով շարունակում է Գյումրիում մանկավարժների երգչախմբի ստեղծումը. «Էսօր հանրակրթական դպրոցների ուսուցիչների լսումների օրն էր։ 45 դպրոցից եկել էր 21 ուսուցչուհի։ Նախնական՝ 12-ը կմասնակցեն երգչախմբի փորձերին»… 

«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը՝ Սուրբ Երրորդություն եկեղեցում. գեղ․ ղեկավար՝ Հարություն Թոփիկյան։
Տեսանյութը՝ Սեդա Վիրաբյանի։

[youtube https://www.youtube.com/watch?v=B393ctPZ6VA]

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1491

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դիմակով, թե անդիմակ՝ մեկ է

Չես թաքնվի, ճանաչում են, երեսիդ ասում․․․ Ավելի ու ավելի շատ մարդիկ, բոլ առիթներ, ամենալավ խոսքեր․․․ Երեկ էլ՝ իրիկունով-մթին, ջիջի տաքսու մեջ խնամքով կրած դիմակն ինձ չպաշտպանեց։ Վարորդը սպասեց հարմար պահի,

Այո, այսպես, մեղրոտ շուրթերով եմ սկսում իմ օրը, գիրը, հավաքը

Ձեր ժամո՞վ էլ առտու 4-ն է ուղիղ, ձեր պատշգամբի՞ց էլ լուսինն է նույն՝ այսքան կլոր ու լուսերես՝ կախված վերևում, ու Նորքի բարձունքը՝ կայծկլտացող, վեր խոյացած աշտարակով հառնում․․․ Բա ինչպե՞ս եք

Օ՜, բնություն, օ՜, մայր, վերադարձիր իմ քաղաք, որն է մայրաքաղաք Երևանը

Ամառային հուլիսն իրավունքների մեջ է. անտեսել չես կարող, իմ օրագիրը՝ վկա։ Ես Երևանում եմ, ավելին՝ ամենօրյա աշխատանքային նույն անցուդարձով (փաստ, որով հիացած չեմ), բայց…  Նայելով մեքենաների չմաշվող հոսքերին՝ տեսնում եմ,