Սա երկու օր իր գրին սպասող պատումի, համառորեն, այս անգամ դեպի բաղձալի 1500-րդը, ինչպես սառցե-ձյունե այս բարձունքը նվաճող արջուկը, վերնագիր է․․․ առաջին տողը իմ պատումի-գրի․․․ Իրականում ինձ հասած-խոցած հիվանդությունը իմ երկխոսությունը սկսելու հնարավորություն էր՝ տիար-տնօրենի սիրտ մաշող առօրյայից ինչպե՞ս կտրվես․․․ Ինչպես Արմինե Թոփչյանն է տեղին գործածում, լուսանկարում, լուսապատկերում սիրելի-հարազատը, հիմա ես իմ գիշերային բոհեմում Բլեյանի դպրոցի ուսուցչի, մանկավարժական աշխատողի` իսկական դպրոցական բարեփոխում իրականացնողի հզոր, էժան և արդյունավետ ներկայացման դրսևորումներ եմ փնտրում, ու թարսի պես՝ այնքան շատ, որ մի քանի պատում կլցնի․․․
Իրականում երկխոսությունը ինքդ քեզ հետ, սիրելի Արփի Սահակյան, ինքնաճանաչման, ինքնամաքրման, ինքնապահպանման, հասունության գործիք է, ճամփորդի, հիվանդի անբաժան ուղեկիցը, չի ընդհատվում, ճանապարհի կամ․․․ երկաթուղու գծերի պես․․․ որ եթե ընդհատված է, ինչպես Զանգվի մանկական (բոլորիս մանկության) երկաթուղին, հենց այդտեղից թող սկսվի քո, քո՝ ավելի ու ավելի մազալու-հետաքրքիր-ձգող դարձող Ավագ դպրոցի ընկերների, քո թատրոնի ուսուցիչ Քնարիկ Ներսիսյանի հերթական նախագիծը։ Հո չի՞ կարող մանկական երկաթուղու գնացքը տասնյակ տարիներ փակուղում գնա-գա…
Դե, մենք էս երկաթգծով, մեր անընդհատ ուղեկցող երկխոսությամբ պիտի ոչ միայն անցնենք Հաղթանակի կամրջի տակով, դուրս գանք Երևանի լիճ, որ որպես հեքիաթի հերոսներ բոլորը ոչ միայն պտույտ անեն Երևանյան լճի շուրջ, այլև շարունակենք Հրազդանի կիրճով-Արարատյան դաշտով ու դուրս գանք դեպի Արաքս, Արաքսն անցնենք․․․ Չի կարող ճամփան փակուղի լինել, երբ խոսակցությունը ինքդ քեզ հետ սկսված է, անընդհատ է, շարունակական․․․
Հարիսայի ծեսը կրթահամալիրի Հյուսիսում։
Սիրելի Ֆակտոր TV-ի «Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում» նախագծի բոլոր գյուղերով ես, իհարկե, կանցնեմ․ չէ, Հայաստանում, աշխարհում ես զբոսաշրջիկ չեմ եղել, ճամփորդ եմ, ու իմ ուսապարկը չի կարող դատարկ լինել, ես տալու բան չունենա՞մ, ինչպես, ասենք, Եղեգիս գետի Էլեգիս վտակի հովտի Արտաբույնք, Արտաբուն գետի հովտի Հորբատեղ գյուղերին կամ մի լեռնանցքում էն կողմ, դեպի Քարագլուխի ձոր, Սալլիին, ավելի կոնկրետ էլ ասեմ, Հովակիմյան Նվերի գեղեցիկ ընտանիքին ու Արտաբույնքի աղջիկների ֆուտբոլի թիմին, ասենք․․․ Նանե Բագրատունու և Վարազդատ Իգիթյանի հարսանյաց ծեսին Արատեսի դպրական կենտրոնի արևմտյան եկեղեցական բարձունքին մեր հանդիպումը ֆուտբոլի մարզիչ, ուսուցիչ Ագապիի ու նրա աղջկա հետ իրենց ուզած շարունակությունը ունեցավ․․․ Հենց այսպիսի հարթակ են սեբաստացու օրերը, որն այս անգամ ամեալավը օգտագործեց ճամփորդ-հայրենագետ Վարդան Կարապետյանը․․․ Երեկ հոսքը կրթահամալիր մինչև ուշ գիշեր իրիկուն չէր ընդհատվում։ Արցախի Վանքից, Գորիսի Կոռնիձորից, Վայոց ձորի Վերնաշենից, Գլաձորից․․․
Ագապին մոտեցել էր ինձ շնորհակալություն հայտնելու երեկվա՝ աղջիկների ֆուտբոլային խաղի, կրթահամալիրի Ագարակում հացաթխման․․․ Գովք խաղողի, գինու և ․․․ գեղեցիկ դպրության երկու օրերի համար Արտաբույնքի ու սեբաստացի աղջիկների․․․ Եվ հուզված-շփոթված՝ կնոջ, փղձկալու աստիճանի, ես տեսա, որ այս ընդունակ-ուժեղ կնոջ մեջ սկսվել է երկխոսությունն ինքն իր հետ, իսկ սա նորից կարդացեք, եթե համաձայն եք․․․
Առավոտյան ժամերգություն, հարիսայի օրհնություն Սուրբ Երրորդություն եկեղեցում։ Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի։
Ահա ինչու՝ վստահ եմ, որ Մարիետ Սիմոնյանի մանկավարժական լաբորատորիայում-բլոգում մշակվող նախագիծը իր պատրաստության փուլում, մինչ մանկավարժական ակումբի պարապմունք, ու դրանից հետո չի կարող ընդհատվել, դրա շահառուն միայն Հայաստան, Երևան, կրթահամալիրի Բանգլադեշ եկողները չեն, Հայաստանում էլ կյանքը գաղութացված-հատվածական է, և մեր մանկավարժությունը հեղինակային, տեսե՜ք, երեկ Մարմարյա սրահում հայաստանցի մարդու՝ սովորողի, ուսուցչի ազատագրման հրավառություն էր․․․
Եվ «Տնից տուն․ մարդիկ, ճակատագրեր» նախագիծը չի կարող չմտնել Ֆակտոր TV-ի նախագծային 13-րդ կայարանը՝ «Եվ մի կորսված Դրախտիկ»* ցուցանակով… որի բնակիչները՝ նախկին արծվաշենցիներ հիմնականում, հո չե՞ն կարող երկար ժամանակ ինչպես կայարանում ապրել…
Մարթա Ասատրյանի ու իր ակումբի հայաստանյան թափառումների համար ուշքս գնում է․․․ Անցած արձակուրդային ուրբաթ դուրս են եկել, կիրակի, ինչպես նախագծով որոշված էր, վերադարձել, լծվել Ավագ դպրոցի անհատական ուսումնական պլանով նախագծային շաբաթին-օրերին-Տոնին, բայց տեսե՜ք՝ ճամփորդությամբ սկսված-խթանված երկխոսությունը երկու տասնյակի չափ պատանու, ինքն իր հետ, շարունակվում է․․․ Չի ընդհատվի, մեր հեղինակային մանկավարժությամբ այն անընդհատ է, ինչպես՝ ճամփորդությունը, ուսուցումը, երկխոսությունը․․․
Կրթահամալիրի Հյուսիսի 2-4 տարեկանները։ Լուսանկարները՝ դաստիարակ Սոնա Կարապետյանի։
Դավիթը Բլեյան, որ մինչև 17։30-18։00 դպրոցում, թվում է, սպառած պիտի լիներ, ավարտած, իր ուսումնական ճամփորդությունը շարունակում է մեդիայում․․․ ինչպես ես՝ իմ գիշերային բոհեմում ամենօրյա, իմ այս ընթերցում-պատումով ինքս ինձ հետ, իմ խոսակցության ձևով․․․ Մեկ էլ հանկարծ.
— Դուք ո՞նց եք մոռացել, վաղը Լուսինե Փաշայանի ծննդյան օրն է․․․ Հետո էլ՝ խեթ, ծիծաղելի գիշատչի հայացքով․․․
— Ի՞նչ, չգիտեի՞ք…
Ու․․․ անհետանում է երկար ժամանակ իր սենյակում, տեխնոլոգիական պիտույքների հետ՝ գունավոր թղթեր, ներկեր, մկրատ․․․ Մինչև շնորհավորական բացիկը կպատրաստի, որ չգիտես ինչու՝ վերնագրել է «Ճպուռն ու մրջյունը», ես հանգել եմ․․․ Հիվանդ եմ։ Ես իմ օրը-գիշերը սկսում եմ բացիկը զննելով։ Վա՜յ, Լուս ջան, ի՜նչ լավ է, որ դու այսպիսին կաս․․․ թե չէ՝ ո՞նց էինք ստեղծելու․․․
Սա էլ ձեզ վաղաժամ մահվանից խուսափելու պարզագույն միջոց․․․ ցերեկային լույսը…
Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1490
* Դրախտիկ — նախկինում ադրբեջանաբնակ Թոխլուջա, ավելի վաղ՝ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Սոթք գավառի Դրախտիկ։