Երբ ինն ամիս ու ինն օրն անց կացավ, Տաթև աղջիկս Վահան ունեցավ… Մնացածը՝ ինչպես էպոսում։

Հատուկ հանդիսավոր-ծիսական ներկայացնում եմ իմ-ձեր Տաթև Բլեյանի ու իր ամուսին Սամվել Սերոբյանի ստեղծագործությունը՝ Վահան Սերոբյանին, ում բանաստեղծը կանվաներ անթերի մարդ: Տեսել եմ Վահանին. այդպիսին է՝ անթերի: Աղջկաս տաքուկ-փափուկ գրկում այս գամփռը նաև ամենաերջանիկն է, ով իր սպասված, այո՛, բայց այսպիսի՜ տպավորիչ հայտնությամբ, տեսեք՝ քանի՜ մարդու երջանկացրեց՝ առաջ և կրկին, որքա՜ն բոլորիս պակասող ոգևորվածություն-ցնծություն բերեց: Բարով, Վահան ջան, ու անցի՜ր՝ քո ավետիսով-թարմությամբ, հավես փոխանցիր յուրաքանչյուրին, ով կարող է… Կի՛ն, բեր, ինչպես Տաթևն իմ։ Ընտանի՛ք, այսպիսի ստեղծագործության պահանջ ունեցիր պարբերաբար… Փեսաներ բոլոր կարգի, հարստացեք այնքան ու ապահով դարձրեք կնոջը, որ անմահանա-հերթական երեխան ունենա.  իմ համոզմամբ, երրորդ երեխայի խիզախում-հաղթահարումը կնոջն ազատ, ինքնաբավ, թարմ, երկարատև է դարձնում կյանք կոչվող մարաթոնում…

Վահանն իմ աղջիկների չորրորդ երեխան է։ Ես հերթ ասածը սովետի ժամանակից չեմ սիրել՝ խառնող եմ, որքան էլ Դավիթ Բլեյանը պիտի իրեն վստահ զգա, որ առանց ձևերի-խաղերի իրեն օրինավոր քեռի ասողն է հայտնվել…

Լուսանկարները՝ Էդիտա Հովհաննիսյանի:

Ինչո՞վ ավարտեմ… իմ գրի ավետիսը… Տաթո ջան, «սուպեր» էր երեկ երեկոյան ծննդատան թիվ 802 սենյակում իմ տեսածը, ու Արևիկ-Վահանի առերեսումը. ես տեսա դրա գիտակցումը, լավագույնը, ինչ կարելի էր հիմա, այս տարիքում-փուլում ցանկանալ Արևիկին: Գիտե՞ք, երեխայի ծնունդով սկսվող՝ կնոջ-երեխայի (31.08.2016-ի ժամը 18.30-ից՝ Վահանի ու Տաթևիկի) այս կապն է, որ ամենաառեղծվածայինն է, Աստվածատուրը, որ նկար է դարձրել, հավերժացրել կնոջը՝ Սիքստինյան Տիրամայր կլինի, թե Մոնա Լիզա՝ իր խորհրդավոր ժպիտով… Ես երեկ այդ պատկերով տեսա իմ աղջկան, ու յուրաքանչյուր կնոջ այդպիսի պատկերում հայտնվել եմ ցանկանում:

Իսկ սրա ավարտն առանց նվերների չի լինում… Էդիտայի աչքալուսա՞նքը… Էդիտ ջան, լսում եմ… Ես իմը երրորդ երեխայի մասին ասացի. լսեցիր։ Արևիկի հետ ծննդատանը խոսեցինք. Արևիկ-Վահանի քույրիկ սքանչելի թոռնուհին պարգևատրվում է Աշոտ պապիկի կրթաթոշակով… Սա դրամագլուխ է, որ կավելանա, ու կծախսի Արևիկը բացառապես իր մասնագիտական կրթական պլանների համար…

Տաթևի ու ողջ Դպրոց-պարտեզի նվերը խնամքով նախապատրաստված էր. երեկ, երբ ծնվել-ծնվում էր Վահանը, մեծ փութաջանությամբ սկսվել-ընթանում էր Դպրոց-պարտեզի լանջերի ճիմապատումը… Դեպի բարձունք… Տաթև-Զառայի սաները թող հաղթահարեն կանաչ լանջերը… Վահանին կերակրելու, ժպիտով-գորովանքով սնելու քո այս շրջանում, Տաթև աղջիկ, Զառայի-Խորենի հետ սկսելու-շարունակելու ենք Դպրոց-պարտեզը՝ իր թաղ-շրջան աշխարհով. քո անմոռանալի տատը կասեր՝ «բարձենք աքլորին»…

Դպրոց-պարտեզի ճիմապատվող լանջերը:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Իսկ Տաթևին իմ նվերն իմ տեսքով պիտի լիներ… Ես նահանջել էի, որ սկսվեմ նորից… երգով-սիրով-խաղաղ, Տաթևի սրտով… Ես չեմ կարող թույլ տալ, որ իմ Մոնա Լիզա աղջիկն իմ զայրույթի ցավն ունենա… Երեկ ես ապրեցի իմ 2016-2017 ուստարվա այդ նոր օրը. քանի՜ գովեստ ստացա՝ Նառայով, Յուրայով, Աիդայով… Այսպես եմ անցնելու «երկու օրվա էս ճամփեն», ինչպես ինձ տեսաք երեկ… Տաթևը՝ իր Վահանով, ինձ վահան «գողից, չարից, չար-փորձանքից».

Ինչքան էլ որ բաշխեմ ձրի,
Սերն առատ է, բարին՝ անհատ…

Դավիթ Բլեյանը երեկ վարսավիրանոցով գնացել է տոնավաճառ։ Վարսավիրի հետ նրա կապը չի ստացվել, չի հավանել մեր տղան վարսավիրին. առանց հմայքի՝ Դավթին չես վերցնի, հոր տղան է։ Վարսավիր ենք փնտրում։ Հետո մի խանութում Դավիթն ընտրել է իր ուսապարկը. հենց այդպես, մտել ու հազարի միջից վերցրել է։ Իսկ ես տանջվում եմ ընտրություն կատարելիս։ Մենք դուրս  եկանք տանից, որքան էլ Արմինե մայրիկը մեզ փորձում էր պճնել, այսպիսի հանդերձանքով։ 

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

# 778

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուսուցիչը հոգոց հանեց ու ասաց՝ վերցրեք բահերը և առա՜ջ…

Իմ օրագիրն էլ, Անտուանի «Գրապտույտ»-ի նման, այս տարի էլ, անցած տարի էլ, գալիքում էլ ձեռքբերում է… Գրելու ընթացքում «աստիճանաբար դուրս եմ հանում իմ միջի զայրույթը»… Պատկերացնո՞ւմ եք՝ օրվա ընթացքում այնքա՜ն

Կիրակի՝ առցանց ուսուցման շաբաթների միջև

«Մենք տանուլ ենք տվել մրցակցությունը». Ռուսաստանը հայտնվել է պարտված, դաունշիֆթեր երկրների շարքում… Սա ասում է մի մարդ՝ Գերման Գրեֆը, Մոսկվայում ընթացող գայդարյան ֆորումի ժամանակ, ռուսական сбербанк-ի ղեկավարը, ՌԴ տնտեսական զարգացման և

Մեր մանկավարժության նոր մանիֆեստի փորձ է իմ հերթական գիրը

Ո՛չ վերջն է, ո՛չ էլ սկզբի է նման։ Շարունակում եմ ժպտալ․․․Ավելիին ընդունակ չեմ… Առաջնագիրն այս, ետհոբելյանական 801-րդ գրի իմ, շնորհակալ եմ, վերցրել եմ մեր Աստղ Կիրակոսյանի «Դու ստիպեցիր» հրապարակումից։ Իրոք, որ