Ողջակիզվող հոգիներին — ողջո՜ւյն, ողջո՜ւյն։
Մեր սեղանի անուշեղենը, մերս կասեր … «միրավոյ»՝ իր գործածած երեք ռուսերեն բառերից … Իմ քույրիկ Էդիտ Հովհաննիսյանի ու մեր առողջագետ Անուշ Աղաբաբյանի հատուկ նշանակության փախլավաները, Արմինեի ու Արևիկ Տատինցյանի արտակարգ իրավիճակների գաթաները, ընդեղեն բազմազան … Միայն անարատ կաթն է պակասում, որին էլ փոխարինում է Դավթի զվարթ գովազդը կովիկի ու իր բերան այդպես էլ չհասած համի մասին … Ափսո՜ս, իհարկե, բայց դե օր է, այսպես է սկսում, օրը Չարենցով … Շարենցի հետ … Չարենցի մասին …
Մենք այն ենք, ինչ անընդհատ անում ենք: Սեփական գործում կատարելությունը դառնում է ոչ թե գործողություն, այլ բնավորություն… Այ քեզ խոսք… Ես ու Դավիթ Բլեյանը համակարգչի առաջ երկար զմայլվում ենք այս ուսուցիչների ուսուցիչ Սոկրատով, ես իր տասնհինգ իմացություններից յուրաքանչյուրն եմ գրում-քանդակում-արտագրում, որ Աշոտ Տիգրանյանը գոհ լինի ինձանից, նորից կարդում։ Դավիթն էլ հատուկ, մեդիայի աշխարհից փոխանցված վերաբերմունք ունի հույն փիլիսոփաների նկատմամբ…
— Պապ, բոլոր հին հույն փիլիսոփանե՞րն են մարդկության ուսուցիչները, — մի ձևակերպում հերթական, իր որերորդ անգամ դիտած տեսանյութերից…
Աշխեն Թադևոսյանի ու իր երրորդցիների բլոգային հարցազրույցները, ի՜նչ խելացի-ազնիվ շարք է մտածել, սկսել ենք միասին նայել… Մեր, իմ ձեր հեղինակած մանկավարժությունը, իր բոլոր դրսևորումներով խնդրում-հորդորում-պահանջում եմ, ավելի ու ավելի ուշադիր գնահատականի է արժանի… Ցուցանիշը սրա մեկն է՝ ձեր ինքնավստահության ցուցիչի աճը… Ձեր՝ ասել է թե իմ, ձեր ու մեր տարատարիք սաների, մեր միջոցով ընտանիք ու մեդիաշխարհ ներխուժումների…
Կադրեր «Թմկաբերդի առումը» ներկայացումից:
Մենք՝ սեբաստացիներով, սկսում ենք մեր մեդիա թվային միջոցների ուսումնասիրումը: Ամբողջական, տանը, դպրոցում, անհատական ու խմբային ընդհանուրի գործածման… Ինչ հնացել է, ինչ պիտանի չէ, ավելորդ է, անսարք է, պիտի իր նշանակությունը ստանա՝ նորոգվի-օտարվի-նվիրվի… Առանց ափսոսալու ու խելամիտ: Պիտի ներդրումային նոր ծրագիր մշակենք ու իրագործենք՝ թվային նոր միջոցների ներգրավումով, նոր ուսումնական զինանոցների ստեղծում… Մոբիլ ու ստեղծականին այլընտրանքը չգտնվեց… Գումարվեց միայն համերաշխը։
Իմ եղբայր Արամը՝ իմ եղբայր Թաթոսի տղա Արամը, իմ ավագ եղբայր Էդվարդ Բլեյանի ավագ թոռ Արամը, ով իմ նշանավոր պապի, 1937թ. Ստալինյան զոհ Արամ Բլեյանի անունն է կրում պատվավոր, նույն մարդիկ են, ու որ ուրիշ Արամների հետ չշփոթենք, որ խոսքի մեջ տեղը բերենք, այդպես էլ ասում ենք՝ մեր Արամը: Երեկ մեր Արամը իր Էդվարդ չորս-հինգ տարեկան տղայի հետ այցելել էր ինձ, որ Դավիթն ու Էդվարդը միասին խաղան… Էդվարդն այդպես էր ասել՝ տար ինձ Դավթին տեսնեմ։ Երևի շատ էին Էդվարդին մեր ինտերնետով հրահրել-բացատրել` ով է Դավիթն իր կյանքում, ինչպես ես քիչ առաջ: Ես, Արմինեն, Արամը, իմ սիրելի անուշեղենի սեղանի շուրջ մի կուշտ-խաղաղ զրուցեցինք, իսկ երկու իրար գտնող եղբայրներ սկսեցին աշխարհի բոլոր մեքենաներով, գործիքներով ու խաղերով բոլոր խաղերը խաղալ: Էդվարդը՝ յուրահատուկ իր ոճով, լեզվամտածողությամբ՝ մի ուրույն Բլեյան, հավանեց Դավթի սենյակը-աշխարհը….
Դիմանկարներ մարտի 10-ի մեդիաուրբաթի ցուցադրություն-համերգից:
-Ինչքան շատ ավտոներ կան այստեղ…
Դավիթը վերջում, ոչ միայն ճանապարհեց մինչև դուռ` համ Արա՞մն է իմ եղբայրը, համ Էդվա՞րդը, այլև նոր գրքեր ու իր նշանավոր մեքենաներից Էդվարդի հավանածը նվիրեց…
-Ինձ ե՞ն տալիս այս մեքենան, որ տանեմ, էլ դու չունենա՞ս…
Գնահատեց Էդվարդը եղբոր շռայլությունը … Իսկ րոպեներ անց, երբ մենք մեր դոգմատիկ մանկավարժությամբ պնդացնում էինք Դավթի շռայլությունը…
-Ես Էդվարդից մեծ եմ մի տարով… Բա ինքը ինձ ոնց էր սիրուն շորեր բերել…
Իսկապես սիրուն գարնանային բլուզներ երկու ունեցավ Դավիթը:
Ու ես ծիծաղեցի… Պապ ջան, նշանավոր-արժանի նախագահ Բլեենց Շամխալ Բեկ Բլեյան, Արամի ավագ որդի, երբ շփոթված ներս ու դուրս անողների քանակից-բազմազանությունից փորձում էինք կապերը ազգակցական պարզել եկող-գնացողի հետ … Մենք՝ Էմմա-Ստեփան-Աշոտ-Գագիկ քույր եղբայրներով իրար երես նայում, ծիծաղում էինք, պայթում հորս բացատրությունից… Մեր էս ինչի տղան էր դուրս գալիս կամ աղջիկը կամ մեր էսինչի ու գնաց… Կրկնակի գաղթը՝ Արևմտյան Հայաստանից, հետո Ստալինյան աքսորից հետո՝ 1944 թվին, Գավառի Լանջաղբյուրից քանդել էր մեր իրոք մոտ-հարազատական կապերը, հայրս էր դրանց հանգույցը, գլուխը, պահապանը, որ ջանաց ողջ կյանքում ձեռից բաց չթողնել, ամուր հավաքել իր շուրջ … մերոնց …
Ահա ինչու մեր հայրական տունը երկու հարկով երբեք փակ չի ունեցել-չի եղել… Տանը միշտ մարդ է եղել, մայրս թե տատս, եկող-գնացող-մնացողով… Մեր տան սեղանին միշտ հաց է եղել, եկող գնացող, մեզ անծանոթ՝ հորս-ավագ եղբորս հարազատ մարդիկ ու միշտ նույն հարցը՝ ով է, մեզ ինչ է գալիս… Մեր Արամի, իմ եղբոր Արամի հետ խիստ ու կոնկրետ պայմանավորվեցինք, որ Դավիթն ու Էդվարդը ապրեն-մեծանան որպես եղբայրներ… որ “ո՞վ էր” հարցը երբեք չառաջանա… Այնքան խաղաղ էր, լիքը մեր տունը-Արամի-Էդվարդի գտնվելու և նրանց գնալուց հետո…
«Երևանյան տրամադրություն». լուսանկարները՝ Մարիաննա Հապետյանի:
Մեր հարևան Վրաստանում էլ տեսա՞ք` ի՜նչ հանդիսավորությամբ պատվեցին 6 միլիոներորդ զբոսաշրջիկին… Վեց միլիոն զբոսաշրջիկ… Վրաստանու՞մ… անհավատալի է թվում, այ քեզ ներդրումային համալիր մուլտիպլիկատոր (բազմապատկող) ծրագիր…
Ֆոտոխմբագիր` Սուսան Ամուջանյան
#975