Կիրակի օրվա մեր ընտանեկան պատարագը տևեց ուղիղ մեկ ժամ՝ 11.00-12.00. այն նվիրված էր մայրենիին, ինչպես հորդորել էր իր գրումկրթահամալիրի տնօրենը։ Մեկ ժամ Դավիթը ոգևորված լսում էր Կոմիտաս, շարականներ. ես տարված էի Դավթի ոգեշնչմամբ, հազիվ գրանցում էի հարցերը, մեկնաբանում, պատասխանում դրանց… Մեր դիմաց, պատուհանից այն կողմ Խանջյան փողոցով ձգվում էր Օղակաձև այգին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որտեղից բաց պատուհանով ներս էին թափանցում ձայներ, զանգեր… Իդիլիա՜, իսկակա՜ն…
– Սա լավ երգ ա, հայրիկ,- դավթավարի գլխով հաստատում է, երբ լսում է Կոմիտասի «Հայր մերը»…
– Սա էլ է շարակա՞ն,- «Առավոտ լուսո»-ից հետո, երբ լսում է կենտրոնացած «Քրիստոս ի մեջ»…
– Էլի եմ ուզում լսեմ «Հայր մերը»… Ո՞վ է երգում մեր համար…
– Երգիչները, սեբաստացիները, Շուշանը կարող է երգել… Այ, քիչ հետո փորձենք կապվել, թող երգի, մասնակից դառնա մեր պատարագին ընտանեկան…
– Ուզում եմ՝ ես, դու, Շուշանը գնանք պատարագ… Բա «Կաքավիկի գովքը» Դավիթը չլսեց, հայրիկ… Ո՞վ է բերել այս երգերը նվեր…
Դավթի համար սրանք, իրոք, զարմանալի այս երգերը, ինչպես իր խաղալիքները, դասավորությունը շարունակ փոփոխող ավտոսրահի մեքենաները, ինչպես Թումանյանի հեքիաթները, կոնկրետ անունով մեկը բերել է:
– Հա Դավիթ ջան, Կոմիտաս ու Մեսրոպ պապիկներն են բերել:
– Լավ երգեր են բերել ինձ, հայրիկ: Շնորհակալություն:
Հայր մեր
Հա՛յր մեր,
Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ,
Լիուլի, ամեն օր.
Հա՛յր մեր.
Կյանք տուր մեր հայրիկին,
Կյա՛նք տուր մեր մայրիկին,
Հա՛յր մեր,
Մեզ պահե քո աջով,
Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով,
Հա՛յր մեր,
Դու պահապան մեր …
Շուշան Բլեյանին գտանք Պրահայում. իր երաժիշտ հայաստանցի ընկերուհիներ Թերեզայի և Լուսինեի հետ շաբաթ-կիրակին են անցկացնում… Դավիթը հեռախոսով պատմեց իր կիրակիի մասին, թող մեզ Պրահայով չզարմացնեն.
– Հայրիկ, ե՞րբ ինձ կտանես Պրահա, ուզում եմ Շուշանի հետ ման գամ:
Կտանեմ. Պրահայի մասին ինձ Լիլիթ Բլեյանը շատ է պատմել: Տաթևին ու Արևիկին էլ եմ խոստացել. 2015-ն ուխտի տարի է՝ նշանավոր:
Մեծացել է մեր տղան. այնքա՜ն հեշտ է նրա հետ, այնքան ինքնաբավ է մեր կիրակին տանը…
Դավթի պնդմամբ պլանները փոխվում են. մնացինք տանը… Մինչև 128-ը հաշվեցինք-ճոճվեցինք պատշգամբում.
– Ստեփան հորեղբոր տարիքից ու մեր աստիճաններից շատ եղավ, չէ՞, հայրիկ,- հարցնում է, հաստատում է…
– Ես չեմ ուզում՝ իմ ոտքերը չանչեր լինեն… Գայլն ունի չանչեր… Կկտրե՞ս իմ ոտքի եղունգները, մայրիկ, հայրիկը վախենում է կտրի, խնդրում եմ…
– Հայրիկ, մի հատ սիրի իմ ոտքերը, տես՝ ինչ խնամված են…
– Շնորհակալություն, մայրիկ…
– Լուսինը, տես, հայրիկ, ոնց որ իմ եղունգը լինի կտրված…
– Հիմա մութն ընկնում է Երևանում. հայրիկ, ո՞վ կգա ինձ հետ իմ սենյակում խաղա…
– Հայրի՛կ, դե այսօր մի կարդա, պոկվի՛ համակարգչից… Տե՛ս, ես մնացել եմ տանը…
Այսպիսի կիրակին առանց պարգև չէր լինի. Նարեն Տիգրանյան և նրա մայրիկը՝ իմ հարսը, երկար «սպառնացած» այց են կատարում… Իսկական նվեր… Տեղով մեկ՝ ձյունանուշ-փերի… ընկավ Դավթի ճանկը… Ոնց սիրեց մեր խաղաղ-ճառագող Նարեին Դավիթը.
– Ոնց որ «Հայր մեր» լինի Նարեն,- երբ արթնացավ, առավոտ ասաց Դավիթը՝ քնի մեջ, երևի…
Դավիթը մի պայմանով համաձայնեց, որ Նարեն գնա.
– Թող ինձ քնացնի, կողքս նստի, դուք գնացեք մյուս սենյակ, թեյեք…
Այսպիսի Դավիթ կիրակնօրյա՝ իր գրավիչ մայրենիով, ինչպես Նարեն… Չգիտեմ՝ ինչ է անում ռուսերենի ժամերին ռուսերենի մեր ուսուցիչ Նարեն Նոր դպրոցում, բայց Դավթին խոստացավ այցելել Դպրոց-պարտեզ հենց վաղը… Ա՜յ քեզ իսկական դաստիարակ…
Գիշերվա թե առավոտվա 4-ին արթնացած, քունն առած, թիկունքում այսպիսի կիրակի ունեցող Տիարի ինքնավստահությունից ժամը 6-ին բան չմնաց… Դավիթը թփթփալով կողքի սենյակից իջավ իր ցածր-հարմար մահճակալից ինքնուրույն…
– Եկել եմ երաժշտություն լսեմ. ես կարող եմ միացնել, դու գրի, ես չեմ խանգարի, լսեմ, գնամ քնեմ…
– Նարեն գնաց իրենց տո՞ւն… Ո՞ւմ տանն է ապրում, հայրիկ… Լավն է Նարեն… Որտե՞ղ է սովորում… Նարեն նման է եկեղեցու… Մայրիկի մոտ եմ ուզում գնամ… Դու էլ արի: Գնացինք:
Չի կարելի խոսել-ասել-ներկայացնել երեխաներին այլ աշխարհ, ինքդ, իբր նրանցից թաքուն, գործել ուրիշ աշխարհում: Կեղծիքն է հայրենիում, որ քանդել-աղճատում է մայրենիի աշխարհը…