Կիրակին ես անցկացրի Հանրապետության հրապարակում․․․ Մեր տունը, շենքը հրապարակից երկու քայլի վրա է, բայց ես, եթե հեծանվով չեմ, շրջանցում եմ․ մեր հրապարակը առօրեական, մարդու համար չէ, չգիտես՝ մեքենաների՞նն է, դեպի Նալբանդյան-Ամիրյան անցումներով, կառավարությա՞նը՝ իր հսկա շենքով, տուրիստական ավտոբուսների կայանատեղի՞ է, արևածաղիկ ուտողների՞նն է․․․ երգող շատրվաններով մայրաքաղաքի չտեսների՞նը․․․ Ամբողջական մարդկային չէ հանրապետության հրապարակը։ Իսկ քաղաքացիական անհնազանդության շարժումը հրապարակը հետևողական ներառում է որպես հայրենիքի կենտրոն․․․

Երեկ, երբ Այգեձորի «Մետաքսի ճանապարհ» կենտրոնից՝ մեր գործընկերը դարձած Նորվեգիայի Կրագերո քաղաքի քաղաքապետի ու նրան ուղեկցող խմբի հետ աշխատանքային հանդիպումից հետո  անհամբեր, Մարթա Ասատրյանի հետ էլի եկանք հրապարակ․․․ այսքա՜ն մարդ, այսքա՜ն ուրախություն, այսքան սեր ես տեսել էի մեկ էլ 1988-ի շարժման օրերին․․․ Ծանոթ-անծանոթ գտել-գրկել էին իրար․ հրապարակ չէր, այլ համազգային մի գրկախառնություն․․․ Այդպիսին էր և մետրոպոլիտենը մեր․ ի՛նչ խելք արի, որ մտա․․․ կենդանի, մարդասեր, հետաքրքիր հոսքեր, խմբեր՝ իսկական հանրային տարածք էր գործում մեր մետրոն։

Հրապարակում։ 
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի։

Ամենադժվարը Դավիթ Բլեյանին տանից հանելն էր․ հոր նման տնակյաց է այս մարդը․․․ մենակ խաղում է, խոսում, կարդում, գրում․․․ ինքն իր աշխարհում, չես իմանում որտեղ է, ում հետ է․․․
— Ինչի՞ ես զարմանում,  թե՞ հիանում ես. քո կտորն է, իսկը դու ես, ինչի դու էդպես չե՞ս,- պահ-պահ խեթում է, թե գովում է  իր ամուսնուն ու իր որդուն Արմինեն․․․
Դուրս եկանք Դավթի հանրապետության հրապարակ, անցնում ենք ոստիկանական կայանման-տեխնիկայի կուտակման տեղ դարձած Բուզանդ-Մելիք-Ադամյան միջանցքով․․․ բոլոր տեսակի հատուկ միջոց-մեքենաները կան, բոլոր տեսակի ոստիկաններով-արդուզարդով․․․

Զուգահեռները ես չեմ բերում, գալիս են. 1988-ի շարժման պատկերները կենդանանում, շարվում են կողք-կողքի․․․ երբ հրասայլերի, ամենատարբեր ԲՏՌ-ների վրա և ամենատարբեր բերետներով հատուկ ջոկատայիններ էին, զորքեր. ու պետք էր ներառել, չվախենալ․․․

Դավթի հետ մոտենում ենք սև դիմակով, անհատական միջոցների լրիվ արդուզարդով մի խմբի․․․ Բարեկիրթ բարևում եմ, ներկայանում․․․
— Տղայիս հավատարմության ուժն եմ ուզում փորձարկել հասարակությանը. դուք ինձ բռնում եք, խցկում այս մեքենաներից մեկը, տեսնենք՝ Դավիթ որդիս ինչ է անելու․․․
— Հա՛, ես համաձայն եմ,- ոգևորվում է Դավիթը։
— Ի՞նչ կանես որ, Դավիթ․․․
— Կտամ գլուխները կցխլեմ․․․
Ահա քեզ ծիսական երգից-ավանդույթից փախած «գլուխ դմփողը», էս էլ Նիկոլի շարունակվող-աճ հավաքող ցույցի բան չէ հոր նման, բայց, դե, ներառվում ենք որպես քաղաքացիներ…

Քաղաքացիական անհնազանդության երթ․ ՀԱԹ, Աջափնյակ։
Լուսանկարները՝ Կարեն Բիչախչյանի։

— Ես չեմ ուզում նախագահ դառնամ, որ միտինգի չմասնակցեմ․․․ Ինձ տար էստեղից․․․
Ջրավազանի, ջրի խաղից Դավթին կտրել կարող էր միայն Փաշինյան Նիկոլի ընտանիքը՝ Աշոտը մեր, կին Աննան․․․ մոտակա պիցայանոցում. Նիկոլի աղջիկներ Մարիամի ու Շուշանի հետ կապը առցանց էր, Արփին հոր նման անհետացել էր․․․ Դավիթն ու Աշոտը նման են իրար, լավ ընկերություն արեցին նորից, բոլ պիցցա կերան․․․ Աննայի տոկունությամբ-հումորով չհիանալ չի լինի․ ծիծաղում ենք.
— Իմ կյանքն է, պարո՛ն Բլեյան, ի՜նչ անեմ, Դուք էլ տրտմություն չեք սիրում․․․
Ու մի լավ Նիկոլի մասին, Նիկոլով, Նիկոլի հետ ծիծաղում ենք․․․

Ո՞վ գիտի՝ ինչքան է պետք ապրել այս շրջանում՝ հրապարակում այս, փողոցում․․․ Սիրո մեջ, սիրով, ուսուցումով, հետաքրքիր, անտրտունջ ապրենք․․․ Աջ ու ձախ՝ շրջանավարտ, սովորող, ծնող, ուսուցիչ ու ոչ այնքան սեբաստացի, 1988-ի շարժումից ծանոթներ, նաև սփյուռքահայեր, որ երեկ շատ էին, գյուղերից… Մարդկանց ես այս նույն բանն եմ ասում, խուսափում երկար քննարկումներից․․․ Նիկոլի մոտ որ բանակցելը չսկսված ընդհատվեց՝ իմ նման վռազի մոտ չի ստացվի․․․ Որքան հնարավոր է շատ շփում, նոր դեմքեր-դեպքեր․․․ Սա է մեր ձեռքբերումը։

Ո՛չ ապրիլի օրացույցի մեջ, ո՛չ էլ մայիսի՝ շարժումն այս իր հրապարակով չկար-չկա. կա՞, Սուսան Մարկոսյան․․․

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
Առաջին լուսանկարը՝ Գոհար Եղոյանի
#1353

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Էն մեծ խոհերով, էն անվերջ սիրով… Բարձրից…

Թումանյան թերապիան՝ իրիկնային ամենօրյա ընթերցումը բարձրաձայն ու ձեզ համար, mskh.am-ի եթերում, ինձ օգնում է նաև նոր տարում կարգավորելու քունս, ոչ միայն հասնելու խաղաղությանը իմ հոգու, այլև բերելու այն ձեզ… Երեկ

Երկիր ցպահանջ

Կանաչ—կարմիր—կապույտ աշխարհում մեր, բաց—կրկնկակոխ պատուհանից 304-րդ պալատի (այս զովաբեր Բանգլադեշում Գագարին պրոյեկտի Զովաբեր անունով գյուղը չեմ մոռանում) երկրի օրն է, որ «Տիար&Գևորգ քոմփնի»-ի ուղիղ եթերում ներկայանում է որպես սեբաստացի կինո։

Անվտանգությունը՝ որպես առաջնահերթություն

Որևէ հանգամանք, որևէ կարևոր գործ չեն կարող մեր հայացքը շեղել, ավելի առաջնային լինել, քան անվտանգության ապահովումը: