Շա՜տ կարևոր է նայել՝ ամանի մեջ ինչ կա… Էլի ոգևորվեցի, ասում են, ասո՞ւմ եք… Ասում եմ՝ առանց ոգևորվելու ես ո՞վ եմ. շատ բնական մի բան է, որ ամառ 2016-ը՝ իր ամենասեբաստացիական ամիս հունիսով, արդար-մատչելի-անհատնում ուժատու հուլիս-օգոստոսով, պիտի ինձ թևելու-խիզախելու-ավելին անելու-հասցնելու-ոգեշնչելու հավես տար… Ոգևորվեցի-ոգևորեցի՞, հարցնում եմ՝ ո՞ւմ… Լսում եմ:
Օգոստոսն էանց, գանք սեպտեմբերին. անհատական-խմբային-հավաքական բարձունքի նվաճման 2016-2017 ուսումնական տարվա մեկնարկին… Իսկական նոր տարի՝ իր նախածննդյան պատրաստության սպասումի օրերով (օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը), ու սեպտեմբերի 5-ի կրթական շքերթով, սեպտեմբերյան ստեղծագործական հավաքով, հավաքի նորամուտներով, սեպտեմբերի 3-ին մեկնարկող «Բարձունքի նվաճում» նախագծով. ի՜նչ ընտրություն կա՝ Սևանի «Ժայռ» հանգրվանը՝ իր հարակից բարձունքներով, և Բյուրականի ՀԱՍԿ-ի Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության Բյուրականի բանակավայրը՝ Արագածի գագաթներով, Ամբերդի բլուր-երթերով…
Մանկավարժական աշխատողների առավոտյան ընդհանուր պարապմունքը:
Այսպիսով, սեպտեմբերն էլ դարձավ սեբաստացիական՝ հունվարի, հունիսի կողքին տեղ զբաղեցնելով, կտրվելով շարքային տասներկու ամիսներից… Իմ ուստարվա շնորհավորական այս գրում՝ անհատական թե խմբային ոչ այնքան ֆիզիկական բարձունքի մասին մտորումներն են, որքան մետաֆիզիկական՝ մտքի-ոգու թռիչքները… Ահա ինչու` սկզբունքային է փինաչիությունը հաղթահարելու մեկնարկի վճռականությունը մեր՝ կրթական շքերթով թե ուստարվա մեկնարկի շաբաթում… Կա մտքի աշխատանք, կա մտքի և հոգու աշխատանք, կա սրանցով ազնվացած ձեռքի աշխատանք՝ երկրագործություն անունով. սրանց այլընտրանքը ո՞րն է, ի՞նչը մնաց, փինաչիությո՞ւնը… Այո՛, փինաչիությունը, որ մեզանում պիտի մերժվի-հաղթահարվի ուսումնական աշխատանքի՝ մեր հեղինակած կազմակերպմամբ:
Հարգելի տիար Բլեյան,…. մանկավարժական աշխատանքը, դասվարությունը ինձ սիրելի են, հարազատ, ես չեմ հրաժարվի նորից դասարան վերադառնալու հնարավորությունից: Իսկ ինչո՞ւ ավելի շուտ ինքս նման առաջարկ չեմ արել: Կարծել եմ, միգուցե սխալվել եմ, որ ինձ որպես լավ դասվարի չեն տեսնում՝ հաշվի առնելով նախկինում ունեցած իմ խնդիրներն ու դժվարությունները: Շնորհակալ եմ ինձ մանկավարժության լաբորատորիայում աշխատելու, հետազոտական, հետաքրքիր միջավայրում աճելու, սովորելու հնարավորություն տալու համար:
Ես չեմ ցանկանա կտրվել հետազոտական աշխատանքից, քանի որ այն լիարժեք զգալու հնարավորություն է տալիս, որպես մարդ, մասնագետ անընդհատ աճելու, սովորելու, կայանալու, փոխվելու, իրացվելու իրական հարթակ է:
Մանկավարժությունն իմ ընտրությունն է, կյանքի սիրելի գործը, որով ես միշտ պատրաստ եմ զբաղվել իմ սիրելի ու հարազատ կրթահամալիրում: Սիրով՝ Անահիտ Հարությունյան։
Անահիտ Հարությունյանի այս նամակը մինչև հիմա ինձ ողողել է ջերմությամբ, ինքնավստահություն է ավելացել… Կիրակի օրով մեդիակենտրոնում հանդիպեցի Բզեզին մեր՝ Նոր ուստարվա հինգ-վեց տարեկանների մյուս դասվար-դաստիարակների հետ… Հեծանվից իջա, ձգեցին, աղջիկներով որքա՜ն կարոտով խոսեցինք մանկավարժական մեր գործերից… Հետո, ժամեր հետո, երբ ես հեծանվով իմ երկրորդ բնույթի՝ նյութական միջավայրի պատրաստության հոգսերով Նոր դպրոցում էի, Անահիտն ու երկարօրյա կազմակերպիչը խնամքով մաքրում էին նոր վերանորոգված դասարանը… Այսպիսի Բզեզ: Իսկական:
Տիկնիկագործության և երաժշտության պարապմունքներ Դպրոց-պարտեզում:
Մանկան սպոնտան (ինքնաբուխ) գործունեության դրսևորումները միջավայրի ներառականության ցուցանիշներ են:
— Դավիթ, ինչո՞ւ ես համակարգչի մկնիկը փչացրել… որտե՞ղ ես թաքցրել այն,- ընդգծված գրական դիմում է Արմինե մայրիկը…
— Էդպես մի՛ խոսի, դու ընկեր Մարինեն չես…
— Մայրիկ, հայրիկ, եկեք միասին տիեզերք թռչենք տիեզերանավով…
— Պապ, ես ուզում եմ հիմա տիեզերանավ կանչենք պատշգամբ ու թռչենք,- տիեզերքի մասին տեսանյութերի մայրիկի պլանշետը ձեռքին՝ սենյակով ման է գալիս Դավիթը…
Դավթին համոզեցինք, որ Իվետա Ջանազյանի պատրաստած հազի դեղը խմի՝ եղևնու կանաչ-մատղաշ կոներից մուրաբան… Լեզու տվեց, ձեռքի բութը ներքև արեց՝ չէ… Սկյուռներն օգնության եկան. ամբողջ կյանքում եղևնիների մեջ ապրում, սնվում են կոներով, դրա համար էլ ամառ-ձմեռ, ցրտին-շոգին վերուվար են անում բարակ ճյուղերով… ազդեց. խմեց, անգամ երկու գդալ… Իրիկունը տանը Դավիթը սկյուռիկ էր՝ դաշնամուրի գլխից բազմոցի մի թևին թռիչք-գլուխկոնծի, հետո՝ ցատկ սեղանին, հետո թռիչք բազմոցի մի կտորին, ու այսպես, սկյուռի վազք հիշեցնող շրջանցումներ հայտնի…
— Դավիթ, կսպանես մեզ, կընկնես-կջարդվես,- ասում է Արմինե մայրիկը՝ իմ ներկայությունը «սպոնտան» հաղթահարելով…
— Չէ, ես Դավիթը չեմ, ես էն դեղը՝ Իվետա մորաքույրի պատրաստած, որ խմեցի, սկյուռ եմ դարձել, հիմա էլ մի եղևնուց թռչում եմ մյուսը…
Փորձեցի ձևակերպել 2015-2016-իմ գործունեության-արածի կրեդոն՝ հավատամքը… Երրորդության պես մի բան ստացվեց. տեսեք, ձեզ հետ, ձեր աչքի առաջ է անցել իմ տարին ուսումնական, ամառ-ձմեռ, տանը թե այլուր…
- Ես կարող եմ ամեն ինչ լինել, բայց բռնակալ՝ որևէ տեսքով, երբե՜ք: Ես օրգանապես խորշում եմ բռնությունից: Բռնի՝ ասել է մերժելի:
- Ես նահանջել գիտեմ, ու նահանջում եմ երգով… որ սկսվեմ նորից:
- Պետք է իրականացնել ասածները, որ որևէ կերպ հանդգնել ես արտահայտել-հնչեցնել:
Ինչո՞ւ սրանք չշարունակեն ուղղորդել ինձ 2016-2017 ուստարում։
Արզականի դաշտերը օգոստոսի վերջին:
Ընթերցարան
- Գիտնականները հաշվել են ինչպես երկարացնել կյանքը տասնութ տարով… հրաժարվիր վնասակար սովորույթներից և երկար ապրիր… Ծխելուց, նստակյաց կյանքից և ալկոհոլից հրաժարման մասին է խոսքը՝ 6+6+6=18 տարի։
- Ուզո՞ւմ եք երջանիկ լինել: Երախտապա՛րտ եղեք… Դևիդ Սթեինդլ Ռասթի այս զրույցը ես լսեցի հարյուրավոր մարդկանց հետ…
Լուսանկարները՝ ֆոտոխմբագիր Նունե Խաչիկօղլյանի։
# 776