Օրագրային սևագիր-նախագծային գրառումները վերջին օրերի՝ չօգտագործված, իրենց տեղին-ժամանակին լուռ ու համառ սպասող, անաղմուկ-մունջ՝ խաղաղ գործելու-ստեղծելու-փոխանցելու էին վերաբերվում․․․ Հրապարակի, Նիկոլի ղեկավարած շարժման—քայլքի-հավաքի ֆիզիկական ազդեցությունն է ինձ վրա․․․ Պատկերացրեք, քաղաքացիական անհնազանդության երթը, ժամանակ առ ժամանակ ձեռքերը վեր, բայց անխոս քայլում է Երևանով մեկ, որպես ուխտավորներ անցնում Կենտրոն-Էջմիածին ճանապարհը, իբրև հրաշալի վարժություն՝ Ծիծեռնակաբերդի ճանապարհն ու խորհուրդը միասին անցնելուց առաջ․․․ Ո՛չ մի «հեռացիր», ո՛չ մի «քայլ արա՝ մերժիր», ո՛չ մի կոչ զինվորին, ո՛չ մի շշուկ, վանկարկում, ամենն ասված է, բազմիցս լսված է․․․ Ով ականջ ունի՝ լսեց, ով աչք ունի, թող մի անգամ էլ տեսնի․․․
Երեկ, Հանրապետության հրապարակում, բարձրաձայնում եմ իմ հակաաղմուկ միջամտության մասին, հին ծանոթներիցս մեկը թե՝
— Էդ էլ կլինի, բայց Ազգային Ժողովի ընտրություններից մեկ օր առաջ․․․
Ես ծիծաղեցի, դիպուկ էր, իսկ իմ ականջներում «Մենք ենք մեր սարեր»-ի Շերենց-Ավագի ձայնով հնչեց՝
— Չէ՜, տիա՛ր Բլեյան, քեզանից ցուցարար դուրս չի գա․․․
Ձյունե Արարատը․․․
Այո, բայց կրթահամալիրի Բանգլադեշում, այս ուսումնական-տարատարիք պատանիների աշխույժի ստեղծական աշխարհում մենք, որպես ուսուցիչ-դաստիարակ-մանկավարժի պաշտպանիչ-բուժիչ, մեր մանկավարժության զարգացման, երեխաների լիարժեք-ամբողջական դրսևորման խթան-միջոց-պայման՝ հե՛նց անխոս-մունջ ավագի կարիքն ունենք։ Հաշվիր խոսքիդ բառերը՝ Մարիա Մոնտեսորի մեր ուսուցչի պահանջն էլ այսպիսին է։ Որքան էլ հիվանդ-անկողնային՝ Քնարիկ Ներսիսյանը կհաստատի, որ ուրբաթ, Գեղարվեստի խոհանոցում, Դիաննա Գևորգյանի ու իր ամեն օր շատացող, թույլատրելի 25-ի սահմանին մոտեցող խմբի նախաճաշիկին մեր թռուցիկ հանդիպումը սուրճի սեղանի շուրջ, հենց այս մասին էր, որ համակրելի, դիմախաղի՝ աչքի-ունքի, ծիծաղի, հիացքի, զարմանքի, մտահոգության, գլխով անելու, վշտանալու, անհամաձայնության լիքը շնորհներով առատորեն օժտվածը, պիտի մունջ-անխոս, հաշվով խոսքի մանկավարժությամբ առաջ ընկնի։ Որ հինգ տարեկաններին մեր՝ ինքնավար-ինքնուրույն-ինքնաբուխ գործունեությամբ, խոսքաշեն բառաստեղծմամբ-մազալու իրենց հորինվածքներով, մտքի աղբյուրի պես․․․ ուսուցչին հասանելի թվային միջոցներով մեր օրերի, մեր կրթական միջավայրով, իր գործի հեղինակի կարգավիճակով, հենց այս աղբյուրով, ձայնագրելով-տեսագրելով (հնարավոր թաքուն, առանց միջամտելու) երեխաների ծնողների, մեծահասակների բոլոր տեսակի զգոն-գիտակ, երեխայի ներաշխարհի ոչ էկոլոգիական, անհարկի միջամտությունից պաշտպանի․․․
Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից․․․
Այստեղ ընդհատվեց իմ գիրը․ Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի հայտարարած հանդիպումն սկսվեց-ընդհատվեց, չպատմեմ, ճիշտ է, որ ամեն ինչ ուղիղ եթերում էր․․․ Կիրակի էր, ով չէր հասցրել հետևել ընթացքին, ինտերնետում գործող լրատվամիջոցները ապահովում են յուրաքանչյուրիս տեղեկացված լինելը։ Շնորհակալ ենք։ Ես, իհարկե, իմ ընտանիքով միանում եմ քաղաքացիական խաղաղ, ձեռքերդ վեր անհնազանդությանը։ Հասունության ստուգատես է մեր քաղաքացիական հասարակության համար․ մեր կյանքի իշխանությունը իրանցնելու ժամանակն է։
Իսկ իմ գիրն ավարտենք այս նմուշներով։ Դավիթը չի կարող հա՛մ խոսի, հա՛մ էլ ձեռագիր արագ գրի․․․ Դրա համար էլ ինքը խոսում է, մայրիկը՝ գրում․․․
Առաջադրանք 1
Սեղանների գանգատը
Գիտե՞ք ես մի օր թաքնվել էի սեղանի տակ ու հանկարծ լսեցի, թե ինչպես են նրանք գանգատվում։
Հյուրասենյակի մեծ սեղանը ասաց․
— Բավակա՛ն է, թող էլ իմ վրա հաց չուտեն։
— Հերիք եղավ, թող մեր վրա չկանգնեն չարաճճի երեխաները ու չթռչկոտեն,- բղավեց դպրոցական սեղանը, որի ձայնը նույնիսկ մեր տուն հասավ։
— Թող մեր վրա համակարգիչներ չդնեն, շաշկի ու շախմատ չխաղան,- բողոքեցին մյուս սեղանները։
— Թող մեզ չկեղտոտեն ու մեր վրա խազ չքաշեն, այլ թող մեզ խնամեն ու մաքրեն։ Չեն իմանո՞ւմ, որ մենք միայն գանգատվելու համար ենք։
Առաջադրանք 2
Լուսավոր աստղիկներ
Լուսավոր աստղիկներ, երկնքի զարդեր, շուտ արթնացեք, ձեր լույսը տարածեք։
Առաջադրանք 3
Բարև, կարմիր արև
Բարև, կարմիր արև, ինչպե՞ս ես։ Ես Դավիթն եմ։ Դու շատ գեղեցիկ ես։ Առանց քեզ մենք չենք լինի։
Դավիթ Բլեյան
Կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզ, Լուսինե Փաշայանի 2-րդ դասարան
Հանրապետության հրապարակից նկարաշարը՝ Արմինե Աբրահամյանի։
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1352