Ավագ հարս Ռոզալիայի օրհնությամբ է Բլեյան Շամխալի մեծ ընտանիքի կյանքը 1961-ից, երբ մեծ-անմոռաց հարսանիքով մտավ մեր տուն… կեսրար-կեսուրով, տալ-տեգրերով, ադե տատով, շեն-հետաքրքիր-բարդ օջախ… Օրհնելով մեզ՝ մի ողջ կյանք ապրեցիր մեզ հետ, մեզանից յուրաքանչյուրի համար… Իմ ականջներում թարմացրիր քո օրհնությունը մեզ բոլորիս… հեռանալիս, հիվանդանոցի սենյակում… վերակենդանացման բաժանմունքում… Ոչ մեկիս չմոռացար… Ու երախտագիրն այս մեզանից յուրաքանչյուրի անունից է: Շնորհակալ ենք, մեծ տիկին, ազնվական հարս, միսիս (Ստեփան եղբայրս է այսպես դիմում), քո օրհնությունը ունենալու համար: Դու մեր օջախին, մեզանից յուրաքանչյուրին այնքան անհրաժեշտ որակներ փոխանցեցիր՝ խաղաղվածություն, կոնկրետ ուշադրություն, ներողամտություն, գոհունակություն, փառաբանություն, դու քո աղոթքով շարունակ հաստատեցիր Աստծու ներկայությունը մեզանում, մեր օջախում… Ու քո օրհնությունը՝ անձի ընտրության քո իրավունքով, բոլորիս լսելի-ընկալելի եղավ… Դու մեր մեջ ես, սիրելի հարս, քո ներկայությամբ ենք շարունակելու այսուհետև ևս, մահ-բաժանում չկա: Այսպիսին է քո օրհնության ամենաթափանց զորությունը:
Երկարացված օրվա կազմակերպիչների հավաք «Հարթակ» ակումբում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Սիրելի մարդիկ, այնքան սպասված սլացքով՝ հեծանվաերթով ձեր երեկվա, Արմինե Թոփչյանի առաջնորդությամբ գարուն բերեցիք, որպես կրկին եկած հավքեր: Ու թըռռ… լսվեց.
Նորից եկան էն հավքերը,
Հեռվից եկան էն հավքերը,
Որ գարնանը կուգային։
Կանանչ կապա են հագել,
Կանանչ ճամփա են եկել,
Կանանչ մարգին ման կուգան։
– Կանչե՛, հավի՛կըս, կանչե՛,
Կանչե՛, լավի՛կըս, կանչե՛,
Կանչե՛, կանչիդ ես ղուրբան։
Սպասված եկաք, ու ես ձեզ մեկը մյուսից անմոռուկ նոր, հեծանվային ճամփորդություններ եմ խոստանում… միայն ամենօրյա դարձրեք հեծանվային վարժությունները՝ ձեր աշխատանքի-տուն ճամփի փոխադրամիջոց, ձեր բազմամարտի բաղկացուցիչը: Պարապեք ամեն օր, որ ճամփա գնանք՝ խառնված իրար, վայելելով իրար ու հայրենի եզերքը:
Այդպես, ինչպես ես ձեզ, ձեր այս հեծանվասլացքին, սպասել են ավագ դպրոցում մեր պատանիները Նելի Փիլոյանի՝ միայն իրեն հասկանալի վերադարձին, նրա հետ նաև երաժշտությամբ ապրելու ուրախությանը: Այո, ստացվեց նաև երաժշտությամբ ապրելու ուրախություն, որպես հավաքանու ապրումակցություն: Սա այնքա՜ն բացակայող մանկավարժություն է… ամբողջ աշխարհում: Տիար Գևորգի հետ համերգային սրահի առաջին շարքում կենտրոնացել էինք մեր Անի Նավասարդյան-խմբավարի՝ ամեն օր հայոց աշխարհում, Գյումրիից մինչև Ջերմուկ հայտնի դարձող գլխավոր խազի… խոնարհ երգեցողության վրա… Այսպիսին է լինում նվիրումը երաժշտությանը՝ մանկավարժական ծառայություն որպես, իրար օգնելով, իրար հաջողության մեջ ներդրում ունենալով… Այսօր ես, վաղը՝ դու: Զիլ էիք, Ավագ դպրոց, երեկ երգչախմբային հարթակի վրա, պատկեր, որ մնացիք, ու աչքս ձեզանից կտրել չի լինի… Հաջորդ նելիական «անլուրջ» նախաձեռնությունը՝ կամերային նվագախումբը, ընթացքի մեջ է՝ դատապարտված հաջողություն: Սա սլացք-ընթացքն է 2018-ի, որ ես անվանում եմ նոր տարի սեբաստացիներիս կյանքում…
Քնի ժամ. Հյուսիսի 2-4 տարեկաններ:
Լուսանկարները՝ Սոնա Կարապետյանի:
Սենսեյ-տարի: Դե, փորձեք աչքերդ կտրել, հասկանալու համար թե ինչ է կատարվում մեր մեծ մարզասրահում… Ընդամենը երեք օր առաջ անծանոթ երեսունից ավելի մեծահասակներ՝ հանրապետության մանկապարտեզների հերթական-պատահական ընտրությամբ, սովորողների խումբ դարձավ, և տեսեք՝ մանկական ինչպիսի անմիջականություն-ինքնաբուխ գործունեության՝ պարերգով, մարզանքով, տեխնոլոգիայով… ծեսով… Իսկ Աշտարակ քաղաքի 20 հոգիանոց ծիսական նախագծային խմբի համատեղ գործունեությունը, մայրս կասեր, միրավոյ արձագանք կունենա, կլսեք-կտեսնեք մեզ ապրիլմեկյան զատկական ծեսին…
Հյուսիսի 5 տարեկանների հետ նախապատրաստական աշխատանքներն սկսված են։
Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի։
Այսքան ինքնավար՝ անբլեյան իմաստով, կրթահամալիրը վաղուց չի եղել… Ես, գիտեք, սոց. փաթեթով ամբողջական ուսումնասիրություն-բուժզննություն եմ անցնում… Թող բժիշկներն ասեն-գրանցեն որպես պատմություն, թե ինչ է կատարվում ձեր տիարի հետ… Հիմա իմ գիշեր-ցերեկը նորից այնպես են խառնվել, իմ ծուլությունը բազմապատկել, որ գիրն իմ գրելու ընթացքը-ձևը փոխվել է՝ ինքնագլոր է դարձել… Մի գործ է մնացել ինձ՝ պատշաճ-իրավունքո՞վ ձեռք բերված ներկայությունն իմ, որպես նախագծով-ծեսով-կյանքով մեր նախատեսված-պայմանավորված մի բան… Ինչպես երեկ առավոտյան քոլեջում՝ կլոր սեղանին, հետո կեսօրին՝ ընթերցարանում, ամփոփիչ քննարկմանը, հետո համերգասրահում՝ «Նորամուտ» համերգին երաժշտության կենտրոնի, և օրվա վերջում՝ Բլեյան Պետրոսի՝ իմ ավագ եղբայր Էդվարդ Բլեյանի Զեյթունի տանը… հարազատական հավաքին հարսիս ճանապարհի…
Սուրբ Կարապետի օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:
Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1308