— Հայրիկը որ մահանա, ո՞ւմ է մնալու դպրոցը… ի՞նձ… Կարո՞ղ ա՝ Աստղիկին…
— Դու ավելի վտանգավոր մրցակիցներ ունես, Դավի՛թ, Լիլիթը, Տաթևը, Շուշանը… Երեքն էլ ամեն օր իրենց համբավը-հարգանքը-ճանաչումը մեծացնում են…
— Չէ՜, ավելի լավ է՝ ես ճարտարապետ-շինարար դառնամ…
Հետո ավտոբուսի մեջ, երբ սեբաստացի սովորողները ծիծաղում-հանգստացնում-խրախուսում են Դավիթ Բլեյանին.
— Տիարն անմահ է, դու ավելի լավ է քեզ արդեն փոխանցված շնորհը զարգացնես ու շինարար-ճարտարապետ լինես…
Դավիթը ոգևորվում է… Ճարտարապետ շինարար է դառնում, որ աշխարհի ամենաբարձր շենքը կառուցի՝ ավելի բարձր, քան …, ամենաերկար կամուրջը՝ ավելի երկար, քան …, ամենաշատ փողն աշխատի՝ ավելի շատ, քան …։ Անուններ է տալիս, որ ինձ ոչինչ չեն ասում, իր աշխարհը դարձած ֆիլմերից են…
Իսկ Աստղիկը, որքան էլ հանգամանքները շարունակ ուշացնում էին պատվաստման օրը, երեկ սուր ասեղի պատճառած ցավը տարավ… Նեղացել է ու հաշտության միակ եզր թողել լրացուցիչ կաթիկը… Անսովորությունը շուտ վերականգնեց մեր հասունը՝ հինգ ժամ անընդհատ քնեց, գիշերվա 12-ից առավոտվա հինգը… ինչպես երեկ… Քաշը, բոյը, քունը, ախորժակը միասին աճում են…
Աստղիկին մեռոնից դուրս բերելու առիթով ընտանեկան ընդունելությունը Արթուր Շահնազարյանին ուրիշ վերաբերմունքի արժանացրեց… Դավիթը բերեց փափուկ-հարմար բարձը դրեց աթոռին, որ կնքահայրն ու կնքամայրը նստեն… Դե, Արթուրը խոսքի մեջ շարունակում է ինձ «քավոր»-ով դիմել… Դավիթը, տեսեք, ուշադիր է, չի վրիպում, առաջ կթողներ մեզ, իր խաղերով կլիներ…
— Չհասկացանք՝ ով ում քավորն է…
— Կնքահայրը դու ես, Աստղիկի կնքահայրը, լսեցի՞ր…
Ու կնքահոր հետ բաժակ բարձրացրեց…
Դիմանկարաշար: Արևմտյան դպրոցի վեց տարեկաններ:
Լուսանկարները՝ Արմինե Գյոնջյանի:
Ես մտնում եմ կրթահամալիրի տնօրենի գրասենյակ, Լիլիթ Ազիզխանյանն ու Լուսինե Մամիկոնյանը՝ համակարգիչների առաջ, ես իրենց արանքում, հարևան՝ Սուսան Մարկոսյանի ու Գևորգ Հակոբյանի սենյակ ներս ու դուրսով, ես տարբեր տեքստերի հետ եմ աշխատում, կարգավորումներ ու արտակրթահամալիրային հաղորդակցությունը, նամակներ, դիմումներ, փաստաթղթեր… Սա կարող է տևել մեկ, երկու ժամ… Ու այս արանքում, նաև այսպիսի գործեր են ծնվում… «Տիգրան Հայրապետյան» գրադարանի մշտահմա, մշտաներկա, մշտահաս աղջնակին՝ բոլորիս սիրելի Նոննա Գրիգորյանին, ծննդյան օրվա առթիվ, որպես շնորհակալություն պարգևատրել․․․
Կրթահամալիրի պարգևատրման ֆոնդն ու կարգը մեր հեղինակային մանկավարժության կայացման-զարգացման բոլոր շերտերը-փուլերը-լուծումները-ազդեցությունները կրել են, դարձել գործուն-բաց, առաջընթացի խթաններից, որտեղ կարգը արդարության պահապանն է, կամայականության դեմ արգելքը՝ ավելի ու ավելի անհաղթահարելի… Արժանի հանրային ուշադրության… Համեցեք օգտվեք, փոխանցեք… Իսկ մենք սահմանված կարգով աշխատում ենք 2019-ի պարգևատրման ֆոնդի ու կարգի նախագծի՝ փոփոխությունների վրա…
Կինո-ֆոտո խմբով քայլք երկաթգծի ճանապարհով:
Լուսանկարները՝ Հարավային դպրոցի սովորող Դավիթ Գրիգորյանի:
«Իրական» անունով դպրոցը, մասնագիտական ուսուցումը, որ ծնվել մեծացել է Ինստիգեյթում՝ բիզնես միջավայրում, իրական արտադրական-նորարարական բիզնես միջավայրում, արժեքավոր փորձ է, ուշադիր վերաբերմունքի արժանի… Ժամերը, որ «Իրական դպրոցի» ու «Ինստիգեյթի» ղեկավար Վահագն Պողոսյանի հետ սեբաստացիների մի խմբով անցկացրինք, թռան… Կեցցե՛ք բոլորդ, բիզնես հաջողակնե՛ր, որ գլխի եք ընկել, որ մասնագիտական ուսուցումը, ես կավելացնեմ և հանրակրթությունը, առանց բաց հասարակության ընդունակ-կայացած անհատների խմբերի, հաստատությունների՝ սնող միջավայրերի կենսունակ չեն… Որքան արագ կփոխվի մասնագիտական կրթությունը, եթե հայաստանյան բիզնես միջավայրը դեմքով շուռ գա դեպի նախնական մասնագիտական, միջին մասնագիտական, բուհական հաստատություններ, իսկ կրթության նախարարությունը կրթության փոփոխություններն ու լուծումները փնտրի այստեղ…
Պատրաստում ենք ծիսական խրձիկ տիկնիկ:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:
Մեր ավագ դպրոցը՝ իր վարժարանային-քոլեջային-նախնական մասնագիտական ու արհեստագործական (տեխնոլոգիական) թևերով, խմբային ու անհատական կազմակերպմամբ, ավելի վճռական-հետևողական պիտի մխրճվի իրական հասարակական-արտադրական՝ ծառայությունների ոլորտ… Իրական մասնագետի կայացման սնունդն այստեղ է, այսպիսի հյուսվածքում… Մեր կողմից ստեղծվող արտադրական տարածքներն էլ՝ լաբորատորիաներ, արհեստանոցներ, արտադրամասեր, արվեստանոցներ, ջերմոցներ… այս հյուսվածքի մասեր պիտի դառնան… առանց տարիքային սահմանափակումների, առանց կամայական տաբուների: Կա անվտանգ-հիգիենիկ՝ իրական ուսումնաարտադրական-հետազոտական գործունեություն, իրական արտադրությամբ ուսուցում: Այստեղից և հանրակրթության՝ նախագծային ուսուցմամբ կազմակերպման այս ձևակերպումը, որ խրթինության մեղադրանքով մնացել է իմ փոստում… Նախագծային ուսուցումը՝ հանրակրթության միջոցով սովորողի-մարդու-համայնքի խնդիրների ձևակերպումը, այդ խնդիրների լուծումն իր գործը դարձնելը, իր խնդիրների լուծման համար ուսանելով-ինքնակրթությամբ կարողությունների ձեռքբերումը, խնդիրներ լուծելը ուսուցման նպատակ, ընթացք ու արդյունք դիտարկելը նոր հանրակրթությունն է՝ իր բովանդակությամբ ու կազմակերպմամբ, որի մասին որպես երազանք է խոսվում։
Հանե՛ք մեղադրանքը, որ կյանքով ուղղվի…
Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1567