Մարդու գիր է․․․
Թումանյան Հովհաննեսի «Տպավորությունները» ամենաշատ հղումներ կհավաքեր, թե իմ բանավոր ու գրավոր ասված-չասվածը գրանցելու հաշվիչը լիներ… Այստեղից է և վերին գիր-վերնագիրը և վերջին գիրը, թե չէ վերջնագիրն ուրիշ կերպ է հնչում… … Ու՞մ ուղղված, մի հարցնող լինի: Իմ օրվա գիրն է, թվով 1307-ը, ազատ որևէ միջամտությունից… «Տպավորությունները» հանած, իհարկե:
Գրական ակումբում հանդիպում Ռոլանդ Շառոյանի հետ։ Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի
Երեկ առավոտ, աշխատանքային երկու ժամում, հեծանվային անցումով Հյուսիս-Քոլեջով Արևելյան դպրոց, Հարավից երկաթգծերին զուգահեռ, դատարկ-կեղտոտ մերկությունն ու գարշահոտությունը բացած ջրանցք-առվի, թե աղբատարի արանքով անցումով Արևմուտքի դպրոց, կարճատև դադարներով մեր ամեն դպրոցում, անցումներով միջդպրոցական քանի՜ տպավորություն հավաքեցի, Երևան 2800-ի քանի՜ խնդիր… Եվ ալեկոծում, չարչարում, հուզում… Ի՞նչ եմ անելու այս խնդիրները, որ համառորեն, որպես ուսումնական նախագծեր փորձում եմ բերել սեբաստացի սովորողի-ուսուցչի աշխատանքային օրակարգ, նրանց կյանքի խնդիր դարձնել՝ իրենից տարվածը իրենց վերադարձնելու համար… Հետո Բանգլադեշից 16-18 կմ անցումով Նոր Նորքի բուժկենտրոն․․․
Յոթ մոր ծիծ կերածը… չգիտեմ, բայց յոթ մոր պահած եմ ես, որպես մեծ տան ամենակրտսեր. էս՝ իմ նշանավոր ահ ու սարսափ մերը, էս՝ իմ ավագ ու կրտսեր քույրեր Նեկտար-Էմման, էս՝ իմ հարս Ռոզալիան… ում այսպես է, յոթերորդ օրն է հրաժեշտ ենք տալիս, իմ հորաքույր Ռոզիկը… հիմա իր փոքրիկ տունը հիշեցի՝ մեր տան դրկից, իր թախտով-անկյունով, այնքան հարմար տեղավորվելու և դաս անելու համար… Կե՛ր անուշը ու սովորի՛ր դասերդ օրվա գորովանքի մեջ… Երկար տարիների դասվար հորաքրոջս դասերը չեմ մոռանա…. Ու իմ օրվա մեջ իմ ավագ հարս Ռոզալիայից՝ ավագ եղբորս կնոջից, վերակենդանացումով հանգրվանած Նոր Նորքի բուժկենտրոնում, այստեղից առած-ստացած-սպասված տպավորությունները ամենաթարմն են, ճնշողը… Հիվանդանոցի բազում կաբինետներով անցա ու ամեն տեղ աչքս պատուհաններին է… Ոչ մի բաց պատուհան չհանդիպեցի, երբ ամեն տեղ գլխավոր պակասը դրսի թարմ օդն է…. Հնարավոր լիներ թարմ օդի շիթերի ներխուժումով պարբերաբար օդափոխվեր հիվանդանոցը ողջ ծավալով…. Թարմանար-ուրիշ դառնար հիվանդանոցային սովոր օդը… Օդից սկսվեր…
Կադրեր «ԳՄՕ-ն որպես կենսաբանական զենք» թեմայով աշխատանքային հանդիպումից։
Աղավնիների մասին, պարզվեց, ամենաքիչը գիտեմ, որքան էլ միշտ ուշադիր եմ եղել, ամենուր… Վատիկանից, Վենետիկի նշանավոր հրապարակից սկսած, որ բնակավայր է աղավնիների երամների… Հյուսիս-Արևելք իմ ամենօրյա անցումը աղավնատան մոտով է, որ քանի ժամանակ է, Գեղարվեստի ժողովրդի հետ ուզում ենք նոր նախագիծ ստեղծել։ Էյ, գիտի, Գրիգոր Խաչատրյան, որտեղ ես, ի՞նչ անենք քո թանկարժեք (մեծածախս) նախագծի հետ… Արմինեն պատմեց, զարմացա, հիացա..․ Բոլոր ուսուցիչները դպրոց-պարտեզների մեր չեն կարող բնապահպան-բնասեր-հայրենագետ չլինել. և 1-3-րդ դասարաններում՝ «Ես և շրջակա աշխարհը», 4-5-րդ դասարաններում՝ բնագիտության, 5-րդ դասարաններում հայրենագիտության դասընթացները ենթակա են 2018-ում վերակազմակերպման, այո, կազմակերպումն է, որ պիտի փոխվի, որքան էլ թվում է` մեր հեղինակածի ու պետական կրթական ծրագրի միջև սար ու ձոր ենք առաջացրել… Ինձ ուրախացրեց Ագարակում մեր շների տների վերևում, որպես ձեղնահարկ, աղավնատան կառուցումը… Նկատե՞լ եք… Չեմ ուզում միջամտել, քիչ բան եմ հասկանում, բայց շատ կուրախանամ. ուշի-ուշով հետևում եմ, որ տարածաշրջանում վերջապես հայտնի մի մարդավարի տուն… Որևէ մեկը Երևանում տեսե՞լ է այդպիսին: Ասացեք: Երեկ Կոնդում իմ աչքին աղավնու մի նխշուն տնակ ընկավ… Վառվում եմ հետաքրքրությունից այցելելու…
Եվ ամեն կողմից՝ ձայներ ու ձայներ… օրվա վերջում՝ գրական ակումբից, Գեղարվեստի հարթակում Ռոլանդ Շառոյանի փոխանցած տպավորություններով, օրացույց դարձած երեքշաբթի էր, վարչական խորհրդի հանդիպումից…
Աշտարակյան դիմանկարներ։ Լուսանկարները՝ Գոռ Խլոյանի
Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում երեկոյան ժամերգությունը, Տեր Ավետիս քահանայի հետ նշանակված-երկար փնտրված-պահանջված հանդիպումը, քայլքը հին Կոնդից՝ մնացած-չմնացածով… Երևանի Կաթողիկե եկեղեցու կորցրած հմայքը Սրբ. Հովհաննեսով փոխարինելու՞, Տեր Ավետիս քահանայի հետ կապը վերգտնելու՞ պահանջ է, նոր ուսումնական նախագի՞ծ… Համլետ Խաչատրյան ճարտարապետ ընկերոջ հետ հին Կոնդի՝ տարիների պատմություն ունեցող գժտությունը հարթելու-ջնջելու միջո՞ց… Կոնդ, իհարկե պիտի վերադառնանք, տարբեր խմբերով ուսումնական, կանցնենք Լեո փողոցից սկսվող, զարմանալի մզկիթով դեռ պահպանված, արժեքով իհարկե, Կոնդի նեղլիկ-կանչող փողոցներով դեպի Սրբ Հովհաննես, Ավետիս քահանայի մոտ… Համլետի հետ վեճը հրահրելու համար, կրկին փորձելու մեր մասնակցությունը բերելու Կոնդից մնացածը շինհրապարակի մեջ հայտնված հին Երևանի այս բնակատեղին՝ իր մասունքներով, պաշտպանելու համար… Բայց թե եղածը գետնին հավասարվեց՝ մա՜հ,- կասեր Արմենին ձայնակցած Համլետ Խաչատրյանը, որ իմ մահը կդառնա իրավ… Իմ մահը, իմ այս գրով սպառնու՞մ եմ ես:
Եվ տարերքների ուժով ահագին
Շափառուկները* ճընշում են իրար։
Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#1307
*Շափառուկ — տխրություն, տագնապ
Աղբյուրը՝ Ժամանակակից հայյոց լեզվի բացատրական բառարան, Երևան, 1969
Ստեփանոս Մալխասյանցը բացատրում է այսպես. «Աստույգ նշանակության բառ։ Մեկնում են (՝ իբրև ցերեկը վրա հասած գիշերային մթություն, կամ տխրություն ուրախության ժամանակ, հավանորեն՝ իրարանցում, տագնապ»։