Լինում է այսպես՝ գիշերով արթնանում եմ պատմելու ցանկությունից…
Այնքան բնական է հիմա իմ երեկվա՝ մի գիշեր նստվածք տված, փրփուրից, առօրեականությունից զատված զիլ ձայները օրագիր բերելը, որ մի քիչ էլ սիլի-բիլի եմ անում իմ այս բնական դարձած պահանջմունքի հետ. մի ժամից ավելի mskh-ում եմ, զմայլվում-ապրում եմ, տեսնում-լսում եմ, ծափահարում-արձագանքում՝ բռավո, կրթահամալիր…
Գույն TV, Գույն ռադիո, Գույն լաբորատորիա, Գույն ջերմոց-պարտեզ, Գույն համերգ-դահլիճ, Գույն մարզանք, հիմա էլ հիացեք՝ Գույն խամաճիկների թատրոն: Այնքան գունեղ է, կենդանի-ստեղծական 2-րդ դասարանցիների աշխարհը, ու Կարինե Բաբուջյանը, իր մեծ ու պստիկ ընկերները ամեն օր ընդարձակում են իրենց կյանքը Գեղարվեստում: Ինչ ասեմ՝ մեկ նստած նայեցի, որ չխանգարեմ, չշեղեմ որպես հանդիսատես, մեկ վեր կացա, սկսեցի գնալ-գալ ոգևորված, ինչպես երեկ՝ Մարմարյա սրահում՝ մեդիաուրբաթ համերգին, որ ակտիվ մասնակցեմ, մի անգամ էլ իմ նշանավոր դարձած սուրճը (Քարինտակի մեղրով) խմելով նայեցի… Արհեստականությունը, մերս կասեր՝ «ձև քշել», որ օրգանապես տանել չեմ կարողանում, չշփոթեք արտիստիզմի հետ… Այսպիսին է ահա մեր մանկավարժության շոշափելի ցուցանիշը՝ անձնական-անհատական՝ որպես ներքին պահանջմունք, Կոմիտասն ասում էր՝ երգեք ձեր տանը, ձեզ համար, այլք ականջներ ունեն, կլսեն… Չե՞ն լսի… Մենք սեբաստացիական աշխարհի ժողովրդով ինքնաբավ ենք՝ որպես գնահատող հանրույթ, իրար լսենք՝ անտարիք, անսահման, անհոգնել… ինչպես՝ ես ձեզ եմ լսում, տեսնում, արձագանքում:
Վրիպեցի-բաց թողեցի 6-րդցիների տերյանական ելույթը փոքր դահլիճում. Արևիկ Ներսիսյանը իր ընկերների հետ կգտնի ձև՝ մեզ էլ իրենց Տերյանից անմասն չթողնելու… Հիմա հավես է լսել «Սեբաստացի» ռադիոյով երրորդցիների անմիջապես հարցազրույցները, խոսեցնելը, իրար ելույթից հետո: Լսեք, հենց հիմա մասնակցեք-վայելեք այդ խաղը
Ընտրված բնագավառում, օղակում ուսումնական գործիքակազմը նվիրատվությամբ միանգամից որակապես փոխելու տոնական ակցիաներ կրթահամալիրում հետևողական են իրականացվում: Որքան էլ դրանք արտիստիկ-սպոնտան են ներկայացվում, խնամքով նախապատրաստվում են իմ «իմաստուն ղեկավարությամբ» (մեջբերում Գրիգոր Խաչատրյանից)՝ որպես ներդրումային ծրագրեր: Այս օրերին «Հեղինակային կրթության կազմակերպում» ստուգատեսի շրջանակում մենք ունեցանք ոսկերչության նորացած իսկական արվեստանոց-լաբորատորիա. Արհեստագործական ավագ դպրոցի 20-ի չափ սովորողներ, իրենց եռանդուն ոսկերիչ-մասնագետ Հայկ Սարգսյանի կազմակերպմամբ, եկեք՝ տեսեք, ոնց են թևերը քշտել աշխատում՝ մեզ մոռացած…
Միանգամից «Սեբաստացի» ռադիոյի բոլոր ութ դպրոցական խմբագրությունները ունեցան թվային մոբիլ ձայնագրիչներ՝ վաճառքում ներկայացված արդիական մոդելներ:
Սրանց համար ինձ շատ օրհնեցիք-գովեցիք, շնորհակալ եմ. գործեք, ես համակ աչք ու ականջ եմ: Իմ աշխատակազմով կարողանում եմ լրացուցիչ կրթական ծառայությունների համար սեբաստացի ծնողների ամենամսյա ուսումնական պայմանագրային լրավճարներից ձևավորել հեղինակային կրթություն ներդրումային ծրագիր, վերադարձնել ձեր ծնողների գումարները ձեզ, որպես ուսումնական աշխատանք, ձեր խմբային-անհատական արտադրողական-ստեղծական գործունեության լաբորատոր-արհեստանոց-արվեստանոցային միջավայրում… Ստացվում է:
Ահա ինչու դրամի անվստահելի պահվածքի այս շրջանում ավելի արժանի-անկորուստ-շահեկան ճանապարհ չգիտեմ հայկական դրամի համար, քան սեբաստացիական հաշիվների վրա նստելը: Կարճ է մնալու, ներդրվելու է մեր-ձեր կյանքում որպես կենսական միջավայր, որպես գործիք՝ ծուլությանը կամ ոչ ստեղծական (ժամանակ սպանող) գործունեությունը հաղթահարելու… Դուք այստեղ էլ ընտրություն ունեք. փոխանցել կարող եք կրթահամալիրի կամ «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի հաշվարկային հաշվին.
Չեմ թողնի՝ մոռանաք յուրաքանչյուրիս մասնակցության ապահովման թումանյանական բանաձևը՝ շատը ունեցածից, քիչը սրտից:
Ինչո՞ւ եմ գործածում «սիրուն մեդիա» արտահայտությունը։ Այն մեր՝ սեբաստացիական մեդիայի՝ mskh.am-ի ու իմ բլոգի համար եմ ասում, որ արտիստիկ-բազմալեզու է իմ սքաչելի քույր Սուսան Հովհաննիսյանի, սուս ու փուս Սուսան Մարկոսյանի, ամենատես-աննահանջ Արմինե Թոփչյանի, մշտահաս Զառա Առաքելյանի օգնությամբ: Շնորհակալ եմ, ահա, իմ բլոգապատման տասնյակ ու տասնյակ էջերը հաքերների հրդեհից ազատելու, իմ «Օրագիրը» կրկին ամբողջական տեսքի բերելու համար. թերթեք, ստուգեք, համոզվեք` իմ բլոգում առկա են իմ օրագրի բոլոր 239 պատումները:
Դավիթ Բլեյանի ասած՝ միլիոնով քեզանով հիանում ենք, մեր սիրուն մեդիա։
Հայաստանյան մեդիան` իր ԶԼՄ-ներով, TV-ով, ռադիով, թվային միջոցներով ու թվային ինտերակտիվ միջավայրով, զրկում է մեր քաղաքացուն անհաղորդ-պասիվ-անպատասխանատու կեցվածքի մահանայից… Լավ է, որ կա ինտերնետ աշխարհը՝ հասանելի Հայաստանով մեկ, կա «Ազատություն» ռադիոկայանը, լավ է որ ընդիմությունն իր «Կենտրոն» TV-ն ունի, որ առաջանում է նորը՝ ի դեմս Հ3-ի, մատչելի յուրաքանչյուր հայաստանցուն. մարդն այսօր մեր աշխարհում, եթե ականջ-աչք ունի, կարող է լսել-տեսնել, թե ինչ է կատարվում Հայաստանում:
ԶԼՄ-ներից թոփ եռյակը այսպիսին եղավ։
- Սահակաշվիլին վերջապես մշտական աշխատանք ունեցավ իմ ու իր համար այնքան կարևոր Ուկրաինայում. նախագահ Պորոշենկոյի խորհրդականն է։
- 2014-ի դեկտեմբերի նախատոնական առևտրի ծավալը պաշտոնական տվյալներով կրճատվել է 2013-ի համեմատ 13%-ով։
- Այս մեկն էլ տրնդեզական՝ 13 հետաքրքիր փաստ համբույրի մասին. համբույրը կարգավորում է օրգանիզմը և հանում լարվածությունը:
Իսկ Դավիթ Բլեյանը ընկեր Կարինեին, տիկին Սոֆյային ու նրանց պարգևած համերգները այնքան է սիրում, որ կարող է հանկարծ առաջարկել.
— Հայրիկ, արի մեր կուկուների նման նվագենք…
Ինչ համերգ-նվագ-խաղ էր 45ր շարունակ, 15:15-16:00, Մայր դպրոցում: Շնորհակալ եմ, այսպիսի պարգևի համար, ես կարող եմ անդադրում բանել ու բանել…
Առանց կախարդական Գուլպայի դժվար է մեր Դավթի համար. թուլացել, ուժազրկվել է…
— Հայրիկ, ի՜նչ կլինի, թող գա Գուլպան, ուզում եմ, որ կախարդի, ինձ ամբարձիչ մեքենա բերի…
Նվնվում է.
— Ցավում է, հայրիկ, «փորիկս գոռգոռում է»…
Տեղը չի գտնում.
— Արի գնաք քնենք… կարող է՝ առավոտը Գուլպան գա…
Դավթի կողքին քնելը պատիժ է, իհարկե, Աստծու տված անգին պատիժ…