Դաստիարակությունը զրույց է. զրույցը՝ առաջին հերթին դիմացի մարդուն հասկանալու փորձ…
Լիլիթ Բլեյանն իր վերջին համերգ-ճամփորդությունից Մոսկվայի գրախանութից ընթերցարան է բերել ինձ. հայտնի հեռուստահաղորդավար Անդրեյ Մաքսիմովի՝ նրան արդեն հաջողություն բերած «Ինչպես թշնամի չդառնալ սեփական երեխային» գիրքը: Առաջաբանն իմ 327-րդ գրի այդ գրքից է: Իմ օրագիրն էլ այդպիսի մի զրույց է, դիմացի մարդուն հասկանալու փորձ… Ձեր դիմացի մարդը, սեբաստացի բոլոր տարիքի, հիմա ես չե՞մ. օրվա գրի ձևով հրապարակվող տեքստերն էլ ինձ, իմ ջանքերը ձեզ հասկանալի դարձնելու փորձ են… Ես նաև Դավիթ Բլեյանի հետ եմ հիմա ամեն առավոտ այդպիսի զրույցի մեջ, որ էս տարիքում հասկանամ իմ հերոսին… Իրիկունները վերջին շրջանում հոգնած եմ լինում՝ անհաղորդության աստիճան… Առավոտը լա՜վ է այնքան…
Գիտեք, քիչ եմ էն սահմանում՝ արտասահմանում լինում, եղել. Վրաստանն ու Արցախը հանած, էն էլ աշխատանքի բերումով, չեմ էլ հիշում՝ երբ եմ բացակայել Հայաստանից, Երևանից, Բանգլադեշից… Վերջին անգամ՝ 2001-ին, Նուբարաշենի կլոր բերդից հետո Մոնակոյի իմ բարեկամ Տիգրան Ջերջյանի հյուրընկալությամբ «վաստակած» պայծառ օրեր անցկացրի Ֆրանսիայում… Մայիսի 6-ին Վենետիկի 56-րդ բիենալեի (բիենալե՝ իտալերեն նշանակում է երկամյա) Սուրբ Ղազար կղզում՝ Մխիթարյան միաբանության տարածքում տեղակայված Հայաստանի տաղավարի բացմանը կարող էին ինձ հրավիրած լինել: Համարենք՝ վրիպել են. հո չեմ նեղանալու, ու դա պատճառ դառնա, որ չուրախանամ«Հայություն» խորագրով ցուցադրության «Ոսկե առյուծ» մրցանակի արժանանալու լուրով… Չէ, չէ մի, ուրախանում եմ: Կրթահամալիրի արվեստագետ ուսուցիչներ Արման Գրիգորյանը, Կարինե Մացակյանը, Գրիգոր Խաչատրյանը, ովքեր տարբեր տարիներ Հայաստանը ներկայացրել են Վենետիկի բիենալեում, կարող են, երևի, mskh.am-ում ներկայացնել «Հայություն» ցուցադրության մասնակից 18 սփյուռքահայ արվեստագետներին, տաղավարն ամբողջությամբ… Դուք որ չանեք, Նունե Մովսիսյանն իր «Հայկական կակաչ» բլոգով կանի… Շնորհակալ եմ «Հետք»-ին՝ հետաքննող լրագրողներին. Լեռ Կամսարի թոռնուհու՝ Վանուհի Թովմասյանի նամակը ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանին կարդացի սկզբից մինչև… Արդեն քանի՜ տարի ես բաց չեմ թողնում Մհեր Ենոքյանի՝ ինձ հանդիպած որևէ հրապարակում. այ քեզ անհատականությո՜ւն, այ քեզ ուժ ու այսպիսի՜ դրսևորում…
Մենք էլ մեր «բիենալե»-ն ունենք, որ անվանել ենք «Կրթահամալիրի գեղարվեստը. գեղարվեստը կրթահամալիրում» համերգ-ցուցադրություն… Այլընտրանք ենք. ոչ թե երկու տարին մեկ անգամ, այլ տարին՝ երկու անգամ է մեր «բիենալեն»։ Վենետիկ էլ կհասնենք. առայժմ երևանյան հարգելի համերգային-մշակութային կենտրոններում ենք հանդես գալիս մեր կենդանի համերգ-ցուցադրության տաղավարով ամեն տարի մայիս-հունիսին ու նոյեմբեր-դեկտեմբերին… 2014-ին, չեք մոռացել, մեր հոբելյանական տարում, տպավորիչ ելույթ-մշակութային ակցիաներ ունեցանք Առնո Բաբաջանյանի անվան դահլիճում հունիսի 20-ին, հետո Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը՝ դեկտեմբերի 16-ին: Թարմացրե՛ք ձեր տպավորությունները. մեր մեդիան՝ mskh.am-ը, ձեզ համար այսպիսի հնարավորություն ստեղծում է: 2015-ի մեր համերգը նորաբաց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի արդիական դահլիճում է. շնորհակալ եմ ինստիտուտ-կենտրոնի ղեկավարությանը՝ այսպիսի սիրահոժար հնարավորության համար. այսպիսի բեմը, այսպիսի համերգը լավագույն խթան է կրթահամալիրի սովորողներին և ուսուցիչներին… Տարին երկու անգամ, երկու տաղավարում՝ արտագնա ու մշտական՝ Բանգլադեշի կրթահամալիրում… Այս օրերին ձևավորվում-ամբողջանում է բանգլադեշյան տաղավարը՝ նորանոր ցուցադրություններով, համերգներով…
- Արթուր Շահվերդյանի անհատական ցուցադրությունը բաց է մայիսի 6-ից.
- Էլիզա Բաղդիյանը հրավիրում է իր համերգ-ցուցադրության մեկնարկին՝ մայիսի 14-ին.
- թավջութակահար Հայկ Առաքելյանը Մեդիակենտրոնում ելույթ կունենա մայիսի 19-ին.
- Հայկ Գրիգորյանն իր ցուցադրությունը ներկայացնում է մայիսի 20-ին.
- նույն օրը Հովսեփ Աբրահամյանն է պատրաստվում իր ելույթին…
Մեր «բիենալեն» նոր-նոր թափ է հավաքում։ Իսկ մայիսը 31 օր ունի, հունիսն ամբողջությամբ առջևում է… Իսկական ստուգատեսային-փառատոնային-ճամբարային… «Գժանո՜ց»՝ ճիշտ ժամանակին լսվեց Նազենի աստղ Հովհաննիսյանի հիացական բացականչությունը. նա, վստահ եմ, մեզ իր սիրելի ներկայությունից չի զրկի… Մեր բիենալեն բաց է, մատչելի յուրաքանչյուրին, նաև գիշերակացի կարիքով ոչ երևանցիների համար. մեր հարմարավետ կացարաններն այդպիսի հնարավորություն տալիս են…
Կրթահամալիրի տնօրենի հոգսեր՝ անսահման մեդիա ու անվերջ ֆիզիկական միջավայրում… Ես դրանցով զբաղվում եմ, Նորայր Այվազյանը կասեր, հեշտությամբ (բա չէ, դժվարությամբ), ինչպես մայրն ամեն անգամ իր երեխայի պամպերսն է փոխում կամ, հեռու չգնանք, կրթահամալիրի նախակրթարանների դաստիարակ-դայակները սրբում են 2-5 տարեկանների քիթ ու մռութը… Խնամքով է քոնը դառնում, խնամքով է կապը հաստատվում… Մեր մանկավարժությունն այդպիսի կապի հաստատում է՝ ամենօրյա խնամքով իր երկրի, իր ժամանակի հետ՝ որպես ուսումնական անընդհատ աշխատանք…
Տիգրան Փարսիլյանը, որ ամեն օր խնամում է մեր mskh.am մեդիան, որ այն անընդհատ հասանելի լինի յուրաքանչյուրիս, այսպիսի երկու տեղեկություն է տրամադրում.
ա) Կայքի հասանելիությունը 2014-ի կտրվածքով, ամսվա կտրվածքով:
Տիար, միգուցե Ձեզ հետաքրքրի, մեր կայքի հասանելիությունը դրսից՝ ըստ ժամանակի, մեկ տարվա կտրվածքով եղել է 98,377%, իսկ մեկ ամսվա կտրվածքով՝ 98.993%:
բ) Իմ էլ. հասցեում եղած բացատրությունը վերջին խափանման մասին:
Խափանման պահին դիմումները կայքին չափազանց շատ են եղել և միաժամանակ աշխատել է RSinc ֆայլերի կլոնավորման և սինխրոնիզացիայի համակարգը (ֆայլերի արխիվացումը շատ մեծ ռեսուրսներ է խլում, քանի որ ֆայլերի տասնյակ անգամ մեծ է բազաների ծավալից), որի պատճառով կախվել էր mysql բազաների համակարգը, վերգործարքելիս բազաները վնասվել են։ Համակարգը լրիվ ջնջվել և նորից տեղադրվել է, բազաները ետ են բերվել հենց այդ գիշերվա արխիվից, իսկ ֆայլերի սինխրոնիզացիայի ժամը տեղափոխվել է գիշերային ժամին, որպեսզի համակարգը պիկում չլինի։
Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ. «Ուժը չէ կարելի զգալ, եթե չկա դիմադրություն, և մրցանակը դժվարության չափով հարգ ունի»,- կռահեցի՞ք, որ իմ հերոս Միքայել Նալբանդյանի «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատության առաջաբանից է, որ բերանացի իմանալու նյութ է՝ որպես առաջը Բանի: