Համերգ, հանուն որի այս 300 կմ-ի չափ ճանապարհն ես հաղթահարել, բազում արգելքներ… Ու «Սեբաստացիներ» երգչախմբով, բեմական նոր զգեստներով, մեր մաեստրո Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ բեմ ես բարձրանում… Թբիլիսիի ազատ համալսարանի ու ագրոհամալսարանի միացյալ դահլիճը 400-ից ավելի տեղ ունի, իսկակական համերգային-թատերական դահլիճ: Մեր Սեյրան Ավագյանը, համերգից առաջ, համերգին, համերգից հետո, միշտ ընկեր է, առանց ում, հաստատ, այս խաղաղ, վստահ ընթացքը չի լինի: Հիմա էլ երկրորդ պլանից կարևոր շտկումներ է անում. ակուստիկան լավ է, երգչախմբի վիճակը՝ տեղում, երգում ենք առանց բարձրախոսների… Ես սպասում եմ «Սեբաստացիներ» երգչախմբի բեմ բարձրանալուն, ավելին՝ հուզվում եմ, ես այնքան կարևոր հանդիսատես եմ, ողջ համերգի ընթացքում կենտրոնացած միայն համերգի վրա… Բեմից ամենակարևոր խոսքն եմ ասում՝ այնպիսին, որ տպավորվել է նաև մաեստրո Թոփիկյանի մոտ: Սա է հայկական երաժշտությունը, ասում եմ, իսկականը, իմացեք, մնացածը՝ հարգելի Թիֆլիսի հասարակություն, ինչ քեզ այնքան տարբեր առիթներով, հատկապես քո կենցաղում, քո առօրյա բեմերում մատուցում են, ոչ միայն հայկական չէ, այլև հակահայկական է…

Իսկ դահլիճը լցվում էր՝ ինչպես կրթահամալիրի Մարմարյա սրահը. խմբերով էին գալիս: Ու ես… ժպտացի: Ինձ բոլորը այստեղ ճանաչում են, հարազատի պես ողջագուրվում, հալուքեֆ հարցնում, ինչպես կրթահամալիրում՝ Մարմարյա սրահի համերգից առաջ… Քանի՜ տարի, քանի նախագիծ ենք իրականացրել հայ-վրացական հանրակրթական կամուրջներով: Չես շեղվի, չես այրի սրանք՝ այս բանուկ ու Թիֆլիսից Երևան, Երևանից Թիֆլիս նոր խմբեր-անհատներ կանչող ճանապարհները… Համերգից առաջ՝ հենց փորձի ժամանակ, որպես միացյալ նախագիծ, հանդիպեցին, ջերմ-հարազատի պես միասին ողջունեցին համալսարանների ֆոլկլորային ուսանողական արական խմբի և «Սեբաստացիներ» իգական երգչախմբի անդամները… Նրանց միացան ղեկավարները` աննման ու խանդավառ Քեթին` կին, մյուս կողմում` մաեստրոն՝ տղամարդը… Պետք էր տեսնել-լսել-նկարել այն ոգևորվածությունը, որով նրանք ընդունեցին ապրիլին խմբով Երևան այցելելու, կրթահամալիրում ելույթներ ունենալու իմ սիրով-անմիջական արված հրավերը… Բոլոր 25 ուսանող-երիտասարդներն ու ղեկավարը առաջին անգամ պիտի լինեն Հայաստանում… Իմ ավարտական խոսքում, մեր իրոք կայացած-տպավորիչ համերգից հետո, «Ռուսթավի 2» և հանրային հեռուստաընկերությունների ներկայությամբ բեմից հրապարակեցի մեր եղբայրության 2015-ի ապրիլյան օրակարգը՝ առանց մեկնաբանության… Ապրիլի 8-10-ը կրթահամալիրում վրացերենի պետական տոնն ենք նշում` որպես ավանդույթ, ու հյուրընկալելու ենք հիսունի չափ պարող սովորողների նշանավոր պարի խմբի… Ապրիլի 13-ից կրթահամալիրում կսկսվեն ֆոլկլորային ուսանողական համույթի հյուրախաղերը… Ապրիլի 22-ից մեկնարկում է ամենամյա բաց հանրակրթական, բնապահպանական նախագծերի ստուգատեսը՝ թվով հինգերորդը, որին կմասնակցեն ոչ միայն մեր հին, հավատարիմ գործընկեր 98-րդ դպրոցի պատանի էկոլոգները, այլև խմբեր Թբիլիսիի Բանգլադեշի՝ Գլդանի թաղամասի դպրոցներից… Ապրիլը դարձավ հայ-վրաց ժողովուրդների ապրելու, միասին գործելու ստուգատես…

Իսկ ժամեր առաջ Հավլաբարում ավարտվեց մեր էկոակումբի և թիվ 98 դպրոցի էկոլոգների համատեղ, ավանդական դարձած դասը:

Համերգից հետո` ժամը 5-6-ը, Ագրոհամալսարանի երիտասարդ, խանդավառ պաշտոնյաներից մեկի ղեկավարությամբ սովորողների և ուսուցիչների մեծ խմբով մեկ ժամանոց շրջայց կատարեցինք` ուշադիր, Ագրոհամալսարանի լաբորատորիաներով… բոլորը` բաց, գործող, թարմ կահավորած, լեցուն արդիական սարքերով և ուսումնատենչ, գործող ուսանողներով և դասախոս-գիտաշխատողներով: Այս համալսարանը, որը որպես Նոր Վրաստանի ազատ համալսարանական տարածք՝ Վրաստանի էկոնոմիկայի հայտնի նախարար Բենդեկիձեի ներդրումն է, մեծ տպավորություն թողեց իր ազատությամբ, ճաշակով, պարզությամբ, աշխույժով… Մի նոր ապացույց, որ մենք վատ ենք ճանաչում իրար…

Համերգից հետո, երբ ավտոբուսով վերադառնում էինք Ծխնեթիի մեր պանսիոնատ, ժամը 7-8-ի արանքում, մտերմիկ զրույց էր երգչախմբի մասին… Բաբուջյան Կարինեն իր սիրած միտքն էր զարգացնում՝ ինչպես է երգչախումբը փոխում ուսուցիչ-մասնակցին, Մարիետ Սիմոնյանը կարևորում էր մաեստրո Թոփիկյանի հետ շփումը, նրա գործոնը, Հասմիկն ու Լիլիթը առաջին անգամ էին Թիֆլիսում. երգչախումբը միասին լինելու-հարմար ճամփորդելու-մշակույթ տարածելու առիթ ու հնարավորություն է… Ինչպե՜ս կայացավ. չէր կարող չկայանալ մեր երգչախումբը… Սիրելիներով, սիրով խոսում էինք մեր ամենասիրելիի՝ ընդհանուրը ստեղծող սեբաստացիական ֆենոմենի մասին… Այնքա˜ն ուզում ենք ապրիլին հաղթել Իտալիայում անցկացվող միջազգային հավաքին…

Օրվա մեջ ի՞նչը կառանձնացնեի, որ գրի ընթացքում համառորեն մղեցի վերջ, որ 280-րդ գիրս ավարտեմ ամենալավ տպավորությամբ… Ժամը 11-ին, ինչպես նախատեսված էր ծրագրով, Ծխնեթիից իջնելիս՝ Թիֆլիսիի հրապարակ-սրճարանի բակում Հռիփսիմե Առաքելյանի 3-րդ դասարանը հանդիպեց թբիլիսիցի 4-րդ դասարանցիներին… Այս հրապարակը, շենքը, հավաքը դարձավ հայ-վրաց բարեկամության գարնան ընձյուղը… Ի˜նչ լավ է, որ գարուն է մեր հարաբերության ներսում… Ի˜նչ ոգևորությամբ մեր երգչախումբը երգեց… Կոմիտաս… Իսկական հայկական երգ. առույգ-կենդանի-սրտից եկող ու դեպի երկինք տանող…

Իսկ Դավիթ Բլեյանը կայքում նայել է հայրիկի նկարին ու ասել.
— Հայրիկ, արի, դու ինձ կարոտել ես…

Լուսանկարները` Մարինե Մկրտչյանի (Թբիլիսի),
Արմինե Աբրահամյանի (Երևան)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հանրահայտ ու մատչելի մարդու օրը չկտրվի. օր է` գրի

Որ հարցերն անպատասխան չմնան, հարցեր, որ ամենաշատն են հնչում իմ օրերում հիմա՝ փողոցում, տաքսիում, այլուր – բոլորն են ճանաչում – ահա, օրերի հարցը իմ օրագրում: — Ինչի՞ էլ քաղաքականությամբ չեք

Բա՞ց, թե՞ բաց թողած…

Բլոգային ուսուցում, ձեռքբերումներ… Սա էր մանկավարժության ճամբարում հունիսի 19-ին քննարկվող թեման։ Մանկավարժության ճամբարային պարապմունքներին ինձ տրված չէ որպես ճամբարական լիարժեք մասնակցելու… հմայքը. ես ուսուցիչ չեմ, ավելին՝ մանկավարժական աշխատող չեմ… Կրթահամալիրում լրացուցիչ

Կրակով վերադարձածի վճռականությամբ

Ա՜խ,  Նարե-Նարե… Ժինգյալով հացը Ոնց որ վառվում է․․․ Երգում-շարժվում է մեր ուղևորության հերոս Դավիթ Բլեյանը․․․ Ժինգյալով հացը միշտ եղավ մեր սեղանին՝ երեք գիշեր ու չորս օր, իսկ Գանձասար-Վանքից Ծովինքարով Խաչենի