Մենք՝ բոլոր տարիքի սեբաստացիներս, ըմբռնումով ընդուեցինք Google-ի տնօրենների խորհրդի նախագահ մեր գործընկեր Էրիկ Շմիդտի Դավոսի արված հայտարարությունը, որ համացանցի ժամանակաշրջանն ավարտվելու է: Շվեյցարիայի Դավոսում, զուգահեռ մեր Բանգլադեշում բաց ստուգատեսների խաչմերուկում ծավալված կրթական ֆորումին, համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում ընթանում էին մոտ ապագայի վերաբերյալ քննարկումներ… Մեջ եմ բերում «Հանրակրթական Դիջիթեք» ստուգատեսի մեր աջակից ընկերության 1-ին դեմքի հայտարարությունն ուղղակի. «Համացանցը վերանալու է: Կլինեն բազմաթիվ IP հասցեներ, բազմաթիվ գաջետներ, սենսորներ, կրիչ սարքեր, իրեր, որոնց հետ կարելի է փոխգործակցել : Դա կդառնա մեր գոյության մշտական մասնիկը. ինչը դուք պարզապես չեք զգա: Պատկերացրեք, որ դուք մտնում եք սենյակ և սենյակն ինտերակտիվ, և ձեր թույլտվությամբ կարող եք փոխգործակցել այդ սենյակում գտնվող իրերի հետ: Առջևում մեզ սպասում է բարձր անհատականացված, բարձր ինտերակտիվ ու շատ հետաքրքիր աշխարհ»… Կրթահամալիրը հունվարյան ստուգատեսային-ճամբարային-նախագծային ուսումնական աշխատանքների ցուցադրություն-շահագործման միջավայրով հաստատեց «բարձր անհատականացված, բարձր ինտերակտիվ ու շատ հետաքրքիր աշխարհ» դառնալու իր հայտը՝ սեբաստացիական հեղինակային մանկավարժության մշակումը, իրականացումն ու տարածումը: Հիմա, երբ փետրվարի 2-ով մեկնարկում է 2014-15 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակը, երբ հունվարյան ստուգատեսները թևակոխում են մասնագիտական հանձնաժողովների կողմից ներկայացված ուսումնական նախագիծ-հայտերի գնահատման հնգօրյա շրջան (փետրվարի 2-ից 6-ը), ես ուզում եմ լարված շաբաթի ու խաղաղ կիրակիի սահմանում ցույց տալ այդ նոր աշխարհի՝ «անհամացանց ու գերինտերակտիվ» ներկայությունը, նրա «կրիչներին» առանձին, այդ աշխարհում մեր այլ կյանքով ներառման ընթացքը տեսնել…
mskh.am-ի իմ գիշերային-առավոտյան կիրակնօրյա դիտումը սկսեցի Գեղարվեստի Հանրակրթական Դիջիթեքի ընտանեկան ամենաթարմ նյութերի դիտումով: Դիջիթեքը ընտանիքում անվանակարգը ինձ համար 2015թ ուսման ամենասպասվածն է՝ նշանակալին: Երևի կարելի է դիջիթեքյան ստուգատես անցկացնել միայն այս անվանակարգով՝ կենտրոնանալով թվային միջոնցերի արտադպրոցական՝ ընտանեկան գործածման, եղած սեբաստացիական փորձի ամբողջական վերհանման, խթանման, խնդիրների ուսումնասիրման, ընտանիքին աջակցելու դպրոցի հնարավորությունների ընդարձակման, ընտանիքի մասնագետ անդամներին մեդիակրթության կազմակերպման մեջ առավել օգտագործելու վրա… Եկեք միասին դիտենք Գեղարվեստի կրտսեր դպրոցիընտանեկան թատրոնը, որտեղ դերերում հանդես են գալիս 2-րդ դասարանցի Նարե Մուրադյանը, Արփինե մայրիկը և բեմադրիչ (նկարահանում, մոնտաժ) Վազգեն հայրիկը, պահանջ ունի իր մեթոդական մասի՝ պատումի: «Դպիրում» ստեղծագործական կազմը հանդես կգա մանկավարժական հոդվածով, թե՞ ուսուցիչ, ուսուցիչ-դասվար Կարինե Բաբուջյանի բլոգում… այլ հարց է, բայց ես՝ որպես հայրիկ-պապիկ, կարիքը ունեմ ու հաճույքով կկարդայի՝ ինչպե՞ս ստեղծվեց, ի՞նչ փոխեց, ի՞նչ տվեց, ինչպե՞ս զարգացնել-տարածել…
Շատ կարևոր է, որ սեբաստացի ուսուցիչները իրենց ընտանիքներում հանդես գան այս անվանակարգերով՝ և՛ կազմակերպելով-խթանելով իրենց անմիջական, և՛ մեծ ընտանիքների անդամների դիջիթեքյան մասնակցությունը՝ որպես հայրիկ, մայրիկ, հարս, փեսա, քեռի, հորեղբայր, հորաքույր, մորաքույր կարգավիճակները ծառայեցնել ընտանեկան հավաքների որակը փոխելուն նաև կրթահամալիրի օրացույցի միջոցով: Մեր 2014-2015 ուստարվա օրացույցով ցանկացած ծես –հավաք-նախագիծ ենթադրում է ընտանիքի մասնակցություն, հեղինակային կրթության կազմակերպման ընտանեկան կրթության արդիականացման այլ որակ… իսկ Բաբուջյան Կարինեն առանձնանում է իր բծախնդիր բարեխղճությամբ ու ստեղծականությամբ, նաև այս անվանակարգում: Մերի Առաքելյանը՝ Դավթի մորաքույրն է, մեր տան անդամը, ով շփվում –ազդում է Դավթի ձևավորման վրա ժամանակային առումով եթե վերցնենք, ոչ պակաս-ավել, քան Դավթի քույրիկ-հորաքույրներից շատերը: Լավ է, որ մասնագետ երաժիշտը կարևորում է մասնագիտական հարցերը անձնական մասնակցության աստիճանի:
Կիրակի է, ես ձեզ խոստացել եմ գրել mskh.am-ի «Առականի» բլոգի մասին: Միջին դպրոցի 9-րդ դասարանի սովորողներ՝ Արտակ Նշանյանը, Գեորգի Թևոսյանը, Տիգրան Աբրահամյանը տղամարդկային, գործընկերային լրջությամբ, ուժով կազմակերպում են mskh-ի տարատարիք ընթերցողներիս ամենօրյա ընթերցանությունը, այսիպով՝ ազդելով մեր ընտրության (գրական նախասիրության), ճաշակի ձևավորման վրա՝ սրանով առանձնանալով: «Առականուն» չես շփոթի կրոնական, հեղինակային, ինչպես նաև աշխարհի ժողովուրդների առակների մեկտեղումը ողջունելի, հաջողված ուսումնական նախագիծ է՝ ուսումնական տարվա ամենաերևելի, հասուն նախաձեռնությունների ցանկացած «թոփ»-ում: Երբ մայրենիի ուսուցիչ Նունե Մովսիսյանը սկսում է (շարունակում է) գործել որպես սովորողի խորհրդատու՝ այս անգամ «Առականի» բլոգ ուսումնական նախագծի խորհրդատուի, երբ բլոգը դառնում է մի խումբ սովորողների լուրջ նախասիրություն, ավելին՝ իրենց ընկերը, երբ բլոգի խմբագիրները նախատեսում են շարունակել նախագիծը (սա թեկուզ ծավալուն, բայց միջոցառում չէ՝ ապրող-կենդանի նախագիծ է), լրացնելով նաև կրոնական գրագիտության հայալեզու մեդիայի բացակայությունը, երբ ուսումնական աշխատանքը բլոգի վրա առաջացնում է ընկերական բարի մրցակցություն…Տեսե՛ք, նախագծի աջակից դասընկերների ինչպիսի՜ սիրելի շարք՝ Ժորա Ավետիսյան, Ռոբերտ Սիմոնյան, Ռաֆայել Խաչատրյան… բլոգի խմբագիրները ոչ միայն գործում են Միջին դպրոց-Ավագ դպրոց սահմանին, նրանք ներառված են վարժարանային ակումբային ծրագրում, նրանք իրենց յուրային են զգում վարժարանի տղաների հետ առօրյա շփումներում՝ ջնջելով արհեստական-մեկուսացնող ներկրթահամալիրային պատնեշ-սահմանները… Մեր հեղինակային կրթական միջավայրը հաստատելով որպես՝ բաց-ընդարձակվող:
Դավիթ Բլեյանը հրաշագործ երկար գուլպայի միջոցով թարմացնում-նորացնում է իր ավտոպարկը: Սկսել է շինարարական մեքենաներից: Այսօր անվավոր տրակտոր ունեցավ, երեկ՝ գլդոն (каток) մեքենա: Տեսե՛ք ինչ շարքով են կանգնած, սպասում Դավիթ շինարարին: Գիտե՛ք , Դավիթը եկեղեցիներ պիտի վերականգնի, տներ, այգիներ գցի, հետո մտածում է փոքրիկ, մարդատար մեքենաների նոր պարկ ունենալու մասին: Ես փորձում եմ հրաշագործության համար կարևորել կենցաղային գործածության չափիչ սարքերը՝ ժամացույց, ջերմաչափ երկարաչափ, ծավալաչափ, կշեռք, ջրաչափ…
-Ջերմաչափն ու ժամացույցը ինչո՞ւ են իրար նման, հայրիկ,-հարցնում է գուլպայի հետ զրուցողը:
-Ինչո՞վ են նման, – իմ հարցն եմ դարձնում ես:
-Ես գիտեմ, երկուսն էլ թվեր ունեն,-ինձ անակնկալի է բերում իր կոնկրետությամբ՝ Դավիթը:
Ահա այսպես, մենք չգիտենք, ինչերի՜ են ընդունակ, ինչե՜ր են կարող մեր երեխաները: Մեր մանկավարժությունը երևի սկսվում է այստեղ, որտեղ ավարտվում են մեր պատկերացումները երեխայի մասին: