Դավիթը խաղընկերոջ մշտական պահանջ ունի, հայրիկն ու մայրիկը միշտ չեն ձեռքի տակ, էլ չեմ ասում՝ ոչ միշտ են թարմ, ամբողջությամբ իրեն տրված խաղընկեր… Վերջին անգամ, շաբաթ օրը Սոնան է այցելել, հետո՝ Տաթևն ու Արևիկը… Քունը տանելու չափ խաղացել է մեր ագահը, մի կարճ քնել-վերականգնել իր ախորժակը խաղալու… Ընկերները չկան… Միայնակ է շարունակում խաղը:
– Մայրիկ, ես քույրիկ կամ ապերիկ եմ ուզում ունենամ,- առաջին անգամ է այս պահանջով հանդես գալիս…
– Կարո՞ղ է գուլպային ասես, խնդրես, որ հրաշք գործի, բերի քեզ…
– Չէ, չեմ ուզում, չի բերի-չի կարող բերի…
– Բա ո՞վ կարող ա, Դավիթ ջան…
– Դու կարող ա բերես…
Ինչպես ասում են, առանց մեկնաբանության: Հետո էլ, ձանձրույթի թանձրացումից, երևի, մոտեցել է հրաշագործ գուլպային… Ներքևից է նայում՝ ձեռքը չի հասնում…
– Ուզում եմ՝ իջնի գուլպան…
– Իջնի, որ ի՞նչ անես…
– Որ կախարդեմ… ուզում եմ ձու-ձու կակա բերի ինձ համար հիմա…
– Դավիթ, պայմանավորվել ենք, չէ՞, բա պայմա՞նը:
– Ուզում եմ պայմանը փոխեմ, որ ձու-ձու կական հիմա ունենամ։
Իսկ պայմանը, որ այս ընթացքում գործել է, հիշում եք. խնդրանքներով Դավիթը երակարգուլպային դիմում է, բայց հրաշագործ ինքն է որոշում՝ որնա անի, որը՝ չէ, ձու-ձու կակա չի բերում, որովհետև ատամները ցավում են դրանից, կախարդանքի ուժը Ձմեռ պապուց ստանում է առավոտյան ու մի անգամ, երբ Դավիթը արթնացել է ժամանակին, լողացել է, թարմացել է ու հայրիկի միջոցով գուլպան հայտնվում է:
Ինչի՞ց են ամենաշատը տպավորված հունվար ամսվա մեր հյուրերը-գործընկերները՝ Վրաստանի, Արցախի, Հայաստանի դպրոցների ղեկավարներ, ուսուցիչներ, սովորողներ, լրագրողներ… ամենատարբեր զբաղմունքի տեր մասնակիցներ. հիմնականում առաջին անգամ են կրթահամալիրում (նրանց ընդհանուր թիվը հունվարին 300-ն անցավ)… Թոփ եռյակը կազմեմ ամենա-ի.
- մեր բաց, Գրիգոր Խաչատրյանի բառով՝ թափանցիկ միջավայրից.
սրա մեջ և՛ մեր անմիջականությունն է, և՛ պատ-պահակ-հերթապահ-ոստիկանի բացակայությունը, և՛ պարզությունը, և՛ հագեցած-ժամանակակից տեխնիկայի մատչելիությունը, և՛ զանգի բացակայությունը, և լիարժեք հաղորդակցությունը … - մեր ինքնուրույնությունից են տպավորված, փոխհարաբերությունների ազատությունից, ինքնասպասարկման-փոխօգնության՝ սովորող-ուսուցչի կյանք դարձած վիճակից… հյուրընկալությունից մեր, կացարաններից…
- մեր «ուրիշ», այլ լինելուց, ինչպես «արտասահման», որ գրավիչ է, ձգում է, բայց… տանել իրենց հետ չեն կարող:
Ասվածները մեկտեղվում-կոնկրետանում են Մարմարյա սրահի տեսքով, երբ ընդհանուր պարապմունք է, կամ պարզապես, որպես կրթահամալիրյան եռուզեռի, անցուդարձի խաչմերուկ… Ես օգտագործում եմ «ավազան» բառը. ինչպես է աննկատ լցվում սրահը, ծով տալիս, ինչպես են հարյուրավոր ազատ, «անվերահսկելի» մարդիկ, համախմբված, որպես մեկ, հանդես գալիս՝ ուրախանում, ոգևորում իրար, լռում, աջակցում իրար որպես մեկ օրգանիզմ… Նրանք լավ էլ պատկերացնում են, որ կրթահամալիրը կարիքն ունեցել է այսպիսի հրապարակի, և որ այս հրապարակը, որպես ազատ հանրապետության կենտրոն, ամենաշատն է ազդել կրթահամալիրի միասնականության ձևավորման վրա…
Հյուրերին-հունվարյան արտասահմանցիներին վերաբերող՝ ընթերցողի մյուս խումբ հարցերին սիրով կանդրադառնամ իմ մյուս գրերում…. Ես, այո, բարեխիղճ-անկեղծ, որպես կանոն, անձամբ եմ քայլում նրանց հետ կրթահամալիրով՝ ոչ միայն Մայր դպրոցով, Գեղարվեստով, Մեդիայով… Հիմնականով… Նրանց հետ ես այլ աչքով՝ կողքից, օտարի հայացքով եմ չափում-գնահատում ունեցածը. և՛ նրանց հիացմունքն է կարևոր, և՛ հարցերը, և՛ մտավախությունները: Հետո նրանք շատ են լսել, էկրանից տեսել. մի մոռացեք իմ կենսագրությունը, նրանցից շատերի հետ իմ կյանքում ես ինչ-որ տեղ հանդիպել եմ՝ իրենց գյուղում, քաղաքում, ունեմ ընդհանուր ընկերներ-ծանոթներ, նրանց համար կարևոր-մարդկային է, որ ես իրենց ժամանակ եմ հատկացնում, կարևորում իրենց այցը: Իսկ ես, այո՛, ուրախ եմ՝ նրանց տեսնելու և օգտակար լինելու համար: Սիրով, ու միշտ համեցեք, դուք իմ թանկ հյուրերն եք, եթե կշարունակեք մեր կապը, որպես կարևոր գործընկերներ, ընկերներ: Իսկ մենք հավատարիմ ենք մեր սեբաստացիական ծրագրերի փոխանցման-տարածման գաղափարին: Մեր շահն այս է՝ այլոց օգտակար լինելը մեր մանկավարժությամբ, մեր ունեցածով…
Նկատեցիք, անշուշտ, որ կրթական միջավայրի արդիականացման նախագծերով արթուն գործում է ոչ միայն Գրիգոր Խաչատրյանը… Վարժարանի Մանուկ Խաչատրյանը 12-րդ դասարանցի է, բայց ինչ սիրով-շնորհքով է շարունակում-ամբողջացնում իր ուսուցիչ Արման Գրիգորյանի հետ 3-րդ հարկում սկսածը: Կեցցեˊք: Թամար Հարությունյանը՝Միջին դպրոցի դիզայներ-տեխնոլոգներով ավելի ու ավելի համարձակ-հետաքրքիր լուծումներ է գտնում… Գեղարվեստի ավագը թատերական սրահն է իր նախասրահով «յուրացնում»… Մայր դպրոցում: Մենք սրանով ավելի մեկ-միասնական-ամբողջ ենք դառնում, Գեղարվեստի կրտսերը երկինք է կանչում՝ իր լուծումներով… Զառա Ոսկանյանն իր սաների հետ, որ նաև Միջինում են երևելի դիրքեր զբաղեցնում, տեսե՛ք, քայլ առ քայլ ուրիշ է դարձնում սովորական դարձածը Դպրոց-պարտեզում, Հիմնականում… Միջավայրի արդիականացում-զարգացումն ավելի արագ պիտի ընթանար, թելադրող լիներ մեդիաշխարհում: Խոսքը Հանրակրթական դիջիթեքի մասին չէ միայն, այլ ուսումնական մեր առօրյայի, ամենօրյա ուսումնական գործունեության… Ախր այն բլոգները՝ անհատական-խմբային, որ առաջ անում էինք, ստեղծում, վարում-կապվում, որպես հանձնարարություններ, հիմա ձեր-մեր ընկերներն են, ձեր-մեր հետաքրքրությունները, ձեր մտքերը, դուք եք: Իսկ մեզ հիշեցնում է Գեղարվեստի կրտսերի 2-րդ դասարանի Տարոն Անտոնյանի խամաճիկի շարժումով Փոքրիկ Իշխանի աղվեսը նշանավոր՝ «Բայց դու մի´ մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես», «Սիրտն է սրատես, ամենագլխավորն աչքով չես տեսնի»… Այս մասին իմ վաղվա գրում…
Այսպիսով, EduDigitec կայքում սովորող-ուսուցիչ պատասխանատուները գրանցել-ընդունել-հրապարակել են 1000-ի չափ աշխատանք՝ 19 անվանակարգով: Ահա այսպես, բաց ու մատչելի յուրաքանչյուրին՝ սովորելու, գնահատելու և վերահսկելու համար: Տանը թե դպրոցում, մենակ թե խմբով, պիտի անցնենք ամբողջի վրայով՝ ընտրելու համար այն տասնյակի չափ աշխատանքները, որոնք կենտրոնացում կպահանջեն: Իմ խոսքը հանձնաժողովների մասին չէ, այլ բոլոր տարիքի սեբաստացիների, որտեղ էլ որ են, եք: Կա, նաև, խրախուսված լինելու հանգամանքը: Կա՞. հարցրեք ձեր սովորողին, երեխային, ձեր կրտսեր բարեկամին ու անցեք գործի՝ սիրելի ուսուցիչ, տնօրեն, ծնող, բարեկամ: Բացի գլխավոր ու խրախուսական մրցանակներից, յուրաքանչյուր անվանակարգում կա, նաև, հատուկ-անվանական մրցանակներով նշանավորելու-արժեվորելու հնարավորությունը յուրաքանչյուրիդ համար: Ձեր հավանած աշխատանքի համար դուք կարող եք հեղինակին, հեղինակային խմբին պարգևատրել… Պարգևատրումների մասին շարունակությունը կարդացեք իմ վաղվա գրում… Բնագիտատեխնիակական ցուցադրություն-էքսպոյին ներկայացված է եղել 226 աշխատանք: Այստեղ գործում է միասնական ժյուրի, բայց, մի մոռացեք, որ աշխատանքները խմբային են… Ավելի դժվար կլինի Մարմնամարզական հանրակրթական ստուգատեսի հաղթողների որոշումը…
Իմ օրագրով, ընթերցողների հետ մենք իրականացնում ենք հանրային վերահսկողություն՝ հասարակական հնչեղություն ստացած իրադարձության նկատմամբ… Այդպիսին է, իհարկե, 2015-ի հունվարի 12-ի ողբերգությունը… Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում «Комсомольская правда»-այի 7 վարկածները Գյումրիի ողբերգության վերաբերյալ: Կարդացեք, օգտակար է (Zham.am, 01.30.2015)։
Արտեմ Խաչատրյանն Արգիշտի և Արամ տղաների հետ այցելել է մեզ, մենք զրուցել ենք կրթահամալիրի Քոլեջ-արհեստագործականի մասին, Դավիթը պարտեզի իր ընկերների հետ խաղացել է… Ավելի ուշ մենք մեր դժգոհությունն ենք հայտնում Դավթի նվվոցից. փոշմանել-հիշել է իր՝ դժվարությամբ նվիրած սև «ջիպը»…
– Ոնց որ Թումանյանի «Ծիտը» հեքիաթի ծիտը լինես՝ փոշմանել ես, եկել, թե՝ լոշիկս տվեք… Արամն ու Արգիշտին առել են, գնացել…
– Չէ, ես ծիտը չեմ, ես Դավիթն եմ Սասունցի…
– Թումանյանն այդպիսի Սասունցի Դավիթ չունի՝ նվվան-լացկան. արի կարդանք, տեսնենք՝ որտե՞ղ է Դավիթը լաց լինում: Ընկերներդ գալիս են, փոխանակ պատրաստվես… Սրանից հետո քո ընկերներին դու կընդունես, կչարչարվես, նվերներն էլ նախօրոք, քո ձեռքով կպատրաստես…
– Չէ, ես չեմ չարչարվի, պատրաստի…
– Ինչո՞ւ, բա ո՞վ պատրաստի, դու խաղալու համար ե՞ս…
– Հա, թող մայրիկը չարչարվի, նա չարչարվող է…