— Ինչո՞ւ ես էլի գնում ընկերոջդ տուն,- Դավիթ Բլեյանն է հարցնում…
-Իմ ընկերը մահացել է, ու մենք ճանապարհում ենք կարգով․․․
Ուշ եմ քնում՝ կեսգիշերն անց, ֆիլմ եմ նայում։ Նորից Դավիթն ինձանից շուտ է արթուն, իր ռուսերենի, նշանավոր ծիծաղի հետ․․․
— Բեդնյաշկա՜․․․
Կարգով ընկերոջս՝ Համլետ Խաչատրյանին ճանապարհելու օրերն են, ու ես մտասուզված, Համլետի հետ եմ, Համլետի այլ ընկերների, Համլետի մասին շարունակվող զրուցներով․․․ Ճարտարապետների տանը, Բաղրամյան 17-ի նշանավոր շենքում. ոչ միայն ճարտարապետներն են հրաժեշտ տվողները։ Համլետը լայն կապերով-կյանքով-մտահորիզոնով ճարտարապետ-արվեստագետի օրինակ է, հանրային-ընկերային ճանաչումով․․․ Թարմ են Համլետի վերջին դիտարկումները Բաղրամյանի այս հատվածի, ճարտարապետների տնից վերև-ներքև շինությունների, հեղինակների մասին։ Ի՜նչ պատշգամբ է․ ես դուրս եմ գալիս ու ընկերոջս աչքերով քննում շուրջբոլորը։ Մի տեսակ հուզիչ հրաժեշտ է․․․ Ծառերը փակում են իմ տեսադաշտը, նրանք («սրանք»-ը ջնջեցի), ծածկում են շինությունները․․․ Ես այս ամենը իմ iPhone-ին եմ հանձնում։ Թոփչիկը մեր թող գնահատի՝ ինչ ստացվեց։
Ծառաշարը՝ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից․․․
Իմ ընկեր Համլետը լայնախոհ-ավանդապահ է․ հրաժեշտը չի կարող կարգով չլինել․․․ Եվ ես այդ կարգի մեջ, հոգեհացի սեղանի շուրջ ասացի այն, ինչ կուզեի, որ Համլետը լսեր, ինչի մասին այս օրերին խոսում էին իրար մեջ մտերիմները․․․ Մարիա բուլղարուհի կնոջ ու Արմեն ժառանգորդ որդու հարազատության կարևորության մասին, Համլետ Խաչատրյանի անվան հետ այսուհետ կապվող ամեն ինչում Համլետի Մարիա կնոջ ու Համլետի Արմեն որդու հաշտ-շիտակ-հոգատար տանդեմի՝ բացառիկ նշանակությամբ-կարևորությամբ մարդու՝ ընտրյալ ամուսնու և խորհրդատու հոր պայծառ-ապրող-ապրեցնող հիշատակով իրենց կյանքում․․․ Լավ է, որ Համլետի ընկերներով այդպես ենք մտածում. իմ խաչն է, չեմ փախչի, ոչ միայն անկեղծ բարձրաձայնելը, այլև Մարիայի ու Արմենի կողքին լինելը, որպես հորից փոխանցված մի ներկայություն․․․ Այսպես եղել է, երբ Համլետը ներկա չէր, Բուլղարիայում էր, և ես նրա անունից Արմենի կյանքի համար սկզբունքային նշանակության որոշում կայացրի-իրականացրի՝ կույրերի դպրոցից-մութ աշխարհից 13-ամյա Արմենին տեղափոխեցի լույս աշխարհ՝ կրթահամալիրի Բանգլադեշ․․․
Ու ես նստածներին սեղանի շուրջ պատմեցի դեկտեմբերի 18-ի մեր սեբաստացիների խաչատրյանական օրվա մասին, առաջին կեսում՝ «Արթմեդի» 10-րդ պալատում Համլետ հոր հետ մեդիազրույցի և օրվա երկրորդ կեսում՝ Արմեն որդու հետ ուղիղ միացմամբ զրույցի մասին, որպես հոր և որդու կենսասեր ուժի ցուցադրություն-հաստատում-փոխանցում… Այդքա՜ն անաղմուկ-լսող լսարան ես չեմ հիշում․․․ Եվ քո հայրը, Արմեն, որ երկնքում է․․․
Համլետը իր շիրիմի տեղը կհավաներ, այս ծառը, բարձունքը, բարձունքից բացվող հեռանկարը․․․ Քանի՜ ընկերոջ համար տան-աղբյուրի-գերեզմանոցի ոչ միայն տեղի ընտրությանն է մասնակցել, այլև, որպես իր կյանքի-ճարտարապետության կարևոր գործ, մանրամասների մշակման․․․ Ժամեր՝ մեքենայի մեջ, ճարտարապետների տանը, գերեզմանոցի ճանապարհին․․․ իր ընկեր Վարդապետյան Վարդանի տանը, մենք մեր ընկերոջ հետ էինք․․․ Վարդանենց տանը նրա ուշադիր-անմիջական կինը շարունակ Համլետի ներկայությունն էր շեշտում՝ որպես իրեղեն-նյութական, արդեն հոգևոր ազդեցություն ձեռք բերած միջավայր․․․ Ինձ համար առանձնահատուկ կարևոր էր, որ Համլետի ամենամերձավորների մեջ են Լիլիթ Բլեյան աղջիկս ու իր ամուսին Վահե Հովհաննիսյանը․․․ Այդպես ստացվեց, մեր կյանքի մի շրջափուլում մենք փոխանակվեցինք. ժամանակին էլ իր Արմեն որդին դարձավ իմ միշտ ներկա ընկերը․․․ Եվ պարզվեց, ինձ անծանոթ մարդիկ՝ Վարդապետյան-Պետրոսյաններ, թվում է՝ ամեն ինչ գիտեն իմ կյանքի, իմ այսօրվա գործունեության և կրթահամալիրի մասին․․․ Իսկ Արմեն որդուն իմ խոսքը-խնդրանքը, դիմումը, պահանջի պես, իհարկե, Լիլիթ-Վահե ընտանիքի անունից էր նաև․․․ Արմենի Արեգ որդու անունից… Համլետի մահը ընդունենք որպես մի զոհողություն՝ Արեգ թոռան փրկության։
Կարգի մեջ քահանան հիշեցրեց․ «Մահով սկսվում է երրորդ ծնունդը մարդու, նրա հոգու թռիչքը դեպի անմահություն»։ Սրա գիտակցումով է ինձ համար 2018-ը նոր տարի։
Ուշ, մտասույզ օրով, շարունակվող հրաժեշտի բերած նոր մտքերով ես մտա տուն․․․
…Եվ մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող, այլ դուք առավել վախեցե՛ք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել հոգին և մարմինը․․․ Եվ ով ինձ կուրանա մարդկանց առաջ, ես էլ կուրանամ նրան իմ Հոր առաջ, որ երկնքում է․․․
Ծառի ու գիժ տերևի պարը․․․ տեսագրումը՝ Արմինե Թոփչյանի
[youtube https://www.youtube.com/watch?v=mQKb7WorNQs]
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1248