Բարի օր, կրթահամալիր, օրվա իմ գրի հարգելի ընթերցող, սեբաստացի թե ոչ սեբաստացի՝ որտեղ էլ որ այս պահին լինեք. մեր տան պատի ժամացույցի փոքր սլաքը 4-ի և մեծ սլաքը 12-ի վրա է… 04.00 առտու՝ իմ օրը, իմ առավոտն սկսվեց… Լսեցի՞ք ձայնը խոր.
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։
Երեկ իրիկուն, երբ Դավթի հետ կարդում էինք Թումանյան պապիկի հաստ գիրքը՝ «Ընտրանին»՝ Հրանտ Մաթևոսյանի ընտրությամբ, որ հրատարակել է «Հայագիտակը», որ ինձ մակագրությամբ նվիրել է նրա հիմնադիր Ալբերտ Իսոյանը, որի առաջաբանը՝ «Կատարելություն», գրել է Հրանտ Մաթևոսյանը… Ընտրանին մնաց գրասեղանին… Ականջներդ դեսը տվեք, ես իմ հաստատ իմացած բաներից մեկն ասեմ՝ հենց առաջաբանում էլ գրված. «Թումանյանով մենք կանք: Առանց Թումանյանի մենք չկանք…. Եվ ուրիշ ոչ մի աշխարհ՝ ոչ գրի ու ոչ էլ իրական՝ մեր երեխային, մեր մարդուն, ինքներս մեզ այնքան վստահ չենք ղրկում ճամփորդության, ինչքան Թումանյանի թագավորություն, և ուրիշ ոչ մի աշխարհում ոչ ոք ու ոչինչ այնքան վաղածանոթ ու մտերիմ չէ, ինչքան Թումանյանի աշխարհում, մեր ծնունդից առաջ ասես այնտեղ ենք ապրել, մեր այս երկիր ասես այնտեղից ենք եկել»:
Առավոտը կրթահամալիրի երթուղայինների կանգառում։
Դավիթ Բլեյանն ու ես այս ձմեռվա առաջին ձյունը դիմավորեցինք երեկ վաղ առավոտյան՝ մեր ննջարանի պատուհանից՝ խանադավառ, ճիչով…
– Գա ձյունը ուժեղ, պարի, ու ես սահնակ նստեմ քշեմ… (Նստեմ քշեմ-ն ինչպես ձի կամ հեծանիվ հնչեց): Թույլ է գալի՞ս ձյունը, հայրիկ…
– Հա, Դավիթ, թույլ է:
– Կարո՞ղ ես էնպես անել, որ ուժեղ ձյուն գա, ծածկի քաղաքը…
Հետո, օրվա վերջում, շնորհակալ եմ, իմ բլոգապատման այս շաբաթվա խմբագիր Կարինե Բաբուջյանին, հանդիպեցի երեկվա գրում, որ թվով 166-րդն է, էհեյ, իմացեք, հանդիպեցի Դավթի և Սոնուլիկի նկարին… Հիշեցի, որ 2013թ. ձմռան առաջին ձյանը Սոնուլիկն ու Դավիթը նորից միասին են եղել… Հետո իմացա Դպրոց-պարտեզումԴավթի հայտնած զարմանքի-հայտնագործության մասին, որ գրանցել է Տաթև քույրիկը.
– Իրեն-իրե՜ն է գալիս ձյունը…
Ոչ ոք չի ուղարկում, իրեն իրեն գալիս է ձյունը… Ահա այդպես՝ «իրեն իրենի» շրջան է թևակոխել կրթահամալիրը. սովորեցնել պետք է, իհարկե, հենց ուսուցիչների՛ն է պետք սովորեցնել, բայց այսպես՝ մեկս մյուսին, իրար լսելով, իրար արածը տեսնելով-գնահատելով, իրար փոխանցելով անընդհատ… Իսկ ամենշաբաթյա (չորեքշաբթի՝ ժամը 11.00՝ երկարացված օրվա ծրագրի կազմակերպիչների, ժամը 15.15՝ մանկավարժական բոլոր աշխատողների, երկուշաբթի և չորեքշաբթի՝ ժամը 14.00, նախակրթարանի դաստիարակների «Շրխկան» համույթի, երեքշաբթի և հինգշաբթի՝ ժամը 15.15՝ «Սեբաստացիներ» համույթի) մեր մանկավարժական հավաքները սկսում են իրենց-իրենց կայանալ… Այս շաբաթ օրը Մեդիակենտրոնում ես նախակրթարանի դաստիարակների ներքին պահանջ դարձած հավաքին մասնակցեցի և ինձ զգացի նրանցից մեկը, ինչպես երեկ, ժամը 11.00՝ երկարօրյա կազմակերպիչների հավաքին, նույնպես և երեկվա վարժարանային նորահայտ միջավայրում 1-3-րդ դասարանների դասվարների հավաքին… Այսքա՜ն հետաքրքիր, ընդունակ, մանկավարժությամբ զբաղվող, նախաձեռնող, միջին տարիքը՝ 40, մարդկանց հավաքանին իրեն իրեն սկսում է որոշել կրթահամալիրի այսօրն էլ, վաղն էլ… Ավելի ու ավելի վստահ, նախաձեռնող, ինքնուրույն, մի վախեցեք սխալվելուց, սիրելիներս, որ դառնաք ձեր գործածի պատասխանատուն, մնացածն իրեն-իրեն լինող են…
Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։
Մաթևոսյան Հրանտի հետ կապը 1983-ից է. Մուշեղ Գալշոյանի հոբելյանին էինք պատրաստվում հայագիտական դասարաններով… «Կանչը», «Մամփրե արքան»… բեմադրեցինք Մուշեղի ծննդավայր Կաթնաղբյուրի ակումբում… Արշակ Բանուչյան, Գրունիկ Դավթյան, Նունե Ջելոյան…. տեսնես՝ որտե՞ղ եք հիմա, կարդո՞ւմ եք իմ գիրը, կլրացնե՞ք այն ձեր պատումներով… Աշխարհի չափ մարդ էր հավաքվել, ու Սոս Սարգսյանը, Հրանտը տպավորվել էին… Մուշեղի հարգը, արժեքը խորությամբ գիտեին ու նրա կորուստը նույն խորությամբ էին տանում նաև որպես սերնդակից ընկերներ…
Վարպետության դասեր էին անցկացվում հայագիտական դասարաններում՝ Հրանտ Մաթևոսյանը, Համո Սահյանը, Վարդգես Պետրոսյանը… Առանձին-առանձին կպատմեմ. մի´ շտապեք ու մի´ շտապեցրեք, հետևեք իմ օրվա գրերին. ձեր գործն էլ մի դժվարացրեք, ամեն օր բացում եք, անցնում եք գրի վրայով… Կարդալը պարտադիր չէ հո, շատ է անհատական…
Հրանտը չէր խոսում, կարդում էր՝ մտածելով… Որքան դանդաղ էր կարդում՝ դադարներով-անցումներով, ծուղակներով, այնքա՜ն գրավիչ էր դառնում մտածումը… Մտքի հետ շփումը, մեծ մարդու հետ լինելու վայելքը… 9-10-րդ դասարանցի պատանիների հետ մի սենյակում, դասարանում, դահլիճում, ուզում ես, որ տպավորվի Հրանտը, ուզում ես, որ լավ լինի բոլորի համար…
– Օգնիր ինձ, մենակ մի թող, ուսուցիչ, դու լավ գիտես՝ ինչ պիտի արվի, ասվի, ինձ չարչարելը՝ մի կողմ, էս տղաներն ու աղջիկներն են մեղք…
Միջամտում էի հարցերով, ուղղություն փոխում, ջանում էի…
Հետո, տարիներ անց, Հրանտի անունից մեկը զանգեց. մանկավարժական համալսարան հանդիպման էր գնում, ինձ հիշել էր.
– Էն ուսուցիչը թող գա, ինձ մենակ չթողնի, օգնի, նա սրանից լավ է հասկանում…
Հրանտի հետ քայլելով՝ մտանք դահլիճ, ես նստեցի ուսանողների մեջ, շատ էլ չէի տարբերվում… Օգնեցի՞…
Հրանտ Մաթևոսյանի հետ ես աշխատել եմ 1990-1995 թթ Գերագույն խորհրդի Կրթության, մշակույթի հանձնաժողովում… Ես, Արամը Մանուկյան, մեր Հրաչյա Գրիգորյանը, որ այդ տարիներին կրթահամալիրի Դպրոց-պարտեզի ղեկավարն էր… Միակ տղամարդ վարիչը երևի Հայաստանի պատմության մեջ…
– Արի տուն՝ կխոսենք…
Հրանտի տունը Ժուռնալիստների միության հայտնի շենքում էր, որ ինքն ավելի հայտնի դարձրեց… Իր բնակարանում Հրանտն իրեն ավելի վստահ էր զգում, ավելի պաշտպանված… Տիկին Վերժինեի հովանու ներքո…
– Այ տղա, քեզ կանչել եմ, որ խոսես, դո՞ւ ես ինձ խոսեցնում…
Ես այդքա՜ն խելացի էի, գիտեի՝ ում հետ եմ ու… լսում էի: Ես կարողանում էի լսել Հրանտի մտածելը, խոսքը ծամծմելը… Խոսքի դադարները դիմացինի համար էին. Հրանտի իմաստուն, խորը, միայն իրեն պատկանող մտքերն առանց խոսքի դադարների ինչպե՞ս յուրացնեիր…
– Դու լսել գիտես, այ տղա,- իմ բոլոր որակներից այս մեկը Հրանտն առանձնացնում էր:
1992-ի Բաքու գնալու իմ նոյեմբերյան միջնորդական խաղաղարար նախաձեռնությունից հետո բարձրացած աղմուկի, վայրենության շրջանում, Հրանտը խորհրդարանում ինձ պաշտպանելու յուրօրինակ ռազմավարություն էր կիրառում…
– Մեծ աղմուկ ես բարձրացրել, Վարդգեսի հետ խոսել ենք…
Հետո լույս տեսավ Վարդգես Պետրոսյանի նշանավոր հոդվածը: Մի անգամ էլ թե.
– Ո՛չ քո առաջարկն է լինելու բան, ո՛չ էլ սրանց՝ Լևոնենց արածը…
Հո չէի՞ վիճելու…
Մի անգամ էլ թե՝
– Քեզ վատ մի՛ զգա, որ ինձ ինչ-որ բան չես ասել… Քո գրածները կարդացել եմ:
Լավ է, չէ՞, Հրանտն ինձ կարդացել է…
Ձյունը՝ ձյուն, մանկավարժությունն էլ իր տեղում, բայց… 08.00-ն անց է. ուշանալ կա, անկարգ չէ էս կրթահամալիրը, անղեկավար չէ Արմինեի Դպրոց-պարտեզը…
– Ի՞նչ ես ուզում,- նյարդայնացած դիմում է նստակոնքին խնձորը կրծող Դավթին,- ուզում ես՝ ուշանամ, որ քույրդ ու հերդ ինձ շպրտեն փողո՞ց…
– Ուզում եմ քաքիկ անեմ,- խնձորը վայելելով՝ անվրդով շարունակում է նստած մնալ Դավիթը:
– Դավիթ, դե պրծի,- փորձում եմ միջնորդի դեր ստանձնել ես,- ի՞նչ ես որոշել, ախպեր ջան, ասա, իմանանք…
– Մտածում եմ, հայրիկ, անեմ-չանեմ, անեմ-անեմ…
– Էհե՜յ, քաքիկ, որտեղ ես դու,- առանց զավեշտի ի՞նչ հանգուցալուծում. զավեշտի (մանկավարժություն) ու բռնության (հարկադրանքի միջոցի կիրառում) միջև ես այս անգամ էլ ընտրում եմ զավեշտը։ Սկսում է ազդել, ես դոզան մեծացնում եմ.
– Դավիթ չդառավ, մի քաքլան դառավ…
– Չէ, չէ, հայրիկ, քաքլան մի՛ ասա… Դավիթ չդառավ, մի կրակ դառավ՝ ասա… Ու իմ օգնությամբ իջնում է հարմարեցված նստակոնքից… Նայում է ուշադիր.
– Քաքիկս չի եկե՞լ, հայրիկ,- ու վճռական գնում է դեպի հագուստները…
Ես հագցնում եմ կոշիկները (մայրիկները շուտ են նյարդայնանում, ուշ հաղթահարում. ինչո՞ւ)…
Դավիթը զվարճանում է, վայելում մեր շփումը, իսկ վերջում, տանից դուրս գալիս, հայելու առաջ…
– Հլը նայի, պապ, ինչ սիրուն ա…
Մենք, ընկեր Կարինեին Դավթի խոստացած երաժշտական գործիքների մեծ ցանցով, սկսում ենք մեր քառատրոփ վարգը՝ չորրորդ հարկի աստիճաններից…