Այս երկու օրը՝ իսկական թմիրում․․․ ոչ հոգնած. հոգնություն ոչ միայն չեմ զգում, այլև չծախսած ուժանյութ կա մարմնական-մտավոր-հոգևոր․․․ Մխում եմ։ Այս գիշեր անընդհատ մաղող անձրևի ձայնն էլ իրենը արեց… Համլետ ընկերոջ հետ այդպես էլ չփոխանցածի՝ չասվածի-չլսածի զգացումը։ Ասելու լիներ, կասվեր, էլի․․․ քնի կարճատև մեդիաթափառումներով բավարար տեղավորվի հարմար թմիրում այս․․․
— Մա՜մ, գիտե՞ս, ես էսօր հայրիկից էլ շուտ եմ արթնացել․․․
Մի Դավթի ուրախությունը-զարմանքը տեսեք․․․ Մեկ էլ ե՞րբ է եղել այսպես։ Եղե՞լ է․․․
Ես իմ մորը քնած չեմ հիշում․․․ մամ ջան… Այսպես, 9-10-ի արանքում, զրուցելով մտա լողարան․․․ Իմ նման տափուկը առանց այսպիսի ամենօրյա ցնցուղի-մաքրումի՞․․․ Մա՛հ, կասեր Համլետ Խաչատրյանը, ու ես առավոտվա ծես դարձած սուրճըմպումից հետո ուզում եմ պատմել․ ունեմ ժամանակ․․․ օրն է Համլետ ընկերոջս կարգով հրաժեշտի-հողին հանձնելու։
«Մանկավարժությունը չթողնես. դա գիտե՞ս, քաղաքաշինությանը հավասար մի գործ է, միջավայր ես ստեղծում-փոխում քո կրթահամալիրով․․․ Դու կարող է չզգաս… Առանց էն էլ շատ էս կողմ, էն կողմ գնացիր․․․»։
Համարենք սա էր օրեր առաջ հենց Համլետ ընկերոջասածը, որպես հրաժեշտ․․․ Թե չէ ինչո՞ւ հենց սա պիտի մնար ու էս օրով ակտիվանար․․․
«Ատամհատիկ» սեբաստացիական ծես: Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:
Անի Նավասարդյանի՝ առաջին Խազի նամակը իմ էլ․ փոստին մանկավարժություն է․․․
Դեկտեմբերի 23-ին Խազերով գնում ենք Տավուշի սահմանապահ Բերքաբեր ու Մովսես գյուղերը, համերգ տալու։ Պատանի խազերից այս երեխաներին փախցնում ենք մեզ հետ՝ Սոնա Փափազյան, Արփի Սահակյան, Նարե Մամիկոնյան, Լյուսի Խաչատրյան, Մելինե Մարտիրոսյան։
Վերադառնալու ենք 24- ի առավոտյան։
Մեզ բարի ճանապարհ մաղթեք։ Մենք էլ ձեզ ենք սիրում։
Հարգանքով՝ գլխավոր խազ…
Անի ջան ու բոլոր խազեր Հայաստանի՝ Երևանում, կրթահամալիրի Բանգլադեշում, Գյումրիում, սիրելի, ձայնեղ տղաներ ու աղջիկներ, խազ քաշելով, խազելով ծածկեք ձեր ճամփան, ես ձեր առաջից, թե ետևից գալիս եմ․․․
Այս օրերին, ես գիտեք, հանդիպում եմ կրթահամալիրի սեբաստացիների լրագրողական խմբերին. Արմինե Գյոնջյանի ու Լուսինե Պետրոսյանի ստեղծած «Դասարան TV»-ն սկսեց․․․ Ի՜նչ լավ է, որ խոստում-պայմանավորվածությունները հարգվում են. երեկ մեդիաուրբաթ-համերգին իմացա, որ «Դասարան TV»-ի ստեղծագործական խումբը՝ երրորդ դասարանցի, ծնունդով գյումրեցի, փողկապով-կոկիկ Ռաֆայելի առաջնորդությամբ, մի խմբով կմիանա Գյումրի մեկնող հայրենագետ-գիտակներին․․․
Երեկ, Միջին դպրոցի Լիլիթ Մադոյանի, Լուսինե Ներսեսյանի լրագրական ակումբն էր ինձ պատին դեմ տվել ընթերցարանի, ուղիղ իմաստով․․․ Ինձ հետաքրքիր է տարատարիք սովորողների հետ․․․ Իսկ Զառա Ոսկանյան տեխնոլոգի հետ Դասարան TV-ի խոստացած էքսկլյուզիվ* հարցազրույցն ահա իմ գրում. լսե՛ք․․․ Ուսումնական մեդիա եմ ասել, իրական կյանք է սովորողի-ուսուցչի․․․
25 տարում առաջին անգամ ամուսնացողների միջին տարիքն աճել է չորս տարով և՛ տղամարդկանց, և՛ կանանց դեպքում․․․ Եթե 1990-ին առաջին ամուսնության միջին տարիքը տղամարդկանց 25,5 տարեկան է, կանանցը՝ 22, 3, ապա 2016 թ․ համապատասխանաբար 29,6 և 26,5 տարեկան․․․ Այսպիսի վիճակագրություն․ Հայաստանի հայերով ուշ ենք ամուսնանում, դժվար, մեկ-երկու երեխա ունենում, հեշտ հիվանդանում-մաքառում-մեռնում, շատ մեքենայի տակ ընկնում, իրար սպանում, կազմ ու պատրաստ՝ երկիրը թողնում, իրար ինադու ծխում աջ ու ձախ։
Պատրաստում ենք չարխափաններ:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:
Երեկ, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու դիմաց, իրիկունով մի ծուխ էր կապել, կանգնել չէր լինում․․․ Ամենամեծ ուրախությունը Հայաստանի հայերի՝ Գյումրիի, թե Երևանի, մնում է կեցության-քաղաքացիության վկայագիր ստանալը, ամենաերազած շահումը Գրին քարտինն է, Ամերիկայի Թրամփ նախագահը մեր ձեռով կգնա, թե մեզ էս շահումից զրկի․․․
Երեկ իրիկունը Գեղարվեստում կրթահամալիրի՝ Աիդա Պետրոսյան սիրելիի դրած «Ատամհատիկ» անունով ծեսի վերականգնումը 2017-ի իմ շահումներից է մանկավարժական, Ձմեռ պապ մրցանակի արժանի․․․ Ներկայացնում եմ, թող որ խմբային լինի, անորոշ, թե որոշակի թվով մարդկանց. լավ է, որ երեկ այնքան աշխույժ-աղմկոտ էր, և կենտրոնում, իհարկե, երրորդ երեխայով սեբաստացիներ Արևիկ Ներսիսյանը, Հայկուհի Հովհաննիսյանը, Լիլիթ Սահակյանը, Նելի Մեդոյանը, Մարգարիտ Թամազյանը, Անի Մրտեյանը, Արմինե Խաչատրյանը․․․ Այսպիսի օրացույցով դեկտեմբերը մեր հեղինակած մանկավարժությունն է, ընկեր-ուսուցիչ Համլետ Խաչատրյան, և լավ է, որ այն քո մահով անգամ չհետաձգվեց․․․
Օրացույցի մասին, գիտեմ, որ խոսք ունեմ ասելու և վաղը, իսկ այսօր թռուցիկ, երբ մեդիագիշերային թափառումում հանդիպեցի Ծղուկի մեր Բլեյաններից մագիստրոս Մարինեի, քառօրյա վերապատրաստումն այս օրերին Անահիտ Հարությունյանի խմբում անցնողի բլոգում․․․ հայերի օրացույցի մասին իր առաջարկած ուսումնական նախագիծը․․․ Ո՞նց չեք մտածել․․․
— Ինչպե՞ս և քանի՜ լեզու գիտի Ձմեռ Պապը․․․
— Ո՞րն է նրա առաջին մայրենի լեզուն․․․
Այսպիսի հարցերով ինձ դիմեց Դավիթ Բլեյանը ու շփոթեցրեց․․․
— Իսկ ինչո՞ւ քո ընկերների հետ դեկտեմբերի 25-ից սկսվող ստուգատեսային ճամբարում չեք պարզում,- հակադարձեցի ես։
Մեր մանկավարժությունն է՝ կենդանի անցումներով-փախուստներով, լուծումներով․․․
Այլընտրանքային ձնեմարդուկներ: Լուսանկարները՝ Տաթև Ավետիսյանի:
Էքսկլյուզիվ 2… Իմ այֆոնով ուզում եմ Անի Նավասարդյանից ճշտել՝ Երևան-Տավուշ ճանապարհի ո՞ր հատվածում են։ Լսում եմ հևասպառ պատասխանը.
— Տիար, Բերքաբերում ենք, բեմին ենք, փորձ ենք անում։ Համերգից հետո կզանգեմ։
Այսպիսի խազեր… Ժամը 12-ն էլ դեռ չկա. ես ընդամենը ճշտում էի… Մենք բարդ ենք պատկերացնում, ինքը խազում է…
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն:
Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1247
*Exclusive — բացառիկ, արտակարգ, միակ
Աղբյուրը՝ անգլերեն-հայերեն բառարան