Ճրագալույցի պատարագն ավարտվեց. Քրիստոս ծնաւ և յայտնեցավ, մեզ և ձեզ մեծ աւետիս...

Այսօր տօն է սուրբ ծննդեան, աւետիս,
Տեառն մերոյ եւ յայտնութեան, աւետիս,
Այսօր արեւն արդարութեան, աւետիս,
Երեւեցաւ ի մէջ մարդկան, աւետիս,
Այսօր հրեշտակք յերկնից իջան, աւետիս,
Ընդ մեզ օրհնեն զանմահ արքայն, աւետիս:
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ:

Ձմեռ պապը կլինի Բանգլադեշում՝ կրթահամալիրի Բանգլադեշում, խոստացել է, հունվարի 9-ին՝ ժամը 15.15, որ 2015-ի առաջին Մեդիաուրբաթ-համերգի ժամանակ հրապարակի 2014-2015-ի Ձմեռ պապի հերթական կամ վերջին մրցանակակիրների անունները։ Օգնենք Ձմեռ պապին՝ չվրիպելու։ mskh.am-ի առաջին էջի հայտարարությունըսեբաստացիների նոր ավանդույթն է՝ Ճրագալույցի պատարագից հետո, ժամը 19.30 միասին լինել Մեդիակենտրոնում, հարազատներով՝ Սուրբ Ծննդի ավետիսով շնորհավորել իրար, ծիսական երգեր, ունկնդրում, պարեր… Հիսուս Քրիստոսի ժողովրդի այսպիսի հավաք կրթահամալիրի կենտրոնում. ուրախացե՛ք և ցնծացե՛ք։

Դավիթն իր ամանորյա գուլպայից ամեն օր Շուշանի կախարդանքով մեկ քինդերձվիկ է գտնում։ 

Նվիրառու (վրիժառուի պես հնչեց) Դավթից հետևողական կերտում ենք իր «առու» (ավար) նվերը բաժանող Ձմեռ պապ Դավիթ… Փորձենք Ձմեռ պապի շորեր հագցնել… Իմ ավագ քույր Նեկտարի Լիլիթ և Զոյա աղջիկների համար ուշքս գնում է. ես նրանց քեռին եմ եղել, ճիշտ ինչպես Դավիթն է Սոնայի ու Արևիկի քեռին, տարիքային նման տարբերությամբ… Ապրել ենք նույն թաղում՝ Սևանի փողոց, 3-րդ փակուղի, պատմել եմ պատշաճ, հաճախել նույն՝ Վ. Տերյանի անվան թ. 60 դպրոցը։ Ինձ հաճախ հագցրել են, ծանր պայուսակս ձեռքիցս վերցրել ողջ ճանապարհին, իսկ դա Բ-4-ի Դպրոց-պարտեզից Մեդիակենտրոն ոտքի ճանապարհից պակաս չէր, և դեռ պիտի անվտանգ անցում կատարեինք երկաթուղու գծերի վրայով… Ես նաև Զոյա-Լիլիթ քույրիկների պահածն եմ, ինչպես Սոնան-Արևիկը-Նազենի կրտսերն են պահում իրենց քեռի-եղբայր Դավթին… Ես հիշում եմ, որ դպրոցի բուֆետի մատույցներում Զոյան ինձ կանգնեցնում էր՝ քեռի ջան, սպասի, ես հիմա կգամ, ու այդ ժամանակի բրենդ նշանավոր կորժիկ էր բերում տալիս ձեռքս… Զոյան ու Լիլիթը Գրիգորյանների և Արշակյանների ընտանիքում հարս-ստեղծողի ոչ պակաս կարևոր դեր կատարեցին, ինչպես իրենց նշանավոր մայր-մորաքույր-հորաքույր Նեկտարը՝ Բազեյանների ընտանիքում… Զոյան ու Լիլիթը նույնքան սիրող ու հասնող քույրեր են, ինչպես Էմման ու Նեկտարը… Դուք տեսեք, թե ինչպես է Լիլիթը վերաբերվում-հարաբերվում իր հարս Լուսինեի հետ. ցանկացած աղջիկ կնախանձի։  Եվ ես որպես քեռի Աշոտ՝ ավելի խնամված-երեսառած եմ, քան որպես հորեղբայր-հոպար… Դավիթ Բլեյանը նույն խնամքով իր խաղադարանից ընտրեց Լիլիթ հորաքրոջ անդրանիկ թոռան՝ մեկուկես տարեկան Հայկազի (ես գործածում եմ «Հայկազունք»-ը՝ շեշտելով անդրանիկ թոռան իրողությունը….) խաղալիքները, ես իմ գրադարանից՝ մեր արևելագետ-գիտնական քաղաքացիական ծառայող Գրիգոր Արշակյանի համար Լեոյի «Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանություն» գրքի Ա և Բ հատորները, «Սեբաստացիներ» երգչախմբի սկավառակը… Գրիգորը, ով թուրքագետ է, արևելագիտության թեկնածու, աշխատում է Սփյուռքի նախարարությունում, պատրաստվում է այս տարի պաշտպանելու դոկտորական թեզ, իր մակագրությամբ նվիրեց «Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը» 1-ին մասը։ Ահա այսպիսի նվեր՝ պատշաճ քեռիներ Ստեփանին ու Աշոտին… Երկրորդ մասը, վստահ եմ, կստանամ 2016-ի Ձմեռ պապից։ Իմ փոքրամարմին քույր Լիլիթի կողքին այս բարձրահասակ, խնամված Կարեն ու Գրիգոր Արշակյանների զույգը միշտ էլ հիացմունք ու զարմանք է առաջացրել… Ընտանիքն իր բոլոր հոգսերով-մտածումներով հանդերձ նշանավոր իրադարձության է պատրաստվում՝ փետրվարի 14-ին Կարենի պսակադրությունն է. քեռիներով տեսչական այց էինք կատարում պատրաստությանը ծանոթանալու, Կարենի ընտանեկան բնակարանի վիճակին ծանոթանալու…

Շնորհակալ եմ. ամեն ինչ բարվոք էր, և իմ փեսա Միքայելը, ով երկար տարիներ աշխատում է Կրասնոդարում, իր ու Լիլիթի համար դժվարին պայմաններում, ստեղծել է նյութական  հիմքեր՝ Արշակյանների ազգանունն էլ ավելի նշանավոր դարձնելու համար, որ Գրիգորն իր ընտրած արևելագիտությամբ զբաղվի, Կարենն ինքնուրույն ըտանիք ունենա՝ իր հարմարավետ բնակարանով… Իսկ գլխավոր հերոսը Հայկազ պապի թոռ Հայկազիկն է, որ ևս մի հարված հասցրեց (սթափեցնող, հավատացնում եմ) ավելորդ աստղայնությամբ հեշտ կյանքի հակված Դավիթ Բլեյանին… Խնամված-աշխույժ, մշտական գորովալից հայացքների ներքո… Երկար ու սիրով զրուցեցինք. Նոր տարվա արձակուրդից լավ, սպասված ու անհրաժեշտ բա՞ն… Կարիքից է, չէ՞, ծնվել տոնը… Պիտի նպատակին ծառայեցնել… Ինչը երկու եղբայրներով, տեսեք, անում ենք…

Արմինեի երիտասարդ հարազատներ Արտեմի և Էմմայի չորս տարեկան Հարությունը և 3 տարեկան դարձող Արմինեն մեր տանը, Առնոլդ և Աննա Բլեյանների ներկայությամբ տեղը դրեցին միշտ դրության տեր, դրանից ինքնավստահ՝ իմ օրագրի ու ձեր պատումների հերոս Դավիթին… Դավիթը սկսել է զրոյից նվաճել այն, ինչ իրեն տրված է եղել… և տեսեք, ստացվում է, ունի հաջողություններ… Երբ ճանապարհեցինք, ոչ միայն սիրով էր հիշում Հարությունին ու Արմինեին, այլև իր սիրելի մեքենաներից ու խաղալիքներից, արդեն իր նախաձեռնությամբ, բաժանվեց…
– Որ նվիրում եմ, հայրիկ, իմը շատանում է…

Իրոք, շատանում է… 2015-ը բեկում տարի է Դավթի համար՝ ինքը Ձմեռ պապի շորերը չի հանելու, ինքը, գիտեք, շորասազ է… Հա, հա, ձեռքը սովորեցնելը, տուր, որ ձեռքդ սովորի-ն ևս վարժություն է, որ պիտի բարեխիղճ-բազմիցս կատարվի, որ «ձեռքդ բացվի» ժողովրդական ասույթը դառնա ներսից եկած հմտություն. մարդը շռայլ է իր այս՝ նվիրելու կարողությամբ… Չգիտեմ, Հրանտ Մաթևոսյանից եմ լսել, Համո Սահյանից, թե՞ արդեն այնքան հայտնի պատմություն է, որ դժվար կլինի պարզել՝ ով ումից, և էլ չեմ ասում՝ եղե՞լ է, թե՞ չի եղել. այնքան է պատմվել, որ ամեն մեկը մի բառ էլ ավելացրած, պակասեցրած կամ փոխած լինի…

Համոն, Սերոն (Խանզադյան) և Հրանտը ճաշում են «Արմենիա» նշանավոր ռեստորանում… Հաշիվը փակելու ժամանակ, Սերոն հայտնի ուտող-խմող-շեն խոսքով թամադա է, ձեռիցը՝ փակ… Համո Սահյանը հերթական անգամ պիտի հաշիվը փակի… փողը մեկնում է Սերոյին, թե՝ էս հաշիվնա, տուր մատուցողին… Սերոն, թե՝ հենա դու տուր, մոտենում է… երևի հարմար չի զգում… Համոն, թե՝ տուր, տուր, որ ձեռքդ բացվի…

Սերո Խանզադյան մեր պատանիները կարդո՞ւմ են հիմա… Ի՞նչ… Ես հիշում եմ՝ ժամանակին կարդացի «Քաջարան» վեպը՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի հերոսապատումը… Ժամանակները, տեսեք, փոխվել են… Հերոսական ետպատերազմական շրջանի 50-ականներին ի՜նչ կոմբինատ էր կառուցվում, ի՜նչ վեպ գրվում-գովերգվում, որպես քաջագործություն, հազ. օրինակ բաժանվում… Իսկ մեր օրերում այդքան աղմուկով-անեծքով Թեղուտում կոմբինատ է կառուցվում, ի վերջո, ոչ պակաս, քան Քաջարանինը, ամենաբարձր մակարդակով՝ բացում էլ անում են. ո´չ տոնախմբություն է դառնում, ո´չ էլ այդպիսի վեպ է գրվում… Թե՞ խաբար չենք երկուսից էլ… Թե՞ նրանից է, որ չեղավ սահմանը պատերազմի ու խաղաղության, ետպատերազմական վերականգնման ու կառուցումի… չհայտարարված պատերազմ է՝ իր չվերջացող հրադադարով… ու սահմանի վրա անվերջ զոհերով… Կարդացի 168.am-ի հունվարի 3-ի այս ԼՂՀ պաշտոնական հայտարարությունը… «Ահաբեկչական պետությունը մնում է ահաբեկչական պետություն և պարբերաբար նման սադրիչ գործողությունների է դիմում: Այսպիսի ստոր հարևան, հակառակորդ, թշնամի ունենք, որը դիմել է ամենակեղտոտ քայլերի: Ուղղակի այդ պետությունը ահաբեկչական է, ֆաշիստական է, սա նորություն չէ, ամբողջ այս տարիների ընթացքում, ինչ այդ քոչվոր ցեղերը հայտնվել են այստեղ, այդ ժամանակվանից էլ նման քաղաքականություն վարում են»… Հիմա նորից անդրադառնանք ՀՀ և ԼՂՀ նախագահների, վարչապետների, ԱԺ նախագահներիքաղաքապետների,կաթողիկոսների ամանորյա ուղերձներին… Կա՞ դրանցում մեր իրականության, այս իրողության հետքը, վիճակը, լուծումը… Վերաբերում են դրանք այսօրվա Հայաստանի՞ն, պատմականի՞ն, վիրտուալի՞ն… Վտանգը սա է, երբ մեր ծննդավայր-բնակության  վայր-պետությունը ֆետիշ[1] դարձավ հայրենիքի, վիրտուալ մի բանի՝ իր քաղաքացիներով, օրենքներով՝ իրական ու ոչ իրական… Կարդացեք «Երկիր Նաիրի» պոեմանման վեպը… Տեսեք՝ խոսքս ուր է գնում՝ քաջ որսկանի գյուլլի պես…

[1] Ֆետիշ – որևէ նյութական իր, որ որպես կուռք պաշտվում է. անձ կամ իր, որին կուրորեն հավատում են ու երկրպագում։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ծանոթ ճանապարհը հետաքրքիր չէ․․․

— Անծանոթ ճանապարհն է հետաքրքիր… ,- կրկնում էր Դավիթ Բլեյանը՝ Արագածի հարավային գագաթը նվաճելու ողջ ճանապարհին, երբ մենք ուզում էին, անվտանգությունից ելնելով, իրեն շեղել հալոցքից փրկված ձյան շերտին մոտենալուց։ Արագածի

«Կա»-ն ծնունդն է, «չկա»-ն՝ մահը

Հաշվեք՝ առտու թե գիշերվա ժամը չորսից գործի եմ. գրում եմ, կարդում եմ, պատասխանում եմ, հետո իննից՝ անընդհատ ձեզ հետ եմ իմ պարտականություններով, իսկ երեկ տուն մտա հեծանվով` երեկոյան ժամը ութին…

Երեք էտյուդ սեբաստացի մարդու մասին. էտյուդ 1-ին

Արտակարգ համարվող պատահարները մեր կրթահամալիրում ոչ միայն չենք թաքցնում, այլև մեր ստեղծած կարգով հրապարակում ենք կայքում, փորձում հասկանալ՝ ինչու-ինչպես կատարվեց, արագ վերացնում պատահարի հետևանքները՝ կանխելու (բացառելու) դրա կրկնությունը… Ամենակարևորը, իհարկե,