Մեր բարի հսկա Քրիստինե դաստիարակը, որ ինչպե՞ս էր հայտնվել կրթահամալիրում, Գեղարվեստի նախակրթարանում գտել էր իրեն ու պարգև էր դարձել բոլորիս համար, տնտեսուհի էր, դայակ, խոհարար, դաստիարակ. լսեցեք` խնամակալ էր` որպես մի բարի հսկա, որ ամեն ինչ կարող է… Շե՞նքը շարժել` իհարկե, բայց չի անի, բարի է… 2-5 տարեկան հիսունի չափ մանչուկների հետ մտնել ջո՞ւրը` ծով դարձնելով մեր փչովի-հավաքովի լողավազաններից մեկը ու Բանգլադեշը` իսկական լողափ… Կարողանում էր և անում էր քանի˜ ամառ, քանզի Բարի է մեր հսկան…

Ամեն տուն ընտանիք կարող էր լինել մեր Բարի հսկայի համար, և կրթահամալիրի Գեղարվեստը, նրա մեծացող նախակրթարանը դարձավ Քրիստինեի ընտանիքը, ում նա հավատարիմ ու սիրով ծառայեց, որպես քույր ու մայր… Նա ամեն ինչ կարողանում էր… Հավատացեք, այս օրով, երբ յուրաքանչյուրը յուրաքանչյուրին Ավետիս է փոխանցում, ես հո չեմ կարող չափազանցնել… Կարո՞ղ էր տարեմուտին դառնալ անճանաչելի… Հսկան` անճանաչելի՞… Այո, ես չեմ տեսել այդ Բարի հսկային, երբ դեկտեմբերի 25-26-ին մտել եմ Գեղարվեստ: Ո՞ւր է Քրիստինեն: Ցույց տվեցին… Մազալու էր… Մեծացավ, մեծացավ, ինչպես հիմա, ու մնաց այդպես… Գիտեք` կյանքը հիմա կադրեր է հայացքում իմ…  հո Արմինե Թոփչյան չեմ` իր ամենակարող գործիքով… Ուղղակի չրըխկ, հայացքում իմ Բարի հսկա մնացիր… այս պահից, երբ Սուսան Մարկոսյանենց տանից Սուսոյի ու Արփիի, տիար Գևորգի ու Դավիթ Բլեյանի հետ ճոճանակ քշելով գլորվեցինք Մայր դպրոց… Մարի Գաբանյանն իր խմբով` Նոննայով ու Մարգարիտով, գրադարանի աղջիկ Նելլի և Աննա Գսպոյան քույրիկներով, «Տիգրան Հայրապետյան» ընդարձակված ընթերցարանի վերադասավորմամբ էին տարված… Մարիի ծնունդը պիտի շնորհավորեինք, իրեն արժանի, երբ Սուսանը գուժեց… Չրըխկ, հայտնվեցիր դու, Բարի հսկա, ու չես լքելու ինձ, քո ընկերներին, ինչպես մեր Հակոբ Հակոբյանը, որ շարունակում է ժպտալ-հսկել հոգատար ինձ, Գնելին (թող ինքն ասի), իր սաներ Թադևոսին, Գոռին, որ հիմա Հակոբի ընդարձակվող բնագիտության սրահում բնագիտա-տեխնիկական ստեղծագործության ստուգատեսին են պատրաստվում, որ այս հունվարին ևս կնվիրենք Հակոբի պայծառ հիշատակին… Ինչպես մեր Վահան Ասատրյանը, որ չրըխկ, մնաց… ու չի լքում մեզ,  ժպտում-հսկում է մեր մարզադպրոցը, խաղային մեծ մարզասրահը, մարմնամարզական ստուգատեսին պատրաստվող Նառա Հարությունյանին, Դավիթ Ֆահրադյանին ու իր մյուս ընկերներին, սաներին…

Գույժ mskh.am-ում: Արմինե Թոփչյանը գրում է. «Այսօր՝  հունվարի 5-ին սրտի կաթվածից մահացել է Գեղարվեստի դպրոցի դաստիարակի օգնական Քրիստինե Հովհաննիսյանը:
Մեր սիրելի, զվարթ ընկեր, խաղաղություն քեզ
«
Հավերժության վրայով ազատ և ուրախ ճախրի՛ր ծնունդներից այն կողմ, և մի մեծ տոնի ընթացքում, որը երբեք վերջ չունի, մենք կարող ենք հանդիպել երբ ցանկանանք՝ և՛ հիմա, և՛ միշտ»…»:

 

Իմ բարի հսկա քույր, քեզ հետ ինչպե՞ս վարվենք… Հա հուզելու ես, ինչպես հիմա այս տողերը գրելիս, ինչպես ժամեր առաջ կրթահամալիրի Մեդիակենտրոնում, Հիսուս Քրիստոսի տանը, քո մասին առաջին հիշատակի խոսքը ասելիս…

Քույր իմ, ընկեր, աղջիկ, իմ Բարի հսկա, մենք քեզ, ախր, այսքա˜ն սիրել, սովորել էինք…

Քեզ միշտ երախտապարտ` Աշոտ Բլեյան

Քրիստինե Հովհաննիսյանի հոգեհանգիստին մասնակցել ցանկացողներին տեղեկացնում ենք, որ մեքենան կշարժվի հունվարի 6-ին՝ ժամը 17.30 Մեդիակենտրոնից:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մարդ Հայաստանի, կանգնեցրո՛ւ անապատացումը

Ես չեմ հորինում, պատմում եմ ամեն դեպքում, երբ անդրադառնում եմ իմ հիշողության-ապրածիս մեջ տեղավորված 60 տարիներին և իմ նույնքան տարողունակ առօրյային, որում և վաղն ու մյուս օրն են… հաստատ: Իմ

Կտրվեք գետնից, կտրվեք առօրյայից, թև առեք, ճախրեք, տեսեք երկիրը անհունի…

Օրը մնաց կրթահամալիրի Մեդիակենտրոնում շախմատի որակավորման խաղերի այս կադրերով: Սիրում եմ լուրջ հայացքով տղաներին. միայն թե ձեր ուժերն ուղղեք մեր այսօրվա Հայաստանին: Օրը սկսեցի կրթահամալիրի Մայր դպրոցի խեցեգործարանի (բրուտանոցի) նորացման

Օրհնությունների օրհնություն՝ Երգ երգոց…

Նարեկացու Երգ երգոցի մեկնությունն եմ կարդում, Վարդան Ֆերեշեթյանի աշխարհաբարացմամբ, Սուսան Մարկոսյանի ձեռամբ ստացած։ «Երգ երգոց» նշանակում է օրհնությունների օրհնություն այնպես, ինչպես մենք սովոր ենք խորանի սուրբ սեղանը կոչել սրբությունների Սրբություն,