Ամենակրտսեր Բլեյանը Դավիթը չէ, և դա լավ է. Էդվարդ` Արամի որդի, Թաթոսի թոռ և Էդվարդի ծոռ Բլեյանը 2015-ի փետրվարին կդառնա երկու տարեկան: 2015-ի հունվարի 3-ին Դավիթն այցելեց իր կրտսեր եղբորը: Իմ երախտահիշատակ ավագ եղբոր` Էդվարդ-Յուրա Բլեյանի՝ իր ազգանվան-տոհմի-ավանդույթի նկատմամբ պաշտամունքի հասնող սերը դրսևորվում էր նաև անուններում. ավագ թոռ Արամ Բլեյանը մեր պապի անունն է պատվով կրում, երեք որդիներից ավագը՝ իմ պապի հայր Թաթոսի անունը, միջնեկ տղան` Պետրոս իշխան Բլեյանի, ում տապանաքարը Բլեյանների գերդաստանի մասունքն է Լանջաղբյուրում, նրա ազնվականության քարե վկայագիրը…
Ես ուզեցի, որ Դավիթը սկսի սովորություն դարձնել նաև նվիրելը. կարգավիճակի հարց է: Ու երկար Դավթի հետ իր խաղադարանում ընտրում էինք Էդվարդին արժանի-հարմար պիտույքներ. մեր ընտրությունը կանգնեց խաղալիք-պարտեզի և շոգեքարշի վրա, որոնք առանձնանում են իրենց չխամրող գունեղությամբ ու խաղայնությամբ: Ես իմ գրադարանից Թաթոս եղբորս համար, ով խորը ընթերցող է, ընտրեցի «Երկիր դրախտավայր» նոր, արժեքավոր աշխատությունը…
«Դատարկ ձեռքերով» արտահայտությունը համարում եմ հակամանկավարժական. երբ երեխայի հետ ես, կնոջ հետ, մեծի հետ, ձեռքերը նրանց ձեռքը բռնելու, օգնելու համար են, իսկ հերթապահ նվերները («բա հո դատարկ ձեռքով չենք գնա» սկզբունքով) ի՞նչ են տալիս… Դավթի դարակում Սոնայի չմաշվող-արժեքավոր գրքերն են շարած, ինչո՞ւ նրանց կողքին չեն կարող հայտնվել չխամրող արժեքով խաղեր-պիտույքներ… Արժեք դարձած (գործածությամբ, կյանքով) պիտույքների փոխանցումը կարգավորման, նորոգման կարիք ունի: Նվիրելու և նվերների թեման այս օրերին պահանջարկ է վայելում. Դպրոց-պարտեզի 4-րդ, 5-րդ դասարանցիների «Սեբաստացի» ռադիոյի հունվարյան թողարկումներում ուշադրություն գրավող հարցադրումները լսեք անպայման. երեխաների համա՞ր է արվում, այս նվերա-վարժանքը… Օրինակ ձու-ձու կակաների ու պլպլան ավտոմեքենաների…
Ոչ միայն պարտադիր չէ, այլև խնդրում եմ՝ մի՛ արեք: Եկե՛ք, խաղացե՛ք Դավթի հետ իր ունեցած լեգոներով-խաղերով-մեքենաներով, եկեք կարդացե՛ք, նկարեք միասին, բեմադրեք ինչ-որ բան. ամենամեծը, զարգացնողը երեխայի համար շփումն է մարդկային, ձեր կենսափորձի փոխանցումը… Սրան էլ եթե գումարվի երեխայի երևակայության խթանումը, լեզվա-երաժշտական-կերպարային մտածողության զարգացումը… միշտ շնորհակալ կլինենք…
Իսկ Էդվարդ՝ երկու տարեկան դարձող Բլեյանը տպավորիչ ներկայացավ իր պապ-հորեղբայրներին, պաշտպանեց իր անհատականությունը Դավթի` մեդիայով սփռվող հեղինակությունից… Կեցցե՛ս:
Երկար ջանքեր են պետք հիմա, այն էլ` երբ գանք համաձայնության, Դավթի հայացքը կտրելու մեր տան մտնողի պայուսակից, ձեռքից, տոպրակից… Ի՞նչ անենք, որ Դավիթը վազքով նետվի իրեն հարազատ մարդկանց` բաց (ազատ ձեռքերով) գիրկը, այնպես, ինչպես դիմավորում է Սոնային, Նազենի կրտսերին, Արևիկին…
Դատարկ պատճառաբանություն են` «դրա ձենը մենակ չլսեմ», «տո՛ւր (զիջիր), թող ձենը կտրի, մենակ չլացի, դա որ լացեց, վերջ չունի»… Ունի: Ինձ վրա, օրինակ, Դավթի լացն այլևս չի ազդում. թող լացի` մեծանա, թող լացի` հասկանա, որ լացով չէ… Հիմա էլ մանկական լացը դարձնենք մեզ ստրկացնող միջո՞ց. երբե՛ք: Այստեղ մեր համերաշխ հաստատակամությունը տեղին է մեծերիս նկատմամբ տարածված մանկական բռնության դեմն առնելու համար: Ո´չ մի արդարացում. երեխայի լացի առաջ չեն նահանջի… Ուրիշ բան է ցավի լացը, տեղեկություն է կարևոր. լսենք ու արձագանքենք անհապաղ, բայց առանց ախ ու վախի, որից մեր երեխաների մանկությունն էլ, դեռահասությունն էլ պիտի վստահ ազատել, տղայի դեպքում էլ, աղջկա էլ. անհատականության, իքնուրույնության հարգանքը ամբողջական դրսևորվի մանկության ողջ ընթացքում, առանց հատվածականության, առանց խտրության դրսևորման…
Հետո ինչո՞ւ ենք այդքան հիանում երեխայի ծիծաղի ձայնով, իսկ նույն երեխայի «կապրիզի» ձայնը՝ լացի թե նրա տեսակ նվնվոց-թնկթնկոցների, մեզ հունից իբր հանում է… Ձայն է, էլի՜… երաժշտության դասականն էլ կա, էստրադայինն էլ, ջազն էլ… ամենամոդեռնն էլ… Կարևորը, որ հնչեն, իսկ լսելը վարժություն է՝ մեկ, երկու… և լավ էլ սկսում է դուր գալ… Հետո, սա է բռնության ձայնը կտրելու ամենակարճ ճանապարհն է… Բռնության դեմ մի՛ նահանջեք, խնդրում եմ: Թող լացի, որ մեծանա, ճիշտ մեծանա, որ չխոզանա…
Ի՜նչ լավ է, որ ուսումնական ռադիոյի հարցը, օրակարգում է: Կարողանո՞ւմ են մեր երեխաները առանց ուսուցիչ-կազմակերպիչների ոչ միայն որևէ ձայնագրիչով ձայնագրել խոսքը, հաղորդումը, այլև ինքնուրույն դա մոնտաժել, եթեր տալ՝ սեփական բլոգում թողարկելով… Այս ամբողջ ընթացքն է, որ պիտի դառնա ուսումնական բարդացող աշխատանք… Ուսուցիչը սովորողների փոխարեն, որևէ պատճառաբանությամբ, սրանով չպիտի զբաղվի: Այն, որ ուսուցիչը, սկսած առաջին դասարանից, հատկապես 4-րդ, 5-րդ դասարաններում պիտի մասնագիտական-տեխնիկական-կազմակերպական ավելի շոշափելի աջակցություն ստանա դպրոցում, կրթահամալիրում, mskh.am-ում, mskh-գրադարանում՝ իհարկե, բայց ռադիոյի մոնտաժ-թողարկումը, որպես ուսումնական անհատական, խմբային աշխատանք, պիտի անի սովորողը դպրոցում` որպես ընդհանուր, ընտրությամբ պարապմունք, և տանը` որպես լրացուցիչ աշխատանք… Մենք Հանրակրթական դիջիթեք 2015-ի մեկնարկին ունենք հաշված օրեր, իսկ այս անվանակարգը ինձ համար ամենասպասվածներից է… Եթե ունեք պահանջներ՝ վստահ, արագ ձևակերպեք, դուք եթերում եք:
Իմ հորեղբոր աղջիկ Ռիման, պատմել եմ, դեկտեմբերի 31-ին այնքա՜ն կարևոր տեղեկություններ էր փոխանցում մեզ՝ ինձ ու եղբորս, իր աղջիկ Սուսանին (չգիտեմ` թոռնուհիներ Անի-Տաթևին ինչքա´ն հետաքրքրեց) մեր պապ Թաթոսի կյանքից, նրա հերոսական կյանքից և եղեռնական մահից… Ռիման պատմությունը լսել է անմիջապես մեր տատ Ազիզից, ով ապրել է 103 տարի. բայց որ չի ձայնագրվել, փոխանցվել է, վստահ եմ, մեծ բացթողումներով… Հիմա եթե մեր սեբաստացի երեխաները, թոռները՝ Արևիկը, Դանիելը, Գոռը, Մարկը, Նազենի կրտսերը, Դավիթը չգրանցեն-ձայնագրեն, հարցազրույց վարեն, որքա՜ն կորուստ կունենանք մեր փոխանցելիք կյանքից… Ընտանեկան բոլգներն ընտանեկան արխիվի թվայնացման, ձայնագրման համար շատ քիչ են գործածվում, ինչը մեր բանավոր ավանդույթի իներցիան է. բա ո՞ւր է կրթության փոխանցած հմտություն-կարողությունների գործադրումը, մեր անձնական կյանքում նրա ազդեցություն-դերակատարումը:
Բեկում 2015-ը ոչ միայն կոչ է. կյանք է դառնում, գրավիչ ընթացք ստանում… Նառա Նիկողոսյանը, Բաբուջյան Կարինեն ու Արմինե Թոփչյանը բեկում-ներխուժում կատարեցին մեր տուն, այնպիսին, որ մինչ այս չէինք տեսել. Կեցցե՛ք ու շնորհակալ եմ մեր ընտանիքին պարգևած ամանորյա ժամի համար…
Այդպիսի այց կատարեցին քույր ու եղբայր՝ Արման և Մարիամ սեբաստացի Բլեյանները: Այսպիսի միջավայրում ամանորյա սեղանը ոչ միայն չի խանգարում, այլև օգնում է՝ իրար աչքերի մեջ հարազատորեն նայելու և անշտապ, կարևոր խոսակցություն ծավալելու: