Նկարը Դավիթ Բլեյանի ստեղծագործությունն է. «Երկինքի, գետի և արևի ընկերությունը»։
Պատկերակյանքից մինչև դարձվածակյանք…
Երբ հանդիսատեսներ չկան, ու կան միայն մասնակիցներ՝ իրար աջակցող, օրվա հերոսին կենտրոն բերող-կենտրոնում պահող աջակիցներ համերաշխ… Սեբաստացի հինգ տարեկան՝ նոյեմբերիկներն են Մարմարյա սրահում, կենտրոնում, հետո մարմնամարզական մեծ դահլիճում… Ու տեսեք ի՜նչ մասնակիցների օղակով են շրջապատված՝ ծնողներ բոլոր կարգի, ուսուցիչներ, քոլեջի ուսանողներ, Հասմիկ Թոփչյանն իր 8-րդ դասարանով, այլք… Բոլորը՝ մասնակից, թևերը քշտած, դիտորդ հանդիսատեսը՝ չկա… Ինչ պարզ բանաձև է՝ չկա հանդիսատես. նույն կրթական ծրագիրն է՝ մարզանքը, երգերը, պարերը, ուրախությունը, խաղերը, միասին արքայարմավ ուտելը… Միասին ապրելը, կյանքը… Ու դեկտեմբերյան վայելքի անհամբեր սպասումով պիտի ամեն օր պատրաստենք մեր դեկտեմբերիկի հանդիպումը… Մարմարյա սրահ, ցանկացած կրթահամալիրային հանդիսասրահ, դահլիճ, կաբինետ պիտի մտնել անվերարկու, առանց պայուսակների, ավելորդ իրերի, որոնք կաշկանդում են, սպասասրահի են վերածում միասնական թե խմբային-դասարանային պարապմունքը… մարդուն դարձնում հանդիսատես: Նախ՝ կրթահամալիրի բոլոր դպրոցներում տաք է, հետո՝ ո՜ւր ես շտապում, հարմար տեղավորվիր. այստեղ քո կյանքն է, քո աշխատանքը… որի համար դու ունես անհրաժեշտ միջավայր, ուսուցման միջոցներ… Ծնողները պատմում են իրենց երեխաների թողած-մոռացած արժեքավոր իրերի մասին, որ օրեր հետո գտնում են նույն տեղում… Երեկ՝ հինգ տարեկանների «Նոյեմբերիկ»-ից հետո, ինձ մոտեցավ կրթահամալիրում սովողողներից մեկի ծնողը՝ ձեռքին տաբատ: Խնդրեց մի քանի րոպե ժամանակ, պատմեց, որ երեխան հիվանդացել է, բացակայել դասերից, իսկ տաբատը դրանից առաջ թողել էր մարզասրահում: Օրեր անց եկել են և տեսել, որ այն նույն տեղում կախված է: Մեդիակենտրոնում այս պատմությունը լրացրեց նաև մեր հայրենագիտության և կրթական փոխանակումների կենտրոնի ղեկավար Կարինե Պետրոսյանը. «Մուշոն (իր թոռնիկ սեբաստացի Մուշեղը) հաճախ է գլխարկը, այլ իրեր թողնում դպրոցում, և դրանք երբեք չեն կորչում…»։ Տիկին Աիդան էլ հավելեց, որ իր թոռը՝ մեր Լիլիթ Բաբայանի տղա Վռամը, համակարգիչն է երկու օր թողել դպրոցում, տանը մտածել էին, որ կորցրել է, բայց դեպքից երկու օր անց պատահաբար այն գտել էր նույն տեղում: «Եվ սա առաջին դեպքը չէ,- ասում էր տիկին Աիդան,- երբ Դպրոց-պարտեզից տեղափոխվեց Նոր դպրոց, կարծեցինք, որ կարատեի հագուստները կորցրել է, բայց մի որոշ ժամանակ հետո գտանք Դպրոց-պարտեզից՝ այնտեղից, որտեղ թողել էր»: Սա ցուցանիշ է: Մենք արձանագրում ենք կորած իրերը, բայց չենք անդրադառնում նրան, որ թողած իրը կարող է օրերով մնալ իր տեղում: Անդրադարձանք։
Արարատ: Լուսանկարները՝ Լուսինե Օհանյանի:
Իսկ մեր Աննա Պետրոսյանը չի թողնի՝ իրեն մոռանանք։ Ահա մեզ շրջապատող աշխարհի մասին նրա հերթական դիտարկումը. «Այսօր հաշվեցի Մայր դպրոցից Քոլեջ տանող աստիճանները՝ 52 աստիճան: Այս աստիճանները մի փոքր ավելի հարազատ էին, քանի որ երկար ժամանակ է մաքրում ու խնամում ենք քոլեջի մի խումբ սովորողների հետ՝ Անահիտ Մելքոնյանի գլխավորությամբ: Ցավոք, այսօր նկատեցի, որ նորից կեղտոտվել է: Ճանապարհից օգտվում են նաև թաղի բնակիչները և թիվ 181 դպրոցի սովորողներն ու նրանց ծնողները: Առաջին քայլը մենք արել էինք, ամբողջությամբ մաքրելով տարածքը, մնում էր մի փոքր հետևողական լինել և պահպանել մաքրությունը: Յուրաքանչյուրս պիտի լինենք ուշադիր, օրինակ ծառայենք և հետո չմեղադրենք ուրիշներին: Ուզում ենք ապրել քաղաքակիրթ ու մաքուր երկրում՝ սկսենք յուրաքանչյուրս մեզանից»:
Հայոց ավանդական թուրքատյացության կամ որ նույնն է՝ ռուսահպատականության շունչը հիմա սոսկ թուրք-ռուսական առճակատումն է՝ Թուրքիայի զինուժի կողմից Սիրիայի սահմանին ռուսական Սու-24-ի խոցումից սկսած… Ռուսաստանը, ուր որ է՝ հարված-հարվածի ետևից կտա՞, կփլուզի՞ Թուրքիան ու… Այդպե՞ս է, որ… Ես, իհարկե, ուշի ուշով հետևում եմ իրադարձությունների զարգացմանը, Թուրքիայի ձևափոխման այսօրվա աստիճանին… Ինչպիսի՞ն կդառնա Թուրքիան այս դրամատիկ դեպքերից հետո, ո՞ր զարգացումն է հայոց համար շահեկան…
- Թուրքիայի վարչապետ Դավիթօղլուն ԵՄ–Թուրքիա գագաթնաժողովը որակել է որպես պատմական օր։
- Այսպիսով՝ Թուրքիան ներողություն չի խնդրի Ռուսաստանից:
- ՆԱՏՕՆ-ն լրիվ աջակցում է օդային տարածքի պաշտպանության Թուրքիայի իրավունքը:
- Թուրքիան մտադիր է Եվրոպական միության հետ առանց անցագրի ռեժիմ սահմանել մինչև 2016թ. վերջ:
- Այն բանից հետո, ինչ Ռուսատանը Սիրիայի տարածքում տեղակայել է զենիթա-հրթիռային համալիրներ, Թուրքիան դրա դեմ կատարել է առաջին քայլը, սահմանային գոտում տեղակայել է KOPA և հակաօդային պաշտպանության համակարգը, որ ունակ է խոցելու ինքնաթիռներ ու հրթիռներ 100 կմ-ի վրա:
- Կրեմլը Թուրքիայի կողմից Սև ծովի նեղուցները փակելու հնարավորությունն անվանել է ապոկալիպտիկ սցենար:
2-4 տարեկանները Նոր դպրոցում:
Լուսանկարները՝ Լուսինե Օհանյանի, Աննա Հայրոյանի:
Ինչո՞ւ: Ռուսատանի կողմից մեկ օրում միակողմանի կիրառած պատժամիջոցների ամբողջությունը պիտի անպատասխա՞ն մնար, երբ Թուրքիան ՆԱՏՕ-ում երկրորդ ամենահզոր զինված ուժերն ունի, նախանձելի աշխարհագրական դիրք Արևելքի և Արևմուտքի միջև՝ որպես Բարձր Դուռ, դինամիկ զարգացող տնտեսություն՝ ութսունմիլիոնանոց ժողովրդով… Ինչպես ասում են՝ համերգը, որպես միջազգային «Ռեալիթի շոու», միայն սկսվել է… Մեր մյուս հարևաններն էլ ձեռքները ծալած չեն նստած. Վրաստանը, Ղազախստանը, Ադրբեջանն ու Չինաստանը կստեղծեն կոնսորցիում՝ Ասիայից Եվրոպա բեռնափոխադրումների համար:
Իսկ Ռուսաստանը, որին մեր հայացքն է, որը մեր ընտրությունն է… Դե, ի՜նչ ասեմ, Վահրամ Թոքմաջյանն ինձ ուղղակի օգնեց այս տեսանյութով, ճշգրիտ խոսքով. «Մենք չենք կարող անգամ թեյնիկ ստեղծել»… Բայց տեսեք` Ռուսաստանի հայերի միությունը (նախագահ՝ Արա Աբրահամյան) ի պաշտպանություն Ռուսաստանի Պետդումայում Օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի՝ ինչ հայտարարություն է անում. «…Մենք կարծում ենք, որ այն բխում է ՌԴ անվտանգության ամրապնդման շահերից»… Տեղին է հարցնեմ՝ իսկ Հայաստանի՞…
Կինո-ֆոտո ակումբի արխիվային լուսանկարներ, 2011-2012 թթ:
Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի:
Դավիթ Բլեյանի պահանջով մենք դուրս ենք գալիս՝ մետրոյով Արևիկ Տատինցյանին, իմ սքանչելի թոռնուհուն, այցելելու:
— Ես ուզում եմ հենց հիմա Արևիկ քույրիկին տեսնեմ:
— Մետրոյից արագ գնացքն էլ չի կարող, պապ, ջիփ մեքենան էլ:
Փոքր ջիփը, սև գույնի, Դավթի սահմանն է ցանկության:
— Ես ուզում եմ՝ մայրիկը մեքենան փոխի:
Դավթին հակառակ՝ ես ու Արմինեն շատ էլ հավանում ենք «Տոյոտա Յարիսը»՝ սպիտակ, պուճուր, իսկը երևանյան։
Անշտապ-կարևոր ես ու իմ տղան իջնում ենք Խանջյանով դեպի «Զորավար Անդրանիկ» կայարան: Ամեն ինչ է մեր շուրջը հետաքրքիր Դավթին, իմ անելիքն էլ՝ ոչինչ ավելի՝ խաղաղ-անվերջ պատասխանել Դավթի հարցերին. իսկ դրանք շատանո՜ւմ են։ Ի՞նչ ունեմ շտապելու. ես Դավթի հետ եմ: Այս քայլքի հետ ու պահի մեջ:
— Թոռանից այն կողմ աշխարհ չկա, չէ՞,- հարցնում է հերթական անցորդը:
— Կա,- ասում եմ,- թոռան այս տարիքի տղադ…
Ի՞նչ կա զարմանալու… քանի՞ օր գրեմ անընդհատ, որ իմանաք-ճանաչեք՝ ով ով է, ով ում ինչ է գալիս:
Երկուսիս ընթացքի մեջ Դավիթն է թելադրողը-տանողը: Անցում է, կարմիր լույս է թվերով.
— Պապ, պիտի կանգնենք:
Մենք սկսում ենք բարձրաձայն ետ հաշիվ.
— 46, 45, 44… 0,- ու անցնում ենք:
Անցորդները հիացած են մեր գյուտով: Փողոցը իր աղմուկով-միջոցներով մեզ ուսուցանում է, ինչպես… ինտերնետը։
Մետրոյում, շարժասանդուղքից սկսած, Դավթին ամեն ինչ է հիացնում: Ինչո՛ւ, հա ինչու:
Մատով ցույց է տալիս, ամենուր նշաններ են.
— Կարդա, հայրիկ։
Մի գլուխ՝ «կարդա հայրիկ», ու ցույց է տալիս հաջորդը: Ես համբերատար պատմում եմ, որքան էլ կրկնություն լինի… Հետո ես եմ ցույց տալիս իրեն՝ մետրոյում, փողոցում, անցումներում երթևեկության տարբերանշաններ. ի՜նչ շատ են մեր քաղաքում կարմիր, կապույտ, եզրագծերով, կլոր ու եռանկյունի տարբերանշանները:
— Կարդա, Դավիթ:
Կարդում է, գլխի է ընկնում: Եկել է տարբերանշանների ուսումնական բառարան-պատկերադարան կազմելու ժամանակը։
Այսպես սովորում ենք, յուրացնում երթևեկության կանոնները. ուղևոր եմ պատրաստում, օրինապահ հետիոտն ու վարորդ՝ մեր չորս տարեկան դարձող մարդուն:
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:
Իսկ իմ այս գրի վերնագիրն էլի մեր պատանեկան «Շողակնի» ու Մարգարիտ Մանվելյանի օգնությամբ գտա. ահա, «Հանկարծ չթողնեք, որ ինչ-որ մեկը ձեր օրը ամպամած դարձնի»։ Ի՞նչ անենք, երբ մեզնից է մեկը, ու մե՛րն է օրը…
Ֆոտոխմբագիր՝ Լուսինե Օհանյան
#512