Շնորհավոր Նոր տարին, որ ոչ թե եկավ, այլ սկսվել է ընդամենը. մեկ օր չէ՝ 365 օր է… Հունվարի 1-ը, սիրելի, հարգելիներս,  սեբաստացի ու ոչ սեբաստացի, ծանոթ ու անծանոթ, նոր` այս թվարկության 2015-րդ տարվա առաջին օրն է… Տարին՝ ինչպես մարաթոն, պիտի անցնել` խելամիտ բաշխելով ուժերը 365 օրվա…

Արտասովոր ճանապարհեցինք 2014-ը ու ընտանիքով դիմավորեցինք 2015-ը` խառնելով հին ու նորի բոլոր հաշիվները, երբ գիշերվա վերջին, ժամը 11:00-11:30, մենք ընտանիքով՝ Արմինեն, Դավիթը ու ես, գնացինք քնելու: Սկզբից` Դավիթը, հետո` Արմինեն ու ես: Հեռախոսները դրեցինք անձայնի վրա… Խաղաղված հոգիներով մարդկանց հաստատուն ընթացքի տարվա մեկնարկը տրված է, որ չլինի 2004-ի նման. չլինի ու վերջ…

Զանգողը, որ հավանել էր դեկտեմբերի 31-ի իմ գիրը, հարցնում է.
– Ոչինչ չունե՞ք խնդրելու Նոր տարուն:
– Աջակցություն իհարկե, ծնունդի, մահի, եկողի գնացողի կարգի պահպանություն…
– Չէ՛, չէ՛, միայն Ձեզ համար…
– Էլի աջակցություն ինձ, որ անցասում, անբռնկում, անգոռոց անցնեմ տարին… Կարող եմ, չէ՞,-  հարցնում եմ:
– Փորձի՛ր, իհարկե, կարող ես, միայն հիշիր, որ անցյալ ու նախանցյալ տարիներին էլ ես նույնը ցանկացել…

Եթե մի բան մի անգամ, երկու անգամ չի լինում… չի կարո՞ղ, չպիտի՞ լինի երրորդ անգամ…

– Նոր տարին ո՞ւր է, Դավիթ,- հարցնում ենք հունվարի 1-ին, ժամը 9:00 արթնացած Դավթին, որ վճռական թևակոխեց իր 4-րդ տարվա մեջ:
– Նոր տարին քո ծիծիկների մեջ է, մայրիկ, թաքնված, այնտեղից է գալիս:

— Ուզում եմ լողանամ:

Այ, այսպես՝ խաղաղված ու հաստատուն մեկնարկ, ամեն օր, առտու ժամը 7-8-ին լող, մաքրություն Դավիթ Բլեյանի հետ, դրանից առաջ` ժամը 4-5-ից մինչև 07:00` բարի օր, սեբաստացիներ ու ոչ միայն, օրվա գիրը` Աշոտ Բլեյանի հետ:

Տարեմուտի երեկոյան՝ դեկտեմբերի 31-ին, ժամը 8-ի շրջանում, մեկ ժամի չափ քայլեցինք Դավթի հետ՝ Խանջյանով դեպի Տիգրան Մեծի պողոտա, Հանրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա, Շառլ Ազնավուրի հրապարակով, Նալբանդյանով, վերնիսաժով՝ նորից Խանջյան… Անկեղծ՝ անակնկալի եկա. տխուր էր, ոչ տոնական, խղճուկ լուսավորությամբ դատարկ փողոցներ, միայն հրապարակի մի հատվածում, կարուսելների շարքում ինչ-որ աշխուժություն կար… Եղանակը տաք էր, ձյուն չկար, անձրև չկար, պահող ոչինչ չկար, ու մենք շտապեցինք տուն, իսկ դրանից առաջ մեզ անակնկալ  մատուցեց իմ եղբայր Ստեփան Բլեյանը. նա այս օրերին իր բնակարանում, պարզվում է, արարում էր իր հերթական գլուխգործոցը՝ ահա այս մեծ, տպավորիչ ջահը… Ստեփանն իր ջահերի, սեղանների, ամենատարբեր հենարանների դիզայներն ու իրականացնողն է՝ սկզբից մինչև վերջ, սկսած՝ անհրաժեշտ բոլոր նյութերի հայթայթումով… Իմ եղբայրը պարտավոր է լինել խնայող, տնտեսող, իր մտահղացումներում օգտագործել թափոններ, նոր կյանք հաղորդել խորդանոց-պահարաններում մոռացված իրերին…

Ստեփանի հետ մեր ավանդական այցը կատարեցինք մեր ավագ Սարիբեկ հորեղբոր աղջկան՝ Ռիմա Բլեյանին… Ի՜նչ լավ բռնեցինք Ռիմայի տանը նաև իր աղջիկ Սուսանին, սքանչելի թոռնուհիներ Անիին ու Տաթևին, ովքեր պատրաստվում էին միասին այցելել հարևանությամբ գտնվող Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Ռիմա քույրիկը, որ արդեն քանի՜ տարի ինձ համար հատուկ թխում է Քյավառի նշանավոր գաթա ու փախլավա. սա գովազդի համար չէ, իմ ձեռը չի գնա բաժանելու այսպիսի գաթան, փախլավան. ուրիշ բան թող ձեր մտքներով անցնի… Ասում են Ամանորի տոնը, Տարեմուտը տեղը չէ մարդու խնդիրներից խոսելու, քննարկելու, լուծումներ գտնելու… Ասում են հայերն ու անում. դրանով իմաստազրկում ինչպիսի՜ հանրային՝ ամենամասսայական հավաքները… որ ի՞նչ… Նուրբ, սևուկ, հմայիչ Տաթևիկն ավարտել է Բրյուսովի համալսարանը, աշխատանք է փնտրում… Սկսել է իր ավելորդությունն զգալ, հոգս դառնալ, կորցնում է իր ինքնավստահությունն ու զգոնությունը… Ի՜նչ ծիծաղ ուներ, նշանավոր, որը մեկ-երկու ժամվա ընթացքում չհնչեց… Ամենուր նրան առաջարկում են 60-80 հազար դրամանոց, վաճառողի աշխատանք: Անին, որ Երևանի պետհամալսարանի արևելագիտության մագիստրոս է, արաբերեն-անգլերենի ազատ տիրապետմամբ, մի քանի միջազգային վերապատրաստումներ անցած հյուրանոցային գործի մենեջեր, բարձրահասակ, սպիտակ, երևելի, Երևանի ամենահայտնի հյուրանոցներից մեկում մենեջեր է աշխատել ամսական 100 հազար դրամով, որքա՞ն կարելի է այսպես անարժանապատիվ կյանքով-անհեռանկար… Ու որոշել է՝ մեկնում է արտասահման՝ աշխատանքի… Քեռու մոտ են խոսում. ի՞նչ ունի ասելու հայաստանասեր ու հայաստանաբնակ Աշոտ Բլեյանը… ուշադիր լսում եմ…

mskh.am-ին ուշադիր հետևում եմ. Յուրա Գանջալյանի անգլախոսների ակումբի նոր նախագիծը՝ «Ամանորյա պատմություններ», ինձ ոգևորում է՝ լավ է մտածված… «Շողակն» բլոգի շռնդալից հայտնությունը փոխում է մեր պատկերացումները սովորողի տարիքի, միջին դպրոց-ավագ դպրոց սահմանների մասին… Մի խումբ 8-րդ դասարանցիներ պատեր քանդելով հրես՝ գալիս են…փախեք, փրկվեք… Մինչ մտածում էինք, որ արձակուրդներին մեր կրտսեր դպրոցականներին զբաղեցնել երաժշտական գործիքներով, համերգներով, հեքիաթներ հորինելով, մեր 3-րդ դասարանցի Էլենի ձեռքը Ձմեռ պապին մանրադիտակ է տվել… Միջինում մեծերիս ստեղծած պատնեշները քանդե˜ն, իսկ կրտսերները մեծերիս ստեղծած աշխարհն առնեն մանրադիտակի տակ և ուսումնասիրե˜ն… Ի՞նչ ասեմ, Նոր տարվա նոր ընթացք է՝ նոր զարգացումներով, դիմացներս էլ Հանրակրթական դիջիթեք,  Բնագիտատեխնիկական ստեղծագործության ամենամյա ստուգատեսներն են, որոնք արագացնում ու բազմաձևություն են հաղորդում ներքևից ու վերևից եկող իրադարձություններին…

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պատմության մի էջի առաջ…

Սա բոհեմ է… իմ բոհեմը…  Գիշերվա չորսն է դառնում՝ 2-3 ժամ իմ կարդալուց-գրելուց-թերթելուց-դասավորելուց-քայլելուց հետո… Գրելու-պատմելու, անընդհատ ցանկությունը՝ օրագրի 1500-րդից հետո, առարկայացավ… Քոլեջում մեր ատամհատիկի աիդապետրոսյանական ծեսը Սոնա Կարապետյանի ֆիլմով ինձ մինչև

Մեր Աշխենի արջ տեսած պապերի մասին է իմ գիրը

Շարունակեմ իմ մանկության ուժեղ հիշողությունները բլոգապատում բերելը… Ինձ հաճախ դիմում են որպես ծնունդով սիսիանցու և զարմանում, երբ ես հերքում եմ։ Իմ նախնիք Բլե իշխան նախապապի առաջնորդությամբ 1828-29 թթ. ռուս-թուրքական, ռուս-պարսկական

Սևի-սպիտակի խառնարան Երուսաղեմը…

Պատմել եմ, չէ՞, Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում համաձանության-ավանդույթի ուժով տնօրինում են Երուսաղեմի հայոց, լատին և հույն պատրիարքարանները։ Հաստատված-հայտնի ժամանակացույցով-կարգով փակվում-բացվում են տաճարի դռները, սահմանափակվում-կարգավորվում հավատացյալների-ուխտավորների հոսքեր-մուտքեր… Մի տաճարում, որտեղ մեծ